2010
Քահանայության զորությունը
Մայիս 2010


Քահանայության զորությունը

Քահանայությունը չունի այն ուժը, որ պետք է ունենա, և չի էլ ունենա, մինչև որ քահանայության զորությունը վճռականորեն չհաստատվի ընտանիքներում` ինչպես հարկն է:

Նկար
President Boyd K. Packer

Խոսքս ուղղում եմ ընտանիքների հայրերին և Եկեղեցու բոլոր ընտանիքներին:

Տարիներ առաջ Նախագահ Հարոլդ Բ. Լիի ղեկավարության ներքո մենք սկսեցինք վերափոխումների շարք: Այդ ժամանակ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասաց. «Այսօր, մենք բանակ ենք հավաքվել ամենատարբեր տեսակի մեղքերի, անառակության և չարիքի դեմ, որ երբևէ մեր աչքերը տեսել են … Ճակատամարտի ծրագիրը, որով մենք կռվում ենք փրկելու մարդկանց հոգիները, մերը չէ: Այն [եկել է] Տիրոջ ոգեշնչման և հայտնության միջոցով»:1

Համակարգման այդ տարիներին, Եկեղեցու ողջ գործող կազմը փոխվեց: Ընդհանուր ծրագիրը վերակազմվեց: Կազմակերպությունների նպատակները և միմյանց հետ հարաբերությունները վերասահմանվեցին: Այդ փոփոխությունների և վերակառուցման տարիների հիմնական բառը քահանայությունն էր:

Նախագահ Մոնսոնը նաև խոսեց Հին Կտակարանի հերոս` Գեդեոնի մասին: Գեդեոնը ընտրված էր ղեկավարելու Իսրայելի բանակները` հազարավոր ուժեղ մարտիկների: Բայց նրանցից նա ընտրեց միայն 300 հոգու:

Գեդեոնը իր նորակոչիկ զինվորներին հետաքրքիր ձևով ընտրեց: Երբ տղամարդիկ ջուր էին խմում աղբյուրից, շատերը «խմելու համար փորի վրա պառկում էին»: Նրանց նա ուշադրություն չդարձրեց: Մի քանիսը ձեռքով էին ջուրը վերցնում ու խմում, լիովին զգոն մնալով, նրանց էլ նա ընտրեց:2

Մենք ապրում ենք «պատերազմների, պատերազմների համբավների և զանազան տեղերում երկրաշարժերի»3օրերում: Ըստ մարգարեության «ողջ երկիրը խառնաշփոթի մեջ [է]»,4 և «Սատանան դրսում է, երկրի վրա»:5 Նա ջանում է կործանել այն, ինչը բարի է և արդար:6 Նա Լյուցիֆերն է, որը դուրս էր գցվել Աստծո ներկայությունից:7 Այդ ամենին հակառակ, մենք շատ դրականորեն ենք տրամադրված ապագայի հանդեպ:

Գեդեոնի փոքր բանակը հաջողություն ունեցավ, որովհետև ինչպես կտակարանն է հաստատում. «Ամեն մարդ իր տեղը կանգնել էր»:8

Այս «ժամանակների լրության տնտեսությունը»9 բացվեց պատանի Ջոզեֆ Սմիթին Հոր և Որդու հայտնությամբ:10 Որից հետո, Մորոնի հրեշտակը Ջոզեֆին ցույց տվեց, թե որտեղ են թաղված Մորմոնի Գիրքը պարունակող թիթեղները:11 Ջոզեֆին դրանք թարգմանելու զորություն տրվեց:12

Թարգմանության ժամանակ Ջոզեֆն ու Օլիվեր Քաուդերին կարդացին մկրտության մասին: Նրանք աղոթեցին իմանալու համար, թե ինչ պետք է անեին:13 Այդ ժամանակ նրանց հայտնվեց հրեշտակային սուրհանդակ Հովհաննես Մկրտիչը, որը նրանց շնորհեց Ահարոնյան Քահանայությունը, «որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները»:14

Այնուհետև Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալները, ովքեր Տիրոջ ծառայության ժամանակ Նրա ամենամտերիմներն էին, հայտնվեցին և Ջոզեֆին ու Օլիվերին շնորհեցին բարձրագույն քահանայություն15 կամ «Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու կարգի»:16 Այդ քահանայությունը, ինչպես սուրբ գրություններն են նշում, անվանվել է մեծ քահանայապետ Մելքիսեդեկի անունով, որին Աբրահամը տասանորդ էր վճարում:17

Այնուհետև դա դարձավ նրանց իշխանությունը: Քահանայության բանալիների միջոցով նրանք կարող էին օգտվել երկնային բոլոր զորություններից: Նրանց պատվիրվեց ավետարանը տանել բոլոր ազգերին:18

Երբեք հեշտ չի եղել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը: Հեշտ չէր Նրա ժամանակ, և հեշտ չէր նաև Եկեղեցու ստեղծման վաղ օրերին: Վաղ Սրբերը ենթարկվեցին աննկարագրելի տառապանքների և ընդդիմության:

180 տարուց ավելի է, ինչ քահանայությունը վերականգնվել է: Մենք այժմ մոտ 14 միլիոն անդամներ ունենք: Դրա հետ մեկտեղ, մենք մի փոքր խումբ ենք երկրագնդի վրա ապրող միլիարդավոր մարդկանց հետ համեմատ: Սակայն մենք այն ենք, ինչ կանք, և մենք գիտենք այն, ինչ գիտենք, և մենք պետք է առաջ գնանք և քարոզենք ավետարանը:

Մորմոնի Գիրքը հստակորեն ասում է, որ մենք երբեք թվով չենք գերակշռի: Սակայն մենք քահանայության զորությունն ունենք:19

Նեփի մարգարեն գրել է. «Եղավ այնպես, որ ես տեսա Աստծո Գառի եկեղեցին և դրա թիվը փոքր էր … այնուամենայնիվ, ես տեսա, որ Գառի եկեղեցին, ովքեր Աստծո սրբերն էին, նույնպես ողջ երկրի երեսի վրա էին. և նրանց տիրապետությունները երկրի երեսի վրա փոքր էին»:20

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Թեպետ կարող են ասել, … որ մենք բավականին քիչ ենք … աշխարհի հետ համեմատած, մենք կարող ենք համեմատվել այն թթխմորի հետ, որի մասին Փրկիչը խոսեց, որն ի վերջո կխմորվի [կամ կբարձրացնի] ողջ աշխարհը»:21

Մենք կարող ենք և իր ժամանակին անշուշտ ազդեցություն կունենանք ողջ մարդկության վրա: Հայտնի կդառնա, թե ով ենք մենք և ինչպիսին ենք մենք: Դա մի գուցե անհույս թվա, անչափ դժվար, սակայն ոչ միայն հնարավոր է, այլ նաև ակնհայտ է, որ մենք կհաղթենք սատանայի դեմ պատերազմում:

Մի քանի տարի առաջ ես մի ելույթ ունեցա, որի վերնագիրն էր` «Ինչ պետք է յուրաքանչյուր երեց իմանա. Քահանայության կառավարման սկզբունքների տարրական ձեռնարկ», ավելի ուշ, երբ այն պետք է հրապարակվեր, ես փոխեցի վերնագիրը` «Ինչ պետք է յուրաքանչյուր Երեց իմանա, և նաև` յուրաքանչյուր քույր»:22

Ես ներառում եմ քույրերին, որովհետև անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է ակնկալվում եղբայրներից: Եթե մենք անուշադրության մատնենք մայրերին, դուստրերին և քույրերին, ովքեր մեծ ազդեցություն ունեն ամուսինների, հայրերի, որդիների և եղբայրների վրա, մենք չենք կարող առաջադիմել: Քահանայությունը մեծ զորություն կկորցնի, եթե քույրերն անտեսվեն:

Քահանայությունը իշխանություն է և զորություն, որը Աստված շնորհել է մարդուն երկրի վրա Իր համար գործելու:23 Երբ քահանայության իշխանությունը պատշաճ ձևով գործածվի, քահանայություն կրողները կանեն այն, ինչ Նա կաներ, եթե ներկա գտնվեր:

Մենք լավ ձևով ենք բաշխել քահանայության իշխանությունը: Մենք ամենուր հաստատել ենք քահանայության իշխանությունը: Մենք երեցների քվորումներ և քահանայապետեր ունենք ամբողջ աշխարհում: Սակայն քահանայության իշխանության բաշխումը առաջ է անցել քահանայության զորության բաշխումից: Քահանայությունը չունի այն ուժը, որ պետք է ունենա, և չի էլ ունենա, մինչև որ քահանայության զորությունը վճռականորեն չհաստատվի ընտանիքներում` ինչպես հարկն է:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Ինձ համար պարզ է, որ Եկեղեցին այլընտրանք չունի, և երբեք չի ունեցել, բացի առավելագույնս աջակցելու ընտանիքին, որպեսզի վերջինս կատարի իր աստվածային առաքելությունը, ոչ թե որովհետև դա է երկնքի կարգադրությունը, այլ որովհետև դա ամենագործնական ավանդն է, որ մենք կարող ենք կատարել մեր երիտասարդության համար, որն է ` օգնել բարելավել կյանքի որակը Վերջին Օրերի Սրբերի տներում: Դրանք մեր բազմաթիվ ծրագրերի և կազմակերպչական ջանքերի պես կարևոր լինելու հետ մեկտեղ չպետք է դուրս մղեն տունը, այլ պետք է աջակցեն տանը»:24

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն այսպես է արտահայտվել տանը քահանայության մասին. «Տանը նախագահող իշխանությունը միշտ տրվել է հորը, և բոլոր տնային գործերում և ընտանեկան հարցերում չկա դրանից ավելի մեծ իշխանություն: Այս սկզբունքը լուսաբանելու համար, մեկ էպիզոդը բավարար կլինի: Երբեմն երեցները կանչվում են սպասավորելու ընտանիքի անդամներին: Այդ երեցների մեջ կարող են լինել ցցերի նախագահներ, առաքյալներ կամ անգամ Եկեղեցու առաջին նախագահության անդամներ: Նման դեպքերում ճիշտ չէ, որ հայրը իրեն հեռու պահի և ակնկալի, որ երեցները վարեն այդ կարևոր արարողության սպասավորումը: Հայրն այնտեղ է: Դա նրա իրավունքն է և նախագահելու պարտականությունը: Նա պետք է ընտրի մեկին, ով կլցնի յուղը, և նրան, ով պետք է ասի աղոթքը, և նա պետք է հասկանա, որ Եկեղեցու նախագահող իշխանավորների ներկայությունը իրեն չի զրկում իր տանը ավետարանի տվյալ օրհնության սպասավորումը վարելու իրավունքից: (Եթե հայրը բացակայում է, մայրը պետք է խնդրի ներկա գտնվող նախագահող իշխանավորին վարել այն:) Հայրը նախագահում է սեղանի մոտ, աղոթքի ժամանակ, և իր ընտանիքի կյանքի վերաբերյալ ընդհանուր ուղղություններ է տալիս ներկաներին»:25

Վիետնամի պատերազմի ժամանակ մենք մի շարք կարևոր հանդիպումներ ունեցանք զինվորական ծառայության կանչված Եկեղեցու անդամների հետ: Չիկագոյում նման մի հավաքից հետո, ես կանգնած էի Նախագահ Հարոլդ Բ. Լիի կողքին, երբ մի հրաշալի երիտասարդ Վերջին Օրերի Սուրբ ասաց Նախագահ Լիին, որ պետք է այցելի տուն և ապա մեկնի Վիետնամ: Նա խնդրեց Նախագահ Լիին օրհնել իրեն:

Ի զարմանս ինձ Նախագահ Լին ասաց. «Քո հայրը պետք է քեզ օրհնություն տա»:

Հուսահատված տղան ասաց. «Հայրս օրհնություն տալ չգիտի»:

Նախագահ Լին պատասխանեց. «Գնա տուն, տղաս, և ասա հայրիկիդ, որ մեկնում ես պատերազմ և ուզում ես հայրական օրհնություն ստանալ իրենից: Եթե ձևը չգիտի, ասա, որ դու կնստես աթոռին, իսկ նա պետք է կանգնի քո ետևում, իր ձեռքերը դնի գլխիդ և ասի այն, ինչ միտքը կգա»:

Այդ երիտասարդը վշտացած հեռացավ:

Երկու տարի անց ես կրկին տեսա նրան: Ես չեմ հիշում որտեղ: Նա ինձ հիշեցրեց այդ դեպքի մասին և ասաց. «Ես արեցի այնպես, ինչպես ինձ ասվեց: Ես բացատրեցի հորս, որ կնստեմ աթոռին, իսկ ինքը պետք է ձեռքերը դնի գլխիս: Քահանայության զորությունը պատել էր մեզ: Դա ուժ ու պաշտպանություն էր կռվի այդ վտանգավոր ամիսներին»:

Մեկ այլ առիթով ես մի հեռավոր քաղաքում էի: Համաժողովից հետո, մենք կարգում և ձեռնադրում էինք ղեկավարներին: Ավարտելուց հետո, ցցի նախագահը հարցրեց. «Կարո՞ղ ենք կարգել երիտասարդ տղայի երեցի կոչման, որը մեկնում է միսիայի դաշտ»: Պատասխանն իհարկե` այո էր:

Երբ այդ երիտասարդն առաջ եկավ, նա կանչեց երեք եղբայրների, որ մոտենան և կանգնեն իր ձեռնադրման ժամանակ:

Ես ետևի շարքում տեսա այդ տղայի տիպիկ կրկնօրինակը և հարցրեցի. «Դա քո հա՞յրն է»:

Երիտասարդը պատասխանեց. «Այո»:

Ես ասացի. «Քո հայրը կկարգի քեզ»:

Սակայն նա ընդդիմացավ. «Բայց ես արդեն մեկ այլ եղբոր եմ խնդրել, որ կարգումն անի»:

Եվ ես ասացի. «Երիտասարդ, քո հայրը կկարգի քեզ, և կգա մի օր, որ դու շնորհակալ կլինես Տիրոջը այսօրվա համար»:

Ապա հայրը մոտեցավ:

Փառք Աստծուն նա երեց էր: Եթե չլիներ էլ, շուտով կլիներ: Զինվորական ծառայության մեջ դա անվանում են ռազմական պայմաններում պաշտոնի առաջխաղացում: Երբեմն նման բաներ կատարվում են Եկեղեցում:

Հայրը չգիտեր, թե ինչպես պետք է կարգեր տղային: Ես դրեցի ձեռքս նրա ուսին և նրան ուղղություն տվեցի կարգման ընթացքում: Երբ նա ավարտեց, երիտասարդը երեց էր: Ապա մի հրաշալի բան տեղի ունեցավ: Լիովին փոխված հայր ու որդի գրկախառնվեցին: Ակնհայտ էր, որ դա նախկինում երբեք տեղի չէր ունեցել:

Արցունքներն աչքերին հայրն ասաց. «Ես չեմ կարգել իմ մյուս տղաներին»:

Պատկերացրեք, թե որքան շատ բան կատարվեց, քան եթե մեկ ուրիշը կարգեր նրան, թեկուզև Առաքյալ:

Մինչ քահանայությունը ողջ աշխարհում է, մենք կոչ ենք անում բոլոր երեցներին և քահանայապետերին, բոլոր քահանայություն կրողներին, իրենց տեղում կանգնել` Գեդեոնի 300 հոգանոց փոքր, սակայն հզոր բանակի պես: Մենք այժմ պետք է Ամենազորի քահանայության զորությունը արթնացնենք յուրաքանչյուր երեցի և քահանայապետի, յուրաքանչյուր քվորումի և խմբի, յուրաքանչյուր տան հոր մեջ:

Տերն ասել է, որ «աշխարհի թույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին»:26

Մարգարե Նեփին նաև խոսել է «Աստծո Գառի զորության [մասին], որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և՝ Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին» և ասել է, որ «նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:27

Մենք յուրաքանչյուրի կարիքն ունենք: Հոգնածները, հյուծվածները կամ ծույլերը, և նույնիսկ նրանք, ովքեր խրված են մեղքի մեջ, պետք է վերականգնվեն ապաշխարության և ներման շնորհիվ: Մեր քահանայության եղբայրներից շատերը ապրում են իրենց արտոնություններից և Տիրոջ ակնկալիքներից ցածր:

Մենք պետք է առաջ գնանք, վստահորեն կրելով քահանայության մեծ զորությունը: Դա ուժի և խրախուսման աղբյուր է, որտեղից կարող ենք իմանալ, թե ով ենք մենք, ինչ ունենք և ինչ պետք է անենք Ամենազորի գործում:

Տերն ասել է. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»:28

Քահանյության քվորումները պետք է հսկեն և ծառայություն մատուցեն այն տներում, որտեղ քահանայություն չկա: Այդ դեպքում, Եկեղեցու տներում օրհնություններ ստանալու պակասություն չի լինի:

Տարիներ առաջ, ընտանիքը հավաքվել էր ծեր փոքրամարմին դանիացի կնոջ անկողնու կողքին: Նրանց մեջ էր միջին տարիքի մոլորված որդին: Վերջին մի քանի տարիներին նա ապրում էր տանը:

Նա արցունքների միջից աղերսում էր. «Մայրիկ, դու պետք է ապրես, դու չես կարող մահանալ»: Նա ասում էր. «Մայրիկ, դու չես կարող գնալ, ես չեմ թողնի որ դու գնաս»:

Փոքրամարմին կինը, նայելով իր որդուն, իր դանիական առոգանությամբ ասաց. «Իսկ ո՞ւր է քո զորությունը»:

Պողոսն ասել է.

«Առաքյալների և մարգարեների վրա շինուած [ենք]. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է.

Որ նրանում բոլոր շինուածքը միասին հարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով.

Որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով»:29

Այն, որ Տիրոջ գործը կհաղթի, կասկածից վեր է: Մենք պետք է միավորենք մեր ջանքերը և ինքներս միավորվենք:

Քահանայության իշխանությունը մեզ հետ է: Ամեն ինչ բարեփոխելուց և կազմակերպելուց հետո, այժմ մեր պատասխանատվությունն է` ակտիվացնել քահանայության զորությունը Եկեղեցում: Քահանայության մեջ իշխանությունը գալիս է կարգման միջոցով, քահանայության մեջ զորությունը գալիս է ուխտերը պատվելով հավատարիմ և հնազանդ ապրելու շնորհիվ: Դա մեծանում է արդարակեցությամբ քահանայությունը գործադրելու և օգտագործելու միջոցով:

Այժմ, հայրեր, ես ցանկանում եմ հիշեցնել ձեզ ձեր կոչման սուրբ նպատակի մասին: Դուք ուղղակիորեն Տիրոջից ստացված քահանայության զորություն ունեք` պաշտպանելու համար ձեր տունը: Կլինեն ժամանակներ, երբ այդ զորությունը կլինի միակ բանը, որը որպես վահան կանգնած կլինի ձեր ընտանիքի և հակառակորդ բանսարկուի միջև: Դուք հրահանգ կստանաք Տիրոջից Սուրբ Հոգու պարգևի միջոցով:

Հակառակորդը ակտիվորեն չի խափանում մեր Եկեղեցու հավաքները, գուցե միայն հազվադեպ: Ընդհանուր առմամբ, մենք ազատորեն հավաքվում ենք, ինչպես ցանկանում ենք, առանց ակնհայտ խանգարող հանգամանքների: Սակայն նա և նրա հետևորդները մշտապես գրոհում են տունն ու ընտանիքը:

Եկեղեցու ողջ գործունեության գերագույն նպատակն է, որ տղամարդը, կինը և նրանց երեխաները երջանիկ լինեն տանը, պաշտպանված ավետարանի սկզբունքներով և օրենքներով, ապահով կնքված հավիտենական քահանայության ուխտերով:

Ամեն օրենք, սկզբունք և զորություն, ամեն հավատամք, ամեն արարողություն և կարգում, ամեն ուխտ, ամեն քարոզ և հաղորդություն, ամեն խորհուրդ և ուղղում, կնքում, պաշտոնի կանչ և ազատում, ծառայություն, ունի մի գերագույն նպատակ՝ անհատի և ընտանիքի զարգացումը, քանզի Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:30 Այդպես էլ պետք է լինի:

Ես բերում եմ վկայություն քահանայության զորության մասին, որը տրված է Եկեղեցուն մեզ պաշտպանելու և առաջնորդելու համար: Եվ քանի որ մենք ունենք դա, մենք չենք վախենում ապագայից: Վախը հավատքի հակառակն է: Մենք առաջ ենք շարժվում, վստահ լինելով, որ Տերը հետևում է մեզ, հատկապես ընտանիքում: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Thomas S. Monson, “Correlation Brings Blessings,” Relief Society Magazine, Apr. 1967, 247.

  2. Տես Դատավորաց Է.4–8:

  3. Մորմոն 8.30; տեսն նաև Վարդապետություն և Ուխտեր 45.26; Ջոզեֆ Սմիթ – Մատթեոս Ա.23, 28:

  4. Վարդապետություն և Ուխտեր 45.26; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.91:

  5. Վարդապետություն և Ուխտեր 52.14:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 10.22–23:

  7. Տես Հայտնություն ԺԲ.7–9; Վարդապետություն և Ուխտեր 29.36–37; 76.25–26:

  8. Դատավորաց Է.21:

  9. Վարդապետություն և Ուխտեր 112.30:

  10. Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.17:

  11. Տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.33–34, 59:

  12. Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ, Վարդապետություն և Ուխտեր 135.3:

  13. Տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.68–69:

  14. Վարդապետություն և Ուխտեր 13.1:

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 27:12–13:

  16. Վարդապետություն և Ուխտեր 107.3:

  17. Տես Վարդապետություն և Ուխտեր 107.2-4, տես նաև Եբրայեցիս Է.1–4; Ալմա 13.15:

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 42.58:

  19. Տես 1 Նեփի 14.14:

  20. 1 Նեփի 14.12:

  21. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1968, 123.

  22. Sես Boyd K. Packer, “What Every Elder Should Know—and Every Sister as Well: A Primer on Principles of Priesthood Government,” Tambuli, Nov. 1994, 15–24:

  23. Sես Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 141; Joseph Smith Translation, Genesis 14:28–31, in Bible appendix:

  24. Harold B. Lee, “Preparing Our Youth,” Ensign, Mar. 1971, 3; emphasis added.

  25. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 287.

  26. Վարդապետություն և Ուխտեր 1.19:

  27. 1 Նեփի 14.14:

  28. Վարդապետություն և Ուխտեր 82.10:

  29. Եփեսացիս Բ.20–22:

  30. Մովսես 1.39: