2010
Սիրով կապված սերունդներ
Մայիս 2010


Սիրով կապված սերունդներ

Ընտանեկան կապերի մեր բնածին փափագը բավարարվում է, երբ մենք կապվում ենք մեր նախնիներին տաճարի սուրբ արարողությունների միջոցով:

Նկար
Elder Russell M. Nelson

Զատիկի կամ Սուրբ ծննդյան ժամանակ մեր ստացած նամակները թարմ հիշողություններ են արթնացնում կապված մեր թանկագին ընկերների ու բարեկամների հետ: Որոշ նամակներում լինում են նաև հրաշալի ընտանեկան նկարներ: Ահա դրանցից մեկը, որ լիովին գրավեց իմ ուշադրությունը:

Սա մեր ծոռնուհիներից մեկն է: Ես նրան կկոչեմ «Թանկագին Ռուբի»: Այս նկարը ինձ հիշեցրեց նրա մորը, երբ նա մոտավորապես այդ տարիքին էր: Ես գտել եմ նաև «Թանկագին Ռուբիի» մոր` մեր թոռնուհիներից մեկի նկարը:

«Թանկագին Ռուբիի» մոր այս նկարը ես հանել եմ մոտ 29 տարի առաջ: Նրա աչքերը մնացել են ճիշտ այսպես կապույտ:

Կես դար առաջվա հաճելի հուշեր հայտնվեցին, երբ «Թանկագին Ռուբիի» տատիկը, մեր աղջիկներից մեկը, մեր ընտանիքի ամենակրտսեր անդամն էր: Սա նրա մանկության նկարներից մեկն է: Այժմ նա մի հրաշալի տատիկ է, իսկ ես «Թանկագին Ռուբիի» մեծ պապիկն եմ: (Ես ձեզ ցույց չեմ տա իմ մանկության նկարը: Այն ոչնչով չի օգնի:) Այս նկարները հուշում են այն սիրո մասին, որ իրար է կապում մեր չորս սերունդները:

Երբ ես մտածում եմ այն սիրո մասին, որով սիրում եմ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի, ես որոշ չափով զգում եմ այն սերը, որ մեր Երկնային Հայրն ունի Իր զավակների հանդեպ: Մինչդեռ ամբողջ աշխարհում ընտանիքը գտնվում է վտանգի տակ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտոնապես հայտարարում, օժանդակում և պահպանում է այն ճշմարտությունը, որ ընտանիքն առանցքային է Արարչի ծրագրում՝ նվիրված Իր զավակների հավերժական ճակատագրին: «Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին» և մեր ընտանեկան պատմությանը նվիրված հսկայական ջանքերը ընդամենը երկու փաստեր են, թե ինչպես է այս Եկեղեցին հույս և օգնություն բերում այնպիսի սուրբ հաստատությանը, ինչպիսին ընտանիքն է:

Մենք սովորեցնում ենք, որ Աստծո սերն Իր զավակների հանդեպ անսահման է: Անկախ ազգությունից կամ սեռից, Նա սիրում է բոլորին:1 Նա այդպես է վարվել հենց սկզբից և այդպես էլ կշարունակի անել: Նա հրավիրում է բոլորին ստանալ հավերժական վեհացում իրենց ընտանիքների համար: Նրա գործը և Նրա փառքն է՝ իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը` վեհացումը:2 «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին որդին տվավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»:3

Իր Սիրելի Որդու Քավությամբ հնարավոր դարձավ իրականացնել Հոր երկու նպատակները: Առանց Քավության չէր լինի անմահություն: Առանց Քավության չէր լինի վերադարձ դեպի Հոր ներկայություն և ընտանիքը չէր շարունակվի գերեզմանից այն կողմ:

Քավության շնորհիվ այս մեծագույն օրհնությունները կարող են ըմբռնելի լինել Աստծո յուրաքանչյուր զավակի համար, ով հնազանդվում է Նրա հավերժական օրենքներին: Դարեր շարունակ Նրա զավակներից շատերը հնարավորություն են ունեցել օգտվելու ավետարանի օրհնություններից, սակայն մեծամասնությունը զուրկ է եղել դրանցից: Մինչև աշխարհի ստեղծումը մեր Երկնային Հայրը հաստատեց մկրտության արարողությունը նրանց համար, ովքեր մահանում են առանց ավետարանի գիտելիքների:4 Նա այդ զավակներին նույնպես սիրում է:

Նա նրանց համար նույնպես ճանապարհ է պատրաստել, որ հավերժական ընտանիքի մասը լինեն: Յուրաքանչյուր մարդկային էակ, ով գալիս է այս աշխարհ, ծնողների սերնդի հետնորդ է: Մենք մեր նախնիների հետ միանալու բնական փափագ ունենք: Այս ցանկությունն ապրում է մեր սրտերում՝ անկախ տարիքից:

Խորհեք այն հոգևոր կապի մասին, որը ձևավորվում է այն պահին, երբ երիտասարդ կինը օգնում է իր տատիկին համակարգչի մեջ իրենց գերդաստանի վերաբերյալ տեղեկություններ մտցնել, կամ երբ երիտասարդ տղան տեսնում է իր մեծ պապիկի անունը մարդահամարի արձանագրություններում: Երբ մեր սրտերը դառնում են դեպի մեր նախնիները, ինչ-որ բան փոխվում է մեր մեջ: Մենք մեզ մաս ենք զգում ինչ-որ ավելի կարևոր մի բանի: Ընտանեկան կապերի մեր բնածին փափագը բավարարվում է, երբ մենք կապվում ենք մեր նախնիներին տաճարի սուրբ արարողությունների միջոցով:

Այս գործի կարևորության պատճառով, Եկեղեցին տաճարներ է կառուցել մարդկանց ավելի մոտ,5 և ընտանեկան պատմության ուսումնասիրությունը բավականին հեշտացվել է: Տաճարի արարողությունների համար անուններ գտնելու ու պատրաստելու մեթոդները նույնպես կատարելագործվում են: 2005թ. հոկտեմբերի համաժողովին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի առաջընթացի ոգևորիչ քայլ հայտարարեց: Նա ասաց. «Մեր տաճարային գործունեության ամենաանհանգստացնող հարցն այն է, որ որքան շատ տաճարներ ենք մենք ունենում աշխարհով մեկ ,այնքան ավելանում են կրկնորդումները … Ուստի, մի որոշ ժամանակ մենք այս շատ կարևոր խնդրով էինք զբաղված … Խնդրի լուծումը կախված է համակարգչային բարդ տեխնոլոգիաներից»:6

Դրանից հետո ոչ միայն կրկնորդումներն են նվազել, այլ նաև արարողակարգերն են պարզեցվել, որպեսզի Եկեղեցու գրեթե յուրաքանչյուր անդամ կարողանա մասնակցել տաճարի և ընտանեկան պատմության աշխատանքին: Անցել են այն օրերը, երբ այս սուրբ աշխատանքը կատարվում էր միայն մասնագետների կողմից: Անկախ ձեր իրավիճակից, դուք կարող եք ընտանեկան պատմությունը դարձնել ձեր կյանքի մի մասը հենց հիմա: Երեխաները կարող են նկարել մի տոհմածառ: Պատանիները կարող են մահացածների համար մկրտությունների մասնակցել: Նրանք կարող են նաև օգնել մեծահասակներին համակարգչով աշխատելիս: Ծնողները կարող են իրենց կյանքից պատմություններ պատմել իրենց ժառանգներին: Արժանի չափահաս անդամները կարող են տաճարի երաշխավորագիր ունենալ և տաճարային արարողություններ անել իրենց իսկ ազգականների համար:

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն ասել է.«Այս աշխարհում ամենամեծ պարտականությունը, որ Աստված դրել է մեզ վրա, դա մեր մահացածներին փնտրելն է»:7 Ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են այդ պարտականության կատարումը ավելի, քան երբևէ: Տաճարի և ընտանեկան պատմության աշխատանքը այժմ հեշտացվել է նոր FamilySearch համակարգի օգնությամբ:8 Համացանցի վրա հիմնված այս համակարգը օգնում է անդամներին գտնել իրենց նախնիներին, պարզել, թե ինչ արարողություններ պետք է կատարվի նրանց համար, և պատրաստել նրանց անունները տաճարի համար: Դրան կարելի է միանալ տանը, ընտանեկան պատմության կենտրոնում,9 կամ ցանկացած այլ վայրում, որտեղ որ համացանցի հնարավորություն կա: Այս քայլերին հեշտ է հետևել:10

Դուք առաջինը նշում եք այն անհատներին, ում համար ցանկանում եք տաճարային աշխատանք կատարել:

Այնուհետև դուք պատճենահանում եք Ընտանեկան Արարողությունների Հարցաթերթիկը: Այս փաստաթուղթը տաճարում պետք եկող տեղեկություններ է տրամադրում և վերացնում է համակարգչային սկավառակներ ձեր հետ տանելու կարիքը:

Ընտանեկան Արարողությունների Հարցաթերթիկից տաճարում տպում են արարողության թերթիկներ: Արարողության կատարումից հետո հենց այդ նույն օրը այն գրանցվում է և մուտքագրվում նոր FamilySearch:

Այժմ, ի՞նչ կանեն ձեզնից նրանք, ովքեր մուտք չունեն համակարգիչ կամ ովքեր նախընտրում են չօգտագործել այս տեխնոլոգիան: Մի՛ անհանգստացեք: Աստիճանաբար ամեն ինչ կարվի: Սկսեք տանը: Սկսեք դատարկ ստվարաթղթե տուփից, ինչպես խորհուրդ է տվել Նախագահ Բոյդ Ք. Փաքերը:11 Այդ տուփում դրեք կարևոր տեղեկություններ ձեր և ձեր ընտանիքի մասին: Տվյալներ ավելացրեք, որոնք ստացել եք ձեր ընտանիքի մյուս անդամներից: Այնուհետև թույլ տվեք, որ ձեր ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուն ձեզ օգնի: Նոր FamilySearch համակարգը խորհրդատուին հնարավորություն է տալիս ձեզ իրականացնել բոլոր պահանջվող համակարգչային գործողությունները, ներառյալ տաճարի համար անունների պատրաստումը: Մոտ 60000 խորհրդատուներ են ծառայում աշխարհով մեկ: Ձեր ծխում կամ ճյուղում այդպիսի մեկը կարող է ձեզ շատ օգտակար լինել:

Նոր FamilySearch համակարգը փոխում է ընտանեկան պատմության գործընթացը, աշխատելով ստեղծել մեկ ընդհանուր տոհմածառ: Անցյալում անհատն առանձին էր աշխատում՝ պահելով իր իսկ ընտանիքի գրառումները: Հաճախ մեկն աշխատում էր՝ առանց իմանալու, թե ինչ են անում ընտանիքի մյուս անդամները: Այժմ յուրաքանչյուր անհատ կարող է տեղեկություն մուտքագրել, միաժամանակ համակարգելով մյուսների հետ իրենց տոհմածառի զարգացումը:

Չնայած, որ նոր FamilySearch-ը հսկայական քայլ է դեպի առաջ, այն դեռևս միայն մի քայլ է: Առջևում դեռ շատ աշխատանք կա: Քանի որ համակարգը հեշտացրել է մուտքը դեպի տասնամյակների ընթացքում տարբեր աղբյուրներից Եկեղեցուն ներկայացրած տեղեկությունները, նոր FamilySearch-ը կարող է բացահայտել կրկնորդումների մուտքագրումը կամ սխալները, որոնք նախկինում չեն նկատվել: Այս առանձնահատկությունը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ունեն նախնիներ վաղ շրջանի պիոներների մեջ: Կրկնորդումներն ու սխալները պետք է շտկել, և ոչ ոք չի կարող դա ավելի լավ անել, քան յուրաքանչյուր անհատ իր իսկ ընտանիքի համար:

Դուք կարող է հուսախաբ լինեք, երբ աշխատելիս հանդիպեք այսպիսի դժարությունների: Խնդրում եմ վստահ եղեք, որ ձեր մտահոգությունները լավ հասկացվում են: Եկեղեցին, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ոգեշնչված առաջնորդության ներքո, ջանասիրաբար օգնում են ձեզ այս խնդիրները լուծելիս: Միասին մենք փորձում ենք տոհմածառ կազմել Աստծո բոլոր զավակների համար: Սրանք վիթխարի ջանքեր են՝ վիթխարի պարգևատրությամբ:

Սա ուրախալի աշխատանք է: Նայեք այս նորադարձների նկարին, որոնք տաճարային աշխատանք են կատարում իրենց ազգականների համար: Այս թանկագին Սրբերը Իլոպանգոյից են, էլ Սալվադոր Ցցից: Նրանք առաջին անգամ այցելել են Գվատեմալա Սիթի Տաճար: Նրանք բռնել են իրենց տաճարային թերթիկները՝ յուրաքանչյուրը մահացած ազգականի անունով, ում համար որ նրանք կատարել են փոխմկրտություն:

Որպեսզի Եկեղեցու ընտանեկան պատմության նպատակաուղղված համատեղ գործողությունները հաջողության հասնեն, միանգամայն անհրաժեշտ են քահանայության ցուցումներն ու առաջնորդությունը: Ղեկավարները սովորեցնում ու վկայում են այս սրբազան աշխատանքի հիմքում ընկած վարդապետության մասին:12 Նրանք կոչումներ են տալիս և հետևում ուսուցմանը:13 Նրանք տաճարը և ընտանեկան պատմության գործունեությունը դիտում են որպես իրենց ծխի ոգին բարձրացնող, նորադարձների հոգևոր արմատները ուժեղացնող, և բոլոր անդամների կյանքն օրհնող միջոց:

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը զորություն ունի օրհնելու ոչ միայն նրանց, ովքեր վարագույրի այն կողմում են, այլ նաև նրանց, ովքեր ապրում են: Այն ունի կատարելագործող ազդեցություն նրանց վրա, ովքեր զբաղվում են դրանով: Նրանք բառիս բուն իմաստով օգնում են իրենց ընտանիքներին վեհանալ:

Մենք վեհանում ենք, երբ մենք կարող ենք միասին ապրել մեր գերդաստանի հետ՝ Ամենազոր Աստծո ներկայության մեջ: Ջոզեֆ Սմիթ մարգարեն կանխատեսել էր մեր պարտականությունները. «Տիրոջ մեծ օրը մոտ է», ասել է նա: «Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությանբ ընծա մատուցենք Տիրոջը. և եկեք նրա սուրբ տաճարում, … ներկայացնենք մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության»:14

Այդ գրանցումների պատրաստումը մեր անհատական ու կոլեկտիվ պարտականությունն է: Երբ մենք միասին աշխատենք, մենք կարող ենք այն արժանի լինել Տիրոջ կողմից լիարժեք ընդունման: Այդ գրանցումը հնարավոր է դարձնում արարողությունների կատարումը մեր մահացած նախնիների համար և դրանց ընդունումը նրանց կողմից՝ ըստ իրենց ընտրության: Այդ արարողությունները կարող են ազատություն բերել գերիներին՝ վարագույրի մյուս կողմում: 15

Մեր երեխաները, թոռները, «Թանկագին Ռուբին» և մեր բոլոր ծոռնիկները կապված են սիրով: Նրանք նաև սիրով կապված են իրենց նախնիներին: Սրբազան արարողություններով զոդված այդ կապերը տանում են մեր ընտանիքների վեհացմանը: 16 Իմ աղոթքն է, որ այս սուրբ նպատակը հասկանալի լինի մեզնից յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես Ա Կորնթացիս ԺԲ 12.13, Գաղատացիս Գ.28, 2 Նեփի 26.33:

  2. Տես Մովսես 1.39:

  3. Հովհաննես 3.16:

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 124.33:

  5. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ասել է վերջերս, որ ամբողջ աշխարհում մեր անդամների 83 տոկոսն ապրում է տաճարների շուրջ 200 մղոն տրամագծով (տես «Բարի գալուստ համաժողով», Լիահոնա, Նոյեմբեր 2009, 4):

  6. Gordon B. Hinckley, “Opening Remarks,” Liahona, Nov. 2005, 5–6.

  7. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 475.

  8. Ներկայումս մատչելի է անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Մինչև տարվա վերջ մատչելի կլինի ճապոներեն, չինարեն և կորերեն:

  9. Մենք ունենք ավելի քան 4000 ընտանեկան պատմության կենտրոններ աշխարհով մեկ:

  10. Եթե դուք համակարգիչ ունեք, մտեք new.familysearch.org: Առաջին անգամ գրանցվելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ձեր անդամության համարը և ձեր ծննդյան ամսաթիվը: Դուք կարող եք իմանալ այս տվյալները ձեր ծխի կամ ճյուղի գործավարից: Համակարգին միանալուց հետո դուք կարող եք հավաստիանալ, որ ձեր նախնիները համակարգում կան և և ինչ տաճարային արարողություններ են անհրաժեշտ: Դուք կարող եք հանդիպել նախնիների անունների, որոնք մինչ այժմ ձեզ հայտնի չեն եղել, և ավելացնեք դրանք ձեր տոհմածառում: Պատճենահանեք Ընտանեկան Արարողությունների Հարցաթերթիկը տաճար տանելու համար և այսպիսով ճանապարհ բացեք անհրաժեշտ արարողությունները կատարելու համար:

  11. Տես «Ձեր Ընտանեկան Պատմությունը. Սկսվում է», Լիահոնա, Օգոստոս 2003, 12–17

  12. Ցցի նախագահության ղեկավարության ներքո նշանակած մեկ կամ ավելի բարձրագույն խորհրդականներ վերահսկում են տաճարի և ըհտանեկան պատմության աշխատանքը ցցում: Ծխի կամ ճյուղի մակարդակով բարձրագույն քահանաների խմբի ղեկավարը կամ երեցների քվորումի նախագահն է ղեկավարում: Պատճենահանված կամ առցանցային շատ ռեսուրսներ կարող են օգնել ընտանեկան պատմության խորհրդատուներին և քահանայության ղեկավարներին կատարել իրենց պարտականությունները:

  13. Օգնող նոր միջոցները ներառում են Member’s Guide to Temple and Family History Work և Instructor’s Guide DVD-ների հետ միասին: Ուղեցույցները կարելի է ներբեռնել կամ ուսումնասիրել համացանցում կամ պատվիրել Distribution Resource-ից lds.org կայքի միջոցով:

  14. Վարդապետություն և Ուխտեր 124.24:

  15. Տես Եսայիա ԿԱ.1, Ղուկաս Դ.18, Վարդապետություն և Ուխտեր 138.18, 31, 42:

  16. Տես Վարդապետություն և Ուխտեր 128.18: