2010
Փակման խոսք
Մայիս 2010


Փակման խոսք

Տիրոջ փարոսը ազդանշաններ է ուղարկում, որոնք հեշտ է ճանաչել և երբեք չեն տապալի:

Նկար
President Thomas S. Monson

Սա հիանալի փակման նիստ է: Ես հազվադեպ եմ լսել այսպիսի քարոզներ, այսքան քիչ խոսքերով, ինչպիսին մենք լսեցինք այսօր: Մենք բոլորս այստեղ ենք, որովհետև մենք սիրում ենք Տիրոջը: Մենք ուզում ենք ծառայել Նրան: Մեր Երկնային Հայրը մտածում է մեր մասին: Այդ մասին ես վկայում եմ: Ես ընդունում եմ Նրա ձեռքը բոլոր բաներում:

Կարճ սուրբ գրություն.

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:1

Դա իմ կյանքի պատմությունն է:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք մոտենում ենք այս ուսուցանող և ոգեշնչող համաժողովի ավարտին: Լսելուց հետո մեր խոսնակների խորհուրդները և վկայությունները, ես համոզված եմ, որ մենք առատորեն օրհնվեցինք և ավելի վճռական դարձանք Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով ապրելու հարցում: Մեզ համար օգտակար էր այստեղ լինելը: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում յուրաքանչյուրին, ով խոսեց մեզ հետ, ինչպես նաև նրանց, ովքեր ասացին աղոթքները:

Երաժշտությունը զարմանահրաշ էր: Ես հիշեցի Վարդապետություն և Ուխտերում սուրբ տողերը. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո՛, արդարների երգն աղոթք է ինձ համար, և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին»:2

Հիշեք, որ համաժողովի ժամանակ մեր լսած ուղերձները կտպագրվեն Էնսայն և Լիահոնա ամսագրերի մայիսի համարներում: Ես ձեզ հորդորում եմ ուսումնասիրել այդ ուղերձները, խորհել դրանց ուսմունքների շուրջ, ապա կիրառել դրանք կյանքում:

Ես գիտեմ, որ դուք կմիանաք ինձ, շնորհակալություն հայտնելով այն եղբայրներին և քույրերին, ովքեր այս համաժողովին ազատվեցին: Նրանք լավ են ծառայել և նշանակալի ներդրում են ունեցել Տիրոջ գործին: Նրանց նվիրումը լիակատար էր: Մենք սրտանց շնորհակալ ենք նրանց:

Ձեռքերի բարձրացմամբ, այս համաժողովին մենք նաև հաստատել ենք եղբյարներին և քույրերին, ովքեր կանչվեցին նոր պաշտոնների: Մենք ուզում ենք, որ նրանք իմանան, որ մենք հաճույքով կաշխատենք նրանց հետ Վարդապետի մեծ գործը կատարելիս:

Իմ եղբայրներ և քույրեր, այսօր, նայելով մեր շուրջն աշխարհին, մենք տեսնում ենք լուրջ և մեզ մեծապես մտահոգող խնդիրներ: Աշխարհը, կարծես սահել է ապահովության հարթակից և հեռացել խաղաղության նավահանգստից:

Թույլատրելիությունը, անբարոյականությունը, պոռնոգրաֆիան, անազնվությունը և այլ չարիքների մի բանակ շատերին գցել են մեղքի ծովը և փշրել կորսված հնարավորությունների, բացթողած օրհնությունների և չիրականացած երազանքների սրածայր ժայռերի վրա:

Իմ խորհուրդը մեր բոլորի համար Տիրոջ փարոսին նայելն է: Չկա այնպիսի խիտ մառախուղ, այնպիսի խավար գիշեր, այնպիսի ուժգին քամի, այնքան մոլորված նավաստի, որ նրա փարոսը չկարողանա փրկել: Այն շողում է կյանքի փոթորիկների միջից: Տիրոջ փարոսը ազդանշաններ է ուղարկում, որոնք հեշտ է ճանաչել և որոնք երբեք չեն տապալի:

Ես սիրում եմ Սաղմոսի այս խոսքերը. «Տեր, իմ վեմ, և իմ բերդ և իմ ազատիչ. իմ Աստուած, իմ ամրություն, որին ես հուսացած եմ … Ես … Տիրոջը կանչեցի և իմ թշնամիներիցը [ես] կփրկվեմ»:3

Տերը սիրում է մեզ, իմ եղբայրներ և քույրեր, և կօրհնի մեզ, եթե մենք ապավինենք Նրան:

Որքան երախտապարտ ենք մենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի համար, այն ողջ բարիքի համար, որ այն բերում է մեր կյանք: Տերը Իր օրհնությունները լցրել է մեզ վրա` որպես մի ժողովուրդ: Ես բերում եմ իմ վկայությունը ձեզ, որ այս աշխատանքը ճշմարիտ է, որ մեր Փրկիչն ապրում է, որ Նա առաջնորդում և ղեկավարում է Իր Եկեղեցին այստեղ` երկրի վրա:

Այժմ, մոտենալով այս համաժողովի վերջին րոպեներին, իմ սիրտը լցվում է և զգացմունքները հուզում են ինձ: Ես արտահայտում եմ իմ սերն ու երախտագիտությունը ձեզ: Շնորհակալություն ձեր աղոթքների համար իմ և Եկեղեցու բոլոր Գերագույն Իշխանավորների համար: Տերը լսում է ձեր աղոթքները և օրհնում է մեզ, ղեկավարում Իր արքայության գործերը կատարելիս այստեղ` երկրի վրա: Սրա համար մենք խորապես երախտապարտ ենք:

Հեռանալով այս համաժողովից, ես հայցում եմ երկնքի օրհնությունները յուրաքանչյուրիս համար: Մինչ կվերադառնաք ձեր տները ողջ աշխարհով մեկ, ես աղոթում եմ մեր Երկնային Հորը, որ Նա օրհնի ձեզ և ձեր ընտանիքները: Թող այս համաժողովի ուղերձները և ոգին արտահայտվեն այն ամենի մեջ, ինչ անում եք դուք ձեր տներում, ձեր աշխատանքի վայրում, ձեր ժողովներին և ձեր բոլոր գործերում:

Ես սիրում եմ ձեզ: Ես աղոթում եմ ձեզ համար: Թող Աստված օրհնի ձեզ: Թող Նրա խոստացված խաղաղությունը ձեզ հետ լինի այժմ և հավիտյան, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Առակաց Գ.5–6:

  2. Վարդապետություն և Ուխտեր 25.12:

  3. Սաղմոս ԺԸ.2,3: