2010
Ամեն բաները գործակից են լինում դեպի բարին
Մայիս 2010


Ամեն բաները գործակից են լինում դեպի բարին

Այս կյանքում, հնարավոր է, մենք երբեք չիմանանք, թե ինչու ենք ենթարկվում այս կամ այն փորձություններին, սակայն մենք կարող ենք վստահ զգալ, որ կարող ենք աճել փորձառությունից:

Նկար
Elder James B. Martino

Երբ ես երիտասարդ էի, միշտ անհամբեր սպասում էի գարնան գալուն: Հենց որ եղանակը տաքանում էր, ես պատրաստ էի սկսելու բեյսբոլը: Շատ երիտասարդ տղաների նման, ես երազում էի դառնալ մեծ բեյսբոլիստ: Ես մի պատմություն հիշեցի նման երազանքներ ունեցող մի շատ երիտասարդ տղայի մասին: Հաջորդ մեծ բեյսբոլիստը դառնալու ցանկությամբ նա որոշեց դուրս գնալ և մարզվել: Նա բռնեց բեյսբոլի գնդակը մի ձեռքում և փայտը մյուս ձեռքում և օդ նետեց գնդակը: Ցանկանալով որքան հնարավոր է հեռու նետել գնդակը դեպի առաջ, նա մեծ թափ առավ հարվածելու համար, բայց գնդակն ընկավ գետնին՝ մականի փայտին անգամ առանց դիպչելու: Չմերժվելու համար՝ նա կրկին փորձեց: Երբ նա պատրաստ էր գնդակը օդ նետելու, նրա վճռականությունը մեծացավ՝ մտքում ծագած ուժեղ հարվածի մտքից: Բայց ավաղ, արդյունքները նույնն էին: Գնդակը ընկած էր գետնին: Բայց ցանկացած լավ բեյսբոլիստ գիտի, որ քո հերթի ժամանակ դու ունես հարվածելու երեք հնարավորություն: Նա էլ ավելի կենտրոնացավ, գնդակը օդ նետեց և այնպիսի մի մեծ թափ առավ, ինչպիսին միայն կարող էր: Երբ գնդակը նորից գետնին ընկավ, նրա աչքերը արցունքներով լցվեցին: Այնուհետև, անսպասելիորեն մի մեծ ժպիտ հայտնվեց, և նա ասաց. «Ինչպիսի~ գնդակ նետող»:

Մեզնից յուրաքանչյուրը կհանդիպի դժվարությունների ու փորձությունների և, ինչպես այս պարզունակ օրինակում, մեր արձագանքը առ այդ դժվարությունները կորոշի մեր հաջողությունն ու երջանկությունը: Մեզնից յուրաքանչյուրը կհանդիպի անհաջողությունների՝ որտեղ էլ որ մենք լինենք: Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ «անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում»:1 Յուրաքանչյուրս կունենա դժվար ժամանակներ և հարցը նրանում չէ, թե երբ մենք դրանց կհանդիպենք, այլ թե ինչպես դրանց կարձագանքենք:

Միայն մի քանի տարի նրանից առաջ, երբ Սրբերը Հռոմում ենթարկվեցին Քրիստոնյա դարաշրջանի ամենադաժան հալածանքներին, Պողոս Առաքյալը մի հետաքրքիր դաս սովորեցրեց: Պողոսը հիշեցրեց Սրբերին, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին»:2 Մեր Երկնային Հայրը, ով սիրում է մեզ ամբողջովին ու կատարելապես, թույլ է տալիս, որ մենք փորձություններ ունենանք, որոնք մեզ հնարավորություն կտան զարգացնել այնպիսի գծեր ու հատկություններ, որոնք մենք պետք է ունենանք ավելի ու ավելի Քրիստոսին նման դառնալու համար: Մեր փորձությունները գալիս են բազում ձևերով, սակայն յուրաքանչյուրը մեզ հնարավորություն կտա դառնալ Փրկչին ավելի նման, եթե մենք սովորենք ճանաչել լավը, որ գալիս է յուրաքանչյուր փորձառությունից: Հասկանալով այս վարդապետությունը, մենք կարող ենք ավելի մեծ վստահություն ձեռք բերել մեր Հոր սիրո հանդեպ: Այս կյանքում, հնարավոր է, մենք երբեք չիմանանք, թե ինչու ենք ենթարկվում այս կամ այն փորձություններին, սակայն մենք կարող ենք վստահ զգալ, որ կարող ենք աճել փորձառությունից:

Հիմա ես հասկանում եմ, որ ավելի հեշտ է հետ նայել, երբ դժվարությունն արդեն հաղթահարված է, և տեսնել, թե ինչ ենք մենք սովորել մեր փորձառությունից; բայց խնդիրը նրանում է կայանում, որ կարողանանք ունենալ այդ հավերժական հեռանկարը մեր փորձությունների միջով անցնելիս: Որոշ մարդկանց մեր դժվարությունները կարող են մեծ չթվալ, բայց մեզնից յուրաքանչյուրի համար, ով անցնում է այդ դժվարությունների միջով, դրանք իսկական փորձություն են և մեզնից պահանջում են խոնարհեցնել մեր անձերը Աստծո առաջ և սովորել Նրանից:

Այս Զատիկի կիրակի մենք հիշում ենք մեր Փրկչի կյանքը: Այդ Նա է, ում մենք ցանկանում ենք նմանվել մեր բոլոր գործերում: Թույլ տվեք նշել հինգ բան, որ մենք կարող ենք սովորել երկրի վրա Փրկչի կյանքի վերջին ժամերից, որոնք մեզ կօգնեն հաղթահարել մեր անձնական փորձությունները:

Առաջին, Նա չէր փնտրում անել Իր կամքը, բայց միայն Իր Հոր կամքը: Նա հավատարիմ մնաց իր սրբազան առաքելությանը նույնիսկ փորձության մեջ: Երբ Նա երեսի վրա ընկավ Գեթսեմանիի պարտեզում, Նա խնդրեց, «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»:3 Երբեմն մենք անցնում ենք ցավի ու վշտի միջով, որպեսզի կարողանանք աճել և պատրաստ լինել ապագայի հնարավոր փորձություններին: Ես ձեզ հարց եմ տալիս, մայրեր. «Դուք երբևէ կանե՞ք այնպիսի մի բան, որը ցավ կպատճառի ձեր երեխաներին ու արցունքներ կբերի նրանց աչքերից, երբ նրանք ոչ մի սխալ բան չեն արել»: Իհարկե դուք կանեք: Երբ մայրերը տանում են փոքր երեխաներին բժշկի մոտ պատվաստումներ ստանալու, գրեթե յուրաքանչյուր երեխա արցունքներով է հեռանում բժշկի սենյակից: Ինչու՞ եք դուք դա անում: Որովհետև դուք գիտեք, որ այս պահին զգացած մի փոքր ցավը կպաշտպանի նրանց ապագայում հնարավոր ցավից ու վշտից: Մեր Երկնային Հայրը գիտի վերջը ի սկզբանե: Մենք պետք է հետևենք Փրկչի օրինակին և վստահենք Նրան:

Երկրորդ, երբ մենք հանդիպում ենք փորձությունների, մենք պետք է սովորենք չբողոքել ու չտրտնջալ: Նեփին Փրկչի քավող զոհաբերության մեծ տեսիլքում ասել է մեզ. «Ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա. և նրանք կզարկեն նրան, և նա կտանի դա: Այո, նրանք կթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության պատճառով»:4 Մենք պետք է միշտ փորձենք լուծել խնդիրը և հաղթահարել դժվարությունը, բայց հարցնելու փոխարեն՝«Ինչու՞ ես» կամ «Ի՞նչ եմ ես արել, որ արժանացել եմ սրան», միգուցե հարցը պետք է լինի՝«Ի՞նչ պետք է ես անեմ: Ի՞նչ կարող եմ սովորել այս փորձառությունից: Ի՞նչ կարող եմ փոխել»:

Տարիներ առաջ, երբ ես և կինս ծառայում էինք Վենեսուելայում, մեր կրտսեր որդին թողեց իր հարմարավետ ավագ դպրոցը՝ մեզ միանալու համար: Նա չէր բողոքում, սակայն ակնհայտ էր, որ նրա համար դժվար էր այս երկիրը գալը, որտեղ ամեն ինչ նոր էր. բայց իրադարձությունների մի զարմանալի շրջադարձով նրա կյանքում փորձառությունը գալիս էր մի փորձությունից, որին հաջորդում էին բազում օրհնություններ: Նա հասավ դրան՝ փոխելով իր վերաբերմունքը և վճռականություն դրսևորելով հաջողության հասնելու համար:

Երրորդ, երբ մենք հանդիպում ենք մեր փորձություններին, մենք պետք է փնտրենք ավելի մեծ օգնություն Աստծուց: Նույնիսկ մեր բոլորի Փրկիչը «ավելի եռանդով»5 աղոթելու կարիք զգաց, երբ նա Գեթսեմանի պարտեզում էր: Այսպես մենք կարող ենք ձեռք բերել մեծ հավատք: Մենք պետք է հիշենք, որ հաճախ մեր Երկնային Հոր կողմից ստացված պատասխանները դժվարությունը մեզնից չեն հեռացնում, բայց փոխարենը Նա օգնում է, ուժեղացնելով մեզ, մինչ մենք անցնում ենք փորձության միջով: Տերը կարող է «թեթևացնե[լ] բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին»:6 Մեր փորձության մեջ եկեք չդառնանք ցասկոտ ու անհավատարիմ, բայց եկեք հետևենք Փրկչի՝ ավելի ջերմեռանդ, ավելի անկեղծ ու ավելի հավատարիմ դառնալու օրինակին:

Չորրորդ, սովորենք ծառայել և ուրիշների մասին մտածել, նույնիսկ մեր փորձության ժամերին: Քրիստոսը ծառայության մարմնացում էր: Նրա կյանքը լի էր ուրիշներին օգնելու ու ծառայելու օրինակներով և Նրա բոլոր պարգևներից ամենամեծն այն էր, ինչ Նա արեց մեզ համար: Ինչպես Ինքն է ասել. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն»:7 Մենք պետք է ապաշխարենք և այնուհետև հետևենք ծառայելու Նրա օրինակին: Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք մոռանում ենք մեր սեփական խնդիրները, և աշխատելով մեղմացնել ուրիշների ցավը կամ անհանգստությունը, մենք ուժեղացնում ենք ինքներս մեզ:

Մեր վերջին գերագույն համաժողովին, մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ասել է. «Ես հավատում եմ Փրկչին, որն ասում էր մեզ, որ եթե մենք մեզ չկորցնենք ուրիշներին ծառայելու մեջ, մեր կյանքում քիչ նպատակ կլինի: Ովքեր միայն իրենց համար են ապրում,ի վերջո, կծկվում են, և, այլ կերպ ասած, կորցնում են իրենց կյանքը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են, արդյունքում պահպանելով իրենց կյանքը»:8

Հինգերորդ, ներեք ուրիշներին և աշխատեք չմեղադրել նրանց ձեր իրավիճակի համար: Երբեմն մենք սիրում ենք ասել.«Եթե նրանք այս չանեին, ես այդ ձևով չէի վարվի»: Բնական մարդը հակված է մեղադրել մեկ ուրիշին, որպեսզի պատասխանատվություն չկրի իր արարքների համար: Փրկիչը նայեց նրանց, ովքեր մեխել էին Իրեն խաչին և խնդրեց Իր Երկնային Հորը. «Թողիր դորանց. որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:9 Մենք չե՞նք կարող ավելի ներող լինել:

Մինչ մենք անցնում ենք կյանքի փորձություններով, եկեք պահենք հավերժական հեռանկարը, եկեք չբողոքենք, եկեք դառնանք նույնիսկ ավելի աղոթող, եկեք ծառայենք ուրիշներին, եկեք ներենք մեկս մյուսին: Եթե մենք այսպես վարվենք, «Աստծուն սիրողներին [մեր համար] ամեն բաները գործակից [կլինեն] դեպի բարին»:10 Ես բերում եմ հանդիսավոր, լուրջ ու հավաստի վկայությունը, որ մեր Հայրը սիրում է մեզ և Նա ուղարկեց Իր Որդուն՝ ճանապարհը մեզ ցույց տալու ու հարթելու համար: Նա տառապեց, Նա մահացավ և Նա հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք ապրել, և Նա ցանկանում է, որ մենք «ունենան[ք] ուրախություն»,11 նույնիսկ մեր կյանքի փորձություններում: Ես ասում եմ այս Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. 2 Նեփի 2.11:

  2. Հռովմայեցիս Ը.28:

  3. Ղուկաս ԻԲ.42:

  4. 1 Նեփի 19.9:

  5. Ղուկաս ԻԲ.44:

  6. Մոսիա 24.14:

  7. Վարդապետություն և Ուխտեր 19.16:

  8. Thomas S. Monson, “What Have I Done for Someone Today?” Liahona, Nov. 2009, 85.

  9. Ղուկաս 23.34:

  10. Հռովմայեցիս 8.28:

  11. 2 Նեփի 2.25: