2010
Բարի գալուստ Համաժողով
Մայիս 2010


Բարի գալուստ Համաժողով

Շնորհակալություն, իմ եղբայրներ և քույրեր, ձեր հավատքի և նվիրման համար Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Նկար
President Thomas S. Monson

Որքան լավ է, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կրկին հանդիպել միմյանց: Այս համաժողովով նշվում է Եկեղեցու կազմավորման 180-ամյակը: Որքան երախտապարտ ենք մենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար, որը փնտրեց ճշմարտությունը, գտավ այն, և Տիրոջ ղեկավարությամբ վերականգնեց ավետարանը և կազմավորեց Եկեղեցին:

1830թ. այդ օրից ի վեր Եկեղեցին անընդմեջ աճում է: Այն շարունակում է փոխել ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր ողջ երկրագնդով մեկ, մինչ միսիոներական մեր ուժերը գտնում են նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը: Մեկ անգամ ևս մենք կոչ ենք անում Եկեղեցու անդամներին օգնել նորադարձներին կամ նրանց, ովքեր վերադառնում են Եկեղեցի, շրջապատել նրանց սիրով և օգնել զգալ իրենց ինչպես տանը:

Շնորհակալություն, իմ եղբայրներ և քույրեր, ձեր հավատքի և նվիրման համար Հիսուս Քրիստոսի ավետարանին: Շնորհակալություն ձեզ ամեն-ինչի համար, որ անում եք ձեր ծխերում և ճյուղերում, ցցերում և շրջաններում: Դուք պատրաստակամ և լավ ծառայում եք և մեծ բարիք եք ստեղծում: Թող Տերն օրհնի ձեզ, մինչ դուք ձգտում եք հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները:

Մեր վերջին հանդիպումից հետո Եկեղեցին շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել աշխարհի տարբեր վայրերում, որտեղ կարիքը կա: Միայն անցած երեք ամիսների ընթացքում մարդասիրական օգնություն է ուղարկվել Ֆրանսիական Պոլինեզիա, Մոնղոլիա, Բոլիվիա, Պերու, Արիզոնա, Մեքսիկա, Պորտուգալիա, Ուգանդա և այլ վայրեր: Վերջերս, մենք օգնություն տրամադրեցինք Հաիթիին և Չիլիին կործանարար երկրաշարժերից և ցունամիներից հետո: Մենք մեր սերն ենք արտահայտում այդ աղետներից տուժած Եկեղեցու մեր անդամների հանդեպ: Դուք մեր աղոթքներում եք: Մենք մեր խոր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ բոլորին, որ պատրաստակամ օգնեցիք մարդասիրական մեր ծրագրերում, կիսվելով ձեր միջոցներով, և շատ դեպքերում, ձեր ժամանակով, տաղանդներով և փորձով:

25 տարի է, ինչ մեր մարդասիրական ծրագիրը դարձավ բարօրության մեր ջանքի մասը: Այս ծրագրին օգնողների թիվը հնարավոր չէ չափել: Մենք միշտ կաշխատենք լինել առաջինը աղետի վայրում, որտեղ էլ այն պատահի:

Եկեղեցին շարունակում է աճել և առաջ գնալ: Տաճարների կառուցումը այդ աճի ցուցանիշն է: Վերջերս մենք հայտարարել ենք նոր տաճարի կառուցման մասին Փեյսոնում, Յուտա: Մենք նաև հայտարարել ենք ապագա խոշոր վերանորոգումների մասին Օգդեն Յուտա Տաճարում: Հաջորդ երեք ամիսների ընթացքում մենք կնվիրագործենք նոր տաճարներ Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա; Գիլա Վելիում, Արիզոնա; և Սիբու Սիթիում, Ֆիլիպիններ: Տարվա վերջում կնվիրագործվեն և վերանվիրագործվեն այլ տաճարներ: Մենք կշարունակենք կառուցել տաճարներ ողջ աշխարհով մեկ, մինչ մեր անդամների թիվն աճում է: Ամեն տարի միլիոնավոր ծեսեր են կատարվում տաճարներում մեր մահացած հարազատների համար: Եկեք շարունակենք հավատարմությամբ կատարել այդ ծեսերը նրանց համար, ովքեր չեն կարող դա անել իրենց համար:

Շատերդ գիտեք, որ հոկտեմբերի համաժողովից քիչ անց, իմ սիրելի կինը, Ֆրենսիսը, ընկել էր և կոտրել ազդրը և վնասել ուսը: Երկու հաջող վիրահատություններից և մի քանի շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո նա կարողացավ վերադառնալ տուն: Նա լավ է և գնում է դեպի լիարժեք ապաքինում: Նա կարողացավ անցած կիրակի մասնակցել Երիտասարդ Կանանց Գերագույն ժողովին և պատրաստվում է այս շաբաթ-կիրակի ներկա լինել մեկ-երկու նիստի: Վերջին պահին նա ասաց. «Ես այսօր գնում եմ»: Եվ նա այստեղ է: Նա ինձ հետ միասին արտահայտում է մեր խորին երախտագիտությունը մեր Երկնային Հորը և ձեզ` ձեր աղոթքների և բարի մաղթանքների համար:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք եկել ենք այստեղ ուսուցում և ոգեշնչում ստանալու: Մենք ողջունում ենք նրանց, ովքեր նոր են Եկեղեցում: Կան, ովքեր մաքառում են խնդիրների, դժվարությունների, հուսահատության և կորուստների մեջ: Մենք սիրում ենք ձեզ և մենք աղոթում ենք ձեզ համար: Հաջորդ երկու օրերի ընթացքում ավետարանի տարբեր թեմաներով բազմաթիվ ելույթներ կհնչեն: Այն տղամարդիկ և կանայք, ովքեր կդիմեն ձեզ, խնդրել են երկնքի օգնությունը իրենց խոսքը ձեզ հղելու համար:

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք լցվել Նրա Հոգով, լսելով և սովորելով: Դրա համար ես աղոթում եմ մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: