2010
Հսկեցեք բոլոր հարատևությամբ
նախորդ հաջորդ

Հսկեցեք բոլոր հարատևությամբ

Հոգևոր վաղաժամ զգուշացման մի համակարգ … կարող է օգնել ծնողներին Սիոնում լինել հսկող և խորաթափանց իրենց երեխաների նկատմամբ:

Elder David A. Bednar

Վերջերս ես վարում էի իմ մեքենան, երբ ամպրոպից անձրևի կաթիլներ ցայտեցին դիմապակուն: Ճանապարհի կողքին էլեկտրոնային նշանը ժամանակին նախազգուշացում ցույց տվեց. «Առջևում ջրափոս կա»: Մակերեսը, որի վրայով ես վարում էի, շատ ապահով էր թվում: Սակայն այս Էական տեղեկությունը ինձ հնարավորություն տվեց նախապատրաստվելու հնարավոր վտանգին,որին ես չէի սպասում և դեռ չէի կարող տեսնել: Մինչ ես շարունակում էի դեպի իմ նպատակակետը, ես դանդաղեցրի ընթացքը և ուշադրությամբ հետևեցի վտանգի լրացուցիչ նշաններին:

Վաղաժամ զգուշացնող ազդանշանները ակնհայտ են մեր կյանքի շատ ոլորտներում: Օրինակ, տենդը կարող է վատառողջության կամ հիվանդության առաջին ախտանիշը լինել: Մի շարք Ֆինանսական և աշխատանքի շուկայի ցուցիչներ օգտագործվում են տեղային և պետական տնտեսություններում ապագա միտումները կանխատեսելու համար: Եվ, կախված նրանից, թե երկրի որ մասում ենք ապրում, մենք կարող ենք ստանալ ջրհեղեղի, մրրիկի, ցունամիի, պտտահողմի կամ ձնաբուքի նախազգուշացումներ:

Մենք նաև օրհնված ենք հոգևոր վաղաժամ զգուշացնող ազդանշաններով՝ որպես պաշտպանության ու ուղղության աղբյուր մեր կյանքում: Վերհիշենք, ինչպես Նոյը տագնապի ազդանշան ստացավ Աստծուց դեռ չերևացող բաների համար, և նա «շինեց տապանը իր տան փրկության համար» (Եբրայեցիս ԺԱ.7):

Լեքին նախազգուշացվեց հեռանալ Երուսաղեմից ու տանել իր ընտանիքը անապատ, որովհետև ժողովուրդը, ում նա ապաշխարություն էր քարոզում, ջանալու էր նրան սպանել (տես 1 Նեփի 2.1-2):

Փրկիչն Ինքը փրկվեց հրեշտակի զգուշացմամբ.«Ահա Տիրոջ հրեշտակն երևաց երազում Հովսեփին և ասաց. Վեր կաց՝ վեր առ երեխային և նրա մորը, և փախիր Եգիպտոս, և մնա այնտեղ, մինչև որ ասեմ քեզ. որովհետև Հերովդեսը որոնելու է երեխային, որ կորցնի նրան» (Մատթեոս Բ.13):

Խորհեք Տիրոջ լեզվի մասին որպես Իմաստության Խոսք հայտնի հայտնության մեջ. «Ահա, ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ. Չարիքների ու դավադրությունների հետևանքով, որոնք կան և վերջին օրերին կլինեն դավադիր մարդկանց սրտերում ,ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը հայտնությամբ» (ՎևՈՒ 89.4):

Հոգևոր զգուշացումները պետք է առաջնորդեն դեպի ավելի աչալուրջ հսկողության: Դուք և ես ապրում ենք «զգուշացման օրում» (ՎևՈՒ 63.58): Եվ քանի որ մենք զգուշացվել ենք և կզգուշացվենք, մենք պետք է ինչպես Պողոս Առաքյալն է հորդորել, «հսկենք … բոլոր հարատևությամբ» (Եփեսացիս Զ.18):

Ես աղոթում եմ Սուրբ Հոգու առաջնորդության համար, որպեսզի կարողանամ լավ նկարագրել հոգևոր վաղաժամ զգուշացման համակարգը, որը կարող է օգնել ծնողներին Սիոնում լինել հսկող և խորաթափանց իրենց երեխաների նկատմամբ: Այս վաղաժամ զգուշացման համակարգը կիրառելի է բոլոր տարիքի երեխաների համար և պարունակում է երեք հիմնական բաղադրիչներ. (1) կարդալ և խոսել Մորմոնի Գրքի մասին ձեր երեխաների հետ, (2) ավետարանի ճշմարտությունների մասին անմիջական վկայություն բերել ձեր երեխաներին, և (3) հրավիրել երեխաներին որպես ավետարան ուսումնասիրողներ ներգործող լինել և ոչ թէ լոկ ներգործվող: Ծնողները, որոնք հավատարմորեն անում են այս բաները, կօրհնվեն ճանաչելու իրենց երեխաների հոգևոր աճի կամ դժվարությունների վաղաժամ ազդանշանները և ավելի լավ պատրաստված կլինեն՝ ոգեշնչում ստանալու այդ երեխաներին ամրացնելու ու օգնելու համար:

Բաղադրիչ Համար Մեկ. Կարդալ և Խոսել Մորմոնի Գրքի մասին

Մորմոնի Գիրքը պարունակում է Փրկչի ավետարանի լրիվությունը և միակ գիրքն է, որի ճշմարիտ լինելու մասին Տերն Ինքը վկայել է (տես ՎևՈՒ 17.6; տես նաև Russell M. Nelson, “A Testimony of the Book of Mormon,” Liahona, Jan. 2000, 84): Իսկապես, Մորմոնի Գիրքը մեր հավատի պորտաքարն է:

Մորմոնի Գրքի համոզիչ ու դարձի բերող զորությունը բխում է և՛ Տեր Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնական հատուկ ուշադրությունից, և՛ դրա ոգեշնչված ուսմունքների պարզությունից ու հստակությունից: Նեփին հայտարարել է. «Իմ հոգին հրճվում է պարզաբանելով իմ ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան սովորել (2 Նեփի 25.4): Այս հատվածի հիմնական գաղափարն արտահայտող «պարզ» բառը չի վերաբերվում բաներին, որոնք հասարակ ու պարզ են, այլ շեշտում է այնպիսի ուսուցում, որը պարզ է ու հեշտ հասկացվող:

Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից, որովհետև այն կենտրոնանում է Ճշմարտության վրա (տես Հովհաննես ԺԴ.6, 1 Նեփի 13.40), նույն Հիսուս Քրիստոսի, և վերականգնում է պարզ ու արժեքավոր բաները, որոնք հանվել էին ճշմարիտ ավետարանից ( տես 1 Նեփի 13.26, 28–29, 32, 34–35, 40): Այս երկու գործոնների եզակի համակցումը՝ Փրկչի վրա կենտրոնանալն ու ուսմունքների պարզությունը, ազդեցիկ ձևով հրավիրում են Աստվածագլխի երրորդ անդամի, այսինքն Սուրբ Հոգու, հաստատող վկայությունը: Հետևաբար, սուրբ գրության ոչ մի ուրիշ հատոր կարդացողի հոգու ու սրտի հետ չի խոսում այնպես, ինչպես Մորմոնի Գիրքը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ Մորմոնի Գրքում գտնվող պատվիրաններին հետևելը մեզ կօգնի «ավելի մոտենալ Աստծուն», քան որևէ այլ գիրք (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 64): Երբ մենք կանոնավոր կերպով ընթերցում ու զրուցում ենք Մորմոնի Գրքի մասին, մենք ավելի մեծ զորություն ենք ունենում փորձություններին դիմակայելու համար,և մեր ընտանիքներում սիրո ավելի շատ զգացումներ են տիրում: Եվ Մորմոնի Գրքի վարդապետությունների ու սկզբունքների մասին քննարկումները ծնողներին հնարավորություններ են տալիս զննել իրենց երեխաներին, լսել նրանց, սովորել նրանցից, և սովորեցնել նրանց:

Բոլոր տարիքի պատանիները, նույնիսկ մանուկները կարող են և արձագանքում են Մորմոնի Գրքին բնորոշ հոգուն: Երեխաները, հնարավոր է, չհասկանան բոլոր բառերն ու պատմությունները, բայց նրանք անկասկած կարող են զգալ Եսայիայի կողմից նկարագրված «ծանոթ հոգին» (Եսայիա ԻԹ.4, տես նաև 2 Նեփի 26.16): Եվ երեխայի տված հարցերը, նկատառումները, որոնցով կիսվում է երեխան, և քննարկումները, որոնք տեղի են ունենում, տալիս են վճռական հոգևոր վաղաժամ զգուշացնող ազդանշաններ: Եվ, որ ավելի կարևոր է, այսպիսի զրույցները կարող են օգնել ծնողներին նկատել, թե ինչ են նրանց երեխաները սովորում, մտածում և զգում այս սրբազան սուրբ գրության հատորում պարունակվող ճշմարտությունների մասին, ինչպես նաև նկատել դժվարությունները, որոնց առաջ նրանք կանգնած են:

Բաղադրիչ Համար Երկու. Անմիջական Վկայություն Բերել

Վկայությունը Սուրբ Հոգու վկայության վրա հիմնված անձնական գիտելիք է այն մասին, որ որոշ փաստեր, որոնք ունեն հավերժական նշանակություն, ճշմարիտ են: Սուրբ Հոգին սուրհանդակ է Հոր և Որդու համար և ամեն ճշմարտության ուսուցիչն է և առաջնորդը (տես Հովհաննես ԺԴ.26, ԺԶ.13): Այսպիսով, «Սուրբ Հոգու զորությամբ [մենք] կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Գիտելիքն ու հոգևոր համոզմունքը, որոնք մենք ստանում ենք Սուրբ Հոգուց, հայտնության արդյունք են: Այս օրհություններին ձգտելն ու հասնելը պահանջում են մաքուր սիրտ, անկեղծ միտում և հավատք առ Քրիստոս (տես Մորոնի 10.4): Անձնական վկայությունը նաև բերում է խոհեմություն և պատասխանատվություն:

Ծնողները պետք է զգոն լինեն և հոգևորապես պատրաստակամ իրենց երեխաներին վկայելու անսպասելի հնարավորությունների հանդիպելիս: Այսպիսի դեպքերը չպետք է լինեն ծրագրավորված, պլանավորված կամ սցենարավորված: Իսկապես, որքան ավելի քիչ են պլանավորած այսպիսի վկայությունները, ուսուցման և տևական ազդեցության հավանականությունը ավելի մեծ է: «Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը» (տես ՎևՈՒ 84.85):

Օրինակ, ճաշի ժամանակ բնական ձևով տեղի ունեցող ընտանեկան զրույցները կարող են հրաշալի առիթ լինել ծնողների համար մոտավոր պատմելու և վկայելու այդ օրը առօրյա գործերի ընթացքում իրենց ստացած յուրահատուկ օրհնությունների մասին: Եվ վկայությունը պետք չէ միշտ սկսվի «Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը» դարձվածքով: Մեր վկայությունը կարող է այնքան հասարակ լինել, որքան «Ես գիտեմ, որ այսօր աշխատանքի վայրում օրհնվեցի ոգեշնչմամբ» կամ «Այս սուրբ գրության ճշմարտությունը ինձ համար միշտ եղել է առաջնորդության զորեղ աղբյուր»: Վկայություն բերելու նմանատիպ հնարավորություններ միշտ կարող են առաջանալ, երբ միասին ճամփորդում եք մեքենայով կամ հանրակառքով, կամ բազմաթիվ այլ առիթներով:

Երեխաների վերաբերմունքը այսպիսի հանպատրաստից վկայություն բերելուն և նրանց մասնակցելու ձգտումը կամ դժկամությունը հոգևոր վաղաժամ զգուշացնող ազդանշանների զորավոր աղբյուրներ են: Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ սովորած դասի վերաբերյալ երեխայի արտահայտությունը կամ մտահոգության անկեղծ հայտարարությունը ավետարանի սկզբունքի կամ փորձառության մասին կարող են ամենալուսաբանողը լինել և օգնել ծնողներին ավելի լավ հասկանալ երեխայի յուրահատուկ հարցը կամ կարիքը: Այսպիսի քննարկումները, հատկապես երբ ծնողները ձգտում են այնքան կենտրոնացած լսել, որքան երբ խոսում են, կարող են նպաստել տանը աջակցող և հուսալի միջավայր ստեղծելուն և խրախուսել շարունակվող հաղորդակցումներ բարդ թեմաների մասին:

Բաղադրիչ Համար Երեք. Հրավիրել Երեխաներին Գործել

Աստծո բոլոր ստեղծագործությունների փառահեղ բաշխման մեջ կան «թե՛ ներգործող բաներ, և թե՛ ներգործվող բաներ» (2 Նեփի 2.14): Որպես մեր Երկնային Հոր զավակներ մենք օրհնվել ենք բարոյական կամքի ազատության պարգևով, ինքնուրույն գործելու ունակությամբ և իշխանությամբ: Օժտված լինելով ազատությամբ, մենք գործակալներ ենք և մենք հիմնականում պետք է ներգործենք և ոչ թէ լոկ ներգործվենք, հատկապես, եթե մենք «ուսում փնտրե[ն]ք, … ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈՒ 88.118):

Որպես ավետարանն ուսումնասիրողներ, մենք պետք է լինենք «խոսքը անող [լինենք], և ոչ միայն լսողներ» (Հակոբոս Ա.22): Մեր սրտերը բաց են Սուրբ Հոգու ազդեցության համար, երբ մենք, ինչպես հարկն է, մարզում ենք ազատությունը և ներգործում ենք ճիշտ սկզբունքների համաձայն, դրանով հրավիրելով Նրա ուսուցանող ու վկայող ազդեցությունը: Ծնողներն ունեն սրբազան պարտականություն՝ օգնել երեխաներին գործել և ուսում փնտրել հավատքով: Եվ երեխան երբեք չափազանց փոքր չէ ուսուցման այս բնորոշ օրինակին մասնակցելու համար:

Մարդուն ձուկ տալը կերակրում է նրան մեկ անգամ: Մարդուն ձուկ բռնել սովորեցնելը կերակրում է նրան ամբողջ կյանքում: Որպես ծնողներ և ավետարանի ուսուցիչներ ես և դուք չպետք է լինենք ձուկ բաժանողներ. ավելի շուտ մեր աշխատանքն է օգնել մեր երեխաներին սովորել «ձուկ բռնել» և դառնալ հոգևորապես կայուն: Այս կարևորագույն նպատակը լավագույնս իրականացվում է, երբ մենք խրախուսում ենք մեր երեխաներին ներգործել ճիշտ սկզբունքների համաձայն, օգնելով նրանց սովորել այդպես անել: Եթե մարդ կատարի նրա կամքը, նա կիմանա վարդապետության մասին, թե արդյոք այն Աստծուց է (տես Հովհաննես Է.17): Այսպիսի ուսուցումը պահանջում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ուժերի լարում և ոչ միայն պասիվ ընդունում:

Երեխաներին որպես ավետարանն ուսումնասիրողներ ներգործել, և ոչ թե լոկ ներգործվել, հրավիրելը կառուցվում է Մորմոնի Գիրքը կարդալու ու քննարկելու և ընտանիքում անմիջականորեն վկայություն բերելու վրա: Պատկերացրեք մի ընտանեկան երեկո, որտեղ երեխաները հրավիրված են և որտեղ ակնկալվում է, որ նրանք պատրաստված կգան հարցեր տալու այն մասին, ինչ նրանք կարդում և սովորում են Մորմոնի Գրքում, կամ վերջերս ավետարանը քննարկելիս կամ տանը անմիջական վկայություն բերելիս հատուկ ուշադրության արժանացած հարցի շուրջ: Եվ պատկերացրեք, թե ինչ կլինի հետո, երբ երեխաները հարցեր տան, իսկ ծնողները պատշաճորեն պատրաստ չլինեն պատասխանելուն: Որոշ ծնողների նման անծրագրավորված ընտանեկան երեկոն կարող է վախեցնել: Բայց լավագույն ընտանեկան երեկոները պարտադիր չէ, որ նախապատրաստված լինեն, կամ համառոտ շարադրված նյութերի ու ցուցադրական պարագաների փաթեթ ունենան: Ի՜նչ հիանալի հնարավորություն է ընտանիքի անդամների համար սուրբ գրությունները միասին ուսումնասիրելը և Սուրբ Հոգու կողմից ուսուցանվելը: «Քանզի քարոզիչն ավելի լավը չէր, քան ունկնդիրը. ոչ էլ ուսուցիչն էր ինչ-որ չափով ավելի լավը, քան սովորողը, … և բոլորն աշխատում էին՝ յուրաքանչյուրն իր ուժի համաձայն» (Ալմա 1.26):

Ես և դուք, օգնու՞մ ենք մեր երեխաներին դառնալ գործակալներ, ովքեր գործում են և ուսում են փնտրում, ուսումնասիրելով և հավատքով, կամ սովորեցրե՞լ ենք արդյոք մենք մեր երեխաներին համբերատար սպասել ուսուցում ստանալուն և ներգործվելուն: Որպես ծնողներ, մի՞թե մենք հիմնականում տալիս ենք մեր երեխաներին հոգևոր ձկանը համարժեք ուտելիք, թե՞ մենք շարունակաբար օգնում ենք նրանց ներգործել, ինքնուրույն սովորել, հաստատուն ու անխախտ կանգնել: Օգնու՞մ ենք արդյոք մենք մեր երեխաներին ջերմեռանդ ներգրավված լինել, երբ խնդրում ենք, փնտրում ենք և թակում ենք (տես 3 Նեփի 14.7):

Հոգևոր հասկացողությունը, որ ես և դուք օրհնվել ենք ստանալու, և որը հաստատվել է որպես ճշմարտություն մեր սրտերում, չի կարող պարզապես տրվել մեր երեխաներին: Ջանասիրության ու ուսումնասիրելով և նաև հավատքով ուսում փնտրելու վարձ պետք է վճարվի այսպիսի գիտելիք ստանալու և անձամբ «ունենալու» համար: Միայն այս ճանապարհով կարող է այն, ինչ գիտես մտքում, զգաս սրտում: Միայն այսպես կարող է երեխան առաջ անցնել հույսը ծնողների ու մեծերի հոգևոր գիտելիքների ու փորձի վրա դնելուց և հավակնել այդ օրհնություններն իր իսկ համար: Միայն այսպես կարող են մեր երեխաները հոգևորապես պատրաստվել մահկանացու կյանքի փորձություններին:

Խոստում և Վկայություն

Ես բերում եմ վկայությունը, որ այն ծնողները, ովքեր իրենց երեխաների հետ կանոնովոր կարդում ու խոսում են Մորմոնի Գիրքի մասին, ովքեր անմիջական կիսվում են իրենց վկայությամբ իրենց երեխաների հետ, և ովքեր հրավիրում են երեխաներին որպես ավետարանն ուսումնասիրողներ ներգործել, այլ ոչ միայն ներգործվել, կօրհնվեն աչքերով, որոնք կարող են տեսնել հեռուները (տես Մովսես 6.27), և ականջներով, որոնք կարող են լսել փողի ձայնը (Եզեկիել ԼԳ. 2–16): Հոգևոր խորաթափանցությունն ու ոգեշնչումը, որ դուք կստանաք այս երեք սուրբ սովորությունների համակցումից, ձեզ հնարավորություն կտան կանգնել աշտարակի վրա որպես պահապաններ ձեր ընտանիքների համար, «հսկելով բոլոր հարատևությամբ» (Եփեսացիս Զ.18)՝ ձեր ներկա ընտանիքի և ապագա սերունդների օրհնության համար: Ես այս խոստանում եմ և վկայում Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: