2010
Նա հարությո՜ւն է առել
Մայիս 2010


Նա հարությո՜ւն է առել

Դատարկ գերեզմանը Հոբի հարցի պատասխանն էր. «Մարդը թէ մեռնի՝ կապրի՞ նա դարձեալ»:

Նկար
President Thomas S. Monson

Սա նշանավոր նիստ էր: Բոլոր մասնակիցների կողմից, և խոսքի, և երաժշտության, որպես Եկեղեցու Նախագահ, ես այս պահին կասեմ միայն երկու խոսք, անգլերենում առավել կարևոր երկու խոսքերը: Քույր Չերիլ Լանթին և նրա խորհրդականներին, երգչախմբին, երաժիշտներին, խոսնակներին. «Շնորհակալություն ձեզ»:

Շատ տարիներ առաջ, լինելով Լոնդոնում՝ Անգլիա, ես այցելեցի ճանաչված Թեյտ պատկերասրահը: Սենյակներում ներկայացված էին Գեյնսբորոյի, Ռեմբրանտի, Կոնստեբլի և այլ հանրաճանաչ նկարիչների գործերը: Ես հիանում էի նրանց գեղեցկությամբ և գնահատում էի այն տաղանդը, որ պահանջվել էր նման գլուխգործոցներ ստեղծելու համար: Երրորդ հարկի մի խաղաղ անկյունում, սակայն, մի նկար կար, որը գրավեց ոչ միայն իմ ուշադրությունը, այլ նաև իմ սիրտը: Նկարիչ Ֆրանկ Բրեմլինի կտավին պատկերված էր դեպի ծովը նայող համեստ մի տնակ: Երկու կին՝ մայրը և բացակա ձկնորսի կինը, ողջ գիշեր արթուն էին մնացել և սպասել էին նրա վերադարձին: Գիշերն անցել էր, և նրանք եզրակացրել էին, որ նա ծովում կորել է և չի վերադառնա: Ծնկի իջաց և գլուխն իր սկեսուրի փեշերում թաքցրած, հարսն անհույս լաց էր լինում: Պատուհանի մարած մոմը վկայում էր անպտուղ անքնության մասին:

Ես զգում էի երիտասարդ կնոջ սրտի ցավը, ես զգում էի նրա վիշտը: Իր կտավի վրա գրած նկարչի վառ երևացող մակագրությունը նկարագրում էր ողբերգական պատմությունը. Անհույս արշալույս:

Օ՜, ի՜նչ մխիթարության կարիք ուներ երիտասարդ կինը, այսինքն՝ Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի «Ռեքվիեմի» իրականությունը.

Տանն է ձկնորսը՝ եկել է ծովից,

Տանն է որսորդը՝ եկել է սարից1:

Մահկանացու կյանքի բոլոր փաստերից ամենաորոշակին նրա վերջն է: Մահը գալիս է բոլորին. Դա մեր «համընդանուր ժառանգությունն է: Նրա պահանջվող զոհը կարող է լինել թե՛ մանուկը, թե՛ երիտասարդը. [այն կարող է] այցելել մեզ կյանքի ծաղկունքում, կամ նրա կանչը կարող է հետաձգվել մինչև տարիների ձյունը … մեր գլխին հավաքվելը. այն կարող է գալ պատահարի կամ հիվանդության արդյունքում … կամ … բնական պատճառով, բայց միևնույնն է, այն գալու է»2: Այն անխուսափելիորեն ներկայացնում է ընկերության ցավոտ կորուստ, և մասնավորապես, երիտասարդի տարիքում, ջախջախիչ հարված հասցնում չիրականացած երազանքներին, չիրագործված ձգտումներին և չկատարված հույսերին:

Ո՞ր մահկանացու էակն է, որ դիմագրավելով հարազատի կորստին կամ, իսկապես, կանգնելով անսահմանության շեմին, չի մտածել, թե ինչ է ընկած վարագույրի ետևում, որը բաժանում է տեսանելին անտեսանելիից:

Դարեր առաջ Հոբը, այդքան երկար օրհնված լինելով նյութական միջոցներով, հետո դառնորեն չարչարվելով բոլոր հնարավոր մարդկային փորձություններով, նստեց իր ընկերների հետ և արտասանեց բոլոր ժամանակների հավերժական հարցը. «Մարդը թէ մեռնի՝ կապրի՞ նա դարձեալ»3: Հոբն հարցրեց այն, ինչի մասին խորհել է ամեն երկրորդ մարդ:

Զատիկի այս առավոտ ես կցանկանայի խոսել Հոբի հարցի մասին, «Մարդը թէ մեռնի՝ կապրի՞ նա դարձեալ», և տալ այն պատասխանը, որը գալիս է ոչ միայն մտախոհ խորհրդածություններից, այլ նաև Աստծո հայտնված խոսքից: Ես կսկսեմ հիմունքներից:

Եթե աշխարհը, որ մենք ապրում ենք, նախագիծ ունի, պետք է որ Նախագծող լինի: Ո՞վ կարող է նայել տիեզերքի բազում հրաշքներին, չհավատալով, որ նախագիծ կա բոլոր մարդկանց համար: Ո՞վ կարող է կասկածել, որ կա Նախագծող:

Ծննդոց գրքում մենք սովորում ենք, որ Մեծ Նախագծողը ստեղծեց երկինքը և երկիրը: «Եվ երկիրն անձեւ ու դատարկ էր. և խաւար կար անդունդի վերայ»:

«Թող լոյս լինի, – ասաց Մեծ Նախագծողը,– եւ լոյս եղաւ»: Նա ստեղծեց հաստատությունը: Նա ցամաքը ջրերից առանձնացրեց և ասաց. «Թող երկիրը կանաչ խոտ բուսեցնի … իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի»:

Նա երկու լուսատուներ ստեղծեց՝ արևը և լուսինը: Նրա նախագծով առաջացան աստղերը: Նա պահանջեց, որ ջրերը լցվեն կենդանի զեռուններով և թռչուններ թռչեն երկրի վրա: Եվ այդպես եղավ: Նա արարեց կենդանիներին, գազաններին և սողուններին: Նախագիծը գրեթե կատարված էր:

Ամենավերջում, Նա ստեղծեց մարդուն Իր պատկերով՝ տղամարդ և կին, իշխանություն տալով բոլոր մյուս կենդանի էակների վրա4:

Միայն մարդը ստացավ բանականություն՝ ուղեղ, միտք և հոգի: Միայն մարդը, այս հատկանիշներով, ուներ հավատքի և հույսի, ոգեշնչման և աճի կարողություն:

Ո՞վ կարող է պատճառ ունենալ վիճելու, որ մարդը՝ Մեծ Նախագծողի ազնվագույն ստեղծագործությունը, բոլոր ապրող էակների իշխանը՝ ուղեղով ու կամքով, մտքով ու հոգով, բանականությամբ ու հոգևորությամբ, պետք է վերջանա, երբ հոգին թողնում է իր երկրային տաճարը:

Մահվան իմաստն ըմբռնելու համար, մենք պետք է գնահատենք կյանքի նպատակը: Հավատքի աղոտ լույսը պետք է տեղի տա հայտնության կեսօրվա արևին, որով մենք իմանում ենք, որ նախքան մահկանացու ծնունդը մենք ապրել ենք: Մեր նախաերկրային վիճակում անկասկած մենք Աստծո որդիների ու դուստրերի թվում էինք, որոնք ուրախությունից ցնծում էին հնարավորության համար, որ պիտի անցնենք այս դժվար, բայց անհրաժեշտ մահկանացու գոյավիճակը5: Մենք գիտեինք, որ մեր նպատակն էր ֆիզիկական մարմին ստանալ, որպեսզի հաղթահարենք փորձությունները և ապացուցենք, որ մենք կպահենք Աստծո պատվիրանները: Մեր Հայրը գիտեր, որ մահկանացու կյանքի էությունից ելնելով մենք կփորձվենք, մեղք կգործենք և կատարելությունից կզրկվենք: Որպեսզի մենք հաջողության հնարավորություն ունենանք, Նա նախատեսեց Փրկիչ, որը կտանջվեր և կմահանար մեզ համար: Նա ոչ միայն կքավեր մեր մեղքերը, այլ որպես այդ Քավության մաս, Նա նաև կհաղթահարեր ֆիզիկական մահը, որին մենք ենթակա կլինեինք Ադամի Անկման պատճառով:

Այդպես, ավելի քան 2000 տարի առաջ, Բեթլեհեմի փարախներից մեկում դեպի մահկանացու կյանք ծնվեց Քրիստոսը՝ մեր Փրկիչը: Երկար կանխագուշակված Մեսիան եկել էր:

Շատ քիչ է գրվել Հիսուսի պատանեկության մասին: Ինձ դուր են գալիս Ղուկասի գրվածները. «Եվ Յիսուսը զարգանում էր իմաստութեամբ եւ հասակով եւ շնորհքով Աստծոյ ու մարդկանց առջեւ»:6 Եվ Գործք գրքից Փրկչի մասին ահռելի նշանակություն ունեցող մի փոքր հատված. «[Նա] գնաց բարի գործելով»:7

Հորդանան գետում Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Նա կանչեց տասներկու Առաքյալներ: Նա օրհնեց հիվանդներին: Նա կաղերին քայլել տվեց, կույրերին՝ տեսողություն, խուլերին՝ լսողություն: Նա նույնիսկ մահացածին կենդանացրեց: Նա ուսուցանեց, Նա վկայեց, և Նա կատարյալ օրինակ թողեց մեզ համար, որ հետևենք:

Եվ ապա Փրկչի մահկանացու առաքելությունը մոտեցավ ավարտին: Վերջին ընթրիքը եղավ վերնատանը՝ Իր Առաքյալների հետ: Առջևում Գեթսեմանին էր և Գողգոթայի խաչը:

Ոչ մի մահկանացու լիովին չի կարող ըմբռնել այն, ինչ արեց մեզ համար Քրիստոսը՝ Գեթսեմանիում: Ավելի ուշ՝ Նա Անձամբ նկարագրեց այդ փորձառությունը. «Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով»8:

Գեթսեմանիի տվայտանքներից հետո, այժմ ուժասպառ եղած, Նրան բռնեցին կոպիտ, դաժան ձեռքերը և տարան Աննա քահանայապետի, Կայափայի, Պիղատոսի և Հերովդեսի մոտ: Նրան մեղադրեցին և հայհոյեցին: Դաժան հարվածներն ավելի շատ թուլացրեցին Նրա ցավից հեվացող մարմինը: Նրա գլխին սեղմած դաժան փշե պսակը ծակում էր ճակատը և նրա դեմքով արյուն էր հոսում ցած: Եվ ապա, ևս մեկ անգամ, Նրան տարան Պիղատոսի մոտ, որը զիջեց կատաղի ամբոխի աղաղակները. «Խաչիր նրան, խաչիր նրան»9:

Նրան խարազանեցին մտրակով, որի կաշվե փնջերին մետաղե և ոսկրե սուր ատամներ էին հյուսված: Վեր կենալով դաժան խարազանից, սայթակող քայլերով Նա տարավ Իր իսկ խաչը, մինչև որ այլևս չկարողացավ քայլել և մեկ ուրիշն իր ուսերին վերցրեց Նրա բեռը:

Վերջապես Գողգոթա կոչվող բլրին, մինչ անօգնական հետևորդները դիտում էին, Նրա խոցված մամինը բևեռեցին խաչի վրա: Անողորմ ձևով Նրան ծաղրում էին և հայհոյում և նվաստացնում: Այնուամենայնիվ, Նա կանչեց. «Հայր, թողիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»10:

Տվայտանքի ժամերն անցնում էին, մինչ Նրա կյանքը ետ էր գնում: Իր ցամաքած շուրթերով նա ասաց. «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում. և այս ասելով, հոգին տվավ»11:

Երբ բարեգութ մահվան անդորրը և մխիթարությունը Նրան ազատեցին մահկանացու տանջանքներից, Նա վերադարձավ Իր Հոր ներկայությունը:

Վերջին պահին Վարդապետը կարող էր ետ դառնալ: Սակայն Նա չարեց դա: Նա անցավ բոլոր բաներով, որպեսզի փրկի բոլորին: Նրա կյանքից զրկված մարմինը արագ, բայց հոգատար ձևով դրվեց վարձու վերցված գերեզմանում:

Քրիստոնյա գրականության ոչ մի խոսք ավելի մեծ նշանակություն չունի ինձ համար, քան այն բառերը, որոնք հրեշտակն ասաց Մարյամ Մագդաղենացուն և մյուս Մարյամին, երբ շաբաթվա առաջին օրը նրանք մոտեցան գերեզմանին, որպեսզի հոգան իրենց Տիրոջ մարմնի մասին: Հրեշտակն ասաց.

«Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում:

Նա այստեղ չէ, այլ հարություն առավ»12:

Մեր Փրկիչը կրկին ապրում էր: Մարդկության պատմության ամենափառահեղ, մխիթարող և հույս ներշնչող իրադարձությունը՝ մահվան դեմ հաղթանակը, տեղի էր ունեցել: Գեթսեմանիի և Գողգոթայի ցավը և տվայտանքը մաքրվել էին: Մարդկության փրկությունը ապահովվել էր: Ադամի Անկումն ուղղվել էր:

Զատիկի այդ առաջին առավոտյան, դատարկ գերեզմանը Հոբի հարցի պատասխանն էր. «Մարդը թէ մեռնի՝ կապրի՞ նա դարձեալ»: Իմ ձայնը լսող բոլոր մարդկանց ես հայտարարում եմ՝ Մարդը թե մեռնի, կրկին կապրի: Մենք դա գիտենք, քանի որ ունենք հայտնված ճշմարտության լույսը: «Ուրեմն որովհետև մարդով եկավ մահը, և մարդով էլ մեռելների հարությունը: Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը պիտի կենդանանան»13:

Ես կարդացել եմ,– և ես հավատում եմ,– նրանց վկայություններին, ովքեր զգացել են Քրիստոսի Խաչելության ցավը և Նրա Հարության ուրախությունը: Ես կարդացել եմ,– և ես հավատում եմ,– Նոր Աշխարհում ապրած մարդկանց վկայությունները, որոնց այցելեց հարություն առած Տերը:

Ես հավատում եմ այն մարդու վկայությանը, որն արդի տնտեսության ժամանակ խոսեց Հոր և Որդու հետ մի պուրակում, որն այժմ սրբազան է կոչվում, և որը տվեց իր կյանքը՝ կնքելով իր վկայությունն իր արյամբ: Հայտարարել է նա.

«Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է:

Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է»14:

Մահվան խավարը միշտ կարող է ցրվել հայտնված ճշմարտության լույսով. «Ես եմ հարությունը և կյանքը», - ասել է Վարդապետը: 15 «Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»16:

Տարիներ շարունակ ես լսել և կարդացել եմ անհաշվելի թվով վկայություններ, լսել եմ մարդկանց, որոնք ինձ վկայել են Հարության իրականության մասին, և որոնք, իրենց ամենամեծ կարիքի ժամին ստացել են Փրկչի կողմից խոստացված խաղաղությունը և մխիթարությունը:

Ես կնշեմ այդ պատմություններից մեկից միայն մի մասը: Երկու շաբաթ առաջ ես մի ազդեցիկ նամակ ստացա յոթ երեխայի հորից, որը գրել էր իր ընտանիքի, և մասնավորապես, իր որդու՝ Ջեյսոնի մասին, որը 11 տարեկանում հիվանդություն էր ձեռք բերել: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նրա հիվանդությունը մի քանի անգամ կրկնվում էր: Հայրը պատմում էր, որ չնայած իր հիվանդությանը, Ջեյսոնը դրական վերաբերմունք և ուրախ խառնվածք ուներ: 12 տարեկանում Ջեյսոնը ստացավ Ահարոնյան Քահանայություն և «միշտ պատրաստակամությամբ և գերազանց կատարում էր իր պարտականությունները, անկախ նրանից, թե ինքը լավ էր զգում, թե ոչ»: 14 տարեկանում նա ստացավ Սկաուտական Արծիվ մրցանակը:

Անցյալ ամառ, Ջեյսոնի 15-րդ տարեդարձից քիչ անց, նա ևս մեկ անգամ կրկին պառկեց հիվանդանոց: Ջեյսոնին տեսակցելու մի այցելության ժամանակ նրա հայրը նրան գտավ աչքերը փակ: Չիմանալով՝ արդյոք Ջեյսոնը քնած էր, թե արթուն, նա սկսեց մեղմորեն խոսել նրա հետ. «Ջեյոն,– ասաց նա,– գիտեմ, որ շատ բաների միջով ես անցել քո կարճ կյանքում, և որ քո ներկայիս վիճակը դժվար է: Չնայած որ դու մեծ պայքար ունես առջևում, ես չեմ ցանկանում, որ դու երբևէ կորցնես քո հավատքն առ Հիսուս Քրիստոս»: Նա ասաց, որ անակնկալի եկավ, երբ Ջեյսոնն անմիջապես բացեց իր աչքերը և հստակ, վճռական ձայնով ասաց. «Երբե՛ք»: Ապա Ջեյսոնը փակեց աչքերը և չասեց ոչ մի բառ:

Հայրը գրում է. «Այդ պարզ հայտարարությամբ Ջեյսոնն արտահայտեց երբևէ իմ լսած ամենազորավոր, մաքուր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին…: Մինչ նրա «Երբե՛քն» այդ օրը տպվեց իմ հոգում, իմ սիրտը լցված է ուրախությամբ, որը իմ Երկնային Հայրն ինձ օրհնել էր լինել այդպիսի մեծ և ազնվազարմ տղայի հայրը:… Դա Քրիստոսի մասին նրա վերջին վկայությունն էր»:

Չնայած որ ընտանիքը սպասում էր, որ դա կլինի հերթական հիվանդանոցային բուժումը, Ջեյսոնը մահացավ դրանից մոտ երկու շաբաթ անց: Նրա ավագ եղբայրն ու քույրն այդ ժամանակ միսիայի ծառայության մեջ էին: Մյուս եղբայրը՝ Քայլը, հենց նոր էր ստացել իր միսիայի կոչումը: Իրականում, կոչումը նախատեսվածից շուտ էր եկել, և օգոստոսի 5-ին, Ջեյսոնի մահվանից մեկ շաբաթ առաջ, ընտանիքը հավաքվել էր հիվանդանոցում, որպեսզի բոլորը ներկա լինեն, երբ Քայլը կբացի իր կոչման ծրարը:

Ինձ ուղարկած այս նամակում, հայրը դրել է Ջեյսոնի նկարը հիվանդանոցի մահճակալում, իր խոշորակազմ եղբոր՝ Քայլի հետ, որի ձեռքին իր միսիայի կոչումն է: Նկարի տակ գրվել է այս մակագրությունը. «Կանչված ենք ծառայելու միսիայում միասին՝ վարագույրի երկու կողմում»:

Միսիայում ծառայող Ջեյսոնի եղբայրը և քույրը գեղեցիկ նամակներ էին գրել տուն, որպեսզի կարդացվի Ջեյսոնի թաղմանը: Նրա քույրը, որ ծառայում է Արգենտինայի Բուենոս Այրեսի արևմտյան Միսիայում, որպես իր նամակի մաս գրել է. «Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և քանի որ Նա ապրում է, մենք բոլորս, այդ թվում նաև իմ սիրելի Ջեյսոնը, կրկին կապրենք…: Մենք կարող ենք մխիթարվել համոզիչ գիտելիքով, որ ունենք, որ մենք միասին կնքվել ենք որպես հավերժական ընտանիք…: Եթե մենք անենք մեր լավագույնը, որպեսզի հնազանդվենք և լավագույնն անենք այս կյանքում, մենք կրկին կտեսնենք [նրան]»: Նա շարունակել է. «Մի սուրբ գրություն, որը երկար ժամանակ սիրել եմ, այժմ ավելի մեծ նշանակություն և կարևորություն է ձեռք բերում ինձ համար:… Հայտնություն 21 գլուխ, 4-րդ հատված. «Եվ կջնջե Աստված բոլոր արտասունքը նրանց աչքերից, և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ, և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան»»:

Իմ եղբայրներ և քույրեր, մեր ամենախոր վշտի ժամին, մենք կարող ենք լիակատար խաղաղություն ստանալ Զատիկի առավոտյան հրեշտակի ասած խոսքերից. «Նա այստեղ չէ. այլ հարություն առավ»:17

Հիսուս հարյավ, Հիսուս հարյավ,

Ուրախ ձայնով ասացեք,

Նա մութ բանտից ազատվեցավ,

Երկիր, երկինք, ցընծացեք:

Մարդն ազատ է, մահն հաղթված,

Հիսուսն հաղթող հռչակված:18

Որպես երկրի վրա ապրող Նրա հատուկ վկաներից մեկը՝ Զատիկի այս փառահեղ կիրակի օրը ես հայտարարում եմ, որ այս ամենը ճշմարիտ է, նրա սրբազան անունով, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Robert Louis Stevenson, “Requiem,” in An Anthology of Modern Verse, ed. A. Methuen (1921), 208.

  2. James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 20.

  3. Հոբ 14.14:

  4. Sես Ծննդոց Ա.1–27:

  5. Sես Հոբ 38.7:

  6. Ղուկաս Բ.52:

  7. Գործք Ժ.38:

  8. Վարդապետություն և Ուխտեր 19.18:

  9. Ղուկաս ԻԳ.21:

  10. Ղուկաս ԻԳ.34:

  11. Ղուկաս ԻԳ 46:

  12. Ղուկաս ԻԴ. 5, 6:

  13. Ա Կորնթացիս ԺԵ.21, 22:

  14. Վարդապետություն և Ուխտեր 76.22, 23:

  15. Հովհաննես ԺԱ.25:

  16. Հովհաննես ԻԴ.27:

  17. Մատթեոս ԻԸ.6:

  18. “He Is Risen!” Hymns, no. 199.