2016
Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի
նախորդ հաջորդ

Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի

Ճիշտ այնպես, ինչպես Բարի Հովիվը գտավ Իր կորած ոչխարին, եթե դուք միայն դարձնեք ձեր սիրտը դեպի աշխարհի Փրկիչը, Նա կգտնի ձեզ։

Իմ մանկական վառ հիշողություններից մեկը սկսվում է հակաօդային հարձակման ազդանշանի ձայնով, որն արթնացրեց ինձ քնից։ Քիչ անց լսվեց մեկ ուրիշ ձայն՝ ուժգնացող աղմուկ ու բզզոց, մինչև այն պայթեց օդում։ Լավ վարժված լինելով մեր մոր կողմից՝ յուրաքանչյուրս վերցրեց իր պայուսակը և վազեց բլուրն ի վեր՝ դեպի ռմբապաստարան։ Մինչ մենք արագ առաջ էինք գնում մութ երկնքում առկայծող կանաչ ու սպիտակ բռնկումները նշում էին ռմբակոծողների թիրախները։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց բոլորն այդ բռնկումներն անվանում էին տոնածառ։

Ես չորս տարեկան էի և ականատես եղա համաշխարհային պատերազմին։

Դրեզդեն

Ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ ապրում էր իմ ընտանիքը, գտնվում էր Դրեզդեն քաղաքը։ Նրանք, ովքեր ապրում էին այդ քաղաքում, հավանաբար հազար անգամ ականատես էին եղել այն տեսարանին, որը ես տեսա։ Արագ տարածվող հրդեհը, որն առաջանում էր հազարավոր տոննաներով նետվող պայթուցիկներից, անցել էր ողջ Դրեզդենի վրայով՝ ավերելով քաղաքի մոտ 90 տոկոսը և արդյունքում թողել ավերակներ և մոխրակույտեր։

Dresden Ruins

Շատ կարճ ժամանակում «Գոհարների արկղ» անունը ստացած քաղաքն այլևս գոյություն չուներ։ Գերմանացի գրող Էրիկ Քասթները գրել է այդ ավերման մասին․ «Այդ գեղեցիկ քաղաքը կառուցվել էր հազարավոր տարիների ընթացքում, և մեկ գիշերվա ընթացքում այն ամբողջությամբ ավերվեց»։1 Իմ մանկության տարիներին ես չէի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր վերականգնել այն ամենը, ինչն ավերվեց պատերազմի ժամանակ, որը սկսել էր մեր իսկ ժողովուրդը։ Թվում էր, թե մեզ շրջապատող աշխարհի համար չկար ոչ մի հույս և ոչ մի ապագա։

Անցած տարի ես հնարավորություն ունեցա վերադառնալու Դրեզդեն։ Պատերազմից յոթանասուն տարի անց այդ քաղաքը կրկին հանդիսանում է «Գոհարների արկղ»։ Ավերակները մաքրվել են, քաղաքը վերականգնվել է և նույնիսկ ավելի զարգացել։

Dresden Ruins

Իմ այցի ընթացքում ես տեսա լութերական գեղեցիկ եկեղեցին՝ Ֆրաունկերշը, Մեր Տիրամոր Եկեղեցին։ Այն կառուցվել էր 1700-ականներին։ Այն եղել է Դրեզդենի փայլուն գոհարներից մեկը, բայց պատերազմը վերածել էր այն ավերակների մի կույտի։ Տարիներ շարունակ այն այդպես էլ մնացել էր, մինչև ի վերջո որոշվեց, որ Ֆրաունկերշը պետք է վերանորոգվեր։

Germany. Dresden. Frauenkirche (Church)

Ավերված եկեղեցու քարերը պահվել էին ճիշտ հերթականությամբ և հնարավորինս օգտագործվել վերակառուցման ժամանակ։ Այսօր դրսի պատերի վրա դուք կարող եք տեսնել կրակից սևացած այդ քարերը։ Այդ «սպիները» ոչ միայն հիշեցնում են պատերազմի մասին, այլ նաև հանդես են գալիս որպես հույսի հուշարձան՝ դառնալով մոխիրներից կյանք արարելու մարդկային կարողության անզուգական խորհրդանիշ։

Germany. Dresden. Frauenkirche (Church)

Մինչ ես խորհում էի Դրեզդենի պատմության շուրջ և հիանում այն մարդկանց հնարամտությամբ ու վճռականությամբ, ովքեր վերականգնեցին այն, ինչն ամբողջությամբ ավերվել էր, ես զգացի Սուրբ Հոգու քաղցր ազդեցությունը։ Իհարկե, մտածեցի ես, եթե մարդը կարող է վերցնել ավերակները, փլատակները և ավերված քաղաքի մնացորդները և վերակառուցել ակնածանք ներշնչող կառույց, որը վեր է խոյանում երկինք, որքան ավելի է մեր Ամենազոր Հայրն ունակ վերականգնելու Իր զավակներին, ովքեր ընկել են, մաքառել կամ կորել։

Կարևոր չէ, թե որքան կործանված կարող է թվալ մեր կյանքը։ Կարևոր չէ, թե որքան կարմիր են մեր մեղքերը, որքան խորն է մեր ապրած դառնությունը, որքան միայնակ, լքված և կոտրված են մեր սրտերը։ Նույնիսկ նրանք, ովքեր անհույս են, ապրում են հուսահատության մեջ, ովքեր կորցրել են վստահությունն ու հանձնվել կամ հեռացել Աստծուց, կարող են վերականգնվել։ Բացառությամբ կորստի որդիների՝ չկա որևէ կյանք, որն այնքան խորտակված լինի, որ հնարավոր չլինի այն վերականգնել։

Ավետարանի բարի լուրը հետևյալն է․ Մեր սիրառատ Երկնային Հոր կողմից տրված Երջանկության հավերժական ծրագրի և Հիսուս Քրիստոսի անսահման զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ոչ միայն փրկվել մեր ընկած վիճակից և վերականգնվել մաքուր վիճակում, այլև կարող ենք անցնել մահկանացու երևակայությունից և դառնալ հավերժական կյանքի ժառանգորդներ և ճաշակել Աստծո աննկարագրելի փառքը։

Կորած ոչխարի առակը

Փրկիչի ծառայության ընթացքում Նրա ժամանակների հոգևոր առաջնորդները հավանություն չէին տալիս այն բանին, որ Հիսուսը ժամանակ էր անցկացնում այն մարդկանց հետ, որոնց նրանք կոչում էին «մեղավորներ»։

Թերևս նրանք կարծում էին, որ Նա հանդուրժում կամ նույնիսկ արդարացնում էր մեղսալի վարքը։ Միգուցե նրանք կարծում էին, որ լավագույն միջոցը, որով կարող էին օգնել մեղավորներին ապաշխարել, դատապարտելը, ծաղրելը և ամոթալի վիճակում դնելն էր։

Երբ Փրկիչը հասկացավ, թե ինչ էին մտածում փարիսեցիներն ու դպիրները, Նա պատմեց մի պատմություն․

«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ․ չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։

Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կդնէ նորան»։2

Դարեր շարունակ այս առակը ավանդաբար մեկնաբանվել է որպես կոչ՝ ետ բերելու կորած ոչխարին և օգնության հասնելու նրանց, ովքեր կորած են։ Թեև դա անշուշտ ճիշտ է և լավ, ես մտածում եմ, որ ավելին կարելի է գտնել այստեղ։

Հնարավո՞ր է, որ Հիսուսի առաջին և ամենակարևոր նպատակը լիներ Բարի Հովիվի աշխատանքի մասին սովորեցնելը։

Հնարավո՞ր է, որ Նա վկայում էր Աստծո մոլորված զավակների հանդեպ Իր սիրո մասին։

Հնարավո՞ր է, որ Փրկիչի ուղերձը կայանում էր նրանում, որ Աստված ամեն ինչ գիտի նրանց մասին, ովքեր կորել են, և որ Նա կգտնի նրանց, օգնության ձեռք կմեկնի ու կփրկի նրանց։

Եթե այդպես է, ապա ի՞նչ պետք է անի ոչխարը, որ արժանանա աստվածային այդ օգնությանը։

Արդյո՞ք ոչխարը պետք է իմանա, թե ինչպես պետք է օգտագործել կողմնացույցը, որպեսզի հաշվարկի իր կոորդինատները։ Արդյո՞ք նա պետք է իմանա, թե ինչպես են օգտվում GPS-ից, որպեսզի կողմնորոշվի տեղանքում։ Արդյո՞ք նա պետք է ապահով մի ծրագիր մշակի օգնություն կանչելու համար։ Արդյո՞ք ոչխարն ունի բարեխոսի կարիք, որպեսզի Բարի Հովիվը գա ու փրկի իրեն։

Ոչ։ Իհարկե ոչ։ Ոչխարն արժանի է աստվածային փրկությանը պարզապես այն պատճառով, որ Բարի Հովիվը սիրում է իրեն։

Ինձ համար կորած ոչխարի առակը սուրբ գրությունների ամենահուսադրող հատվածն է։

Մեր Փրկիչը՝ Բարի Հովիվը, ճանաչում ու սիրում է մեզ։ Նա ճանաչում և սիրում է ձեզ։

Նա տեղյակ է, երբ դուք կորում եք, և Նա գիտի, թե որտեղ եք դուք։ Նա գիտի ձեր վիշտը, ձեր լուռ աղերսանքը, ձեր վախերը, ձեր արցունքները։

Կարևոր չէ, թե ինչի արդյունքում եք դուք մոլորվում՝ ձեր իսկ սխալ ընտրությունների, թե այլ պատճառներով։

Կարևորն այն է, որ դուք Նրա զավակն եք։ Եվ Նա սիրում է ձեզ։ Նա սիրում է Իր զավակներին։

(Christ) Rescue of the Lost Lamb

Քանի որ Նա սիրում է ձեզ, Նա կգտնի ձեզ։ Նա ուրախությամբ կդնի ձեզ Իր ուսերին։ Եվ երբ ձեզ տուն բերի, Նա կասի մեկին ու բոլորին․ «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»։3

Ի՞նչ պետք է մենք անենք:

Սակայն, դուք միգուցե մտածեք՝ ո՞րն է իմ պարտականությունը։ Անշուշտ, ես պետք է անեմ ավելին, քան պարզապես փրկության սպասելը։

Մինչդեռ մեր սիրառատ Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ, Նա ոչ մեկին ստիպելով երկինք չի տանի։4 Աստված մեզ չի փրկի մեր կամքին հակառակ։

Ուստի, մենք ի՞նչ պետք է անենք։

Նրա հրավերը պարզ է․

«Դեպի ինձ դարձեք»։5

«Ինձ մօտ եկէք»։6

«Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ»։7

Ահա, թե ինչպես ենք մենք ցույց տալիս Նրան, որ ցանկանում ենք փրկվել։

Դա պահանջում է մի փոքր հավատ։ Սակայն մի հուսահատվեք։ Եթե այժմ դուք չունեք բավականաչափ հավատ, սկսեք հույսից։

Եթե դուք չեք կարող ասել, որ գիտեք, որ Աստված այնտեղ է, կարող եք հուսալ, որ Նա այնտեղ է։ Դուք կարող եք ցանկանալ հավատալ։8 Դա բավական է սկսելու համար։

Ապա, գործելով այդ հույսով, առաջ մղվեք դեպի Երկնային Հայրը։ Աստված կուղղի ձեզ Իր սերը և կսկսվի Նրա փրկարար աշխատանքը և վերափոխումը։

Ժամանակի ընթացքում դուք կնկատեք Նրա ձեռքը ձեր կյանքում։ Դուք կզգաք Նրա սերը։ Եվ Նրա լույսի ներքո քայլելու և Նրա ուղուն հետևելու ցանկությունը կմեծանա հավատքի ամեն քայլի հետ, որը դուք կկատարեք։

Հավատքի այս քայլերը մենք կոչում ենք «հնազանդություն»։

Մեր օրերում սա հայտնի բառ չէ։ Սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանում այն փայփայված հասկացություն է, քանի որ մենք գիտենք, որ «Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»։9

Երբ մեր հավատքը մեծանում է, պետք է մեծանա նաև մեր հավատարմությունը։ Ավելի վաղ ես մեջբերել էի գերմանացի հեղինակի խոսքերը, ով ցավով նկարագրել էր Դրեզդենի կործանումը։ Նա նաև գրել էր հետևյալ արտահայտությունը․ “Es gibt nichts Gutes, ausser: Man tut es.” Նրանց համար, ովքեր չեն հասկանում երկնային լեզուն, ես կթարգմանեմ․ «Չի լինի ոչ մի լավ բան, եթե դու չանես դա»։10

Ես և դուք կարող ենք շատ ազդեցիկ խոսել հոգևոր բաների մասին։ Մենք կարող ենք տպավորություն գործել մարդկանց վրա՝ կրոնական թեմաների շուրջ մեր մեկնաբանություններով։ Մենք կարող ենք մեծ ոգևորությամբ խոսել կրոնի մասին և երազել մեր երկնային ապարանքների մասին։11 Սակայն, եթե մեր հավատքը չի փոխում մեր ապրելակերպը, եթե մեր համոզմունքները չեն ազդում մեր ամենօրյա որոշումների վրա, մեր կրոնը զուր է, և մեր հավատքը, եթե մեռած չէ, ապա հաստատ լավ վիճակում չէ և կանգնած է մահվան վտանգի առաջ։12

Հնազանդությունը հավատքը կենդանի պահող արյունն է։ Հնազանդության միջոցով է, որ մենք լույս ենք կուտակում մեր հոգիներում։

Սակայն երբեմն ինձ թվում է, որ մենք սխալ ենք հասկանում հնազանդությունը։ Մենք կարող ենք տեսնել հնազանդությունը որպես վերջնակետ, այլ ոչ թե վերջնակետին հասնելու միջոց։ Կամ մենք կարող ենք հարվածել հնազանդության այլաբանական մուրճով պատվիրանների երկաթյա սալիկին, մշտական ջերմության և կրկնվող հարվածների միջոցով փորձելով դարձնել նրանց, ում սիրում ենք, ավելի սուրբ, երկնային էակներ։

Անկասկած կան ժամանակներ, երբ մենք պետք է խիստ ձևով ապաշխարության կոչ անենք։ Անշուշտ կան մարդիկ, ովքեր հասանելի են դառնում միայն այս ձևով։

Սակայն, անշուշտ կա մեկ այլ փոխաբերություն, որը կարող է բացատրել, թե ինչու ենք մենք հնազանդվում Աստծո պատվիրաններին։ Միգուցե հնազանդությունը ոչ թե մի գործընթաց է, երբ հոգիները ստիպողաբար փոփոխության են ենթարկվում ու կորցնում իրենց բնական տեսքը, այլ միջոց է, որի օգնությամբ մենք բացահայտում ենք մեր հոգու իրական ինքնությունը։

Մեզ ստեղծել է Ամենազոր Աստվածը։ Նա մեր Երկնային Հայրն է։ Մենք Նրա հոգեղեն զավակներն ենք։ Մենք արարված ենք գերագույն նյութից, որն ամենաթանկարժեքն է և ամենանուրբը, և այդպիսով մենք մեր մեջ կրում ենք աստվածայնության մի մասնիկ։

Այստեղ՝ երկրի վրա, այնուամենայնիվ, մեր մտքերը և գործերը ապականված, անսուրբ և անմաքուր ներգործություն են կրում։ Աշխարհի փոշին ու կեղտը բծեր են թողնում մեր հոգու վրա՝ դժվարացնելով մեր իրական բնույթն ու նպատակը հասկանալը և հիշելը։

Սակայն դրանք չեն կարող փոխել մեր բուն էությունը։ Մեր էության հիմնական աստվածային բնույթը պահպանվում է։ Եվ այն պահին, երբ մենք ընտրում ենք դարձնել մեր սրտերը դեպի մեր սիրելի Փրկիչը և ոտք ենք դնում աշակերտության արահետի վրա, տեղի է ունենում հրաշալի մի բան։ Մեր սրտերը լցվում են Աստծո սիրով, մեր մտքերը լցվում են ճշմարտության լույսով, մենք սկսում ենք կորցնել մեղք գործելու ցանկությունը և մենք այլևս չենք ցանկանում քայլել խավարում։13

Մենք սկսում ենք տեսնել հնազանդությունը ոչ թե որպես պատիժ, այլ որպես դեպի մեր աստվածային ճակատագրին հասնելու ուղի։ Եվ աստիճանաբար այս աշխարհի անապականությունը, փոշին և սահմանափակումները սկսում են հեռանալ։ Ի վերջո, ի հայտ է գալիս մեր մեջ գտնվող երկնային էակի անգին, հավերժական հոգին և բարություն ճառագող լույսը ողողում է մեր էությունը։

Դուք արժանի եք փրկվելու

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, իմ թանկագին ընկերներ, ես վկայում եմ, որ Աստված տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք, և Նա տեսնում է, որ մենք արժանի ենք փրկվելու։

Գուցե դուք կարծում եք, որ ձեր կյանքը կործանված է։ Գուցե դուք մեղք եք գործել։ Գուցե դուք վախեցած եք, բարկացած, վշտացած կամ ձեզ հալածում են կասկածները։ Բայց ճիշտ, ինչպես Բարի Հովիվը գտավ Իր կորած ոչխարին, եթե դուք միայն դարձնեք ձեր սիրտը դեպի աշխարհի Փրկիչը, Նա կգտնի ձեզ։

Նա կփրկի ձեզ։

Նա կբարձրացնի ձեզ ու կդնի Իր ուսերին։

Նա ձեզ տուն կտանի։

Եթե մահկանացու ձեռքերը կարող են փլատակներն ու ավերակները վերածել երկրպագության գեղեցիկ տան, ապա մենք պետք է համոզված ու վստահ լինենք, որ մեր սիրառատ Երկնային Հայրը կարող է և կվերականգնի մեզ։ Նա ծրագրել է դարձնել մեզ շատ ավելի հրաշալի էակներ, քան մենք եղել ենք, շատ ավելի հրաշալի, քան մենք կարող ենք երբևէ պատկերացնել։ Աշակերտության ճանապարհին կատարվող յուրաքանչյուր քայլի հետ մենք դառնում ենք հավերժական փառքի և անսահման երջանկության արժանի էակներ, ինչպիսին ի սկզբանե նախատեսված էինք դառնալու։

Սա իմ վկայությունն է, իմ օրհնությունը և խոնարհ աղոթքը մեր Տիրոջ սուրբ անունով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։