2010
Երբ Տերը պատվիրում է
Մայիս 2010


Երբ Տերը պատվիրում է

Հավատարիմ հնազանդությունը, անկախ խնդրի բարդությունից, կբերի Տիրոջ առաջնորդությունը, աջակցությունը և խաղաղությունը:

Նկար
Elder Bruce A. Carlson

Մի պատմություն կա բնության գրկում ժամանակ անցկացնել սիրող երկու մարդկանց մասին, ովքեր վարձել էին մի փոքրիկ ինքնաթիռ, որ նրանց տաներ մի հեռավոր լիճ՝ ամենամյա ձկնորսության ուղևորության: Բարեհաջող օրվա ավարտին օդաչուն վերադարձավ՝ նրանց ետ բերելու համար: Սակայն, նա արագ տեղեկացրեց ձկնորսներին, որ իր փոքրիկ ինքնաթիռը չի կարող թռչել նրանց սարքավորումների և որսաց ձկների ավելացած քաշի ծանրության պատճառով: Երկրորդ թռիչքի կարիք կար:

Մարզիկները շահագրգռված չէին վճարելու երկրորդ ուղևորության համար: Ուստի, արդյունավետ տեղավորվելու ու մի փոքր հավելավճար տալու խոստումից հետո օդաչուն դժկամությամբ համաձայնվեց թռիչքի փորձ կատարել:

Ձկնորսները բազմանշանակ քմծիծաղ տվեցին, երբ օդաչուն հարկադրված օդանավը օդ բարձրացրեց: Սակայն, վայրկյաններ անց օդանավը ցած ընկավ և բախվեց լճի ճահճուտային մակերեսին:

Օդանավը ցած ընկավ, երբ այն անցել էր «ամբարձիչ ուժ» կոչվող հայտնի երևույթից: «Ամբարձիչ ուժը» առաջացնում է օդանավի հավելյալ բարձրացում, երբ օդը ճնշվում է օդանավի թևերի ու երկրի մակերևույթի միջև, երբ դրանք իրար շատ մոտ են: Այս դեպքում, երբ օդանավը դանդաղորեն սկսեց վեր բարձրանալ «ամբարձիչ ուժի» սահմաններից, պահանջվում էր, որ այն թռչեր իր սեփական ուժով, ինչը պարզապես չէր կարող անել:

Բարեբախտաբար լուրջ վնասներ չկային և գիտակցության գալուց հետո ձկնորսներից մեկը հարցրեց մյուսին. «Ի՞նչ պատահեց»: Երկրորդը պատասխանեց. «Մենք բախվեցինք գետնից կտրվելիս, անցած տարվա մեր տեղից մոտավորապես հարյուր մետրի վրա»:

Այս երկու մարզիկների նման, երբեմն մենք կարծում ենք, որ պետք է լինի Տիրոջ պատվիրանների ավելի հեշտ ճանապարհ, կարճ ճանապարհ կամ փոփոխություն, որը կհամապատասխանի մեր առանձնահատուկ հանգամանքներին: Նման մտքերը խանգարում են գիտակցել, որ Աստծո օրենքներին ճշգրիտ հնազանդվելը բերում է Նրա օրհնություններն ու պաշտպանությունը, մինչդեռ Նրա օրենքներին չհետևելը տանում է դեպի կանխատեսելի հետևանքների:

Երբ Հարոլդ Բ. Լին կանչվեց որպես Եկեղեցու Նախագահ, նա ասաց. «Եկեղեցու ապահովությունը կախված է անդամների կողմից պատվիրանները պահելուց … Եթե նրանք պահեն պատվիրանները, օրհնությունները կգան»:1

Երբ մենք ընտրում ենք չհնազանդվել պատվիրանի, դա սովորաբար այն պատճառով է, որ (1) մենք համոզել ենք ինքներս մեզ, որ պատվիրանը մեզ չի վերաբերվում, (2) մենք չենք հավատում, որ պատվիրանը կարևոր է, կամ (3) մենք համոզված ենք, որ պատվիրանին հնազանդվելը չափազանց դժվար է:

1. Այս Պատվիրանը ինձ չի վերաբերվում

Սողոմոն թագավորի թագավորության վերջին տարիներին Տերն Իր մարգարեի միջոցով տեղեկացրեց նրան. «Ես … պիտի քեզանից պատառեմ թագավորությունը, և քո ծառային պիտի տամ այն»:2

Դրանից կարճ ժամանակ անց Աքիա մարգարեն իմացավ, որ Հերոբովամի պես ծառային, «գործունյա» մարդուն Սողոմոնը «վերակացու դրավ Հովսեփի տան բոլոր բեռների վրա»: 3 Հերոբովամի պարտականությունները պահանջում էին նրանից ճանապարհորդել Եփրեմի սարերից, որտեղ նա ապրում էր, դեպի մայրաքաղաք Երուսաղեմ: Այդ ուղևորություններից մեկի ժամանակ մարգարեն հանդիպեց նրան ճանապարհին: Աքիայի միջոցով Տերն ասաց. «Քեզ [կ]տամ տասը ցեղը»:4 Նա նաև ուսուցանեց Հերոբովամին. «Եթե … գնաս իմ ճանապարհներումը … որ պահես իմ պատվերները և հրամանները … ես քեզ հետ կլինեմ … և Իսրայելը քեզ կտամ»:5

Աքիայի մարգարեությունը լսելուց հետո Սողոմոնը ցանկացավ սպանել Հերոբովամին, և վերջինս փախավ Եգիպտոս:6 Սողոմոնի մահից հետո Հերոբովամը վերադարձավ Իսրայելի հյուսիսային մասը և սկսեց առաջնորդել հյուսիսի տասը ցեղերին:7

Սակայն, թագավորությունը կառավարելու Հերոբովամի ծրագիրը իր մեջ ուներ բարու ու չարի խառնուրդ: Նա հիմնեց Սյուքեմը՝ որպես ազգերի մայրաքաղաք, մեծ կրոնական նշանակություն ունեցող քաղաք իր ժողովրդի համար: Բայց, ավաղ, նա ներմուծեց սատանայական ծեսեր նրանց երկրպագության մեջ:8

Ձկնորսների նման, Հերոբովամը համոզել էր ինքն իրեն, որ որոշ Աստծո պատվիրաններ իրեն չեն վերաբերվում: Իր արարքների արդյունքում նրա ողջ սերունդը բնաջնջվեց և նրանց սուրբ արարողություններում նրա ներմուծած չար սովորությունների պատճառով Իսրայելի տասը ցեղերը ի վերջո վտարվեցին իրենց ժառանգության հողից:9

Ճիշտ ինչպես «ամբարձիչ ուժի» ազդեցությունից դուրս ավել քաշով թռչելը, քան օդանավի թևերը կարող են պահել, աղետաբեր հետևանքների կբերի, Աստծո օրենքների մասնակի կամ ընտրողական պահպանումը կզրկի հնազանդության շատ օրհնություններից:

2. Այս պատվիրանը կարևոր չէ

Տասնամյակներ անց, Նեեմանը՝ Ասորիների պատերազմի հերոսը, «քաջ զորավորը»10 ճանապարհորդեց իր հայրենի երկրից Իսրայելի երկիր և խնդրեց թագավորին՝ Հովրամին, որ բժշկի բորոտությունից:11

Նեեմանը ուղարկվեց մարգարե Եղիսեի մոտ. «Եվ Եղիսեն պատգամավոր ուղարկեց նորա մոտ ասելով, Գնա և յոթն անգամ լվացվիր Հորդանանումը, … և կմաքրվիս»:12

Չնայած բժշկվելու այս մարգարեկան խոստումին, Նեեմանը վիրավորվել էր, որ Եղիսեն անձամբ չեկավ իրեն ողջունելու և նույնիսկ ավելի վիրավորվել էր փոքր ու կեղտոտ Հորդանան գետում յոթ անգամ լվացվելու մարգարեի հրահանգից: Նրա հպարտությունը պահանջում էր ավելի ուշադրության արժանի ու փառահեղ ինչ-որ բան, իր հարգվածության աստիճանին և հասարակությունում ու երկրում իր դիրքին համապատասխանող մի բան:

Բարեբախտաբար, Նեեմանի ծառաները համոզեցին նրան, որ անկախ նրանից, թե ինչ է մարգարեն նրան ասել, որ անի, եթե հնազանդվի, կբերի Տիրոջ օրհնությունները: Ի հակադրություն մեր ձկնորսների՝ Նեեմանը հնազանդեցրեց իրեն այս հասարակ թվացող պատվիրանին և ինչպես որ պատվիրվել էր՝ լվացվեց Հորդանան գետում: Իր հնազանդության արդյունքում նա մաքրվեց իր բորոտությունից:13

Աստծո պատվիրաններին հնազանդվելը, չնայած որ դրանք կարող են մեզ անկարևոր կամ սովորական թվալ, անկասկած կբերեն Նրա խոստացված օրհնությունները:

3. Պատվիրանը չափազանց դժվար է

Հետևելով Տիրոջ պատվիրանին, Լեքի մարգարեն իր ընտանիքին տարավ անապատ: Ճանապարհորդության առաջին մի քանի օրերի ընթացքում Լեքին հրահանգում է իր որդի Լեմուելին լինել «կայուն ու հաստատուն, անխախտ՝ Տիրոջ պատվիրանները պահելիս»:14

Սակայն, երբ մարգարեի միջոցով պատվիրան եկավ վերադառնալ Երուսաղեմ և բերել արույրե թիթեղները, որոնք պարունակում էին «հրեաների հիշատակարանը»,15 երկու ավագ որդիները ըմբոստացան, ասելով. «Սա դժվար բան է»:16

Չնայած իր ավագ եղբայրների տրտնջանքներին, Նեփիի հավատքն ու հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին թույլ տվեց ձեռք բերել արույրե թիթեղները: Ժողովուրդ հիմնվեց, լեզու պահպանվեց և Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանվեց գալիք սերունդներին:

Երբեմն մենք պատճառաբանում ենք, որ Տերը կհասկանա մեր անհնազանդությունը մեր առանձնահատուկ հանգամանքների պատճառով, որոնք Նրա օրենքներից կառչելը դարձնում են դժվար, շփոթեցնող կամ նույնիսկ ցավագին: Սակայն, հավատարիմ հնազանդությունը, անկախ խնդրի բարդությունից, կբերի Տիրոջ առաջնորդությունը, աջակցությունը և խաղաղությունը:

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն երկու անգամ խնդրեց Տիրոջը, որ իր լավ ընկեր Մարտին Հարրիսը Լեքիի գրքի ձեռագիր թարգմանված առաջին 116 էջերը Հարմոնիից, Պենսիլվանիա, վերադարձներ Պալմիրա: Ամեն անգամ Տերը Ջոզեֆին խորհուրդ էր տալիս խուսափել ձեռագրերը պարոն Հարրիսին վստահելուց

Մարտինը ցանկանում էր օգտագործել թարգմանված նյութերը որպես ապացույց, որ իր ընկերները վերջ տային բամբասանքներին իր և Ջոզեֆ Սմիթի հետ իր ընկերության մասին: Երբ Ջոզեֆը խնդրեց երրորդ անգամ, Տերը չմերժեց:17

Մարտինը կորցրեց ձեռագրերը և արդյունքում թիթեղները ժամանակավորապես վերցվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթից: Դա ցավագին դաս էր Մարգարե Ջոզեֆի համար, որից հետո նա ասել է. «Ես ինձ համար օրենք սահմանեցի. Երբ Տերը պատվիրում է, արա»:18 Սա կարող է և պետք է լինի մեր օրենքը նույնպես:

Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, Նա անպայման արձագանքում է դրան: Նա մեզ խոստացել է. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք»:19

Եվս մեկ անգամ Նա մեզ խորհուրդ է տվել. «Ես՝ Տերս, ողորմած և բարեգութ եմ նրանց հանդեպ, ովքեր վախենում են ինձանից, և բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ»:20

Աստծո պատվիրաններին հնազանդվելը մեզ վստահություն է տալիս մեր ընտրած ճանապարհին, արժանի է մեզ դարձնում Նա առաջնորդությանը, երբ մենք անդադար ջանքեր ենք գործադրում, և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու ու մեր Հոր ներկայություն վերադառնալու հնարավորություն է տալիս:

Իմ աղոթքն է, որ ամեն նոր օր մենք ձգտենք ավելի հնազանդ լինել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին, արարողություններին ու պատվիրաններին, որպեսզի Նա կարողանա ավելի առատորեն օրհնել մեր կյանքը:

Ես վկայում եմ, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելը բերում է երկնքի օրհնությունները, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է մեր օրերում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Harold B. Lee, quoted in Stephen W. Gibson, “Presidency Meets the Press,” Church News, July 15, 1972, 3.

  2. Գ Թագավորաց ԺԱ.11:

  3. Գ Թագավորաց ԺԱ.28:

  4. Գ Թագավորաց ԺԱ.31:

  5. Գ Թագավորաց ԺԱ.38:

  6. Տես Գ Թագավորաց ԺԱ.40:

  7. Տես Գ Թագավորաց ԺԲ.2–3, 20:

  8. Տես Գ Թագավորաց ԺԲ.25–30:

  9. Տես Գ Թագավորաց ԺԴ.10 ,15–16:

  10. Դ Թագավորաց Ե.1:

  11. Տես Դ Թագավորաց Ե.5–6:

  12. Դ Թագավորաց Ե.10:

  13. Տես Դ Թագավորաց Ե.11–14:

  14. 1 Նեփի 2.10:

  15. 1 Նեփի 3.3:

  16. 1 Նեփի 3.5:

  17. See History of the Church, 1:20–21; Վարդապետություն և Ուխտեր 3; 10.

  18. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 160.

  19. Վարդապետություն և Ուխտեր 14.7:

  20. Վարդապետություն և Ուխտեր 76.5, շեղագրումն ավելացված է: