2010
Հիվանդների բժշկությունը
Մայիս 2010


Հիվանդների բժշկությունը

Մենք ունենք քահանայության այդ զորությունը և պետք է բոլորս պատրաստ լինենք պատշաճ ձևով այն օգտագործելու:

Նկար
Elder Dallin H. Oaks

Աշխարհում տիրող խառնաշփոթության այս ժամանակներում հավատքի ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում դեպի Տերը՝ մխիթարության և բժշկության օրհնության համար: Քահանայության այս լսարանի համար ես ցանկանում եմ խոսել հիվանդների բժշկության մասին՝ բժշկագիտության, հավատքի աղոթքների և քահանայության օրհնությունների միջոցով:

I.

Վերջին Օրերի Սրբերը հավատում են լավագույն գիտական նվաճումների և տեխնիկայի կիրառությանը: Մենք սնվում ենք, մարզում մեր մարմինը, որ առողջ լինենք և օգտագործում ենք բժիշկների և վիրաբույժների ունակությունները՝ առողջության վերականգնման համար:

Բժշկական գիտության օգտագործումը չի հակասում մեր հավատքով աղոթքներին և քահանայության օրհնությանը վստահելուն: Երբ անդամներից մեկը քահանայության օրհնություն էր խնդրում, Բրիգամ Յանգը հարցնում էր. «Դու օգտագործե՞լ ես որևէ բուժամիջոց»: Նրանք, ովքեր ասում էին ոչ, որովհետև «ցանկանում ենք, որ երեցները մեզ ձեռնադրեն և մենք հավատք ունենք, որ կբժշկվենք», Նախագահ Յանգը պատասխանում էր. «Դա չի համապատասխանում իմ հավատքին: Եթե մենք հիվանդ ենք և խնդրում ենք Տիրոջը մեզ բժշկել և անել ամեն բան, ինչ հարկավոր է դրա համար, ըստ փրկության Ավետարանի իմ ըմբռնման, ես կարող եմ նույն ձևով խնդրել Տիրոջը, որ այնպես անի, որ առանց հողը փորելու և հատիկը գցելու իմ ցորենն ու եգիպտացորենն աճեն: Ահա, թե ինչը կլինի իմ հավատքին համապատասխան՝ կիրառել բոլոր բուժամիջոցները, որոնց ծանոթ եմ, և ապա, խնդրել Երկնային Հորը…. սրբագործել դրանց կիրառումն իմ մարմնի բժշկման համար»1:

Իհարկե, մենք չենք սպասում մինչև բոլոր մյուս մեթոդները սպառվեն և ապա աղոթում հավատքով կամ քահանայության օրհնություն տալիս բժշկման համար: Շտապ դեպքերում, աղոթքը և օրհնությունը պետք է լինեն առաջինը: Մեծամասամբ, մենք օգտագործում ենք բոլոր ջանքերը միաժամանակ: Դա համապատասխանում է սուրբ գրությունների ուսմունքներին, որ պետք է «միշտ աղոթենք» (ՎևՈւ 90.24), և որ բոլոր բաները պետք է արվեն իմաստությամբ և կարգով: 2

II.

Մենք գիտենք, որ հավատքի աղոթքը, որ ասվում է առանձին կամ տանը կամ երկրպագության վայրերում, կարող է արդյունավետ լինել հիվանդին բժշկելիս: Շատ սուրբ գրություններ անհատի բժշկության համար հիշատակում են հավատքի զորությունը: Հակոբոս Առաքյալն ուսուցանել է. «Միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք», ավելացնելով, որ «արդարի աղօթքը շատ զորավոր է եւ ներգործող» (Հակոբոս 5.16): Երբ Հիսուսին դիպչող կինը բժշկվեց, Նա ասաց կնոջը. «Քո հավատքը քեզ բժշկեց» (Մատթեոս 9.22):3 Նման ձևով Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ Տերը «գործում է զորությամբ, համաձայն մարդկանց զավակների հավատքի» (Մորոնի 10.7):

Վերջերս անցկացված համազգային հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10 ամերիկացիներից 8-ը «հավատում են, որ հրաշքներ այսօր էլ տեղի են ունենում, ինչպես որ հնում»: Հարցվածների երրորդ մասն ասել է, որ «աստվածային բժշկման փորձ են ունեցել կամ ականատես են եղել»:4 Վերջին Օրերի բազում Սրբեր զգացել են հավատքի զորությունը հիվանդին բժշկելիս: Մենք նաև նման օրինակներ ենք լսում հավատքի մարդկանց մեջ մյուս եկեղեցիներում: Տեխասից մի լրագրող այդպիսի մի հրաշք է նկարագրել: Երբ մի հինգ տարեկան աղջիկ հանկարծակի սկսել էր ծանր շնչել և ջերմել, նրա ծնողները նրան արագ հիվանդանոց էին տեղափոխել: Երբ նրանք հասան հիվանդանոց, երեխայի երիկամները և թոքերն արդեն չէին գործում, նրա ջերմությունը հասել էր 41.7° և նրա մարմինը վառ կարմիր էր՝ մանուշակագույն վերքերով ծածկված: Բժիշկներն ասացին, որ նա մահանում է անհայտ պատճառներով առաջացած թունավորման ցնցումներից: Երբ լուրը հասավ ընտանիքին և ընկերներին, աստվածավախ մարդիկ սկսեցին աղոթել նրա համար և աղոթքի հատուկ ծառայություն անցկացվեց Տեխասի Վակո քաղաքի նրանց բողոքական ժողովքում: Հրաշքով, անսպասելիորեն, նա վերադարձավ մահվան եզրից և տաս օր չլրացած դուրս գրվեց հիվանդանոցից: Նրա պապը գրել էր. «Նա ապրող ապացույց է այն բանի, որ Աստված պատասխանում է աղոթքներին և հրաշքներ է գործում»:5

Ճշմարիտ, ինչպես Մորմոնի Գիրքն է ուսուցանում, Աստված «հայտնվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն, Սուրբ Հոգու զորությամբ. այո, ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի, գործելով հզոր հրաշքներ…. մարդկանց որդիների մեջ, ըստ նրանց հավատքի» (2 Նեփի 26.13):

III.

Այս լսարանի համար՝ չափասների, որոնք Մելքիսեդեկյան քահանայություն են կրում, և պատանիների, որոնք շուտով կստանան այդ զորությունը, ես իմ ելույթը կկենտրոնացնեմ քահանայության զորությունը ներառող բժշկող օրհնությունների վրա: Մենք ունենք քահանայության այդ զորությունը և պետք է բոլորս պատրաստ լինենք պատշաճ ձևով այն օգտագործելու: Բնական աղետների և ֆինանսական դժվարությունների ներկա աճը ցույց է տալիս, որ այդ զորության կարիքը ապագայում ավելի շատ կլինի, քան անցյալում էր:

Շատ սուրբ գրություններ ուսուցանում են, որ Տիրոջ ծառաները «հիվանդներին կձեռնադրեն և նրանք կապաքինվեն» (Մարկոս 16.18):6 Հրաշքներ են տեղի ունենում, երբ քահանայության զորությունն օգտագործվում է հիվանդներին օրհնելու համար: Ես ինքս տեսել եմ այդ հրաշքները: Որպես երիտասարդ և որպես չափահաս՝ ես տեսել եմ այնպիսի հրաշագործ բժշկումներ, ինչպիսիք արձանագրված են սուրբ գրություններում: Ձեզանից շատերը նույնպես տեսել են դրանք:

Հիվանդներին օրհնելիս քահանայության իշխանությունն օգտագործելիս հինգ գործողություն է կատարվում. (1) օծում, (2) օծման կնքում, (3) հավատք, (4) օրհնության խոսքեր և (5) Տիրոջ կամք:

Օծում

Հին Կտակարանում օծումը հաճախ է նշվում որպես քահանայության իշխանությամբ շնորհված օրհնության մաս:7 Հայտարարված էր, որ օծումները սրբագործման8 համար էին, և հավանաբար, կարող են դիտվել որպես այդ սրբազան գործողության արդյունքում երկնքից թափվող օրհնությունների խորհրդանիշ:

Նոր Կտակարանում կարդում ենք, որ Հիսուսի Առաքյալները «բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում» (Մարկոս 6.13): Հակոբոսի գիրքն ուսուցանում է օծման դերը և քահանայության իշխանությամբ բժշկության օրհնություն տալու մյուս տարրերի հետ դրա կապը.

«Ձեզանից մէկը հիւա՞նդ է, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով:

Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի» (Հակոբոս Ե.14–15):

Օծման կնքում

Երբ ինչ-որ մեկն օծվում է Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ, օծումը կնքվում է այդ նույն իշխանությամբ: Կնքել նշանակում է հաստատել, իր նպատակի համար այն պարտավորեցնող դարձնել: Երբ երեցներն օծում են հիվանդին և կնքում են օծումը, նրանք բացում են երկնքի պատուհանները, որպեսզի Տերը, Իր կամքի համաձայն, օրհնություններ թափի տառապող անձի վրա:

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է. «Երբ ես ձեռնադրում եմ հիվանդի, ես ակնկալում եմ, որ Աստծո բժշկող զորությունը և ազդեցությունն իմ միջոցով կանցնի հիվանդին, և հիվանդությունը կնահանջի…: Երբ մենք նախապատրաստված ենք, երբ մենք սրբազան անոթներ ենք Տիրոջ առաջ, Ամենազորի ներկայությունից զորություն է հոսում սպասավորողի տաղավարով դեպի հիվանդի համակարգը և հիվանդը բժշկվում է…»:9

Չնայած, որ շատ դեպքեր գիտենք, երբ քահանայության իշխանությամբ օրհնված անձինք բուժվել են, հասարակական ժողովների ժամանակ մենք հազվադեպ ենք անդրադառնում բուժումներին, որովհետև ժամանակակից հայտնությունները զգուշացնում են, որ մենք չպետք է «պարծենանք այդ բաներով, ոչ էլ դրանք պատմենք աշխարհի առաջ. քանզի այդ բաները տրված են մեզ՝ մեր օգտի և փրկության համար» (ՎևՈւ 84.73):

Հավատք

Հավատքը էական դեր ունի երկնքի զորություններով բժշկվելու գործում: Մորմոնի Գիրքն անգամ ուսուցանում է, որ «եթե հավատք չլինի մարդկանց զավակների մեջ, Աստված չի կարող հրաշք գործել նրանց մեջ» (Եթեր 12.12):10 Հիվանդներին սպասավորելու մասին նշանավոր ելույթում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Հավատքի կարիքը հաճախ թերագնահատվում է: Հիվանդը և ընտանիքը հաճախ կարծես լիովին ապավինում են քահանայության զորությանը և սպասավորող եղբայրների ունեցած բժշկման պարգևին, այն դեպքում, երբ պատասխանատվությունը նրա վրա է, ով օրհնություն է ստանում:… Ամենամեծ գործոնը անհատի հավատն է, երբ մարդը գիտակից է և պատասխանատվության տարիքի: «Քո հավատքը քեզ բժշկեց» (Մատթեոս Թ.22) խոսքը Վարդապետի կողմից այնքան շատ էր կրկնվում, որ գրեթե կրկներգ է դարձել»:11

Նախագահ Քիմբալը նույնիսկ առաջարկել է, որ «շատ հաճախ նշվում է, որ սպասավորը հավատքի պակաս ունի կամ հիվանդը փորձում է հավատքի մեծացման պատասխանատվությունը փոխանցել ավելի շուտ երեցների վրա, քան վերցնել իր վրա»: Նա պատմել է մի հավատարիմ քրոջ մասին, որը քահանայության օրհնություն էր ստացել: Երբ հաջորդ օրը նրան հարցրել էին, թե արդյոք ցանկանում էր կրկին օրհնություն ստանալ, նա պատասխանել էր. «Ո՛չ, ինձ արդեն օծել և օրհնություն են տվել: Արարողությունն արվել է: Մնացածն ինձանից է կախված, որ ես հավատքով խնդրեմ իմ օրհնությունները»:12

Օրհնության խոսքեր

Քահանայության օրհնության մյուս մասը օրհնության խոսքերն են, որոնք ասում է երեցը՝ օծումը կնքելուց հետո: Այդ խոսքերը կարող են շատ կարևոր լինել, սակայն դրանց բովանդակությունը էական չէ, և դրանք չեն գրանցվում Եկեղեցու գրանցումներում: Քահանայության որոշ օրհնությունների ժամանակ, ինչպես հայրապետական օրհնության դեպքում, ասված բառերը օրհնության էական մասն են: Սակայն բժշկության օրհնության ժամանակ օրհնության մյուս մասերն է, որ կազմում են էական տարրերը՝ օծումը, կնքումը, հավատքը և Տիրոջ կամքը:

Կատարյալ կլինի, եթե պաշտոնավարող երեցն այնքան ներդաշնակ լինի Տիրոջ Հոգու հետ, որ օրհնության խոսքերում զգա և հայտարարի Տիրոջ կամքը: Բրիգամ Յանգը քահանայության կրողներին ուսուցանել է. «Ձեր արտոնությունը և պարտականությունն է այնպես ապրել, որ իմանաք, թե երբ է Տիրոջ խոսքը ձեզ խոսվում և երբ է Տիրոջ միտքը ձեզ հայտնվում»:13 Երբ դա տեղի է ունենում, ասված խոսքերը բառացիորեն և հրաշքով կատարվում են: Մի քանի հատուկ դեպքեր են եղել, երբ ես համոզված ոգեշնչում եմ զգացել բժշկման օրհնության համար և իմացել եմ, որ իմ ասած խոսքերը Տիրոջ կամքն էին: Այնուամենայնիվ, ինչպես մեծամասնությունը, ովքեր բժշկության օրհնություն են տալիս, հաճախ ես որոշակի զգացում չեմ ունեցել, թե ինչ բառեր պետք է ասեմ: Շատ տարբեր պատճառներով, յուրաքանչյուր երեց Հոգու հուշումների հանդեպ զգայունության աստիճանի բարձրացում և ցածրացում է զգում: Օրհնություն տվող յուրաքանչյուր երեց ենթակա է տրվելու հիվանդի համար իր ցանկությունների ազդեցությանը: Նշված և չնշված այդ մահկանացու անկատարություններից յուրաքանչյուրը կարող է ազդել մեր արտասանած խոսքերի վրա:

Բարեբախտաբար, բժշկության օրհնության բառերը էական չեն իրենց բժշկող ազդեցությամբ: Եթե հավատքը բավական է, և եթե Տերը կամենում է, հիվանդը կբժշկվի կամ կօրհնվի, անկախ նրանից, թե պաշտոնավարողն ասում է այդ խոսքերը, թե ոչ: Մյուս կողմից, եթե պաշտոնավարողը տրվում է անձնական ցանկություններին կամ անփորձությանը և հրամաններ կամ օրհնության խոսքեր է ասում, որոնք Տերը ավելորդ է համարում անհատի հավատքի համեմատ շնորհել իրեն, ապա այդ խոսքերը չեն իրականանա: Հետևաբար, եղբայրներ, ոչ մի երեց երբեք չպետք է վարանի մասնակցելու բժշկման օրհնությանը, վախենալով, թե բառեր չի գտնի ասելու: Բժշկության օրհնության ժամանակ ասված խոսքերը կարող են շենացնել և ուժ տալ նրանց հավատքին, ովքեր լսում են, սակայն օրհնության արդյունքը կախված է հավատքից և Տիրոջ կամքից, ոչ թե պաշտոնավարող երեցի խոսքերից:

Տիրոջ կամքը

Երիտասարդ և տարեց տղամարդիկ, խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք նրան, ինչ կասեմ այժմ: Երբ մենք գործադրում ենք Աստծո քահանայության անկասկածելի ուժը, և երբ մենք գանձում ենք Նրա խոստումները, որ նա կլսի և կպատասխանի հավատքի աղոթքին, մենք պետք է միշտ հիշենք՝ հավատքը և քահանայության բուժիչ զորությունը չեն կարող Նրա կամքի հակառակ արդյունքի հանգեցնել, ում քահանայությունը կրում ենք: Այս սկզբունքն ուսուցանվում է այն հայտնության մեջ, որը թելադրում է, որ Եկեղեցու երեցները պետք է ձեռնադրեն հիվանդներին: Տիրոջ խոստումն է, որ «նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ և նշանակված չէ մահվան, պիտի բժշկվի» (ՎևՈւ 42.48, շղագիրն ավելացված է): Նման ձևով, մեկ այլ հայտնության մեջ Տերը հայտարարում է, որ նա, ով «խնդրում է համաձայն Աստծո կամքի.… կատարվում է, ճիշտ ինչպես նա խնդրում է» (ՎևՈւ 46.30):14

Այս բոլորից մենք սովորում ենք, որ նույնիսկ Տիրոջ ծառաները, որոնք գործածում են Նրա աստվածային զորությունը այնպիսի պայմաններում, երբ բավականաչափ հավատք կա բժշկվելու, չեն կարող քահանայության այնպիսի օրհնություն տալ, որը կբուժի մարդուն, եթե այդ բժշկումը Տիրոջ կամքը չէ:

Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և նրա անսահման գիտելիքի մասին, թե ինչը լավագույնը կլինի մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատք նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ իմ հորեղբոր որդին ելույթ ունեցավ մի պատանի աղջկա թաղմանը, որը մահացել էր լուրջ հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբից ապշեցրին, ապա շինություն տվեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նա լավ բժշկական խնամքի տակ էր: Նա ստացել էր քահանայության օրհնություն: Նրա անունը տաճարի աղոթքների ցուցակում էր: Հարյուրավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվի: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատք կար, որպեսզի նա բժշկվեր, եթե միայն Տիրոջ կամքը չլիներ նրան տուն տանել այժմ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցքեղից մահացած մեկ այլ ընտիր աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոսն է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարիտ են հնչում իմ ականջին: Մենք անում ենք ամեն բան, ինչ կարող ենք, հարազատի բժշկության համար, իսկ թե արդյունքը ինչ կլինի, ապավինում ենք Տիրոջը:

Ես վկայում եմ Աստծո քահանայության զորության մասին, հավատքի զորության մասին և այս սկզբունքների ճշմարտության մասին: Ամենից վեր, ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որի ծառաներն ենք մենք, որի Հարությունն անմահության հավաստիք է, և որի Քավությունը մեզ հավերժական կյանքի հնարավորություն է տալիս, որն Աստծո պարգևներից ամենամեծն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 163.

  2. Sես Մոսիա 4.27:

  3. Sես նաև Մարկոս Ժ.46–52; Ղուկաս ԺԸ.35–43:

  4. U.S. Religious Landscape Survey: Religious Beliefs and Practices: Diverse and Politically Relevant (The Pew Forum on Religion and Public Life, June 2008), 34, 54, http://religions.pewforum.org/reports#.

  5. Sես Steve Blow, “Sometimes, ‘Miracles’ Are Just That,” Dallas Morning News, Jan. 30, 2000, 31A:

  6. Sես նաև Մատթեոս Թ.18; Մարկոս Ե.23; Զ.5; Է.32–35; ԺԶ.18; Ղուկաս Դ.40; Գործք Թ.12, 17; 28.8; Վարդապետություն և Ուխտեր 42.44, 48; 66.9:

  7. Sես, օրինակ, Ելից 28.41; Ա Թագավորաց Ժ.1, ԺԶ.13; Բ Թագավորաց Ե.3:

  8. Sես Ղևտացիս Ը.10–12:

  9. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 252; տես նաև Russell M. Nelson, “Neither Trust in the Arm of Flesh,” Liahona, Mar. 2010, 40; Teachings of Gordon B. Hinckley (1997), 474:

  10. Sես նաև 1 Նեփի 7.12; Վարդապետություն և Ուխտեր 35.9:

  11. “President Kimball Speaks Out on Administration to the Sick,” Tambuli, Aug. 1982, 36–37.

  12. Tambuli, Aug. 1982, 36.

  13. Teachings: Brigham Young, 68.

  14. Sես նաև Ա Հովհաննես Ե.14; Հելաման 10.5: