2010
Հիշեք, թե ով եք դուք
Մայիս 2010


Հիշեք, թե ով եք դուք

Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան երիտասարդ կինը, որը շողում է Հոգու լույսով, որը վստահ է և քաջ, որովհետև նա առաքինի է:

Նկար
Elaine S. Dalton

Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք: Նա սիրում է մեզ և մենք սիրում ենք Նրան:1 Ես ինձ խոնարհված և երախտապարտ եմ զգում, ձեզ հետ լինելով, որովհետև Տերն օրհնել է ինձ շատ հստակ ըմբռնմամբ, թե ովքեր եք դուք և ինչու եք այստեղ՝ երկրի վրա, այս ժամանակաընթացքում: Տերը սիրում է ձեզ և ես գիտեմ, որ դուք էլ Նրան եք սիրում: Այն երևում է ձեր դեմքերին, ձեր համեստության մեջ, ճիշտն ընտրելու ձեր ցանկության մեջ և առաքինի և անբիծ մնալու ձեր պարտավորվածության մեջ:

Մենք միասին հրաշալի հոգևոր պահեր ենք անցկացրել: Մենք ճամբարի խարույկների շուրջը վկայություն ենք բերել՝ ճամբարներում, ժողովատներում և հավաքներում: Մենք ջերմացվել ենք մեր հավատքի կրակով: Մենք մագլցել ենք լեռներ և բացել ոսկեգույն դրոշներ՝ Բրազիլիայից սկսած մինչև Բաունթիֆուլ, դրսևորելով խորը պարտավորվածություն մեր սրտերում՝ մնալու առաքինի և միշտ արժանի՝ տաճար մտնելու: Մենք աղոթել ենք, կարդացել Մորմոնի Գիրքը և ժպտացել ամեն օր, և մեր մայրերի, տատիկների և ղեկավարների հետ միասին մենք աշխատում ենք Անձնական Զարգացման վրա: Եվ մենք միայն նոր ենք սկսել:

Սա երկրի վրա լինելու և երիտասարդ կին լինելու սքանչելի ժամանակ է: Մեր հեռանկարը մնում է նույնը: Այն է՝ արժանի լինել սրբազան ուխտեր կապելուն և պահելուն և տաճարային արարողություններ ստանալուն: Սա մեր գերնպատակն է: Եվ այսպիսով մենք կշարունակենք առաջնորդել աշխարհը վերադառնալու դեպի առաքինություն, վերադառնալու դեպի մաքրաբարոյություն և բարոյական անարատություն: Մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ միմյանց օգնելու «կանգնել սուրբ տեղերում»2 և ստանալու, ընդունելու և ապավինելու Սուրբ Հոգուն: Մենք կշարունակենք ուսուցանել, որ բոլորը կարող են ապաշխարել և վերադառնալ Փրկչի անսահման Քավության շնորհիվ:

Մենք կշարունակենք խոսել Քրիստոսի մասին, ցնծալ Քրիստոսով, որ մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ինչ աղբյուրի մենք դիմենք՝ մեր մեղքերի թողության համար:3 Եվ այո, մենք կշարունակենք հաստատուն կանգնել, անկախ նրանից, թե ինչ փոթորիկներ կարող են մոլեգնել մեր շուրջը, որովհետև մենք գիտենք և վկայում ենք, որ «մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ [մենք] պիտի կառուցենք մեր հիմքը…. հիմք, որի վրա, եթե [մենք] կառուցենք, [մենք] չենք ընկնի»:4

Հեսուին ուղղված Տիրոջ խորհուրդը, Նրա խորհուրդն է ուղղված ձեզ այսօր, «արքայական ծագմամբ երիտասարդներին»:5 «Զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր, որովհետև քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»:6 Դուք մենակ չեք: Չնայած դուք գուցե լինեք միակ Վերջին Օրերի Սուրբը ձեր դպրոցում կամ ձեր ընկերների խմբում կամ, նույնիսկ, ձեր ընտանիքում, դուք մենակ չեք: Դուք կարող եք ապավինել Տիրոջ ուժին: Ինչպես Հեսուն ասաց Իսրայելացիներին. «Սրբեցեք ձեր անձերը. Որովհետև Տերը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու»:7 Սա Հեսուի կոչն էր՝ դեպի առաքինություն դառնալու և այդ նույն կոչն ուղղված է մեզ այսօր: Մենք պարզապես չենք կարող անել այն աշխատանքը, որի համար մենք պահվել ենք և նախապատրաստվել, որ անենք, մինչև մենք չկարողանանք հասնել այն ուժին և վստահությանը, որը գալիս է առաքինի կյանքով ապրելուց:

Դուք մեծ հավատքով երիտասարդ կանայք եք: Դուք բերեցիք ձեզ հետ ձեր հավատքը, երբ աշխարհ եկաք: Ալման սովորեցնում է, որ նախամահկանացու աշխարհում դուք ցույց եք տվել «խիստ մեծ հավատք ու բարի գործեր»: 8 Դուք կռվել եք ձեր հավատքով և վկայությամբ պաշտպանելու ծրագիրը, որը ներկայացվեց Աստծո կողմից: Դուք գիտեիք, որ ծրագիրը լավն էր և գիտեիք, որ Փրկիչը կկամենար և կկարողանար անել այն, ինչ ասել էր, որ կաներ, որովհետև դուք գիտեիք Նրան: Դուք կանգնած էիք Նրա հետ և դուք ձգտում էիք երկիր գալու ձեր հնարավորությանը: Դուք գիտեիք, թե ձեզանից ինչ էր պահանջվում: Դուք գիտեիք, որ դժվար էր լինելու և, այնուամենայնիվ, դուք վստահ էիք, որ դուք ոչ միայն կկարողանայիք իրականացնել ձեր աստվածային առաքելությունը, այլ որ կկարողանայիք տարբերություն մտցնել: Դուք «ընտրյալ հոգիներ եք, որոնք պահվել էին առաջ գալու ժամանակների լրության մեջ, որպեսզի մասնակցեն վերջին օրերի մեծ աշխատանքի հիմնադրմանը, այդ թվում տաճարների կառուցմանը և նրանցում արարողությունների կատարմանը»:9

Իսկ այժմ դուք այստեղ եք՝ անելու այն, ինչի համար պահվել եք ու նախապատրաստվել անելու: Երբ նայում եմ ձեզ, մտածում եմ, արդյո՞ք այսպիսին չպետք է լինեին Հելամանի պատանի ռազմիկների ընկերուհիները: Զարմանալի չէ, որ սատանան մեծացրել է իր հարձակումների ուժգնությունը ձեր ինքնության և առաքինության վրա: Եթե ձեզ կարողանան շփոթեցնել, հուսահատեցնել, շեղել, ուշացնել կամ որակազերծել Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալուց կամ Տիրոջ սուրբ տաճարը մտնելուց, ապա նա հաղթում է:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդ կանայք, հիշեք, թե ով եք դուք: Դուք ընտրված եք: Դուք Աստծո դուստրերն եք: Դուք չեք կարող լինել երիտասարդ կանանց մի սերունդ, ովքեր հակված են «հարմարվելու»: Դուք պետք է քաջություն ունենաք «չհանձնվելու», «վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:10 Աշխարհը կկամենա հավատացնել ձեզ, որ դուք ժամանակակից չեք և անտեղյակ եք: Աշխարհը կանչում է ձեզ չթուլացող, աղմկոտ ձայներով «վայելել», «փորձել ամեն ինչ», «փորձարկել և երջանիկ լինել»: Ճիշտ հակառակը, Սուրբ Հոգին շշնջում է և Տերը հրավիրում է ձեզ «քայլել առաքինության շավիղներում…. մի կողմ դնել այս աշխարհի բաները…. և հավատարիմ մնալ [ձեր] ուխտերին»:11

Ես միշտ սիրել եմ Ֆրանսիայի Լուի XVI թագավորի որդու պատմությունը, որովհետև նա անսասան գիտելիք ուներ իր ինքնության վերաբերյալ: Պատանի հասակում նրան առևանգել էին չար մարդիկ, որոնք գահազրկել էին նրա հորը՝ թագավորին: Այդ մարդիկ գիտեին, որ եթե իրենք կարողանային նրան բարոյապես կործանել, նա չէր լինի գահի ժառանգորդը: Վեց ամիս շարունակ նրանք ենթարկեցին նրան ամեն նենգ բաների, որոնք կյանքը կարող էր առաջարկել, սակայն նա երբեք չհանձնվեց այդ ճնշմանը: Դա զարմացրեց նրա առևանգիչներին և ամեն ինչ անելուց հետո, նրանք հարցրեցին, թե ինչու նա այդպիսի մեծ բարոյական ուժ ուներ: Նրա պատասխանը պարզ էր. «Ես չեմ կարող անել այն, ինչ դուք խնդրում եք, քանի որ ես ծնվել եմ թագավոր լինելու համար»:12

Թագավորի որդու պես, ձեզանից յուրաքանչյուրը ժառանգել է արքայական ծագում: Ձեզանից յուրաքանչյուրը աստվածային ժառանգություն ունի: «Դուք բառացիորեն մեր Երկնային Հոր արքայական դուստրերն եք»:13 Ձեզանից յուրաքանչյուրը ծնվել է թագուհի լինելու համար:

Երբ ես հաճախում էի Բրիգամ Յանգի Համալսարան, ես հասկացա, թե ինչ էր իրականում նշանակում թագուհի լինել: Ինձ մի անզուգական հնարվորություն տրվեց հանդիպելու մարգարե, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյին: Ինձ ասվեց, որ հագնեի իմ լավագույն զգեստը և պատրաստ լինեի ճանապարհորդելու հաջորդ վաղ առավոտյան դեպի մարգարեի տուն՝ Հանթսվիլ, Յուտա: Ես երբեք չեմ մոռանա այդ փորձառությունը: Հենց տուն մտանք, ես զգացի հոգին, որով լցված էր այդ տունը: Մեզ նստացրեցին մարգարեի հյուրասենյակում նրա շուրջը: Նախագահ Մակքեյը սպիտակ կոստյում էր հագել, իսկ նրա կողքին նստած էր նրա կինը: Նա խնդրեց մեզանից յուրաքանչյուրին առաջ գալ և պատմել իր մասին: Երբ ես առաջ եկա, նա մեկնեց իր ձեռքը և բռնեց իմը և երբ ես պատմում էի իմ կյանքի և իմ ընտանիքի մասին, նա խորը նայեց աչքերիս մեջ:

Երբ ես վերջացրեցի, նա ետ հենվեց իր աթոռին և բռնեց իր կնոջ ձեռքն ու ասաց. «Այժմ երիտասարդ կանայք ես կկամենայի, որ դուք ծանոթանաք իմ թագուհու հետ»: Այնտեղ նրա կողքին նստած էր նրա կինը Էմմա Ռէյ Մակքեյը: Չնայած նա չէր կրում փայլուն ադամանդներով թագ, ոչ էլ նստած էր գահի վրա, ես գիտեի, որ նա իսկապես թագուհի էր: Նրա ճերմակ մազերը իր թագն էին և նրա վճիտ աչքերը փայլում էին գոհարների պես: Երբ Նախագահը և Քույր Մակքեյը խոսում էին իրենց ընտանիքի և իրենց միասին անցկացրած կյանքի մասին, նրանց միահյուսված ձեռքերը պատմում էին նրանց սիրո հատորների մասին: Նրանց դեմքերից ուրախություն էր ճառագում: Նրա գեղեցկությունը չէր կարող գնվել: Այն գալիս էր տարիներ շարունակ լավագույն պարգևների ձգտելուց, լավ կրթություն ստանալուց, ուսումնասիրության միջոցով գիտելիք փնտրելուց և նաև հավատքից: Այն գալիս էր տարիների ծանր աշխատանքից, լավատեսությամբ փորձությունները հաղթահարելուց, վստահությունից, ուժից և քաջությունից: Այն գալիս էր իր ամուսնուն, իր ընտանիքին և Տիրոջը անսասան նվիրումից և հավատարմությունից:

Այդ աշնանային օրը Հանթսվիլում, Յուտա, ինձ հիշեցվեց իմ աստվածային ինքնության մասին և ես սովորեցի այն մասին, որն ես այժմ կոչում եմ «խորը գեղեցկություն», այնպիսի գեղեցկություն, որը շողում է ներսից դուրս: Դա այնպիսի գեղեցկություն է, որը հնարավոր չէ նկարել, ստեղծել վիրահատությամբ կամ գնել: Դա այնպիսի մի գեղեցկություն է, որը չի անհետանում: Դա հոգևոր հմայք է: Խորը գեղեցկությունը բխում է առաքինությունից: Դա կուսական և բարոյապես մաքուր լինելու գեղեցկությունն է: Դա այնպիսի գեղեցկություն է, որ դուք տեսնում եք առաքինի կանանց աչքերում, ինչպին է ձեր մայրը կամ տատիկը:Դա մի գեղեցկություն է, որը վաստակվում է հավատքի, ապաշխարության և ուխտերը հարգելու միջոցով:

Աշխարհը այնքան մեծ շեշտադրում է դնում ֆիզիկական գրավչության վրա և կամենում, որ դուք հավատաք, որ պետք է նման լինեք ամսագրի կազմի վրայի խաբուսիկ մոդելին: Տերը կասեր ձեզ, որ ձեզանից յուրաքանչյուրը անզուգականորեն գեղեցիկ է: Երբ դուք առաքինի եք, կուսական և բարոյապես մաքուր, ձեր ներքին գեղեցկությունը փայլում է ձեր աչքերում և ձեր դեմքին: Պապս հաճախ էր ասում. «Երբ մոտիկ եք ապրում Աստծուն և Նրա անսահման շնորհին, դուք պետք չէ, որ ասեք, այն երևում է ձեր դեմքին»:14 Երբ դուք արժանի եք Սուրբ Հոգու ընկերակցությանը, դուք վստահ եք և ձեր ներքին գեղեցկությունը փայլում է պայծառորեն: Եվ ուրեմն, «թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ [և]… Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը»:15

Մեզ ուսուցանվել է, որ «Սուրբ Հոգու պարգևը…: արթնացնում է բոլոր մտավոր կարողությունները, մեծացնում, լայնացնում, տարածում և սրբագործում բոլոր բնական կրքերն ու զգացումները…: Այն ոգեշնչում է առաքինություն, բարություն, քնքշանք, մեղմություն և գթություն: Այն ընդգծում է անձնավորության տեսքն ու դիմագծերի գեղեցկությունը»:16 Դա գեղեցկության մեծ գաղտնիք է: Դա այն գեղեցկությունն է, որ ես տեսա մարգարեի տանը: Այդ օրը ես հասկացա, որ Քույր Մակքեյի մեջ իմ տեսած գեղեցկությունը, այն գեղեցկությունն է, որն իսկապես կարևոր է և գեղեցկության միակ տեսակն է, որը հարատև է:

Ալման ուղղում է խորաթափանց հարցեր մեզանից յուրաքանչյուրին՝ խորհելու համար. «Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին»:17

Վերջերս երիտասարդ կանանց մի խումբ այցելեց իմ գրասենյակ: Այցելության վերջում, երիտասարդ կանանցից մեկը արցունքն աչքերին խոստովանեց. «Ես երբեք ինձ գեղեցիկ չեմ համարել: Ես միշտ ինձ շատ սովորական եմ զգացել: Բայց այսօր, երբ ես ձեր գրասենյակում անցնում էի հայելու կողքով, ես նայեցի հայելու մեջ և տեսա, որ գեղեցիկ էի»: Նա գեղեցիկ էր, որովհետև նրա դեմքը փայլում էր Հոգուց: Նա տեսավ իրեն, ինչպես մեր Երկնային Հայրն է նրան տեսնում: Նա ստացել էր Նրա պատկերը իր դեմքին: Դա «խորը գեղեցկություն» է:

Երիտասարդ կանայք, նայեք հավերժության հայելուն: Հիշեք, թե ով եք դուք: Տեսեք ձեզ այնպես, ինչպես մեր Երկնային Հայրն է տեսնում ձեզ: Դուք ընտրյալ եք: Դուք ազնվական ծագում ունեք: Ձեր աստվածային ժառանգաության հետ կապված փոխզիջման մի գնացեք: Դուք ծնվել եք թագուհի լինելու համար: Ապրեք այնպես, որ արժանի լինեք տաճար մտնելու և ստանալու «այն ամենն, ինչ Հայրն ունի»:18 Զարգացրեք խորը գեղեցկություն: Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան երիտասարդ կինը, որը շողում է Հոգու լույսով, որը վստահ է և քաջ, որովհետև նա առաքինի է:

Հիշեք, որ դուք մեր Երկնային Հոր դուստրերն եք: Նա այնքան շատ է սիրում ձեզ, որ ուղարկեց Իր Որդուն ցույց տալու ձեզ ապրելու ճանապարհը, որպեսզի դուք կարողանաք մի օր վերադառնալ Նրա մոտ: Ես վկայում եմ, որ երբ դուք մոտենում եք Փրկչին, Նրա անսահման Քավությունը հնարավոր է դարձնում ձեզ համար ապաշխարել, փոխվել, մաքուր լինել և ստանալ Նրա պատկերը ձեր դեմքին: Նրա Քավությունը հնարավորություն կտա ձեզ ուժեղ լինել և քաջարի, եթե շարունակեք բարձրացնել ձեր դրոշը առաքինության համար: Դուք ոսկի եք: Դուք դրոշն եք:

Եվ այսպիսով ես եզրափակում եմ մեզանից յուրաքանչյուրին` Իր թանկագին դուստրերին ուղղված Տիրոջ խոսքերով. «Ահա … դու մի ընտրյալ տիկին ես, որին ես [ընտրել եմ]19…. քայլիր առաքինության շավիղներում …. մի կողմ դիր այս աշխարհի բաները.… հավատարիմ մնա [քո] ուխտերին.… և արդարության պսակը կստանաս դու»:20 Այս մասին ես բերում եմ իմ վկայությունը մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. See “Young Women Theme,” Young Women Personal Progress (2009), 3.

  2. Վարդապետություն և Ուխտեր 87.8:

  3. Տես 2 Նեփի 25.26:

  4. Հելաման 5.12:

  5. “Carry On,” Hymns, no. 255.

  6. Հեսու Ա.9:

  7. Հեսու Գ.5; տես նաև Guide to the Scriptures, “Sanctification,” scriptures.lds.org:

  8. Ալմա 13.3:

  9. Վարդապետություն և Ուխտեր 138.53–54:

  10. Վարդապետություն և Ուխտեր 115.5:

  11. Վարդապետություն և Ուխտեր 25.2, 10, 13:

  12. See Vaughn J. Featherstone, “The King’s Son,” New Era, Nov. 1975, 35.

  13. Ezra Taft Benson, “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 85.

  14. Անհայտ հեղինակ; տես Elaine S. Dalton, “It Shows in Your Face,” Liahona, May 2006, 109:

  15. Վարդապետություն և Ուխտեր 121.45–46:

  16. Parley P. Pratt, Key to the Science of Theology, 10th ed. (1965), 101; շեշտադրումն ավելացված է:

  17. Ալմա 5.14:

  18. Վարդապետություն և Ուխտեր 84.38:

  19. Վարդապետություն և Ուխտեր 25.3:

  20. Վարդապետություն և Ուխտեր 25.2,10,13,15: