2010
Նրանք խոսեցին երիտասարդների հետ
Մայիս 2010


Նրանք խոսեցին երիտասարդների հետ

Սովորեք, գործեք և կիսվեք՝ կատարելով ձեր պարտականությունը Աստծո առաջ

Մեզ վստահվել է քահանայություն կրել և Աստծո անունով գործել: Մենք սուրբ վստահություն կրողներ ենք: Շատ բան է ակնկալվում մեզանից: … Եկեք բարձր գնահատենք մեր կոչումները, եկեք անդրադառնանք մեր պատասխանատվություններին և հետևենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Պատրաստվածությունը օրհնություններ է բերում», 64:

Միայն մի քանի շաբաթ առաջ, հանդիպեցի մի նոր սարկավագի, որը սկսեց ջանասիրության այդ ուղին: Նրա հայրը ցույց տվեց ինձ մի սխեմա, որը գծել էր իր որդին և որը ցույց էր տալիս իրենց աղոթատան յուրաքանչյուր շարքը, յուրաքանչյուր սարկավագի համարը, որը կնշանակվի բաժանել հաղորդությունը, և նրանց ուղին ժողովատան միջով անդամներին հաղորդությունը մատուցելիս: Հայրը և ես ժպտացինք մտածելով, որ տղան, առանց նրա օգնությունը խնդրելու, կամեցել էր պլան կազմել, որը կապահովեր իր քահանայության ծառայության հաջողությունը:

Ես ճանաչեցի նրա ջանասիրության մեջ Պարտականություն Աստծո առաջ գրքույկի կարգաձևը: Դա իմանալն է, թե ինչ է Տերը սպասում ձեզանից, դա իրականացնելու ծրագիր կազմելը, ծրագրի համաձայն ջանասիրաբար գործելը, իսկ հետո ուրիշների հետ կիսվելը նրանով, թե ինչպես ձեր փորձառությունը փոխեց ձեզ և օրհնեց ուրիշներին:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, «Գործեք ողջ ջանասիրությամբ», 60:

Եկեղեցու չափահաս անդամները պետք է հասկանան, որ Անձնական Զարգացումը և Պարտականություն Աստծո առաջ ծրագրերի պահանջները պարզապես թեմաների երկար ցուցակ չէ նշում կատարելու համար: Դրանք անձնական նպատակներ են` դրված յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և երիտասարդ կնոջ կողմից, որպեսզի օգնեն նրանց արժանի դառնալ տաճարի արարողություններ ստանալու, միսիա ծառայելու, հավերժական ամուսնություն կնքելու և վեհացումը վայելելու համար: Սակայն եկեք ճիշտ հասկանանք` եթե երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք փորձեն միայնակ իրականացնել իրենց նպատակները, դա կլինի մեծ կորուստ և ողբերգություն:

Հայրեր, մայրեր և երիտասարդների ղեկավարներ, մենք խնդրում ենք ձեզ` ձեր երեխաների և երիտասարդների հետ միասին մասնակցեք Անձնական Զարգացում և Պարտականություն Աստծո հանդեպ ծրագրերին: Ոչ միայն նրանք կաճեն, այլ դուք ևս կաճեք: Իսկ ամենակարևորն է, որ դուք միասին կաճեք հավատի և ընկերության շրջանակում, որը կօգնի ձեզ ամրապնդել միմյանց և հավերժ մնալ ավետարանի ուղու վրա, լինել իսկապես հավերժ ընտանիք:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս, Տասներկու Առաքյալների Քվորումից, «Աստծո առաջ մեր պարտականությունը` աճող սերնդի հանդեպ ծնողների և ղեկավարների առաքելությունը», 95:

Բեմը ձերն է, Ահարոնյան Քահանայության իմ հարգելի տղաներ: Դուք պատրա՞ստ եք և ցանկանում եք խաղալ ձեր դերը: Տերը կարիք ունի յուրաքանչյուր ունակ երիտասարդ տղամարդու, որը այս երեկոյից սկսած կարող է պատրաստվել և պարտավորվել արժանի լինելու Աստծո մարգարեի կողմից տրված միսիայում ծառայելու կոչմանը:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ, Յոթանասունից, «Միսիոների աստվածային կոչումը», 51:

Որպես սարկավագ, ուսուցիչ և քահանա՝ դուք կկատարեք հանձնարարություններ, որոնք կօգնեն ձեզ կառուցել հոգևոր ուժ և սովորել ու իրականացնել ձեր քահանայության պարտականությունները: Ամեն հանձնարարություն կազմված է հետևյալ ձևով.

Նախ, դուք սովորում եք ավետարանի մի սկզբունք կամ քահանայության մի պարտականություն: Դուք բացահայտում եք, թե ինչ է Երկնային Հայրը ցանկանում, որ դուք անեք, և փորձում եք հոգևոր վկայություն ձեռք բերել այն մասին, թե ինչու է դա կարևոր:

Ապա դուք ծրագրեր եք կազմում, թե ինչպես պետք է գործեք ըստ ձեր սովորածի: Խորհուրդ է տրվում, որ դուք ձեր ծրագրերը հիմնեք ձեր իսկ կարիքների, հանգամանքների և ուրիշներին ծառայելու հնարավորությունների վրա: Սա ձեր սեփական աճի և հոգևոր ինքնուրույնություն զարգացնելու համար պատասխանատվություն կրելու հիանալի հնարավորություն է:

Ապա դուք կիսվում եք ձեր սովորածով և փորձով ուրիշների հետ: Այդպես դուք կամրացնեք ձեր վկայությունը և հավատք կկառուցեք ձեր շուրջը գտնվողների մոտ: Դուք կզարգացնեք ուրիշների հետ ավետարանի մասին խոսելու ձեր ունակությունը: …

… Ես վկայում եմ, որ Ահարոնյան Քահանայությունում ձեր հավատարիմ ծառայությունը կփոխի նրանց կյանքը, ում ծառայում եք: Կան մարդիկ, ովքեր ձեր քահանայական ծառայության կարիքն ունեն: Ձեր ընտանիքները ունեն ձեր կարիքը: Ձեր քվորումները ունեն ձեր կարիքը: Եկեղեցին ունի ձեր կարիքը: Աշխարհն ունի ձեր կարիքը:

Եղբայր Դեյվիդ Լ. Բեք, Երիտասարդ Տղամարդկանց Նախագահ, «Հրաշալի Ահարոնյան Քահանայությունը», 54:

Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագրի մասին տեղեկությունը տարբեր լեզուներով տեղակայված է DutyToGod.lds.org կայքում:

Պաշտպանել Առաքինությունը՝ Անձնական Զարգացում

Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացման գրքույկի առաջին էջի վրա դուք կգտնեք այս խոսքերը. «Դուք Երկնային Հոր սիրված դուստրն եք, որ պատրաստվել եք գալ երկիր այս հատուկ ժամանակներում՝ սրբազան և փառավոր նպատակի համար»:

Քույրեր, այս խոսքերը ճշմարիտ են: Դրանք չեն ստեղծվել կախարդական հեքիաթում: Մի՞թե հրաշալի չէ իմանալ, որ մեր հավերժական Երկնային Հայրը գիտի ձեզ, լսում է ձեզ, հսկում է ձեզ և սիրում է ձեզ անսահման սիրով: Փաստորեն Նրա սերը ձեր հանդեպ այնքան մեծ է, որ Նա շնորհել է ձեզ այս երկրային կյանքը, որպես «Լինում է, չի լինում»-ի թանկարժեք պարգև՝ իրականացնելու ձեր իսկ արկածային, փորձության և մեծության հնարավորությունների, ազնվության, քաջության և սիրո ճշմարիտ պատմությունը: Եվ ամենից փառահեղը, Նա առաջարկում է ձեզ մի պարգև, որն անգին է և աներևակայելի: Երկնային Հայրն առաջարկում է ձեզ մեծագույն պարգևը՝ հավերժական կյանքը, և հնարավորություն, և ձեր իսկ «հավիտյան երջանիկ ապրելու» անսահման մի օրհնություն:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Հավիտյան երջանիկ ապրել», 124:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդ կանայք, հիշեք, թե ով եք դուք: Դուք ընտրված եք: Դուք Աստծո դուստրերն եք: Դուք չեք կարող լինել երիտասարդ կանանց մի սերունդ, ովքեր հակված են «հարմարվելու»: Դուք պետք է քաջություն ունենաք «չհանձնվելու», «վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:10 Աշխարհը կկամենա հավատացնել ձեզ, որ դուք ժամանակակից չեք և անտեղյակ եք: Աշխարհը կանչում է ձեզ չթուլացող, աղմկոտ ձայներով «վայելել», «փորձել ամեն ինչ», «փորձարկել և երջանիկ լինել»: Ճիշտ հակառակը, Սուրբ Հոգին շշնջում է և Տերը հրավիրում է ձեզ «քայլել առաքինության շավիղներում…: մի կողմ դնել այս աշխարհի բաները…: և հավատարիմ մնալ [ձեր] ուխտերին» (ՎևՈւ 25.2, 10, 13):

Էլեյն Ս. Դալտոն, Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ , «Հիշեք, թե ով եք դուք», 120:

Անձնական Զարգացումն ապահովում է սքանչելի ուղի ձեզ համար՝ քայլ առ քայլ սնուցելով ձեր վկայությունը: Արժեքների փորձերն ու ծրագրերը փոքր քայլեր են, որոնք կսնուցեն Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը, երբ սովորեք Նրա ուսմունքները և կանոնավորապես կիրառեք դրանք ձեր կյանքում: Այս անընդհատ սնուցումը ձեզ ապահով կպահի արահետի վրա:

Մերի Ն. Քուք, Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական, «Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք», 117:

Տերը միշտ կանգնած է մեզ համար և երբեք մեզ միայնակ չի թողնի: Մենք սովորել ենք, որ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Որպես նրա թանկագին դուստրեր, դուք կարող եք Նրա հավաստիացումը և առաջնորդությունը ստանալ աղոթքի զորությամբ:

Էն Մ. Դիբ, Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Քաջ եղիր», 114:

Անձնական Զարգացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տես PersonalProgress.lds.org կայքը: