2010
Մայրիկն է ինձ ասել
Մայիս 2010


Մայրիկն է ինձ ասել

Միգուցե, մենք բոլորս այդ կերպ ենք պատասխանում մեր մայրերի սիրուն, որովհետև այն մարմնավորում է մեր Փրկչի սերը:

Նկար
Elder Bradley D. Foster

Տերը կարևոր պատասխանատվություն է տվել ծնողներին իրենց զավակներին հոգևոր սնուցում տալու համար: Երբեմն այդ պատասխանատվությունը ընկնում է միայնակ ծնողի վրա: Մայրս համեմատաբար երիտասարդ էր, երբ հայրս մահացավ, թողնելով նրան միայնակ չորս երեխաների հետ: Սակայն նա հավատքով և քաջությամբ դիմակայեց դժբախտությանը, խոստանալով մեզ, որ եթե մենք մնանք ճշմարիտ ուղու վրա, վերջում ավելի լավ կլինի, քան սկզբում: Մորմոնի Գրքի քաջարի մայրերի զավակների պես, «մենք չկասկածեցինք, մեր [մայրը] գիտեր դա» (Ալմա 56.48): Եղբայրներ և քույրեր, ես իմ մաշկի վրա եմ զգացել, որքան մեծ ազդեցություն են թողնում մայրերը:

Իմ մոտ ընկեր Դոն Փիրսոնը մի անգամ կիսվեց իր փորձառությամբ, որը ցույց է տալիս այդ ազդեցությունը: Մի երեկո, իր չորսամյա որդին, Էրիկը, խնդրում է նրան իր համար գիրք կարդալ: Էրիկն ընտրել էր իր սիրելի գիրքը` Փադի Փորքի օդապարիկով արկածները: Դա պատմություն է մի ընտանիքի մասին, որն ապրում էր ծովի կղզիների վրա և օդապարիկով ճամփորդում մի կղզուց մյուսը: Գիրքը նկարազարդ էր, տեքստ չկար, այնպես որ Եղբայր Փիրսոնը իր խոսքերով սկսեց պատմել այն:

«Փադին օդապարիկով իջնում է կղզու վրա: Նա օդապարիկի կողքից թոկը իջեցնում է ներքև»:

Էրիկն ընդհատեց նրան. «Հայրիկ, ոչ թե թոկ, այլ պարան»:

Եղբայր Փիրսոնը նայեց Էրիկին և ապա գրքի նկարին, և շարունակեց. «Փադին դուրս է գալիս օդապարիկից և ծառից իջնում: Օ՜, ոչ, նրա վերարկուն կառչել է ճյուղից»:

Էրիկը կրկին ընդհատեց նրան. «Հայրիկ, ոչ թե վերարկու, այլ բաճկոն»:

Այդ ժամանակ Եղբայր Փիրսոնն անհանգստացավ և, Դիմելով, տղային ասաց. «Էրիկ, այս գրքում բառեր չկան, միայն նկարներ են: Ինչո՞ւ ես պնդում, որ դա բաճկոն է»:

Էրիկը պատասխանեց. «Որովհետև մայրիկն է ինձ ասել»:

Հայրը փակեց գիրքը և ասաց. «Էրիկ, ինչ ես կարծում, ո՞ւմ խոսքն է հիմնականում անցնում այս տանը»:

Այս անգամ Էրիկն ուշադիր մտածեց և պատասխանեց. «Քոնը, հայրիկ»:

Եղբայր Փիրսոնը ժպտաց որդուն` ինչպիսի՜ բացառիկ պատասխան: «Որտեղից գիտե՞ս»,- հարցրեց նա:

Էրիկն արագ պատասխանեց. «Մայրիկն է ինձ ասել»:

Ինչպես նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն է ասել. «Մայրության մեջ է ամփոփվում ողջ աշխարհի բարությունը: Անչափելի է մոր ազդեցությունն իր երեխաների կյանքում» (“Fathers, Mothers, Marriage,” Liahona, Aug. 2004, 3).

Ըստ աստվածային ծրագրի, դաստիարակելը կանանց տրված հոգևոր ժառանգության մասն է: Ես տեսել եմ դա դուստրերիս մեջ: Տեսնում եմ թոռներիս մեջ, նույնիսկ նախքան քայլել սովորելը, նրանք ցանկանում էին գրկել իրենց տիկնիկներին և խնամել նրանց:

Լինելով ագարակատեր և աշխատելով ագարակում, ես հնարավորություն եմ ունեցել մոտիկից տեսնելու, թե ինչպես է մայրական բնական սերը դրսևորվում բնության մեջ: Ամեն գարուն մենք կովերի և նրանց նորածին հորթերի նախիրը քշում ենք Այդահոյի Սնեյք Գետի ափով, որտեղ նրանք մոտ մեկ ամիս արածում են սարերի ստորոտում: Ապա մենք հավաքում ենք նրանց և քշում ճանապարհով ներքև դեպի փարախները: Այնտեղից նրանց լցնում են բեռնատարների մեջ և տանում Մոնտանայի ամառային արոտավայրերը:

Մի հատկապես շոգ գարնանային օր ես օգնում էի նախիրը հավաքել, քշելով հոտի հետևից, որը շարժվում էր դեպի փարախը տանող փոշոտ ճանապարհով: Իմ գործը ճանապարհից շեղված հորթերին հավաքելն էր: Նրանք դանդաղ էին շարժվում, և ես խորհելու ժամանակ ունեի:

Քանի որ շատ շոգ էր, հորթուկները շտապում էին ծառերի ստվերի տակ: Իմ միտքն եկան Եկեղեցու երիտասարդները, ովքեր երբեմն շեղվում են նեղ ու անձուկ ճանապարհից: Ես նաև մտածեցի նրանց մասին, ովքեր հեռացել են Եկեղեցուց կամ մտածել են, թե Եկեղեցին լքել է իրենց սիրտը, երբ նրանք շեղվել են ճանապարհից: Ես մտածեցի, որ շեղվելը պարտադիր չէ, որ չարից գա, վնաս հասցնելու համար: Երբեմն դա կարող է ստվեր լինել:

Մի քանի ժամ շարունակ ես փորձում էի հավաքել ճանապարհից շեղված հորթերին, քրտինքը հոսում էր դեմքիս վրայով, և ես հուսակտուր բղավեցի հորթերի վրա. «Հետևեք ձեր մայրերին: Նրանք գիտեն ուր պետք է գնան: Նրանք նախկինում անցել են այս ճանապարհով»: Նրանց մայրերը գիտեին, որ, թեպետ այդ պահին շոգ էր և ճանապարհը փոշոտ, հետագայում ավելի լավ էր լինելու:

Երբ վերջապես նախիրը հավաքեցինք փարախում, տեսանք, որ երեք կովեր նյարդայնացած շարժվում են դեպի դարպասը: Նրանք չէին կարողանում գտնել իրենց հորթերին և կարծես զգում էին, որ նրանք մնացել են ճանապարհին ինչ-որ մի տեղ: Կովբոյներից մեկը հարցրեց ինձ, թե ինչ անենք: Ես ասացի. «Ինձ թվում է ես գիտեմ, թե որտեղ են այդ հորթերը: Մեկ քարորդ մղոն հետ սաղարթախիտ ծառեր կան: Վստահ եմ, նրանք այնտեղ են»:

Ես ճիշտ էի, ինչպես որ կասկածում էի, մեր կորցրած հորթերը նիրհում էին ստվերում: Երբ մոտեցանք, և ուզում էինք նրանց հավաքել, նրանք խրթնած դիմադրում էին մեզ: Նրանք վախեցան, որովհետև մենք նրանց մայրերը չէինք: Որքան մենք նրանց ցանկանում էինք տանել դեպի փարախը, այնքան նրանք կամակոր էին դառնում, և ի վերջո ես ասացի կովբոյներին. «Կներեք տղաներ, ես ավելի լավ միջոց գիտեմ: Եկեք հետ գնանք և նրանց մայրերին բերենք այստեղ: Կովերը կգան և իրենց հորթերին կգտնեն, և հորթերը կհետևեն իրենց մայրերին»: Ես ճիշտ էի: Մայր կովերը ճիշտ գիտեին, թե որտեղ պետք է գտնեին իրենց հորթերին, և նրանք իրենց ետևից հորթերին բերեցին փարախ, ինչպես ես էի ենթադրել:

Եղբայրներ և քույրեր, այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրին ազատ կամք է տրված, մեր սիրելիներից ոմանք կարող են որոշ ժամանակով շեղվել: Սակայն մենք երբեք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է միշտ ետ գնանք նրանց համար` երբեք չդադարելով փորձել: Մեր մարգարե` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, մեզ խնդրել է գնալ և փրկել մեր կորած սիրելիներին (տես, օրինակ, “Stand in Your Appointed Place,” Liahona, May 2003, 54–57): Քահանայության ղեկավարների օգնությամբ ծնողները պետք է շարունակեն ետ գնալ և գտնել իրենց կորած երեխաներին, նրանց հավաստիացնելով, որ միշտ «տունը», ընտանիքն ու Եկեղեցին նրանց վերադարձին են սպասում: Մենք երբեք չգիտենք, թե երբ սիրտը կարող է շրջվել: Մենք երբեք չգիտենք, թե երբ կարող է հոգին հոգնել ու մաշվել աշխարհից: Երբ դա տեղի է ունենում, միշտ երեխաներն առաջինը իրենց Մայրիկին են դիմում, այնպիսի զգացումներով, որոնք արտահայտված են Էլիզաբեթ Աքերս Ալենի այս բանաստեղծության մեջ.

Ետ սլացեք, Օ՜, տարիներ իմ անցած,

Մաշվել եմ չարչարանքից, արցունքներից հեղված,

Հոգնել եմ խոսքերից` դատարկ, ստոր ու նվաստ,

Մայրի՜կ, տենչում է քեզ սիրտս կարոտած:

Իմ անցած օրերում սիրտն իմ երբեք

Մոր սիրո պես սեր դեռ չի ճանաչել:

Մայրիկի պես ոչ ոք ցավը չի վանել,

Իմ խոցված հոգուց և մտքից հոգնատանջ:

Ծանրացած կոպերիս իջել է քուն,

Օրորիր ինձ, մայրի՜կ, քնել եմ ուզում:

(“Rock Me to Sleep,” in The Family Library of Poetry and Song, ed. William Cullen Bryant [1870], 190–91; punctuation modernized.)

Միգուցե, մենք բոլորս այդ կերպ ենք պատասխանում մեր մայրերի սիրուն, որովհետև այն մարմնավորում է մեր Փրկչի սերը: Ինչպես Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն է ասել. «Մայրական ճշմարիտ սերն էությամբ ավելի մոտե Աստծո սիրուն, քան որևէ այլ տեսակի սիրուն»: (“The Love of Mother,” Improvement Era, Jan 1910, 278)

Ինչպեսև ամեն ինչում, Փրկիչը կատարյալ օրինակ ծառայեց այն սիրով, որ Նա տածում էր Իր երկրային մոր հանդեպ: Անգամ Իր մահկանացու կյանքի վերջին պահերին, Գեթսեմանի տառապանքի ժամանակ, որտեղ կար ծաղրանք, փշերից պսակ, ծանր խաչ, որի վրա Նրան դաժանաբար գամեցին, տիեզերքական այդ կենտրոնամետ պահին Հիսուսը խաչի վրայից ներքև նայեց և տեսավ Իր մորը, Մարիամին, որն եկել էր իր Որդու հետ լինելու համար: Նախքան մահանալը Նա մի վերջին անգամ սեր ցուցաբերեց, հավաստիանալով, որ իր մայրը հոգատար ձեռքերում է, ասելով Իր աշակերտին. «Ահա քո մայրը» (Հովհաննես ԺԹ.27), և հենց այդ պահին այդ աշակերտը իր տուն տարավ նրան: Ապա Հիսուսը գիտեր, որ «ամեն բան արդեն լրացած է», Իր գլուխը խոնարհեց և մահացավ (տես Հովհաննես ԺԹ.28–30):

Այսօր ես կանգնած եմ ձեր առջև և բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչը և Քավիչն է աշխարհի: Սա Նրա Եկեղեցին է, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ: Ես սա անկասկած գիտեմ իմ սրտում Սուրբ Հոգու վկայության շնորհիվ: Ես միշտ չեմ իմացել, երբ փոքր էի, ստիպված էի ապավինել ծնողներիս վկայությանը: Մայրս հավաստիացնում էր ինձ, որ եթե ես մնամ ճիշտ ուղու վրա, եթե անգամ թվում է շոգ է ու ճանապարհը փոշոտ, նույնիսկ եթե լինում են ուղուց շեղումներ, վերջն ավելի լավ կլինի, քան սկիզբը: Ես հավերժ երախտապարտ կլինեմ, որ Մայրիկն է ինձ ասել, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: