2010
Տեղ չկա իմ հոգու թշնամուն
Մայիս 2010


Տեղ չկա իմ հոգու թշնամուն

Թող մեր մեջ եղած ամենավսեմ և ամենալավ բաների հանդեպ հավատարմությունը մեզ ուրախություն բերի, մինչ մենք մաքուր ենք պահում մեր սերը և մեր ամուսնությունը, մեր հասարակությունը և մեր հոգիները՝ այնպես, ինչպես դրանք նախատեսված են լինելու:

Նկար
Elder Jeffrey R. Holland

Վերջերս, երբ ես և քույր Հոլանդը մի հեռավոր օդանավակայանում դուրս եկանք ինքնաթիռից, երեք գեղեցիկ երիտասարդ կանայք, որոնք դուրս էին գալիս միևնույն օդանավից, շտապեցին ողջունել մեզ: Նրանք ներկայացան որպես Եկեղեցու անդամներ, որն այնդքան էլ զարմանալի չէր, քանի որ ուրիշ եկեղեցու անդամները, սովորաբար, չեն շտապում մեզ մոտենալ օդանավակայաններում: Անսպասելի զրույցի ժամանակ, աղջիկները արցունքոտ աչքերով պատմեցին, որ երեքն էլ վերջերս բաժանվել են, որ երեքի դեպքում էլ ամուսիններն անհավատարիմ էին եղել և երեքի դեպքում էլ հեռացման սերմերն աճել են պոռնոգրաֆիայի հրապուրանքից:

Իմ ուղերձի այսպիսի բացարձակ նախաբանով, որի մասին ինձ դժվար է խոսել, այսօր ես ինձ զգում եմ Հակոբի իրավիճակում, որն ասել է. «Ինձ վշտացնում է, որ ես պետք է գործածեմ խոսքի այսքան շատ խստություն … ձեր … առջև, որոնցից շատերի զգացմունքները չափազանց քնքուշ են, և մաքրաբարո ու նուրբ»:1 Սակայն մենք պետք է համարձակ լինենք: Հավանաբար, իմ մեջ խոսում էր հայրը կամ պապը, բայց այդ երիտասարդ կանանց աչքերի արցունքները արցունքով լցրեցին իմ և Քույր Հոլանդի աչքերը, և նրանց տված հարցերն ինձ մոտ հարց առաջացրին. Ինչո՞ւ է բարոյական քայքայումն այդքան շատ մեր շրջապատում, և ինչո՞ւ են այդքան շատ անհատներ և ընտանիքներ, նաև Եկեղեցում, զոհ դառնում և ողբերգական վերքեր ստանում դրանից:

Իհարկե, ես գիտեի իմ հարցի պատասխանի առնվազն մի մասը: Բոլորիս համար օրեր կան, երբ զգում ենք, որ ամեն կողմից ինչ-որ անբարոյական ուղերձների հեղեղ է թափվում մեզ վրա: Ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության արդյունաբերությունը ավելի ու ավելի է խորանում գռեհիկ խոսելաձևի և անընդունելի սեռական վարքի մեջ: Ողբերգական ձևով, այն նույն համակարգիչը և Ինտերնետային ծառայությունը, որն ինձ հնարավորություն է տալիս ընտանեկան պատմության աշխատանք կատարել և անուններ պատրաստել տաճարային աշխատանքի համար, զտիչ և պաշտպանիչ ծրագրեր չունենալու դեպքում, կարող է իմ երեխաներին ու թոռներին թույլ տալ, որ մուտք գործեն պատկերների ու մտքերի մի կոյուղի, որը կարող է ընդմիշտ վնասել նրանց ուղեղի ծալքերը:

Հիշեք՝ այդ երիտասարդ կանայք ասացին, որ նրանց ամուսինների անհավատարմությունը սկսվել էր պոռնոգրաֆիայի հրապուրանքից, սակայն անբարոյական վարքը միայն տղամարդկանց խնդիրը չէ, և ամուսինները չեն միայն, որ գայթակղվում են: Մկնիկի մատնազարկով հասանելի վտանգները, ներառյալ ինտերնետային զրուցասենյակում հնարավոր դեպքերը, անաչառ են տղամարդու, թե կնոջ, երիտասարդի, թե ծերի, ամուսնացածի, թե ամուրիի հանդեպ: Եվ համոզվելու համար, որ այդ գայթակղությունը շատ ավելի հասանելի է, հակառակորդը զբաղված է իր ծածկույթն ընդլայնելով, ինչպես ընդունված է ասել իրենց արդյունաբերության մեջ, հասնելով բջջային հեռախոսներին, վիդեո խաղերին և MP3 խաղարկիչներին:

Եթե դադարենք այս խնդրի ճյուղերը կտրատել և ավելի ուղղակիորեն հարվածենք ծառի արմատին, ոչ անակնկալ ձևով մենք կգտնենք, որ այնտեղ թաքնված դարան է մտել հեշտասիրությունը: Հեշտասիրությունը տհաճ բառ է, և, անկասկած, ելույթի տհաճ թեմա է, սակայն լավ պատճառ կա, թե ինչու է որոշ մշակույթներում այն հայտնի որպես «յոթ մահացու մեղքերից» ամենամահացուն:2

Ինչո՞ւ է հեշտասիրությունը «մահացու» մեղք: Դե՜, ի լրումն նրա, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որ Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ բերելու ընտանիք, որը նախատեսված է հավերժության համար: Ինչ-որ մեկն ասել է, որ ճշմարիտ սերը պետք է ունենա հարատևության գաղափար: Ճշմարիտ սերը կայուն է: Իսկ հեշտասիրությունը անկայուն՝ այնքան փոփոխական, որքան պոռնոգրաֆիկ էջը թերթելը կամ հաճույքի մեկ այլ հավանական թեկնածուի՝ տղամարդու կամ կնոջ ետևից աչք գցելը: Ճշմարիտ սերը՝ ինչպիսին իմն է քույր Հոլանդի հանդեպ, խանդավառություն է բերում՝ մենք կարող ենք դրա մասին բացականչել տան կտուրից: Իսկ հեշտասիրության բնութագիրն ամոթն է ու վախկոտությունը և գրեթե հիվանդագին ձևով ծածուկ լինելը՝ որքան ուշ, այնքան լավ, ապահովության համար, կրկնակի փականով կողպած դռնով: Սերը մեզ բնազդորեն ձգում է դեպի Աստված և այլ մարդիկ: Իսկ հեշտասիրությունը տանում է ամեն բանի, բացի աստվածայինից, և գոհանում է ինքնահանդուրժողականությամբ: Սերը բացում է մեր ձեռքը և սիրտը, հեշտասիրությունը բացում է միայն մեր ախորժակը:

Սրանք միայն մի քանի պատճառներն են, թե ինչու է սիրո իրական իմաստը պատվազրկելը՝ լինի մտքում, թե այլ անձի հետ, այդքան կործանիչ: Այն կործանում է Աստծո հանդեպ հավատքից հետո երկրորդ ամենակարևոր բանը, այսինքն՝ հավատքը մեր հարազատների հանդեպ: Այն ցնցում է վստահության սյուները, որոնց վրա կառուցված է ներկան կամ ապագան, այսինքն՝ սերը, իսկ եթե վստահությունը փլվում է, երկար ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Իսկ թե թույլ տանք այն խորանա՝ լինի անձնական դեպք, ինչպես ընտանիքի անդամի հանդեպ, թե՛ հասարակական, ինչպես ընտրված պաշտոնյաների, գործարար ղեկավարների, հեռուստաաստղերի, թե սպորտային հերոսների դեպքում, ապա շուտով կտեսնենք, որ այն շենքի վրա, որը մի ժամանակ կառուցվել է բարոյապես պատասխանատու հասարակության համար, կարող ենք ցուցանակ կախել՝ «բնակարաններն ազատ են»:3

Լինենք ամուրի, թե ամուսնացած, երիտասարդ, թե չափահաս, եկեք մի պահ խոսենք, թե ինչպես պաշտպանվենք գայթակղությունից, ինչպիսի տեսքով էլ որ այն ներկայանա: Մենք, հնարավոր է, չկարողանանք բուժել այսօրվա հասարակության բոլոր հիվանդությունները, սակայն եկեք խոսենք, թե ինչպիսին կարող են լինել մեր անհատական քայլերը:

  • Առաջին հերթին՝ սկսեք խուսափել այն մարդկանցից, նյութերից և վայրերից, որոնք հնարավոր է ձեզ վնաս հասցնեն: Ինչպես ալկոհոլիզմի դեմ պայքարողները գիտեն՝ մոտ լինելն անգամ կարող է ճակատագրական լինել: Դա ճիշտ է նաև բարոյական հարցերում: Ինչպես Հովսեփը Պետափրեսի կնոջ ներկայությունից,4 պարզապես փախեք՝ փախեք, որքան հնարավոր է հեռու այն երևույթից կամ անձից, որը գայթակղում է ձեզ: Եվ խնդրում եմ, երբ փախչում եք գայթակղության տեսարանից, հետադարձ հասցե մի թողեք:

  • Գիտակցեք, որ իրական հակումներով շղթայված մարդիկ հաճախ ավելի շատ կարիք ունեն, քան անձնական օգնությունը, և դա կարող է հենց դուք լինեք: Փնտրեք այդ օգնությունը և ընդունեք այն: Խոսեք ձեր եպիսկոպոսի հետ: Հետևեք նրա խորհրդին: Քահանայության օրհնություն խնդրեք: Օգտագործեք Եկեղեցու Ընտանեկան Ծառայությունները կամ փնտրեք այլ մասնագիտական օգնություն: Անդադար աղոթեք: Խնդրեք, որ հրեշտակները ձեզ օգնեն:

  • Համակարգիչների վրա զտող ծրագրեր և ձեր հակումների վրա փական դնելու հետ մեկտեղ հիշեք, որ կյանքում միակ իրական կառավարումը ինքնակառավարումն է: Ավելի մեծ հսկողություն վարժեցրեք ձեզ դիմագրավող նույնիսկ կասկածելի պահերի վրա: Եթե հեռուստածրագիրն անպատշաճ է, անջատեք այն: Եթե կինոֆիլմն անվայել է, դուրս եկեք կինոդահլիճից: Եթե ոչ պատշաճ հարաբերություն է հաստատվում, խզեք այն: Այդ ազդեցություններից, հնարավոր է, ոչ բոլորը էությամբ չար լինեն, առնվազն սկզբում, սակայն կարող են լինել մեր դատողությունը բթացնող, մեր հոգևորությունը քնեցնող և չարիք հարուցող: Հին մի ասացվածք ասում է, որ հազար մղոն ճամփորդությունը սկսվում է մեկ քայլից,5 ուստի, հետևեիր քո քայլին:

  • Անխոհեմ մտքերը գիշերվա գողի պես փորձում են գտնել մեր մտքի դուռը: Բայց մենք չպետք է դուռը լայն բացենք, նրանց հաց ու պանիրով թեյ հյուրասիրենք և ապա ասենք նրանց մեր ոսկեղենի տեղը: (Ամեն դեպքում, թեյ չպետք է հյուրասիրենք): Դուրս հանեք խարդախ մտքերը: Անվայել մտքերը փոխարինեք հուսալի պատկերներով, երջանիկ հիշողություններով, մտովի պատկերացրեք նրանց, ովքեր կտուժվեն, եթե դուք տեղի տաք գայթակղությանը: Ավելի քան մեկ մարդ է փրկվել մեղքից ու անմտությունից՝ հիշելով իր մորը, իր կնոջը կամ իր երեխային, որ իրեն սպասում է տանը: Ինչպիսի մտքեր էլ որ ունենաք, հավաստիացեք, որ դրանք ձեր սիրտն են մտնում «միայն հրավիրատոմսով»: Ինչպես ասել է հին մի գրող՝ թող ձեր կամքը լինի ձեր բանականությունը:6

  • Զարգացրեք հոգևոր միջավայր և եղեք որտեղ Տիրոջ Հոգին է: Համոզվեք, որ ձեր տունը կամ բնակարանը նույնպես նման միջավայր է, որտեղ նկարները, երաժշտությունը և գրականությունը հրավիրող են: Եթե օժտված եք, գնացեք տաճար՝ այնքան հաճախ, որքան ձեր պայմանները թույլ են տալիս: Հիշեք, որ տաճարը ձեզ զինում է «[Աստծո] զորությամբ…. պարուրում [Նրա փառքով]…. և [տալիս Նրա] հրեշտակներին, որ պահպանեն [ձեզ]:7 Եվ երբ դուրս եք գալիս տաճարից, հիշեք այն խորհրդանիշները, որոնք տանում եք ձեզ հետ, որոնք երբեք չպետք է մի կողմ դրվեն կամ մոռացվեն:

Շատ մարդիկ, որ փորձանքն են ընկնում, բացականչում են. «Ի՞նչ էի ես մտածում»: Դե՜, ինչ էլ որ մտածելիս լինեին, նրանք չէին մտածում Քրիստոսի մասին: Այնուամենայնիվ, որպես Նրա Եկեղեցու անդամներ, ամեն կիրակի մենք խոստանում ենք մեզ վրա վերցնել Նրա անունը և «միշտ հիշել նրան»:8 Ուրեմն, եկեք մի քիչ ավելի շատ աշխատենք, որպեսզի հիշենք Նրան, հատկապես, որ Նա «մեր ցաւերը վեր առաւ, և մեր վիշտերը բեռնեց իր վրա…. նա մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ…. եւ նրա՛ վէրքերովը մենք բժշկուեցանք»:9 Անկասկած, մեր քայլերի վրա դրամատիկ ձևով կազդի, եթե գիտակցենք, որ օրինազանցություն անելիս մենք ոչ միայն վնասում ենք մեր հարազատներին, այլ նաև Նրան, որն այդքան շատ սիրում է մեզ: Սակայն, եթե մեղք գործենք, ինչպիսի լուրջ մեղք էլ դա լինի, մենք կարող ենք փրկագնվել նույն փառահեղ էակի կողմից, Նրա, որը կրում է միակ անունը երկնքի տակ, որով որևէ տղամարդ կամ կին կարող է փրկվել:10 Երբ դիմագրավում ենք մեր օրինազանցություններին և մեր հոգին տակնուվրա է լինում ճշմարիտ ցավից, թող որ մենք արձագանքենք ապաշխարող Ալմայի կյանք փոխող աղաղակին. «Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»:11

Եղբայրներ և քույրեր, ես սիրում եմ ձեզ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը և Եղբայրները սիրում են ձեզ: Շատ ավելի կարևոր է, որ ձեր Երկնային Հայրն է սիրում ձեզ: Ես փորձեցի այսօր խոսել սիրո մասին, իրական սիրո, իսկական սիրո մասին՝ մարդկության առողջ հասարակության մեջ դրա հանդեպ հարգանքի մասին, դրա սրբության մասին՝ ամուսնացած տղամարդու և կնոջ միջև, և ընտանիքների, որ ծնվում են սիրո արդյունքում: Ես փորձեցի խոսել սիրո, մարմնավորված գթության փրկագնող արտահայտման մասին, որը մեզ տրվեց Քրիստոսի Անհատական շնորհով: Կարիքից ելնելով, ես խոսեցի դևի մասին, այն չար մեկի՝ ստերի և հեշտասիրության հոր մասին, որն ամեն ինչ անում է, որպեսզի կեղծի իսկական սերը, պղծի կամ սրբապղծի իսկական սերը, ամենուր, որտեղ նա հանդիպում է այն: Եվ նրա մտադրությունը, հնարավորության դեպքում, մեզ կործանելն է, որի մասին ես խոսեցի:

Երբ նման գայթակղությունների ենք հանդիպում, մենք պետք է հայտարարենք, ինչպես երիտասարդ Նեփին. «[Ես] այլևս տեղ [չեմ տա] իմ հոգու թշնամուն»:12 Մենք կարող ենք մերժել չարը: Եթե մենք բավական ուժգին և խորապես ցանկանանք, այդ թշնամին կարող է հեռացվել և կհեռացվի Տեր Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությամբ: Բացի այդ, ես ձեզ խոստանում եմ, որ Նրա հավիտենական ավետարանի լույսը կարող է շողալ և պայծառ լույս կտա կյանքի այն պահերին, երբ անհույս, անօգնական և մութ է թվում: Թող մեր մեջ եղած ամենավսեմ և ամենալավ բաների հանդեպ հավատարմությունը մեզ ուրախություն բերի, մինչ մենք մաքուր ենք պահում մեր սերը և մեր ամուսնությունը, մեր հասարակությունը և մեր հոգիները՝ այնպես, ինչպես դրանք նախատեսված են լինելու, սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Հակոբ 2.7:

  2. Տես, օրինակ, Հենրի Ֆերլիի գերազանց ստեղծագործությունը՝ «The Seven Deadly Sins Today», 1978:

  3. Տես Fairlie, The Seven Deadly Sins Today, 175:

  4. Տես Ծննդոց 39.1–13:

  5. Lao Tzu, in John Bartlett, comp., Bartlett’s Familiar Quotations, 14th ed. (1968), 74.

  6. Sես Juvenal, The Satires, satire 6, line 223:

  7. Վարդապետություն և Ուխտեր 109.22:

  8. Վարդապետություն և Ուխտեր 20.77–79, տես նաև հատված 79:

  9. Եսայիա 53.4–5:

  10. Տես Գործք 4.12:

  11. Ալմա 36.18:

  12. 2 Նեփի 4.28: