2010
Հավիտյան երջանիկ ապրել
Մայիս 2010


Հավիտյան երջանիկ ապրել

Երկնային Հայրն առաջարկում է ձեզ մեծագույն պարգևը՝ հավերժական կյանքը, և հնարավորություն, և ձեր իսկ «հավիտյան երջանիկ ապրելու» անսահման մի օրհնություն:

Նկար
President Dieter F. Uchtdorf

Իմ սիրելի երիտասարդ քույրեր ողջ աշխարհում, ես երախտապարտ եմ, և ինձ համար պատիվ է ձեզ հետ լինել այսօր: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը և Եկեղեցու բոլոր ղեկավարները սիրում են ձեզ, մենք աղոթում ենք ձեզ համար և ուրախանում ձեր հավատարմությամբ:

Տարիների ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ գեղեցիկ լեզուների՝ դրանցից յուրաքանչյուրը հրապուրիչ է և աչքի ընկնող, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գրավչությունը: Բայց այդ տարբերություններով հանդերձ, նրանք հաճախ ունեն ընդհանուր բաներ: Օրինակ՝ լեզուներից մեծ մասն ունի մի արտահայտություն, որը կախարդական է և լի խոստմամբ ինչպես, հավանաբար, աշխարհում յուրաքանչյուր լեզվում: Այդ արտահայտությունն է «Լինում է, չի լինում»:

Մի՞թե սրանք պատմվածքը սկսելու հրաշալի բառեր չեն: «Լինում է, չի լինում» խոստանում է ինչ որ արկածային մի պատմություն և սիրավեպ, արքայազների և արքայադուստրերի մասին պատմություն: Դա կարող է լինել քաջության, հույսի և հավիտենական սիրո պատմություն: Այս պատմվածքներից շատերում ազնիվը հաղթում է ստորին և բարին հաղթում է չարին: Բայց թերևս ամենաշատը ես սիրում եմ, երբ բացում ենք վերջին էջը և տեսնում վերջին տողերի կախարդական խոսքերը. «Եվ նրանք ապրեցին հավիտյան երջանիկ»:

Մի՞թե սա այն ամենը չէ, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ լինել մեր իսկ պատմվածքների հերոսներն ու հերոսուհիները, հաղթել հակառակորդին, ապրել կյանքը ողջ իր գեղեցկությամբ, իսկ վերջում, հետո երջանիկ ապրել հավիտյան:

Այսօր ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր, մի շատ արտասովոր բանի վրա: Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացման գրքույկի առաջին էջի վրա դուք կգտնեք այս խոսքերը. «Դուք Երկնային Հոր սիրված դուստրն եք, որ պատրաստվել եք գալ երկիր այս հատուկ ժամանակներում՝ սրբազան և փառավոր նպատակի համար»:1

Քույրեր, այս խոսքերը ճշմարիտ են: Դրանք չեն ստեղծվել կախարդական հեքիաթում: Մի՞թե հրաշալի չէ իմանալ, որ մեր հավերժական Երկնային Հայրը գիտի ձեզ, լսում է ձեզ, հսկում է ձեզ և սիրում է ձեզ անսահման սիրով: Փաստորեն Նրա սերը ձեր հանդեպ այնքան մեծ է, որ Նա շնորհել է ձեզ այս երկրային կյանքը, որպես «Լինում է, չի լինում»-ի թանկարժեք պարգև՝ իրականացնելու ձեր իսկ արկածային, փորձության և մեծության հնարավորությունների, ազնվության, քաջության և սիրո ճշմարիտ պատմությունը: Եվ ամենից փառահեղը, Նա առաջարկում է ձեզ մի պարգև, որն անգին է և աներևակայելի: Երկնային Հայրն առաջարկում է ձեզ մեծագույն պարգևը՝ հավերժական կյանքը, և հնարավորություն, և ձեր իսկ «հավիտյան երջանիկ ապրելու» անսահման մի օրհնություն:

Բայց այդպիսի օրհնությունի չի տրվում առանց գնի: Այն չի տրվում ձեզ, որովհետև դուք ցանկանում եք այն: Այն գալիս է միայն հասկանալուց, թե ով եք դուք և ինչ պետք է դառնաք, որպեսզի արժանի լինեք այդպիսի պարգևի:

Փորձությունները ճամփորդության մասն է

Մի պահ, մտածեք ձեր սիրելի կախարդական հեքիաթի մասին: Այդ պատմության մեջ գլխավոր հերոսը կարող է լինել արքայադուստր կամ գյուղացի, նա կարող է լինել ջրահարս կամ կթվորուհի, կառավարիչ կամ ծառա: Դուք կգտնեք մեկ բան, որ բոլորի համար ընդհանուր է՝ նրանք պետք է հաղթահարեն դժվարությունը:

Մոխրոտիկը պետք է դիմանար ամբարիշտ խորթ մորը և չար խորթ քույրերին: Նա ստիպված էր տանել ծառայության և ծաղրի երկար ժամեր:

«Գեղեցկուհին և հրեշը» պատմվածքում, Բելլը գերության է մատնվում սոսկալի տեսքով հրեշին, որպեսզի փրկի իր հորը: Նա զոհաբերում է իր տունը և ընտանիքը, բոլորն, ինչ թանկ էր իր համար՝ մի քանի ամիս անցկացնելով հրեշի դղյակում:

«Ռումփելշթիլխին» հեքիաթում մի աղքատ ջրաղացպան խոստանում է թագավորին, որ իր դուստրը ծղոտը կմանի դարձնելով այն ոսկի: Թագավորն անմիջապես ուղարկում է նրա ետևից և փակում նրան մի դեզ ծղոտով և ճախարակով սենյակում: Պատմվածքում հետագայում նա իր առաջնեկին կորցնելու վտանգին է ենթարկվում, եթե նա չկարողանար գուշակել կախարդական էակի անունը, որն օգնել էր նրան այդ դժվարին հարցում:

Այս պատմվածքներից յուրաքանչյուրում Մոխրոտիկը, Բելլը և ջրաղացպանի աղջիկը ստիպված էին ճաշակել տխրություն և փորձություն, նախքան կկարողանային հասնել իրենց՝ «հավիտյան երջանիկ ապրելուն»: Մտածեք այդ մասին: Երբևէ եղե՞լ է ինչ որ մեկը, որը ստիպված չի եղել անցնել գայթակղության, փորձության և վշտի իր սեփական խավար հովտով:

Խցկված լինելով «Լինում է, չի լինում»-ի և «Հավիտյան երջանիկ ապրելու» մեջտեղում, նրանք բոլորը ստիպված էին տանել մեծ ձախորդություն: Ինչո՞ւ մենք պետք է բոլորս ճաշակենք տխրություն և ողբերգություն: Ինչո՞ւ չենք կարող ուղղակի ապրել երանության և խաղաղության մեջ, յուրաքանչյուր օր լի սքանչելիքով, ուրախությամբ և սիրով:

Սուրբ գրություններն ասում են մեզ. «Պետք է որ հակադրություն լինի բոլոր բաներում», քանզի առանց դրա մենք չենք կարող զանազանել քաղցրը դառից:2 Մարաթոն վազողը կզգա՞ր արդյոք վազքի ավարտի հաղթանակը, եթե նա չզգար իր սահմանագծին հասնելու համար ժամերով վազելու ցավը: Մի՞թե դաշնակահարը կզգար ուրախություն բարդ սոնատայի կատարման վարպետության համար, առանց ժամեր շարունակ հոգնեցուցիչ պարապմունքների:

Ինչպես կյանքում, այնպես էլ պատմվածքներում, ձախորդությունը սովորեցնում է մեզ բաներ, որոնք մենք չենք կարող այլ կերպ սովորել: Ձախորդությունն օգնում է զարգացնել բնավորության խորություն, որը ոչ մի այլ ձևով չի գալիս: Մեր սիրառատ Երկնային Հայրը մեզ տեղավորել է մի աշխարհում, որը լի է մարտահրավերներով և փորձություններով, որպեսզի մենք հակադրության միջոցով կարողանանք սովորել իմաստություն, դառնանք ավելի ուժեղ և զգանք ուրախություն:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի անձնական փորձառությամբ, պատանեկան տարիքից, երբ մեր ընտանիքը հաճախում էր եկեղեցի Ֆրանկֆուրտում, Գերմանիա:

Մի կիրակի միսիոներները մեր ժողովատուն մի նոր ընտանիք բերեցին, որին ես նախկինում չէի տեսել: Այն կազմված էր մորից և երկու գեղեցիկ դուստրերից: Ես մտածեցի, որ այդ միսիոներները մի շատ, շատ լավ գործ էին արել:

Իմ ուշադրությունը հատկապես գրավեց մուգ հրաշալի մազերով և մեծ շականակագույն աչքերով դուստրը: Նրա անունը Հարիեթ էր և ես կարծում եմ սիրահարվեցի նրան առաջին իսկ պահից: Դժբախտաբար, այդ գեղեցիկ երիտասարդ կինը կարծես թե չէր զգում նույնը իմ հանդեպ: Բազմաթիվ երիտասարդ տղաներ ցանկանում էին ծանոթանալ նրա հետ և ես սկսեցի կասկածել, թե նա երբևէ իմ մեջ կտեսներ ինչ որ մեկ այլ բան, բացի ընկերոջից: Բայց ես թույլ չտվեցի, որ դա ինձ հուսահատեցներ: Ես ուղիներ էի գտնում լինելու այնտեղ, որտեղ նա էր լինում: Երբ ես բաժանում էի հաղորդությունը, ջանում էի լինել հարմար դիրքում, որպեսզի լինեի նրան հաղորդություն մատուցողը:

Երբ հատուկ միջոցառումներ էինք ունենում եկեղեցում, ես հեծանիվս վարում էի դեպի Հարիեթի տուն և տալիս էի դռան զանգը: Սովորաբար պատասխանում էր Հարիեթի մայրը: Նա բացում էր իրենց բնակարանի խոհանոցի պատուհանը չորրորդ հարկում և հարցնում, թե ինչ էի կամենում: Ես հացնում էի, թե Հարիեթը կկամենա՞ր իմ հեծանվով եկեղեցի գնալ: Հարիեթի մայրն ասում էր. «Ոչ, նա ավելի ուշ կգա, բայց ես ուրախ կլինեմ քո հետ հեծանվով եկեղեցի գնալ»: Դա, իհարկե, այն չէր, ինչ ես ուզւոմ էի, բայց ինչպես կարող էի մերժել:

Եվ այսպես մենք գնում էինք եկեղեցի: Պետք է նշեմ, որ ես շատ տպավորիչ հեծանիվ ունեի: Հարիեթի մայրը նստում էր հեծանվի խողովակաձողի վրա հենց իմ առջևում և ես փորձում էի ամենաէլեգանտ հեծանվորդը լինել սալաքարած անհարթ ճանապարհներին:

Ժամանակն անցնում էր: Հարիեթը հանդիպում էր այլ երիտասարդ տղամարդկանց հետ, թվում էր ես չէի կարողանում նրա հետ որևէ հաջողության հասնել:

Ես հիասթափվա՞ծ էի: Այո:

Ես պարտվա՞ծ էի: Բացարձակապես ոչ:

Իրականում ետ նայելով, ես ընդունում եմ, որ բոլորովին էլ ինձ ցավ չէր պատճառում լավ հարաբերությունների մեջ լինել իմ երազանքների աղջկա մոր հետ:

Տարիներ հետո, օդային ուժերում որպես ռազմական օդաչու իմ դասընթացներն ավարտելուց հետո, ես ականատես եղա ժամանակակից հրաշքի` Հարիեթը պատասխանեց իմ անդադար սիրատածմանը: Մի օր նա ասաց. «Դիտեր, դու շատ ես հասունացել այս վերջին տարիների ընթացքում»:

Դրանից հետո ես արագ գործեցի և մի քանի ամսվա ընթացքում ամուսնացա այն կնոջ հետ, որին սիրել էի այն ժամանակից ի վեր, ինչ առաջին անգամ տեսել էի: Գործընթացը հեշտ չէր, եղել էին տառապանքի և հուսահատության պահեր, բայց վերջում իմ երջանկությունը լիակատար էր, և դեռ լիակատար է, նույնիսկ ավելի:

Իմ սիրելի երիտասարդ քույրեր, դուք պետք է իմանաք, որ դուք տանելու եք ձեր սեփական ձախորդությունը: Ոչ ոք բացառություն չէ: Դուք կտառապեք, կգայթակղվեք, սխալներ կգործեք: Դուք կսովորեք ինքնուրույն, ինչ որ յուրաքանչյուր հերոսուհի սովորեց, աճը և ուժը գալիս են մարտահրավերները հաղթահարելու միջոցով:

Ձախորդության հանդեպ ձեր վերաբերմունքն է, և ոչ թե ինքը ձախորդությունը, որոշում, թե ինչպես կզարգանա ձեր կյանքի պատմությունը:

Ձեր մեջ կան այնպիսիք, ովքեր չնայած երիտասարդությանը, արդեն տարել են լիակատար չափով վիշտ և ցավ: Սիրտս կարեկցանքով և սիրով է լցված ձեր հանդեպ: Որքան սիրելի եք դուք Եկեղեցու համար: Որքան սիրելի եք դուք Երկնային Հոր համար: Չնայած կարող է թվալ, որ դուք մենակ եք, հրեշտակներն ուղեկցում են ձեզ: Չնայած կարող է ձեզ թվալ, որ ոչ ոք չի կարող հասկանալ ձեր հուսահատության խորությունը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հասկանում է: Նա ավելի է տառապել, քան մենք հնարավորություն կարող ենք ունենալ պատկերացնելու, իսկ Նա արել է դա մեզ համար: Նա արել է դա ձեզ համար: Դուք մենակ չեք:

Եթե երբևէ զգաք, որ ձեր բեռը խիստ մեծ է կրելու համար, բարձրացրեք ձեր սիրտը դեպի ձեր Երկնային Հայրը և Նա կաջակցի և կօրհնի ձեզ: Նա ասում է ձեզ, ինչպես ասաց Ջոզեֆ Սմիթին. «[Ձեր] ձախորդություններն ու [ձեր] չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ, և հետո, եթե [դուք] լավ համբերեք, Աստված [ձեզ] վեր կբարձրացնի. [Դուք] կհաղթեք [ձեր] բոլոր թշնամիներին»:3

Ձախորդությանը դիմանալը միակ բանը չէ, որ դուք պետք է անեք երջանիկ կյանքով ապրելու համար: Թույլ տվեք կրկնել, որ այն, թե ինչպես եք վերաբերվում ձախորդությանը և գայթակղությանը, վճռորոշ գործոն է, որը կորոշի, կհասնե՞ք, թե ոչ ձեր «հավիտյան երջանիկ կյանքին»:

Հավատարիմ մնացեք նրան, ինչը գիտեքվ որ ճիշտ է

Քույրեր, երիտասարդ քույրեր, սիրելի երիտասարդ քույրեր, հավատարիմ մնացեք նրան, ինչը գիտեքվ որ ճիշտ է: Այսօր, ուր էլ որ նայեք, դուք կգտնեք երջանկության խոստումներ: Ամսագրում գովազդները խոստանում են լիակատար երջանություն, եթե դուք գնեք որոշակի հագուստներ, շամպուն կամ դիմահարդարանք: Որոշակի լրատվական արտադրանքներ գովազդում են նրանց, ովքեր ընդունում են չարը կամ հանձնվում են մարմնական բնազդներին: Հաճախ այդ նույն մարդիկ պատկերվում են որպես հաջողության և նվաճումների օրինակներ:

Մի աշխարհում, որտեղ չարը պատկերվում է որպես բարի և բարին որպես չար, երբեմն դժվար է ճանաչել ճշմարտությունը: Ինչ որ ձևով դա նման է Փոքրիկ Կարմիր Գլխարկի երկընտրանքին, երբ դուք լիովին վստահ չեք. Տեսնում եք սիրելի տատիկին, թե՞ վտանգավոր գայլին:

Ես շատ տարիներ եմ անցկացրել օդանավի խցիկում: Իմ խնդիրն էր մեծ ինքնաթիռն ապահով տանել աշխարհի որևէ մասից մեր ցանկացած նպատակակետը: Ես հաստատ գիտեի, որ եթե ես կամենում էի ճանապարհորդել Նյու Յորքից դեպի Հռոմ, պետք է թռչեի դեպի արևելք: Եթե ինչ որ մեկն ասեր ինձ, որ ես պետք է թռչեի հարավ, ես գիտեի, որ ճշմարտություն չկար նրանց խոսքերում: Ես չէի վստահի նրանց, քանի որ ես ինքս գիտեի: Ոչ մի համոզում, ոչ մի հաճոյախոսություն, կաշառք, կամ սպառնալիք չէր կարող համոզել ինձ, որ դեպի հարավ թռչելը կհասցներ ինձ նպատակակետին, որովհետև ես գիտեի:

Մենք բոլորս ձգտում ենք երջանկության և բոլորս փորձում ենք գտնել մեր սեփական «հավիտյան երջանիկ կյանքը»: Ճշմարտությունը սա է՝ Աստված գիտի, ինչպես հասնել այնտեղ: Եվ Նա մի քարտեզ է ստեղծել ձեզ համար, Նա գիտի ճանապարհը: Նա ձեր սիրելի Երկնային Հայրն է, որը ցանկանում է, որ դուք լավ լինեք, երջանիկ լինեք: Նա ցանկանում է Հայրական ողջ իր կատարյալ և անբիծ սիրով, որ դուք հասնեք ձեր գերագույն նպատակակետին: Քարտեզը մատչելի է բոլորին: Այն տալիս է ճշգրիտ հրահանգներ, թե ինչ պետք է անել և ուր գնալ բոլոր նրանց, ովքեր ձգտում են գալ դեպի Քրիստոսը և «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»:4 Դուք միայն պետք է ձեր Երկնային Հորը վստահեք: Վստահեք Նրան բավականաչափ՝ Նրա ծրագրին հետևելու համար:

Այնուամենայնիվ, ոչ բոլորը կհետևեն քարտեզին: Նրանք գուցե նայեն այն: Նրանք, հնարավոր է, մտածեն, որ այն խելամիտ է, գուցե նույնիսկ ճշմարիտ: Բայց նրանք չեն հետևում աստվածային հրահանգներին: Շատերը հավատում են, որ ցանկացած ճանապարհ կտանի դեպի «հավիտյան երջանիկ ապրելուն»: Ոմանք հավանաբար նույնիսկ զայրանան, երբ ուրիշները, ովքեր գիտեն ճանապարհը, փորձեն օգնել և ասել նրանց: Նրանք կարծում են, որ այդպիսի խորհուրդը ժամկետանց է, անիրական, կապ չունի ժամանակակից կյանքի հետ

Քույրեր, նրանք սխալ են կարծում:

Ավետարանը հավիտյան երջանիկ ապրելու ուղին է

Ես հասկանում եմ, որ երբեմն, ոմանք գուցե զարմանան, թե ինչու են իրենք հաճախում Եկեղեցու ժողովներին, կամ ինչու է այդքան կարևոր կանոնավոր սուրբ գրությունները կարդալը կամ ամեն օր մեր Երկնային Հորն աղոթելը: Ահա իմ պատասխանը. Դուք անում եք այս բաները, որովհետև դրանք ձեզ համար Աստծո ուղու մասն են կազմում: Եվ այդ ուղին կտանի ձեզ՝ ձեր «հավիտյան երջանիկ ապրելուն»:

«Հավիտյան երջանիկ ապրելը» միայն կախարդական հեքիաթներում գտնվող ինչ որ մի բան չէ: Դուք կարող եք այն ունենալ: Այն ձեզ համար հասանելի է: Բայց դուք պետք է հետևեք ձեր Երկնային Հոր քարտեզին:

Քույրեր, խնդրում եմ, ընդունեք Հիսուս Քրիստոսի ավետարանը: Սովորեք սիրել ձեր Երկնային Հորը ձեր ողջ սրտով, զորությամբ և մտքով: Լցրեք ձեր հոգիները առաքինությամբ և սիրեք բարությունը: Միշտ ձգտեք հայտնաբերել լավագույնը ձեր և ուրիշների մեջ:

Սովորեք ընդունել և գործել Երիտասարդ Կանանց արժեքների հիման վրա: Ապրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներով: Այդ չափանիշներն առաջնորդում են և ուղղորդում ձեզ դեպի «հավիտյան երջանիկ ապրելուն»: Այս չափանիշներով ապրելը կնախապատրաստի ձեզ սրբազան ուխտեր կապել տաճարում և հաստատել ձեր իսկ բարության ժառանգությունը ձեր անձնական հանգամանքներում: «… Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք»,5 անկախ գայթակղություններից կամ դժվարություններից: Ես խոստանում եմ ձեզ, որ ապագա սերունդները երախտապարտ կլինեն ձեզ և կգովաբանեն ձեր անունը ձեր քաջության և հավատարմության համար կյանքի այս վճռորոշ ժամանակում:

Իմ սիրելի երիտասարդ քույրեր, դուք, որ պաշտպանում եք ճշմարտությունը և արդարությունը, դուք, որ ձգտում եք բարության, դուք, որ մտել եք մկրտության ջրերը և քայլում եք Տիրոջ՝ մեր Երկնային Հոր ուղիներում, ձեզ խոստացվել է, որ դուք «թևերով վեր կսլանաք արծիւների պես, կվազեք ու չեք [հոգնի], կգնաք և չեք [թուլանա]»:6 Դուք «չպիտի խաբվեք»:7 Աստված կօրհնի և կբարգավաճեցնի ձեզ:8 «Դժոխքի դռները չեն հաղթի ձեզ [և] Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն ձեր բարիքի և իր անվան փառքի համար»:9

Քույրեր, մենք սիրում ենք ձեզ: Մենք աղոթում ենք ձեզ համար: Ուժեղ եղեք և քաջարի: Դուք իսկապես Ամենազոր Աստծո արքայական հոգևոր դուստրերն եք: Դուք արքայադուստրեր եք, ում ճակատագիրն է թագուհիներ դառնալ: Ձեր սեփական հրաշափառ պատմությունն արդեն սկսվել է: Ձեր «Lինում է, չի լինում»-ը այսօր է:

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես թողնում եմ ձեզ իմ օրհնությունը և տալիս ձեզ մի խոստում, որ երբ դուք ընդունեք և ապրեք Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի արժեքներով և սկզբունքներով, [դուք] կպատրաստվեք զորացնելու տունը և ընտանիքը, կապելու և պահելու սրբազան ուխտերը, ստանալու տաճարի արարողությունները և վայելելու վեհացման օրհնությունները»:10 Եվ կգա օրը, երբ դուք կշրջեք ձեր սեփական պատմության վերջին էջը, այնտեղ դուք կկարդաք և կզգաք այն օրհնյալ և սքանչելի խոսքերի իրականացումը. «Եվ նրանք հավիտյան երջանիկ ապրեցին»: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիսոտսի սուրբ անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում (գրքույկ, 2009), 1:

  2. Տես 2 Նեփի 2.11, 15:

  3. Վարդապետություն և Ուխտեր 121.7–8:

  4. Մոսիա 18.9:

  5. Վարդապետություն և Ուխտեր 87.8:

  6. Եսայիա 40.31:

  7. Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.37:

  8. Տես Մոսիա 2.22–24:

  9. Վարդապետություն և Ուխտեր 21.6:

  10. Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում, 3: