2010
Հրաշալի Ահարոնյան Քահանայությունը
Մայիս 2010


Հրաշալի Ահարոնյան Քահանայությունը

Աստծո առաջ ձեր պարտականությունը կատարելիս չպետք է հապաղեք: Ես վստահ եմ, որ այդպես էլ կանեք:

Նկար
David L. Beck

Ես պատիվ ունեմ այսօր խոսելու Եկեղեցու զարմանալի երիտասարդ տղաների հետ: Ես օրհնվել եմ, հանդիպելով ձեզանից շատերի հետ ողջ աշխարհով մեկ: Ձեր խանդավառությունը վարակիչ է:

Դուք դիմագրավում եք ձեր մարտահրավերներին արտասովոր ամրությամբ և քաջությամբ: Ես հայտնում եմ ձեր հանդեպ իմ սերն ու վստահությունը:

Դուք ձեր շուրջը գտնվող մարդկանց ոգեշնչում եք ավելին, քան կարող եք պատկերացնել: Լսեք մեր կրոնին չպատկանող մի երիտասարդի խոսքերը, որոնք նկարագրում են Ահարոնյան Քահանայություն կրող իր ընկերոջը. «Ես նկատում եմ, որ Լյուիսը տարբերվում է ուրիշներից:… Այս տղան նման չէ … մյուս մարդկանց: Ինչ-որ բան կա նրա մեջ:… Ես անգամ չգիտեմ, ինչ է դա, բայց նա տարբերվում է բոլորից: Դա կարելի է միայն զգալ, դա … աչքով նկատելի չէ: Դու պարզապես զգում ես դա»:

Կա մի շատ կարևոր բան, որն առանձնացնում է Լյուիսին և ձեզ այլ երիտասարդներից: Դուք ստացել եք Ահարոնյան Քահանայություն: Դա սուրբ պարգև է և շատերը լիարժեք չեն գնահատում այն: Այս երեկո ես կօգնեմ ձեզ տեսնել, թե ինչպես դուք կարող եք բացահայտել ձեզ համար հրաշալի Ահարոնյան Քահանայությունը:

I. Աստված վստահում է ձեզ

Երբ Աստված վստահում է ձեզ Իր սուրբ քահանայությունը, Նա մեծ վստահություն է դրսևորում ձեր հանդեպ: Նա գիտի, որ կարող է վստահել ձեզ օգտագործել քահանայությունը ուրիշներին ծառայելու համար, ճիշտ ինչպես Ինքը վստահեց այլ երիտասարդ տղամարդկանց Իր առավել կարևոր աշխատանքը կատարելու:

Օրինակ, աշխարհը չէր ունենա Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքի զորեղ վկայությունը, եթե չլինեին երկու երիտասարդներ, ում Աստված վստահեց: Մորմոնը՝ այն մարգարեն, որը հավաքեց այս սուրբ գրառումները, միայն 10 տարեկան էր, երբ նրան հանձնարարվեց դիտարկել և ապա գրառել իր ժողովրդի պատմությունը: 15 տարեկանում «Տերն այցելեց [նրան], և [նա] ճաշակեց ու իմացավ Հիսուսի բարության մասին» (Մորմոն 1.15):

Մորմոնի Գիքրը թարգմանվեց և տպագրվեց Ջոզեֆ Սմիթի կողմից, որը կանչվեց այս մեծ աշխատանքին 14 տարեկանում, երբ նրան այցելեցին Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մեծ բաներ են ակնկալվում ձեզանից:… Տիրոջ խոսքը՝ ինչպես շեփորի ձայն, գալիս է ձեզ, ինձ և քահանայություն կրողներին ամենուր. «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է» (ՎևՈւ 107.99) (“The Call for Courage,” Liahona, May 2004, 54, 57):

II. «Պարտականություն Աստծո առաջ» նոր ծրագիրը

Օգնելու համար ձեզ արձագանքելու այդ հրատապ կանչին, Եկեղեցին ներմուծում է «Պարտականություն Աստծո առաջ» նոր ծրագիր, ինչպես արդեն հայտարարեց այսօր Նախագահ Հենրի Բ. Այրինգը: Այդ ծրագիրը ոգևորում է ինձ: Հունիս ամսից սկսած նյութերը կուղարկվեն ձեր եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Դուք պետք է սկսեք օգտագործել դրանք անմիջապես ստանալուց հետո:

Որպես սարկավագ, ուսուցիչ և քահանա՝ դուք կկատարեք հանձնարարություններ, որոնք կօգնեն ձեզ կառուցել հոգևոր ուժ և սովորել ու իրականացնել ձեր քահանայության պարտականությունները: Ամեն հանձնարարություն կազմված է հետևյալ ձևով.

Նախ, դուք սովորում եք ավետարանի մի սկզբունք կամ քահանայության մի պարտականություն: Դուք բացահայտում եք, թե ինչ է Երկնային Հայրը ցանկանում, որ դուք անեք, և փորձում եք հոգևոր վկայություն ձեռք բերել այն մասին, թե ինչու է դա կարևոր:

Ապա դուք ծրագրեր եք կազմում, թե ինչպես պետք է գործեք ըստ ձեր սովորածի: Խորհուրդ է տրվում, որ դուք ձեր ծրագրերը հիմնեք ձեր իսկ կարիքների, հանգամանքների և ուրիշներին ծառայելու հնարավորությունների վրա: Սա ձեր սեփական աճի և հոգևոր ինքնուրույնություն զարգացնելու համար պատասխանատվություն կրելու հիանալի հնարավորություն է:

Ապա դուք կիսվում եք ձեր սովորածով և փորձով ուրիշների հետ: Այդպես դուք կամրացնեք ձեր վկայությունը և հավատք կկառուցեք ձեր շուրջը գտնվողների մոտ: Դուք կզարգացնեք ուրիշների հետ ավետարանի մասին խոսելու ձեր ունակությունը:

Ես շնորհակալ եմ մի երիտասարդ տղամարդու, որը կիսվել է ինձ հետ հետևյալ փորձառությամբ. Նա և մեկ այլ Ահարոնյան Քահանայություն կրող հանձնարարություն ստացան սպասավորելու հաղորդությունը մի մարդու, որը հիվանդ էր և տնից դուրս չէր գալիս: Նրանք գնացին նրա տուն, չիմանալով, որ բուժումն արգելում էր նրան որևէ սնունդ ընդունել, անգամ հաղորդության հացի մի կտոր: Հացն օրհնելուց հետո, երիտասարդները հաղորդությունը մատուցեցին թույլ մարդուն: Նա վերցրեց հացի կտորը, մի պահ սպասեց, ապա հպեց իր շուրթերին: Երիտասարդն պատմում է, որ երբ տեսավ, թե ինչպես այդ հավատարիմ եղբայրն արտահայտեց հաղորդության հանդեպ իր պատկառանքը, նրան թվաց, թե տեսնում էր, ինչպես է այդ մարդը համբուրում Փրկչի ոտքերը: Նա կարող էր ասել, որ այդ մարդը սիրում է Նրան:

Հաղորդության նշանակությունն այդ օրն անմոռանալի տպավորություն թողեց այդ երիտասարդի վրա: Դուք կունենաք սուրբ փորձառություններ, ինչպես այդ երիտասարդը:

Ձեր ծնողները, ղեկավարները և քվորումի անդամները կարևոր դեր են կատարում «Պարտականություն Աստծո առաջ» ծրագրում: Կիրակնօրյա ձեր քվորումի ժողովները ձեզ շարունակ սովորելու, գործելու և կիսվելու հնարավորություններ կտան: «Պարտականություն Աստծո առաջ» նոր ծրագիրը ձեզ կառաջնորդի Աստծո առաջ ձեր պարտականությունը կատարելիս և կբացահայտի Ահարոնյան Քահանայության մեծությունը:

III. Կատարեք Աստծո Առաջ Ձեր Պարտականությունը

Անցած տարի ես մի ճամփորդություն կատարեցի, որն ընդմիշտ փոխեց իմ վերաբերմունքը ձեր և Ահարոնյան Քահանայության հանդեպ: Ես ուրախ կլինեմ, երբ դուք ձեզ համար բացահայտեք այն, ինչ ես բացահայտեցի: Դուք կսովորեք, թե ինչու Ահարոնյան Քահանայությունը այդքան կարևոր է ձեր կյանքում և որքան կարևոր է այն Եկեղեցու համար: Դուք կգնահատեք, թե ինչու է այն կոչվում քահանայության «հիմնական գլուխներից» մեկը (տես ՎևՈւ 107.6): Դուք ավելի լավ կհասկանաք քահանայության բանալիների, հրեշտակների սպասավորման և նախապատրաստական ավետարանի նշանակությունը (տես ՎևՈւ 13; 84.26):

Սատանան կստիպի ձեզ մտածել, թե դուք շատ երիտասարդ եք կամ որ միայն շատ քչերը կարող են նշանակալի բաներ կատարել Ահարոնայան Քահանայությամբ: Այդ ամենը ճիշտ չէ:

Մովսեսին տված Աստծո խոսքերն ուղղված են այսօր ձեզ. «Եվ ահա, դու իմ որդին ես; … Եվ ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես 1.4, 6):

Նա տվել է ձեզ Իր զորությունը մեծ բաներ անելու համար: Կատարելով Աստծո առաջ ձեր պարտականությունը՝ դուք կամրացնեք և կօրհնեք ձեր ընտանիքը: Սա ձեր մեծագույն քահանայության պարտականությունն է: Լսեք, ինչպես է մայրը նկարագրում իր որդու ազդեցությունը իր ընտանիքի վրա. «Լեոն մեր տան քահանայություն կրողն է և դա ահռելի օրհնություն է: Նա մեծ օրինակ է իր եղբայրների և քույրերի համար…. նա հետևում է, որ նրանք միշտ աղոթեն: Նա բաժանում է հաղորդությունը կիրակի օրերին: Նրա փոքր եղբայրը տեսնում է նրան: Նա օգնում է … ընտանեկան աղոթքի ժամանակ: Ես գիտեմ, որ նա կշարունակի օրհնություն լինել, երբ մեծանա: Նա կկարողանա մկրտել իր փոքր եղբորը: Դա մխիթարություն և պարգև է մեզ համար»:

Կատարելով Աստծո առաջ ձեր պարտականությունը՝ դուք կօգնեք ձեր ընկերներին, ովքեր մեր հավատքից չեն և կօգնեք նրանց պատրաստվել միանալ Եկեղեցուն: Ինչպես իսկական եղբայր՝ դուք կհետևեք և կամրացնեք նրանց: Դուք կփրկեք այլ երիտասարդ տղամարդկանց, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը:

Կատարելով Աստծո առաջ ձեր պարտականությունը՝ դուք կլինեք բարու ուժ ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում: Ձեր արդարակյաց օրինակը և քահանայության ձեր հավատարիմ ծառայությունը հզոր ճանապարհ կլինի` հրավիրելու բոլորին, ովքեր ձեզ ճանաչում են, գալ դեպի Քրիստոսը:

Ամենադժվար պահերին Նեփիացիները դիմեցին երիտասարդ տղամարդ Մորմոնին` ղեկավարման և ոգեշնչման համար (տես Մորմոն 2.1–2): Այսօր մենք ձեզ ենք դիտում որպես Եկեղեցու մեծ ուժ և երկրի վրա բարու գործիք: Սա այն է, ինչ ակնկալում է Տերը:

IV. Դարձեք հավատարիմ Քահանայության տղամարդ

Ես վկայում եմ, որ դուք կզգաք, ինչպես է փոխվում ձեր սիրտը, երբ դուք դառնում եք քահանայության տղամարդ: Դուք կաշխատեք լինել լիովին մաքուր և արժանիորեն կսպասավորեք հաղորդությունը: Դուք բարությամբ և հարգանքով կվերաբերվեք ցանկացած երիտասարդ կնոջ: Դուք կպատվեք ձեր ծնողներին: Դուք կաշխատեք չվիրավորել Հոգին ձեր մտքերով, խոսքերով կամ գործերով: Դուք կսկսեք ճանաչել Տիրոջը, որին ծառայում եք, և դուք կաշխատեք նմանվել Նրան:

Ես վկայում եմ, որ Ահարոնյան Քահանայությունում ձեր հավատարիմ ծառայությունը կփոխի նրանց կյանքը, ում ծառայում եք: Կան մարդիկ, ովքեր ձեր քահանայական ծառայության կարիքն ունեն: Ձեր ընտանիքները ունեն ձեր կարիքը: Ձեր քվորումները ունեն ձեր կարիքը: Եկեղեցին ունի ձեր կարիքը: Աշխարհն ունի ձեր կարիքը:

Աստծո առաջ ձեր պարտականությունը կատարելիս չպետք է հապաղեք: Ես վստահ եմ, որ այդպես էլ կանեք:

Մի քանի շաբաթ առաջ, մի ցուրտ առավոտ, ես վազում էի Թագուս գետի ափով Լիսաբոնում՝ Պորտուգալիա: Ես հասա մի հուշարձանի, որը նվիրված էր անցած դարի պորտուգալացի աշխարհագնացներին: Ինձ ոգեշնչեցին աշխարհագնացների վճռական դեմքերը` հայացքը հառած դեպի ջրերի հեռաստանները: Դա այն տղամարդիկ էին, ովքեր պատրաստ էին անել այն, ինչ շատ քչերն են արել: Նրանք հեռացան ծանոթ ու հարմարավետ աշխարհից և խիզախությամբ մտան անհայտ օվկիանոս և հայտնաբերեցին նոր հողեր: Նրանք փոխեցին աշխարհը:

Ես տեսնում եմ ձեզ, երբ մտածում եմ խիզախ աշխարհագնացների այդ հուշարձանի մասին: Ես տեսնում եմ ձեզ անձնական ճամփորդության մեջ, որը այսօրվա աշխարհում քչերն են ընտրում: Ես տեսնում եմ ձեզ Աստծո առաջ ձեր պարտականությունը կատարելիս:

Ես աղոթում եմ, որ մենք բոլորս կարողանանք հասկանալ հրաշալի Ահարոնյան Քահանայությունը և վստահենք, ինչպես Աստված է վստահում, նրանց, ովքեր կրում են այն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: