2016
Ներման ապաքինող քսուքը
Մայիս 2016


Ներման ապաքինող քսուքը

Ներումը փառահեղ, բուժիչ սկզբունք է: Կարիք չկա կրկնակի զոհ լինել: Մենք կարող ենք ներել:

Այն ամենը, ինչ Աստծուց է, պարունակում է սեր, լույս և ճշմարտություն: Սակայն, որպես մարդ արարածներ, մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում, որը երբեմն լցված է խավարով և խառնաշփոթությամբ: Զարմանալի չէ, որ կարվեն սխալներ, տեղի են կունենան անարդարություններ, և կգործվեն մեղքեր: Արդյունքում, չկա ոչ մի կենդանի էակ, ով ժամանակ առ ժամանակ, չդառնա ինչ-որ մեկի անփույթ գործողությունների, վիրավորական վերաբերմունքի կամ մեղսավոր վարքի զոհը: Դա մի բան է, որը համընդհանուր է բոլորիս համար:

Բարեբախտաբար, Աստված Իր զավակների հանդեպ ունեցած սիրով և ողորմածությամբ, ուղի է նախապատրաստել՝ օգնելու մեզ կողմնորոշվել կյանքի այս երբեմն բուռն փորձառություններում: Նա փախուստ է ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ուրիշների անիրավությունների զոհ են դառնում: Նա սովորեցրել է մեզ, որ մենք կարող ենք ներել: Չնայած մենք կարող ենք զոհ դառնալ մի անգամ, մենք չպիտի զոհ դառնանք երկրորդ անգամ՝ կրելով ատելության, դառնության, ցավի, զայրույթի կամ նույնիսկ վրեժի բեռը: Մենք կարող ենք ներել, և մենք կարող ենք ազատ լինել:

Շատ տարիներ առաջ ցանկապատը վերանորոգելիս, փայտի մի փոքրիկ տաշեղ մտավ իմ մատը: Ես մի փոքր ջանք գործադրեցի մատիցս տաշեղը հանելու համար և կարծում էի, թե հանեցի, բայց ըստ երևույթին չէի հանել: Որոշ ժամանակ անց, մաշկն աճեց տաշեղի վրա, ստեղծելով մի գունդ մատիս վրա: Այն նյարդայնացնում էր և երբեմն` ցավում:

Տարիներ անց ես որոշեցի միջոցներ ձեռք առնել: Այն ամենն, ինչ արեցի` ուղղակի քսուք քսեցի գնդի վրա և վիրակապով կապեցի: Ես հաճախ էի կրկնում այդ գործողությունը: Դուք չեք պատկերացնի իմ զարմանքը, երբ մի օր, երբ ես բացեցի վիրակապը, տեսա որ տաշեղը դուրս էր եկել մատիցս:

Քսուքը փափկացրել էր մաշկը և ելք ստեղծել տաշեղի համար, որն այնքան ցավ էր պատճառել շատ տարիներ: Հենց որ տաշեղը հանեցի, մատս արագ լավացավ և մինչև այսօր, վնասվածքի որևէ հետք չի մնացել:

Նույն ձևով չներող սիրտն այնքան շատ անտեղի ցավ է պահում: Երբ մենք օգտագործում ենք Փրկիչի Քավության բուժիչ քսուքը, Նա փափկացնում է մեր սիրտը և օգնում է մեզ փոխվել: Նա կարող է բժշկել վիրավոր հոգին (տես Հակոբ 2.8):

Ես համոզված եմ, որ մեզանից շատերը կամենում են ներել, բայց համարում են, որ դժվար է այդ անելը: Երբ անարդարության ենք հանդիպում, մենք կարող ենք արագ ասել. «Այդ մարդը սխալ արեց: Նրանք արժանի են պատժի: Որտեղ է արդարությունը»: Մենք սխալմամբ մտածում ենք, որեթե ներենք, արդարությունը ինչ-որ պատճառով չի գործի և պատիժներից կխուսափեն:

Սա պարզապես այդպես չէ: Աստված կսահմանի պատիժ, որն արդար է, քանի որ ողորմածությունը չի կարող կողոպտել արդարությանը (տես Ալմա 42.25): Աստված սիրով հավաստիացնում է ձեզ և ինձ.«Միայն ինձ թողեք դատաստանը, քանզի այն իմն է, և ես կհատուցեմ: [Բայց թող] խաղաղություն լինի ձեզ հետ» (ՎևՈւ 82.23): Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը խոստացել է նաև, որ Աստված «կսփոփի ձեզ ձեր չարչարանքների մեջ, և կպաշտպանի ձեր դատը, և դատաստան կուղարկի նրանց վրա, ովքեր փնտրում են ձեր կործանումը» (Հակոբ 3.1):

Եթե որպես զոհեր մենք հավատարիմ ենք, մենք կարող ենք մեծ սփոփանք գտնել, իմանալով, որ Աստված կփոխհատուցի մեզ ցանկացած անարդարության համար, որ մենք տարել ենք: Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն ասել է. «Տերը փոխհատուցում է հավատարիմներին յուրաքանչյուր կորստի համար: … Այսօրվա յուրաքանչյուր արցունք ի վերջո կվերադարձվի հարյուրապատիկ ուրախության արցունքներով և երախտագիտությամբ»:1

Երբ մենք ձգտում ենք ներել ուրիշներին, եկեք փորձենք նաև հիշել, որ մենք բոլորս հոգեպես աճում ենք, բայց տարբեր մակարդակների վրա ենք: Մինչ ֆիզիկական մարմնի փոփոխություններն ու աճը հեշտ է նկատվում, մեր հոգիների աճը դժվար է տեսնել:

Ուրիշներին ներելու բանալիներից մեկն այն է, որ փորձենք տեսնել նրանց այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց: Երբեմն Աստված կարող է բացել վարագույրը և օրհնել մեզ այն անձնավորության սիրտը, հոգին և ոգին տեսնելու պարգևով, ով վիրավորել է մեզ: Այս գաղափարը նույնիսկ կարող է տանել մեզ այդ մարդու նկատմամբ մեծ սիրո:

Սավուղը դարձավ Պողոս Առաքյալը: Նրա կյանքը մի հիանալի օրինակ է այն բանի, որ Աստված տեսնում է մարդկանց ոչ միայն այնպես, ինչպես նրանք կան, այլ նաև այնպիսին, ինչպիսին կարող են դառնալ: Մեր սեփական կյանքում մենք բոլորս ունենք Պողոսի ներուժով Սավուղներ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես կարող էին փոխվել ընտանիքները, համայնքները և աշխարհն ընդհանրապես, եթե մենք բոլորս փորձեինք տեսնել միմյանց այնպես, ինչպես Աստված է տեսնում մեզ:

Շատ հաճախ մենք նայում ենք վիրավորողին՝ ինչպես կնայեինք այսբերգին, մենք տեսնում ենք միայն վերևի մասը, բայց ոչ մակերեսից ներքև: Մենք չգիտենք այն, ինչ տեղի է ունենում մարդու կյանքում: Մենք չգիտենք նրանց անցյալը, նրանց մաքառումների ու ցավերի մասին, որոնք նրանք կրում են: Եղբայրներ և քույրեր, խնդրում ենք սխալ մի հասկացեք: Ներել` չի նշանակում աչքերը փակել: Մենք չենք արդարացնում վատ վարվելակերպը կամ թույլ տալիս, որ ինչ-որ մեկը մեր հանդեպ անիրավություն գործի՝ իր մաքառումների, ցավերի կամ թուլությունների պատճառով: Բայց մենք կարող ենք ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն և խաղաղություն, երբ տեսնում ենք ավելիհեռուն:

Իհարկե, նրանք, ովքեր հոգեպես քիչ հասուն են, կարող են իսկապես լուրջ սխալներ գործել, սակայն մեզանից ոչ ոք չպիտի ներկայացվի միայն վատթարագույն արարքով, որ կատարել ենք: Աստված է կատարյալ դատավորը: Նա տեսնում է մակերեսից ներքև: Նա գիտի և տեսնում է ամեն ինչ (տես 2 Նեփի 2.24): Նա ասել է. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64.10):

Երբ Քրիստոսն Ինքը անարդարացիորեն մեղադրվեց, ապա գազանաբար բռնության ենթարկվելով` ծեծվեց և թողնվեց չարչարվելու խաչի վրա, այդ պահին Նա ասաց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23.34):

Մեր կարճատեսության պատճառով, երբեմն հեշտությամբ զայրանում ենք նրանց վրա, ովքեր չեն գործում կամ մտածում այնպես, ինչպես մենք: Մենք կարող ենք ձևավորել անհանդուրժողական վերաբերմունք, որը հիմնված է այնպիսի մակերեսային բաների վրա, ինչպես օրինակ՝ ցավել տարբեր սպորտային թիմերի համար, տարբեր քաղաքական հայացքներ կամ տարբեր կրոնական համոզմունքներ ունենալ:

Նախագահ Ռասսել Մ.Նելսոնը իմաստուն խորհուրդ է տվել, երբ ասել է.«Տարբեր կրոնական կամ քաղաքական համոզմունքների պատկանող մարդկանց լսելու հնարավորությունները կարող են նպաստել հանդուրժողականության և գիտելիքի աճին»:2

Մորմոնի Գիրքը պատմում է մի ժամանակի մասին, երբ «Եկեղեցու ժողովուրդը հպարտությունից սկսել էր բարձրանալ իր աչքում, և … նրանք սկսել էին դառնալ արհամարհական մեկը մյուսի հանդեպ, և նրանք սկսել էին հալածել նրանց, ովքեր չէին հավատում ըստ իրենց սեփական կամքի կամ քմահաճույքի» (Ալմա 4.8): Եկեք բոլորս հիշենք, որ Աստված չի նայում վերնաշապիկի գույնին կամ քաղաքական կուսակցությանըԸնդհակառակը, ինչպես Ամոնն է հայտարարել. «[Աստված] նայում է վար բոլոր մարդկանց զավակների վրա, և նա գիտի սրտի բոլոր մտքերն ու խորհուրդները» (Ալմա 18.32): Եղբայրներ և քույրեր, կյանքի մրցապայքարում, եթե մենք հաղթում ենք, եկեք հաղթենք պատվով, եթե պարտվում ենք, եկեք պարտվենք պատվով: Քանի որ, եթե մենք ապրում ենք միմյանց հանդեպ ողորմածությամբ, այն կլինի մեր պարգևը վերջին օրը:

Ինչպես մենք ենք ժամանակ առ ժամանակ ուրիշների անիրավությունների զոհեր դառնում, մենք ևս երբեմն վիրավորողի դերում ենք հայտնվում:Մենք բոլորս սխալներ ենք գործում և կարիք ունենք շնորհի, ողորմածության և ներման: Մենք պետք է հիշենք, որ մեր սեփական մեղքերի և վիրավորանքների ներումը պայմանավորված է նրանով` որքանով ենք ուրիշներին ներելում: Փրկիչն ասել է.

«Որովհետև եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ:

Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները» (Մատթեոս 6.14–15):

Բոլոր բաներից, որ Փրկիչն ասել է Տերունական Աղոթքում, որը զարմանալիորեն կարճ է, հետաքրքիր է, որ Նա ընտրել է ներառել. «Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին» (Մատթեոս 6.12, 3 Նեփի 13.11):

Ներումն էր բուն պատճառը, որի համար Աստված ուղարկեց Իր Որդուն, ուրեմն եկեք ուրախանանք մեզ բժշկելու Նրա զոհաբերությամբ: Փրկիչի քավությունը միայն նրանց համար չէ, ովքեր ապաշխարության կարիք ունեն: Այն նաև նրանց համար է, ովքեր կարիք ունեն ներելու: Եթե դուք դժվարանում ենք ներել մեկ այլ մարդու կամ նույնիսկ` ինքներդ ձեզ, Աստծուց խնդրեք օգնել ձեզ: Ներումը փառահեղ, բուժիչ սկզբունք է: Կարիք չկա կրկնակի զոհ լինել: Մենք կարող ենք ներել:

Ես վկայում եմ Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո հարատև սիրո և համբերության մասին և Նրա ցանկության մասին, որ մենք սիրենք միմյանց, ինչպես Նա է սիրում մեզ: Հովհաննես 15.9, 12): Երբ մենք անենք դա, մենք կճեղքենք այս աշխարհի խավարը՝ սլանալով դեպի Նրա արքայության փառքն ու վեհությունը երկնքում: Մենք ազատ կլինենք: Հիսուս Քրիստոսի անունով` ամեն:

Հղումներ

  1. Joseph B. Wirthlin, «Ինչ որ լինում է, սիրիր այն» », Լիահոնա, նոյ. 2008, 28:

  2. Russell M. Nelson, “Listen to Learn,” Ensign, May 1991, 23.