2010
Օգնող ձեռքեր, փրկող ձեռքեր

Օգնող ձեռքեր, փրկող ձեռքեր

Թող որ մենք կարողանանք հետևել մարգարեի խորհրդին և օրինակին և ամեն օր փնտրենք նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Elder Koichi Aoyagi

Իմ եղբայրներ և քույրեր, ես խորապես շնորհակալ եմ այս համաժողովին խոսելու հնարավորության համար: Ես շնորհակալ եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և վկայում եմ, որ նա կենդանի Աստծո մարգարեն է: Ես մեծապես տպավորված եմ Նախագահ Մոնսոնի հիանալի օրինակով, որն իր կյանքը անց է կացրել, մեկնելով իր ձեռքերը ուրիշներին օգնելու և փրկելու համար:

Մենք ապրում ենք այնպիսի օրում, երբ շատ մարդիկ հանդիպում են աղետների և օգնության կարիք ունեն երկրաշարժերի, ցունամիների, փոթորիկների և բնական այլ աղետների կործանարար հետևանքների արդյունքում: Եկեղեցին հասնում է այդ մարդկանց մարդասիրական օգնության միջոցով: Եկեղեցու անդամները ամեն ամիս հավատարմորեն տալիս են առատ ծոմի նվիրատվություններ և կատարում են ծառայություն սիրո ոգով: Նրանք բառացիորեն մեկնում են օգնող ձեռքերը Տիրոջ ճանապարհով: Նրանք հետևում են Տիրոջ պատվիրանին. «բոլոր բաներում հիշեք աղքատներին ու կարիքավորներին, հիվանդներին ու տառապյալներին, քանզի ով որ չի անում այս բաները, նա իմ աշակերտը չէ» (ՎևՈւ 52.40):

Այսօր ես կցանկանայի խոսել այն ձեռքերի մասին, որոնք օգնում և փրկում են հոգեպես: Տիրոջ գործը և փառքը իսկապես նրանում է, որ իրականացվի «մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Մեր շուրջը շատերը հոգևոր օգնության կարիք ունեն: Երբ մենք օգնող ձեռք են առաջարկում ավելի քիչ ակտիվ անդամներին, ոչ-լիարժեք անդամություն ունեցող ընտանիքներին և մեր հավատքին չպատականողներին, մենք հրավիրում ենք բոլորին «գալ դեպի Քրիստոսը»:1

Լինելով նորադարձ Եկեղեցում, ես զգացել եմ այն հոգևոր փրկությունը, որը ստացել եմ Եկեղեցու հավատարիմ անդամի փրկող ձեռքերի միջոցով: Ես մեծացել եմ Մացումոտոյում, Ճապոնիա, որը մոտ է Նագանոյին, որտեղ անց են կացվել Ձմեռային Օլիմպիական խաղերը: Իմ հայրենի քաղաքը շատ նման է Սոլթ Լեյք Սիթիին՝ գեղասքանչ լեռներով շրջապատված հովիտ: Երբ ես 17 տարեկան էր, հանդիպեցի երկու ամերիկացի միսիոներների, Երեց Քարտերին և Երեց Հայաշիին: Թեև մեր տարիքային տարբերությունը միայն երկու-երեք տարի էր, երեցները մի սքանչելի զգացում էին առաջացնում, որն ես նախկինում երբեք չէի զգացել: Նրանք պարտաճանաչ էին, ուրախ և լցված սիրով ու լույսով: Ես մեծապես տպավորված էի նրանց հատկանիշներով և ուզում էի նմանվել նրանց: Ես լսեցի նրանց ուղերձը և որոշեցի մկրտվել: Իմ ծնողները, որոնք բուդդիստներ էին, խստորեն դեմ էին իմ մկրտությանը: Միսիոներների և Տիրոջ օգնությամբ ես թույլտվություն ստացա և, հրաշքով, մկրտվեցի:

Հաջորդ տարի ես ընդունվեցի Յոկոհամայի համալսարան: Ապրելով մենակ, հարազատ քաղաքից և ծանոթ մարդկանցից հեռու, ես դարձա միայնակ և հեռացա Եկեղեցուց: Մի օր ես բացիկ ստացա իմ քաղաքի Եկեղեցու մի անդամից: Նա գրում էր, որ լսել էր, թե ես չէի հաճախում Եկեղեցու ժողովներին: Նա մեջբերել էր սուրբ գրություններից և հրավիրել էր ինձ վերադառնալ եկեղեցի: Ինձ հուզեցին սուրբ գրությունների խոսքերը: Դա ինձ օգնեց հասկանալ, որ ես հավանաբար կորցրել էի մի շատ կարևոր բան, և ես խորհում ու պայքարում էի շատ օրերի ընթացքում: Դա նաև ստիպեց ինձ հիշել միսիոներների տված խոստումը. «Եթե դու կարդաս Մորմոնի Գիրքը և խանդավառության աղոթքով հարցնես, թե արդյոք Մորոնիում պարունակվող խոստումը ճշմարիտ է, դու կիմանաս ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ»:2

Ես հասկացա, որ ես չէի աղոթում իմ ողջ սրտով, և որոշեցի անել դա: Մի առավոտ ես վաղ արթնացա, ծնկի իջա իմ փոքր բնակարանում և անկեղծ աղոթեցի: Ի զարմանս ինձ, Սուրբ Հոգու հաստատումը եկավ ինձ, ինչպես խոստացվել էր: Իմ սիրտն այրվեց, մարմինս ցնցվեց և լցվեցի ուրախությամբ: Սուրբ Հոգու զորությամբ ես իմացա, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն ապրում են, և որ նրանք իսկապես հայտնվել են Ջոզեֆ Սմիթին: Ես իմ սրտում վճռեցի ապաշխարել և հավատարմորեն հետևել Հիսուս Քրիստոսին իմ մնացած կյանքի ընթացքում:

Այս հոգևոր փորձառությունը լիովին փոխեց իմ կյանքը: Ես որոշեցի ծառայել միսիայում ի նշան երախտագիտության Տիրոջը և Եկեղեցու այն անդամին, որը փրկեց ինձ: Իմ միսիայից հետո ես կնքվեցի տաճարում մի հիանալի աղջկա հետ, և մենք օրհնվեցինք չորս զավակներով: Ոչ պատահականորեն, դա նույն այն աղջիկն էր, որը փրկեց ինձ, տարիներ առաջ ուղարկելով մի բացիկ Յոկոհամայում այդ միայնակ բնակարան: Ես ընդմիշտ երախտապարտ կմնամ Տիրոջ ողորմածության համար և Եկեղեցու այդ անդամի օգնության համար, որը ինձ մեկ անգամ ևս հրավիրեց «գալ դեպի Քրիստոսը»:3

Ես գիտեմ, որ ձեզանից շատերը աննկատ մեկնում եք ձեր սիրող և փրկող ձեռքերը ամեն օր: Դա հավատարիմ Սփոփող Միության քույրն է, որը հոգ է տանում ոչ միայն քույրերի համար, որոնց կցված է որպես այցելող ուսուցիչ, այլ նաև բոլոր քույրերին, որոնք հիվանդ են կամ որևէ օգնության կարիք ունեն: Նա հաճախ է այցելում և տարիներ շարունակ ամրացրել է շատերի հավատը: Ես հիշում եմ մի եպիսկոպոսի, որը հաճախ այցելում էր այրիներին իր ծխում: Այդ սովորույթը նրա ազատումից հետո շատ տարիներ շարունակվում էր:

Ես ճանաչում եմ քահանայության մի ղեկավարի, որը ժամանակ է անցկացնում հորը կորցրած երիտասարդ տղամարդու հետ: Նա մասնակցում է նրա միջոցառումներին, ուսուցանում է նրան ավետարանը և հայրական խորհուրդ է տալիս: Մեկ այլ ընտանիք հաճույքով կիսվում է ավետարանով: Ծնողները և երեխաները վկայում են ավետարանի մասին իրենց շուրջը գտնվողներին և սիրված են շատերի կողմից:

Որպես Երեխաների Միության միջոցառման մաս, իմ հինգ տարեկան թոռնուհին եգիպտացորենի հատիկ է գցում ապակյա մի մեծ շշի մեջ ամեն անգամ, երբ լավ գործ է կատարում: Ամեն օր բարի գործերի հնարավորություն փնտրելիս նա բարձրաձայն երգում է Երեխաների Միության այս երգը. «Հետևիր մարգարեին, հետևիր մարգարեին, հետևիր մարգարեին, նա գիտի ուղին»:4

Ես ժամանակ չունեմ պատմելու համար ձեզ այն բոլոր բարի գործերի մասին, որ տեսնում եմ, ինչպես են անում Եկեղեցու անդամները: Նրանք հետևում են մարգարեի խորհրդին ոչ թե որպես պարտականություն, այլ որպես իրենց ազատ կամքի դրևորում, անելով դա անանուն և հաճույքով:

Երբեմն մենք զգում ենք, թե թույլ ենք և չունենք այն ուժը, որով կարող են փրկել ուրիշներին, բայց Տերը մեզ հիշեցնում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս ԻԵ.40):

Ես ավարտում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին մեջբերելով. «Իմ եղբայրներ և քույրեր, մենք շրջապատված ենք նրանցով, ովքեր մեր ուշադրության, մեր խրախուսանքի, մեր աջակցության, մեր մխիթարության, մեր բարության կարիքն ունեն, լինեն նրանք ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, թե անծանոթներ: Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ՝ երկրի վրա, Նրա զավակներին ծառայելու և բարձրացնելու նպատակով: Նա ապավինում է մեզանից յուրաքանչյուրին»:5

Որ մենք կարողանանք հետևել մարգարեի խորհրդին և օրինակին և ամեն օր փնտրենք նրանց, ովքեր կարիքի մեջ են, ում համար մենք կարող ենք լինել Տիրոջ ձեռքերը, օգնելով և փրկելով Նրա զավակներին, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Preach My Gospel: A Guide to Missionary Service (2004), 1:

  2. Sես Մորոնի 10.4–5:

  3. Sես Մատթեոս ԺԱ. 28:

  4. “Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11.

  5. Thomas S. Monson, “What Have I Done for Someone Today?” Ensign, Nov. 2009, 84.