2010
Սուրբ գրության օրհնությունը
Մայիս 2010


Սուրբ գրության օրհնությունը

Բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է` լցնել մեր հոգիները հավատքով Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
Elder D. Todd Christofferson

1536 թվականի հոկտեմբերի 6-ին, Բրյուսելի մոտակայքում, Բելգիա, Վիլվուրդե Ամրոցի զնդանից մի խղճուկ կերպարանք դուրս հանվեց: Մոտավորապես մեկ և կես տարի այդ մարդը տառապել էր մեկուսացված մութ, խոնավ խցում: Այժմ ամրոցի պատերից դուրս բանտարկյալին կապեցին մի սյան: Նա ժամանակ ուներ բարձրաձայն ասել իր վերջին աղոթքը. «Տեր, բաց արա Անգլիայի թագավորի աչքերը», իսկ հետո նրան խեղդամահ արեցին: Նրա մարմինը անմիջապես այրվեց խարույկի վրա: Ո՞վ էր այդ մարդը և ո՞րն էր մեղադրանքը, որի համար քաղաքական և եկեղեցական իշխանությունները դատապարտեցին նրան: Նրա անունն էր Ուիլյամ Թինդլ և նրա հանցանքը կայանում էր նրանում, որ նա Աստվածաշունչը թարգմանել և հրատարակել էր անգլերենով:

Թինդլը՝ ծնված Անգլիայում մոտավորապես այն ժամանակ, երբ Կոլումբոսը նավարկեց դեպի նոր աշխարհ, կրթությունը ստացել էր Օքսֆորդում և Քեմբրիջում և ապա դարձել Կաթոլիկ կրոնի անդամ: Նա սահուն խոսում էր ութ լեզուներով, ներառյալ հունարեն, եբրայերեն և լատիներեն: Թինդլը Աստվածաշնչի նվիրված ուսանող էր, և սուրբ գրությունների վերաբերյալ համատարած տգիտությունը, որը նա տեսնում էր ինչպես քահանաների, այնպես էլ աշխարհիկ մարդկանց մեջ, խորապես անհանգստացնում էին նրան: Մի կրոնավորի հետ թեժ զրույցի ժամանակ, որը վիճում էր սուրբ գրքերը հասարակ մարդկանց ձեռքը դնելու դեմ, Թինդլը երդվեց. «Եթե Աստված խնայի իմ կյանքը, ես այնպես կանեմ, որը գութանով վար անող տղան ավելի շատ բան իմանա Սուրբ Գրությունների մասին, քան դու»:

Նա ձգտում էր եկեղեցու իշխանություններից հավանություն ստանալ պատրաստելու Աստվածաշնչի անգլերեն թարգմանությունը, որպեսզի բոլորը կարողանային կարդալ և կիրառել Աստծո խոսքը: Այն մերժվեց և գերակշռող տեսակետն այն էր, որ սուրբ գրությունների ուղղակիորեն մատչելի լինելը որևէ մեկին, բացի հոգևորականությունից, սպառնում էր եկեղեցու իշխանությանը և հավասարազոր էր «մարգարիտները խոզերի առջև գցելուն»:

Այնուամենայնիվ, Թինդլը նախաձեռնեց թարգմանության դժվարին աշխատանքը: 1524 թվականին Թինդլը ուղևորվեց Գերմանիա կեղծ անվան տակ, որտեղ նա ժամանակի մեծ մասը ապրեց թաքնված՝ ձերբակալման մշտական սպառնալիքի տակ: Նվիրված ընկերների օգնությամբ Թինդլը կարողացավ հրատարակել Նոր Կտակարանի, իսկ այնուհետև Հին Կտակարանի անգլերեն թարգմանությունները: Աստվածաշունչը մաքսանենգ ճանապարհով փոխադրվեց Անգլիա, որտեղ այն մեծ պահանջարկ ուներ, և մեծ գովասանքի արժանացավ նրանց կողմից, ովքեր կարողացան ստանալ այն: Դրանք լայնորեն, բայց գաղտնի տարածվեցին: Իշխանություններն այրեցին իրենց գտած բոլոր օրինակները: Այնուամենայնիվ Թինդլի մահվանից երեք տարվա ընթացքում Աստված իսկապես բացեց Թագավոր Հենրի VIII-ի աչքերը և այսպես կոչված «Մեծ Աստվածաշունչ»-ի հրատարակությամբ անգլերեն սուրբ գրությունները սկսեցին հասանելի լինել հասարակությանը: Թինդլի աշխատանքը հիմք դարձավ Աստվածաշնչի ապագա, գրեթե, բոլոր անգլերեն թարգմանությունների, իսկ ամենանշանակալի ձևով՝ Թագավոր Հակոբոսի տարբերակի համար:1

Ուիլյամ Թինդլը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը նրանցից, ովքեր շատ երկրներում և լեզուներում զոհաբերություն կատարեցին, նույնիսկ, մինչև իսկ մահվան ենթարկվեցին Աստծո խոսքը մթությունից դուրս բերելու համար: Մենք պարտական ենք նրանց բոլորին՝ երախտագիտության մեծ պարտքով: Մենք պարտական ենք նույնիսկ ավելի մեծ պարտքով նրանց, ովքեր հավատարմորեն գրել և պահպանել են խոսքը դարերի ընթացքում, հաճախ տանջալից աշխատանքով և զոհաբերությամբ՝ Մովսեսին, Եսայիային, Աբրահամին, Հովհաննեսին, Պողոսին, Նեփիին, Մորմոնին, Ջոզեֆ Սմիթին և շատ ուրիշների: Ի՞նչ գիտեին նրանք Սուրբ գրքերի կարևորության մասին, որը մենք նույնպես պետք է իմանանք: Ի՞նչ էին հասկանում 16-րդ դարի Անգլիայի ժողովուրդը, որոնք հսկայական գումարներ էին վճարում և իրենց անձնական վիթխարի վտանգի ենթարկում` Աստվածաշունչն ունենալու համար, որ մենք ևս պետք է հասկանանք:

Իր մահից ոչ շատ առաջ, մարգարե Ալման վստահեց ժողովրդի սրբազան հիշատակարաններն իր որդի Հելամանին: Նա հիշեցրեց Հելամանին, որ սուրբ գրությունները «ընդլայնել են այս ժողովրդի հիշողությունը, այո, համոզել շատերին իրենց ուղիների սխալմունքների վերաբերյալ և նրանց բերել իրենց Աստծո իմացությանը՝ ի փրկություն իրենց հոգիների» (Ալմա 37.8): Նա պատվիրեց Հելամանին պահպանել հիշատակարանները, որպեսզի դրանց միջոցով Աստված «ցույց տա իր զորությունն ապագա սերունդներին» (Ալմա 37.14):

Սուրբ գրությունների միջոցով Աստված իսկապես «ցույց է տալիս իր զորությունը» Իր զավակներին փրկելիս և վեհացնելիս: Իր խոսքի միջոցով, ինչպես Ալման է ասել, Նա ընդլայնում է մեր հիշողությունը, լույս է գցում կեղծիքի և սխալմունքի վրա և բերում մեզ ապաշխարության և ցնծալու Հիսուս Քրիստոսով՝ մեր Քավչով:

Սուրբ գրություններն ընդլայնում են մեր հիշողությունը

Սուրբ գրություններն ընդլայնում են մեր հիշողությունը՝ օգնելով մեզ միշտ հիշել Տիրոջը և մեր կապը Նրա և Հոր հետ: Նրանք հիշեցնում են մեզ այն մասին, ինչ մենք գիտեինք մեր նախամահկանացու կյանքում: Եվ նրանք ընդարձակում են մեր հիշողությունը մեկ այլ իմաստով՝ ուսուցանելով մեզ դարաշրջանների, մարդկանց և իրադարձությունների մասին, որոնց ընթացքում մենք անձնական փորձառություն չենք ունեցել: Մեզանից ոչ մեկը չի տեսել Կարմիր ծովը երկու մասի բաժանվելիս և Մովսեսին ջրե պատերի միջով մյուս կողմն անցնելիս: Մենք այնտեղ չէինք` լսելու Լեռան Քարոզը, տեսնելու մեռած տեղից Ղազարոսի բարձրանալը, տեսնելու Փրկչի տառապանքը Գեթսեմանում և խաչի վրա, և մենք Մարիամի հետ չլսեցինք երկու հրեշտակների վկայությունը դատարկ գերեզմանի մոտ, որ Հիսուսը բարձրացել էր մեռելներից: Դուք և ես առաջ չենք գնացել մեկ առ մեկ բազմության հետ Բաունթիֆուլ երկրում հարություն առած Փրկչի հրավերով՝ շոշափելու գամերի հետքերը և լվանալու Նրա ոտքերը մեր արցունքներով: Մենք ծնկի չենք եկել Ջոզեֆ Սմիթի կողքին Սրբազան Պուրակում և մեր հայացքը հառել Հոր և Որդու վրա: Սակայն մենք գիտենք բոլոր այս բաները և շատ, շատ ավելին, որովհետև մենք ունենք մեր հիշողությունն ընդլայնող սուրբգրքյան արձանագրությունը, որը սովորեցնում է մեզ այն, ինչ մենք չէինք իմանում: Եվ երբ այս բաները ներթափանցում են մեր միտքը և սիրտը, մեր հավատքն առ Աստված և Նրա Սիրելի Որդին արմատավորվում է:

Սուրբ գրություններն օգնում են մեզ չմոռանալ այն, ինչն ավելի վաղ սերունդներն են սովորել: Նրանք, ովքեր չունեն կամ անտեսում են Աստծո գրված խոսքը, ի վերջո դադարում են հավատալ Նրան և մոռանում իրենց գոյության նպատակը: Դուք պետք է հիշեք, թե որքան կարևոր էր Լեքիի ժողովրդի համար արույրե թիթեղներն իրենց հետ վերցնելը, երբ նրանք թողեցին Երուսաղեմը: Այդ սուրբ գրությունները կարևոր էին Աստծո մասին իրենց գիտելիքի և Քրիստոսի գալիք Փրկագնման համար: Մյուս խումբը, որը ոչ շատ անց «դուրս եկավ Երուսաղեմից» Լեքիից հետո, չուներ սուրբ գրությունները, և երբ Լեքիի հետնորդները նրանց հայտնաբերեցին մոտ 300 կամ 400 տարի անց, գրված է, որ «նրանց լեզուն դարձել էր ապականված,… և նրանք ուրացել էին իրենց Ստեղծողի գոյությունը» (Օմնի 1.15,17):

Թինդլի օրերում սուրբ գրքերի մասին անտեղյակությունը մեծանում էր, որովհետև մարդկանց համար Աստվածաշունչը մատչելի չէր, հատկապես այն լեզվով, որով նրանք կկարողանային հասկանալ: Այսօր Աստվածաշունչը և մյուս սուրբ գրությունները միշտ ձեռքի տակ են, սակայն սուրբ գրությունների հետ կապված անգրագիտությունն աճում է, որովհետև մարդիկ չեն կամենում բացել գրքերը: Հետևաբար նրանք մոռացել են այն բաները, որոնք իրենց նախնիները գիտեին:

Սուրբ գրությւնները չափանիշներ են ճիշտն ու սխալը զանազանելու համար

Աստված օգտագործում է սուրբ գրությունները դիմակազերծելու սխալ մտածելակերպը, կեղծ սովորույթները և մեղքը իր կործանարար հետևանքներով: Նա նրբանկատ ծնող է, որը մեզ կխնայի անհարկի տառապանքից և վշտից և միևնույն ժամանակ կօգնի մեզ իրականացնել մեր աստվածային ներուժը: Սուրբ գրությունները, օրինակ, վարկաբեկում են մի հնադարյան փիլիսոփայություն, որը ետ է եկել և հանրաճանաչ դարձել մեր օրերում՝ Կորիհորի փիլիսոփայությունը, որ չկան բացարձակ բարոյական չափանիշներ, որ ամեն մարդ առաջադիմ[ում] է համաձայն իր հանճարի, և որ ամեն մարդ հաղթում է համաձայն իր ուժի. և ինչ որ մարդ անում է, հանցագործություն չէ» և «որ, երբ մի մարդ մեռնում է, դա նրա վերջն է» (Ալմա 30.17–18): Ալման, որը գործ էր ունեցել Կորիհորի հետ, իր սեփական որդուն ՝ Կորիանթոնին իրականության և աստվածային բարոյական օրենսգրքի նյութի վերաբերյալ չթողեց կասկածների մեջ: Կորիանթոնը մեղավոր էր գտնվել սեռական մեղքի մեջ և նրա հայրը խոսեց նրա հետ սիրով, բայց հստակորեն. «Չգիտե՞ս, որդիս, որ այս բաները պղծություն են Տիրոջ աչքում, այո, ամենապիղծը բոլոր մեղքերից, բացի դա լինի անմեղ արյուն թափելը կամ Սուրբ Հոգին ուրանալը» (Ալմա 39.5):

Ի լրիվ հակադրություն մեկ դար առաջվա, այսօր շատերը կվիճեին Ալմայի հետ անբարոյականության լրջության մասին: Ուրիշները կվիճեին, որ դա հարաբերական է և որ Աստծո սերը հանդուրժողական է: Եթե կա Աստված, ասում են նրանք, Նա ներում է բոլոր մեղքերը և սխալ գործերը մեր հանդեպ սիրո շնորհիվ, կարիք չկա ապաշխարելու կամ, առավելագույնը, հասարակ խոստովանությունը բավական է: Նրանք պատկերացնում են մի Հիսուսի, որը կամենում է, որ մարդիկ աշխատեն սոցիալական արդարության համար, բայց որը պահանջներ չի ներկայացնում իրենց անձնական կյանքի և վարքի վերաբերյալ: 2 Բայց սիրո Աստվածը մեզ չի թողնում, որ սովորենք տխուր փորձառությամբ, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10, տես նաև Հելաման 13.38): Նրա պատվիրանները իրականության ձայնն են և մեր պաշտպանությունը՝ ինքներս մեզ պատճառած ցավի դեմ: Սուրբ գրությունները կշռաքար են ճշտությունն ու ճշմարտությունը չափելու համար և դրանք հստակ են, որ իսկական երջանկությունը կայանում է ոչ թե Աստծո արդարությունը մերժելու, կամ մեղքի հետևանքները խափանել փորձելու մեջ, այլ ապաշխարության և ներման մեջ՝ Աստծո Որդու քավող շնորհի միջոցով (տես Ալմա 42):

Սուրբ գրքերը սովորեցնում են մեզ սկզբունքներ և բարոյական արժեքներ, որոնք կարևոր են քաղաքակիրթ հասարակության պահպանման համար, ներառյալ՝ հավատարմություն, պարտականություն, անեսասիրություն, նվիրվածություն և գթություն: Սուրբ գրություններում մենք գտնում ենք գունեղ նկարագրություններ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք գալիս են ճիշտ սկզբունքները հարգելուց, ինչպես նաև ողբերգություններ, որոնք բաժին են ընկնում այն անհատներին և քաղաքակրթություններին, որոնք անտեսում են դրանք: Որտեղ սուրբ գրքի ճշմարտությունները անտեսվում են կամ լքվում, հասարակության հիմնական բարոյական միջուկը կազմալուծվում է և արագ հետևում է քայքայումը: Ժամանակի ընթացքում ոչինչ չի մնում կանգուն պահելու այն հաստատությունները, որոնք կանգուն են պահում հասարակությունը:

Սուրբ գրությունները բերում են մեզ դեպի Քրիստոսը՝ մեր Քավիչը

Ի վերջո բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է լցնել մեր հոգիները հավատքով Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, ում [Նա] ուղարկեց Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3):

Աստծո խոսքը, ինչպես Ալման է ասել, նման է մեր սրտերում ցանված սերմի, որն առաջացնում է հավատք, երբ այն սկսում է աճել մեր ներսում (տես Ալմա 32:27–43, տես նաև Հռովմայեցիս Ժ. 13–17): Հավատքը չի գա հնադարյան տեքստերի ուսումնասիրությունից որպես մաքուր ակադեմիական նպատակ: Այն չի գա հնագիտական պեղումներից և հայտնագործություններից: Այն չի գա գիտական փորձերից: Այն նույնիսկ չի գա հրաշքների ականատես լինելուց: Այս բաները կարող են հաստատել հավատքը, կամ երբեմն մարտահրավեր նետել, բայց դրանք չեն ստեղծում հավատք: Հավատքը գալիս է Սուրբ Հոգու վկայությունից մեր հոգիներին, Հոգին հոգուն, երբ մենք լսում ենք կամ կարդում Աստծո խոսքը: Եվ հավատքը հասունանում է, երբ մենք շարունակում ենք սնուցվել խոսքով:

Ուրիշների հավատքի սուրբգքյան պատմությունները ծառայում են մեր սեփական հավատքի ուժեղացմանը: Մենք հիշում ենք մի զորապետի հավատքը, որը հնարավորություն տվեց Քրիստոսին բուժել իր ծառային առանց նրան այդքան շատ տեսած լինելու (տես Մատթեոս Ը.5–13), և հեթանոս մի կնոջ դստեր բժշկումը, որովհետև այդ խոնարհ մայրը ընդունեց դա, նույնիսկ, որպես Տիրոջ սեղանի փշրանքներ (տես Մատթեոս ԺԵ.22–28, Մարկոս Է. 25–30): Մենք լսում ենք տառապյալ Յոբի աղաղակը «Թե որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու» (Յոբ ԺԳ.15), և վկայությունը. «Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ, … [եւ] իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն» (Յոբ ԺԹ. 19.25–26): Մենք լսում ենք և քաջալերվում զգայուն պատանի մարգարեի վճռականությունից, որն ատված էր և դաժանորեն հալածված այնքան շատ չափահասների կողմից. «Ես տեսել էի տեսիլք. Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.25):

Քանի որ դրանք մեկնաբանում են Քրիստոսի վարդապետությունը, սուրբ գրություններն ուղեկցվում են Սուրբ Հոգու կողմից, որի դերն է վկայություն բերել Հոր և Որդու մասին (տես 3Նեփի 11.32): Հետևաբար, սուրբ գրությունների մեջ լինելը Սուրբ Հոգին ստանալու ուղիներից մեկն է: Իհարկե, առաջին հերթին սուրբ գրությունը տրվում է Սուրբ Հոգու միջոցով (տես Բ Պետրոս Ա.21, ՎևՈՒ 20.26–27, 68.4), և այդ նույն Հոգին կարող է հաստատել ճշմարտությունը ձեզ և ինձ: Ուշադիր, զգուշորեն ուսումնասիրեք սուրբ գրությունները: Խորհեք և աղոթեք դրանց մասին: Սուրբ գրությունները հայտնություն են և դրանք կբերեն լրացուցիչ հայտնություն:

Մտածեք մեր օրհնության մեծության մասին՝ ունենալով Սուրբ Աստվածաշունչը և մոտ 900 էջ հավելյալ սուրբ գրություն, ներառյալ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկարժեք Մարգարիտը: Բացի դա, խորհեք մարգարեների խոսքերի շուրջ, որոնք Տերը կոչում է սուրբ գրություն (տես ՎևՈՒ 68.2–4) և որոնք ասվում են, երբ նրանք Սուրբ Հոգուց մղված խոսում են այնպիսի իրադարձությունների ժամանակ ինչպիսին սա է, երբ գրեթե անընդհատ հոսք է տեղի ունենում դեպի մեզ հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով, արբանյակով, ձայնաերիզով, տեսաերիզով և տպագրված տեսքով,: Կարծում եմ, որ պատմության մեջ երբեք չի եղել մի ժողովուրդ, որն օրհնված լիներ սուրբ գրվածքների այսպիսի քանակությամբ: Եվ բացի դա, ամեն տղամարդ, կին և երեխա կարող է ունենալ և ուսումնասիրել այս սրբազան տեքստերի իր սեփական օրինակը, մեծ մասը իրենց իսկ լեզվով: Որքան աներևակայելի կարող էր թվալ այդ բանը Ուիլյամ Թինդլի օրերի ժողովրդին և ավելի վաղ ժամանակաշրջանների Սրբերին: Անշուշտ այս օրհնությամբ Տերն ասում է մեզ, որ սուրբ գրությունների օգնությանը դիմելու մեր անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան նախկին որևէ ժամանակներում: Թող որ մենք սնվենք անընդհատ Քրիստոսի խոսքերով, որոնք կասեն մեզ բոլոր բաները, որոնք մենք պետք է անենք (տես 2 Նեփի 32.3): Ես ուսումնասիրել և խորհել եմ սուրբ գրությունների մասին և այս Զատկի տոնին ես բերում եմ իմ վկայությունը Հոր և Որդու մասին, ինչպես որ Նրանք հայտնի են դարձվել սուրբ գրություններում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Ուիլյամ Թիդլի մասին որպես տեղեկության աղբյուր տես. David Daniell, The Bible in English (2003), 140–57; Lenet Hadley Read, How We Got the Bible (1985), 67–74; S. Michael Wilcox, Fire in the Bones: William Tyndale—Martyr, Father of the English Bible (2004); John Foxe, The New Foxe’s Book of Martyrs (1997), 121–33; “William Tyndale,” http://en.wikipedia.org /wiki/William_ Tyndale; accessed February 28, 2010.

  2. Sես հարցազրույց, Richard Neitzel Holzapfel, in Michael De Groote, “Questioning the Alternative Jesus,” Deseret News, Nov. 26, 2009, M5.