2010
Արդարությանը պատկանող բաները
Մայիս 2010


Արդարությանը պատկանող բաները

Որպես ծնողներ և ղեկավարներ մենք պետք է հետևենք մեր անդամներին և ընտանիքներին, օգնելով նրանց հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է նրանց տանել դեպի հոգևոր մահ:

Նկար
Elder Francisco J. Viñas

Վարդապետություն և Ուխտերում մեզ ասվում է, որ Աստծո ծառաների վկայությունից հետո, կհետևեն վկայություններ երկրաշարժների և այլ աղետների մասին: «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց» (ՎևՈւ 88.91; տես նաև հատվածներ 88-90):

Որպես Կարիբյան կղզիների Տարածքի Նախագահության անդամ՝ ես անձնական վկայություն ունեմ հավատարիմ Սրբերի մասին, որոնք վախը փոխարինել են հավատքով: Հաիթիյում սովորած դասերը կարող են նմանեցվել Մորմոնի Գրքի պատկերներին:

Այդ սաստիկ կործանման տպավոությունը ինձ հիշեցրեց Ալմայի 28-րդ գլխի խոսքերը. «Սա մի ժամանակ էր, երբ ամբողջ երկրով մեկ` Նեփիի ողջ ժողովրդի մեջ, լսվում էր մի մեծ սուգ ու շիվան» (Ալմա 28.4):

Քառասուներկու անդամ նույնպես զոհվեցին: Իսկ նրանց ընտանիքները և ընկերները «սգում են իրենց ազգականների կորուստը, սակայն նրանք ցնծում են և հրճվում հույսով, և նույնիսկ գիտեն, Տիրոջ խոստումների համաձայն, որ նրանք բարձրացվել են` ապրելու Աստծո աջ կողմում, երբեք չվերջացող երջանկության մի վիճակում» (Ալմա 28.12):

Անմիջապես օգնություն ուղարկվեց Եկեղեցու կողմից անդամներին և ոչ-անդամներին, և բաշխվեց տեղական քահանայության և Սփոփող Միության ղեկավարների առաջնորդությամբ: Նրանք ոչ միայն ստացան բժշկական օգնություն, սնունդ, ջուր և հիմնական այլ պարագաներ, այլ նաև խորհուրդ, ուղղություն և սփոփանք իրենց տեղական ղեկավարների կողմից: Նրանք ունեն ողջ աշխարհի Եկեղեցու անդամների աջակցությունը, որոնք «սգում են նրանց հետ, ովքեր սգում են. Այո, և մխիթարում են նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.9):

Տարբեր մարգարեներ տարբեր ժամանակներում մեզ նախազգուշացրել են մեկ այլ ողբերգության մասին, որն ավելի քիչ նկատելի է, սակայն ոչ պակաս կարևոր, և դա հետևյալն է. «մի սոսկալի մահ, [որը] գալիս է ամբարիշտների վրա, քանզի նրանք մեռնում են արդարությանը վերաբերող բաների նկատմամբ. Քանզի նրանք անմաքուր են, և ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել Աստծո արքայությունը» (Ալմա 40.26):

Նեփին ուսուցանել է այս սկզբունքը իր եղբայրներին, ասելով նրանց, որ նրանք, ովքեր «մեռնեն իրենց ամբարշտության մեջ, նրանք պիտի նույնպես վտարված լինեն, ինչ վերաբերում է բաներին, որոնք հոգևոր են, որոնք պատկանում են արդարությանը» (1 Նեփի 15.33):

Սամուել Լամանացի մարգարեն ուսուցանում էր, որ «ով որ ապաշխարի, նա չի կտրվի և չի գցվի կրակը. Բայց ով որ չապաշխարի, կկտրվի և կգցվի կրակը. և գալիս է նրանց վրա կրկին մի հոգևոր մահ, այո, մի երկրորդ մահ, քանզի նրանք կրկին կտրված են, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին» (Հելաման 14.18):

Հոգևոր բաների համար մահանալու ողբերգությունը ավելի մեծ ազդեցություն ունի նրանց վրա, ովքեր «մի ժամանակ լուսավորված են եղել Աստծո Հոգով, և ունեցել են մեծ գիտություն` արդարությանը պատկանող բաների վերաբերյալ, և հետո հեռացել են` ընկնելով մեղքի և օրինազանցության մեջ, նրանք դառնում են ավելի կարծրացած, և այսպես, նրանց վիճակը դառնում է ավելի վատ, քան, եթե նրանք երբեք իմացած չլինեին այս բաները» (Ալմա 24.30):

Որպես ծնողներ և ղեկավարներ մենք պետք է հետևենք մեր անդամներին և ընտանիքներին, օգնելով նրանց հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է նրանց տանել դեպի հոգևոր մահ: Մենք նաև աշխատում ենք փրկել նրանց, ովքեր այժմ մահացած են հոգևոր բաների համար, և օգնել նրանց «վերստին ծնվել, այո, Աստծուց ծնվել, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը» (Մոսիա 27.25):

Նրանց հոգևոր բուժումը, ովքեր մահացել են արդարությանը պատկանող բաների հանդեպ, տեղի է ունենում Քավության զորությամբ, դեպի ճշմարտությունը դարձի գալու և արդարության սկզբունքներին հավատարիմ մնալու միջոցով:

Մեր անդամներին և ընտանիքներին արդարությանը պատկանող բաների մասին սովորեցնելը կարևոր է տևական դարձի համար, քանի որ դա նրանց օգնում է ձեռք բերել ճիշտ գիտելիք Տիրոջ պատվիրանների, ավետարանի սկզբունքների և վարդապետությունների և այն պահանջների և ծեսերի մասին, որոնց մենք պետք է հնազանդվենք Տիրոջ արքայությունում փրկություն ստանալու համար:

Սուրբ գրություններում կան բազմաթիվ օրինակներ, որոնք հաստատում են «արդարությանը վերաբերող բաների» ուսուցանման կարևորությունը, օգնելով ձեռք բերել տևական դարձ: Լամանացիներին ավետարանը քարոզող Ամմոնի և նրա եղբայրների մասին պատմության մեջ մենք կարդում ենք. «Եվ Ամմոնը քարոզում էր թագավոր Լամոնիի ժողովրդին, և եղավ այնպես, որ նա սովորեցրեց նրանց ամենը, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին (Ալմա 21.23):

Մենք կարող ենք տեսնել արդարությանը վերաբերող բոլոր բաները ջանասիրաբար ուսուցանելու արդյունքները, շարունակելով կարդալ 23 գլուխը, որտեղ ասվում է. «Որ բոլոր նրանք, ովքեր հավատացին, կամ բոլոր նրանք, ովքեր բերվեցին ճշմարտության իմացությանը, … դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան» (Ալմա 23.6):

Երբ Ալմա Կրտսերը հիմնեց Եկեղեցին, նա նվիրաբերեց արժանի տղամարդկանց՝ լինելու նրանց քահանաները և ուսուցիչները, ովքեր «հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով» (Մոսիա 23.18):

Ծնողները էական դեր են կատարում, օգնելով իրենց երեխաներին հասկանալ արդարությանը վերաբերող բաները: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Ալմա Կրտսերը, վշտանալով տիրող ամբարշտության, պատերազմների և հակառակությունների համար և ճնշված լինելով իր ժողովրդի կարծրասրտությամբ, «կարգադրեց, որ իր որդիները հավաքվեն միասին, որպեսզի նա կարողանար նրանցից ամեն մեկին առանձին տալ իր հանձնարարությունը, արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.16, շեշտադրումն ավելացված է):

Հետաքրքիր է նկատել, որ նա ուսուցանում և իր զավակներին խրատում էր առանձին, հարմարեցնելով իր ուսուցումը յուրաքանչյուր որդուն` ըստ վերջինիս կարիքների: Նա վկայություն էր բերում և ուսուցանում նրանց վարդապետությունը և սկզբունքները, պատրաստելով նրանց քարոզել նույն սկզբունքները ուրիշներին:

Այնպիսի մի ժամանակ, երբ ընտանիքը չարի ուժերի գրոհման տակ է, և երբ այն պայմանները, որոնցում մենք ապրում ենք, այդքան էլ չեն տարբերվում նրանցից, որում Ալման էր, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը սահմանել են «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում, որ «ծնողները սուրբ պարտականություն են կրում` մեծացնելու իրենց երեխաներին սիրո և արդարության մեջ» (Liahona, Oct. 2004, 49).

Դա ներառում է երեխաներին սնուցումը, աջակցությունը և ուսուցանումը արդարությանը պատկանող բոլոր բաներում, որպեսզի նրանք մնան հաստատուն, իրենց «մեջքը ճշմարտությամբ գոտևորած, արդարության լանջապանակը հագած, և [իրենց] ոտքերը խաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած» (ՎևՈւ 27.16):

Ինչպես Ալմայի ժամանակներում, մեր ղեկավարները նույնպես հետևում են Եկեղեցու անդամներին և սնուցում նրանց արդարությանը վերաբերող բաներով: Այդ բաները կօգնեն մեզ հասնել տևական դարձին: «Ղեկավարներին ուսուցանելու շեշտադրումները» աշխատանքում, որը վերանայվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը խնդրում են, որ և՛ քահանայության և՛ օժանդակ կազմակերպությունների ղեկավարները խրախուսեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի, ծնողներին և երեխաներին ուսումնասիրել սուրբ գրությունները, կանոնավոր աղոթեն և ապրեն Հիսուս Քրիստոսի ավետարանով (Առաջին Նախագահության նամակ, 15 դեկտ., 2009թ.):

Սուրբ գրություններն ուսումնասիրելը, կանոնավոր աղոթելը և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը արդարության գործեր են, և Տերը բացել է այս հիանալի խոստումը. «որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23):

Որպեսզի ավելի արդյունավետ ուսուցանենք արդարությանը վերաբերող բաները, կարևոր է հասկանալ, որ, բացի տեղեկություն տալուց, մենք պետք է խթանենք հայտնությունը: Այդպիսով, անձը, որն ուսուցանվում է, կարող է այդ սկզբունքներն ինքնուրույն իմանալու ցանկություն զգալ:

Տերը հայտնել է Հայրում Սմիթին նրա եղբայր Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով.

«Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին.

Եվ այն ժամանակ դու կիմանաս, կամ դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ-որ կցանականաս ինձանից, որոնք վերաբերում են արդարության բաներին, հավատքով հավատալով ինձ, որ դու պիտի ստանաս» (ՎևՈւ 11.13–14):

Եզրափակելով, սուրբ գրությունները մեզ նախազգուշացնում են արդարությանը պատկանող բաների նկատմամբ մահանալու վտանգի մասին և այն լուրջ հետևանքների մասին նրանց համար, ովքեր լուսավորված լինելով Աստծո Հոգու կողմից, ընկնում են մեղքի և մեղսագործության մեջ:

Արդարությանը վերաբերող բաները ուսուցանելը կարևոր բաղադրիչ է օգնելու մարդկանց ձեռք բերել ճշմարտության գիտելիքը, դարձի գալ և մինչև վերջ հաստատուն մնալ Քրիստոսի հանդեպ հավատքում:

Ծնողները սուրբ պարտականություն ունեն ուսուցանելու իրենց երեխաներին արդարությանը վերաբերող բաների մասին: Ղեկավարները և ուսուցիչները կարող են հետևել իրենց անդամներին և սնուցել իրենց պատասխանատվության տակ գտնվողներին, ջանասիրաբար ուսուցանելով նրանց արդարությանը վերաբերող բոլոր բաները:

Դրան ավելի արդյունավետ կարելի է հասնել, եթե հայտնություն է խթանվում ուսուցման ընթացքում, այդպիսով ստեղծելով մարդկանց մոտ Աստծո Հոգով ուսուցանվելու ցանկություն: Ապա, երբ նրանք գործածեն հավատք, Հոգին կարող է նրանց հայտնի դարձնել արդարությանը վերաբերող բաները: Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: