2010
Զարգացնենք առողջ դատողություն և չդատենք ուրիշներին
Մայիս 2010


Զարգացնենք առողջ դատողություն և չդատենք ուրիշներին

Ճիշտ դատողությունը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց հասկանալու համար, այլ նաև այն որոշումների առաջ կանգնելիս, որոնք մեզ հեռացնում են մեր Երկնային Հորից:

Նկար
Elder Gregory A. Schwitzer

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ հանգամանքներ պահանջում են հաճախ դժվար դատողություններ կատարել: Սակայն, Փրկիչը «մի դատիր»1 պատվիրան է տվել մեր մերձավորների վերաբերյալ: Ինչպե՞ս մենք կարող ենք պահել այն և միևնույն ժամանակ ճիշտ դատողություններ կատարել այն աշխարհում, որը լի է խաբեությամբ և ապականությամբ: Մենք պետք է ճիշտ դատենք, երբ կարևոր որոշումներ է կատարում իր կյանքի ամեն մի փուլում, օրինակ, ընկերներ ընտրելիս, հավերժական ընկերակից գտնելիս կամ մասնագիտություն փնտրելիս, որը մեզ հնարավորություն կտա հոգ տանել մեր ընտանիքի մասին և ծառայել Տիրոջը: Թեև Փրկիչը մեզ խնդրել է չդատել ուրիշներին, Նա ամեն դեպքում, ակնկալում է, որ մենք հիանալի դատողություն կիրառենք:

Հաճախ մենք արագ դատողություններ ենք կատարում մարդկանց մասին, որոնք կարող են փոխել կամ վերագնահատել նրանց հետ մեր փոխհարաբերությունները: Հաճախ մենք սխալ դատողություններ ենք կատարում, որովհետև սահմանափակ տեղեկություն ունենք կամ նայում ենք ոչ թե ավելի հեռու, այլ անմիջապես մեր առաջ:

Որպես լուսաբանում, հիշենք պատմությունը, որը հաճախ պատմում է այն ժամանակի մասին, երբ Հիսուսը այցելեց Մարիամի և Մարթայի տուն, ովքեր ապրում էին Բեթանիայում իրենց եղբայր Ղազարոսի հետ: Դա մի տեղ էր, որտեղ Վարդապետին միշտ սպասում էին, որտեղ Նա կարող էր հանգստանալ` գտնվելով արդարակյաց տան միջավայրում: Նրա այցերից մեկի ժամանակ, Մարթան զբաղված էր կերակուր պատրաստելով, իսկ Մարիամը նստեց Վարդապետի ոտքերի մոտ՝ լսելու Նրա ուսուցումը:

«Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր, եկավ, կանգնեց ու ասեց. Տեր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու…

Հիսուսը պատասխանեց և ասեց նորան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում և շատ բաներով զբաղվաշ ես.

Բայց մեկ բան է պետք. Մարիմաը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնվիլ նորանից»:2

Կիրակնօրյա շատ դասերի ժամանակ օգտագործվում է այս պատմությունը, որը, թվում է, թե Մարթային ավելի ցածր դիրքում է դնում հավատքի առումով: Սակայն, կա մեկ այլ պատմություն այդ հիանալի կնոջ՝ Մարթայի մասին, որը մեզ ավելի խորը հասկացողություն և վկայություն է տալիս: Դա այն ժամանակ էր, երբ Փրկիչը եկավ նրա եղբորը՝ Ղազարոսին վերակենդանացնելու: Այդ ժամանակ Մարթան էր, որ անմիջապես գնաց դիմավորելու Հիսուսին` լսելով, որ Նա գալիս է: Նրան տեսնելով, Նա ասում է, որ գիտի, «թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ»:

Այդ ժամանակ նա Մարթային ուսուցանեց հարության մեծ վարդապետությունը.

«Ես եմ հարությունը և կյանքը. Ինձ հավատացող թեև մեռնի էլ, կապրի:

Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ. Հավատո/ւմ ես սորան:

Նա պատասխանեց իր զորեղ վկայությամբ. «Այո, Տեր, ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսն` Աստծո Որդին, որ պետք է աշխարհք գայիր»:3

Որքա՞ն հաճախ են Մարթային սխալմամբ քննադատել որպես մի անձի, որն ավելի շատ մտահոգված է գործեր կատարելով, քան Հոգով: Ինչևէ, եղբոր մահվան հետ կապված նրա վկայությունը հստակ ցույց է տալիս նրա հասկացողության և հավատքի խորությունը:

Լինում է, որ քույրը, լսելով առաջին պատմությունը, հաճախ մտածում է, թե ով է ինքը՝ Մարիամը, թե Մարթան, սակայն ճշմարտությունը կարելի է իմանալ միայն ճանաչելով անձին ամբողջությամբ և օգտագործելով ճիշտ դատողություն: Մարթայի մասին ավելին իմանալով, մենք հասկանում ենք, որ իրականում նա խորը հոգևոր բնավորության տեր անձ է, որն ունի համարձակ և ամուր վկայություն Փրկչի առաքելության և կյանքի հանդեպ ունեցած Նրա աստվածային զորության մասին: Մարթայի մասին սխալ դատողությունը կարող է խանգարել մեզ ճանաչելու այս հիանալի կնոջ իսկական էությունը:

Անձամբ ես, երբ երիտասարդ բժիշկ էի, մեծ դաս սովորեցի արագ դատողություն կատարելումասին: Երբ աշխատում էի գիշերային հերթափոխով շտապ օգնության բաժանմունքում, մի երիտասարդ եկավ իր կնոջ հետ, որը տառապում էր ուժեղ ցավից: Նրանց հագուստից և հիգիենայի վիճակից պարզ էր, որ դաժան կյանքով էին ապրում: Երիտասարդի մազերը խնամված չէին և շատ երկար էին: Նրանց հագուստը երկար ժամանակ չէր լվացվել, իսկ դժվար կյանքի հետքերը դրոշմված էր նրանց դեմքերի վրա:

Զննումից հետո, ես նստեցի նրա հետ, բացատրեցի խնդիրը և քննարկեցի բուժման եղանակը: Այդ մարդը նայեց ինձ վրա խորը սեր արտահայտող հայացքով, որը հազվադեպ ես տեսնում, և հոգատար ամուսնուն բնորոշ ողջ սիրով հարցրեց. «Բժիշկ, իմ սիրելի կնոջ հետ ամեն ինչ լավ կլինի՞»: Այդ պահին ես զգացի, ինչպես Հոգին ինձ վկայեց, որ նա Աստծո զավակն էր, և նրա աչքերում ես տեսա Փրկչի մասին ապացույցը: Այդ մարդը իսկապես արտացոլում էր սեր մեկ ուրիշի հանդեպ, իսկ ես սխալ դատեցի նրա մասին: Դա մի դաս էր, որը երկարատև ազդեցություն գործեց:

Ճիշտ դատողությունը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց հասկանալու համար, այլ նաև այն որոշումների առաջ կանգնելիս, որոնք մեզ հեռացնում են մեր Երկնային Հորից: Նայելով հետ՝ իմ անցած կյանքին, ես տեսնում եմ շատ դեպքեր, երբ վատ դատողության վրա հիմնված ուղղության մի փոքր շեղում ինձ կարող էր հեռացնել այն տեղից, որտեղ Տերը կուզենար, որ ես լինեի: Այնպիսի որոշումներ, ինչպիսիք են` ընտանիք կազմելը կրթություն ստանալու հետ մեկտեղ, ակտիվ լինելը ավետարանի բոլոր բնագավառներում, տասանորդ և նվիրատվություններ վճարելը խիստ սահմանափակ եկամտի պարագայում և դժվար ժամանակ կոչումներ ընդունելը, օգնել են ինձ ավելի շատ սովորել զոհաբերության մասին: Կյանքում շատ օրհնություններ բաց են թողնվում, որովհետև աշխարհիկ դատողություն է կիրառվում իրականում հոգևոր բնույթ կրող որոշումների համար:

Մի շարք հատկանիշներ հատուկ են այն մարդկանց, որոնք առողջ դատողություն են կիրառում: Ես կառաջարկեմ չորս ուղեցույց նման դատողություն զարգացնելու համար կարևոր որոշումներ կայացնելիս:

Առաջինը, ձեր անձնական չափանիշները համապատասխանեցրեք Հիսուս Քրիստոսի ավետարանին: Մարդը երբեք չի կարող լինել լավ դատավոր առանց հիմնվելու Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա: Ավետարանը պարունակում է երկար և հաջող գրառում, որը մարդկանց առաջնորդում է դեպի երջանկություն: Աշխարհի որոշ գաղափարներ ազատ են թողնում մարդկանց՝ սահմանելու իրենց սեփական չափանիշները: Այդ պատճառով մենք լսում ենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է՝ «նոր բարոյականությունը»: Այս արտահայտությունը խաբուսիկ է: Բարոյականության չափանիշները հավերժական են և չեն փոխվում, և ոչ էլ մենք պետք է նոր մեկնաբանություն փնտրենք դրանց համար: Երիտասարդների համար այդ չափանիշները գրված են «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում: Այդ չափանիշները հստակ համապատասխանեցված են Հիսուս Քրիստոսի ավետարանին և պետք է շարունակվեն չափահաս կյանքի ընթացքում: Մի գուցե մեզ՝ մեծահասակներիս համար լավ լինի ուսումնասիրել և կիրառել այդ գրքույկը մեր կյանքում:

Երկրորդ, լսեք կենդանի մարգարեի ուղերձին: Որքան սխալ ֆինանսական դատողություններ կարելի էր շրջանցել, եթե լսեինք տարիներ շարունակ մեր մարգարեների միջոցով տրվող խորհրդին և խուսափեինք ռիսկային սպեկուլիացիներից և մանրակրկիտ կազմված բյուջեին հետևելով չընկնեինք սպառողական պարտքի մեջ: Որքա՞ն ամուսնություններ կփրկվեին, եթե ճիշտ դատողություն կիրառվեր և խուսափեին այն լրատվամիջոցներից, որոնք տանում են դեպի պոռնոգրաֆիկ հակումներ և կեղեքվող սրտեր: Յուրաքանչյուր գերագույն համաժողով և Եկեղեցու ամսագիր պարունակում է խորհուրդներ մարգարեներից, որոնք մեզ կօգնեն կատարել ճիշտ դատողություն: Մենք արդարացում չենք ունենա, եթե անտեսենք դրանք:

Երրորդ, զարգացրեք Սուրբ Հոգուն լսելու փոխհարաբերություն: Մեզ տրվում է Սուրբ Հոգու պարգևը մեր մկրտությունից հետո, սակայն մենք հաճախ այս պարգևը թողնում ենք դարակում, մոռանալով, որ Նա կօգնի մեզ կյանքում ամենակարևոր դատողությունները կատարելիս: Տերը տվել է մեզ այս պարգևը, իմանալով, որ մենք կյանքում դժվար որոշումների առաջ ենք կանգնելու: Այդ ձայնին լսելը կենսական կարևորություն ունի լավ դատողություն զարգացնելու համար: Լսելու փոխհարաբերություն ստեղծելու համար հաճախ պահանջվում է հանգիստ միջավայր, որում մենք կարող ենք ժամանակ հատկացնել և խորհել, լսել ցածր մեղմ ձայնը: Այս խաղաղ միջավայրը և արտաքին է, և ներքին: Այսինքն, դա ավելին է, քան աշխարհի երաժշտությունը անջատելը կամ այլ լրտավամիջոցները խլացնելը: Դա նաև նշանակում է անջատել մեղքի աղմուկը, որը գտնվում է մեր հոգիների ներսում: Սա կբացի Հոգու հետ հաղորդակցման ուղիները, որի կարիքը մենք ծայրահեղ ունենք:

Քրիստոսն ասել է. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի և չվախենա»:4 Սուրբ Հոգուն լսելու հետևանքով եկող խաղաղությունը վերացնում է կյանքում սխալ դատողություն կատարելու վախը:

Չորրորդ, պահեք պատվիրանները: Աստծո պատվիրանները պահելու պատրաստակամությունը մեր առաջ բացում է խոստացված շատ օրհնություններ: Մորմոնի Գիրքը, Հիսուս Քրիստոսի մասին մեկ այլ վկայություն լինելուց բացի, գիրք է պատվիրանները պահելու և չպահելու հետևանքների մասին: Նեփիի առաջին գրքի երկրորդ գլխում Տերը Նեփիին ասում է. «Եվ որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք … »:5

Այս նույն խոստումը կրկնվում է գրեթե բոլոր մեծ մարգարեների կողմից Մորմոնի Գրքում: Այն ժամանակից հետո գրված հազարավոր տարիների պատմությունը վկայում է, որ այդ խոսքերը ճշմարիտ էին: Եվ նույն ուղերձը վերաբերում է մեզ այսօր: Ճիշտ դատողությունը կարելի է սովորել և գործածել այն սահմաններում, որոնք Տերը տվել է մեզ Իր պատվիրանների միջոցով:

Ես վկայում եմ, որ երբ մենք հանդիպում ենք առավել դժվար որոշումներին և հետևենք այս ցուցումներին, մենք կարող ենք ավելի լավ իմանալ, ինչպես պետք է դատել: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Մատթեոս Է.1:

  2. Ղուկաս Ժ.40–42:

  3. Տես Հովհաննես ԺԱ.20–27:

  4. Հովհաննես ԺԴ.27:

  5. 1 Նեփի 2.20: