2008
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
2008թ. Մարտ


Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Նկար
President Boyd K. Packer

Տասներկուսի հետ Փլիպպեայի Կեսարիայում հանդիպելիս Հիսուսը հարցրեց. «Իսկ դուք ո՞վ եք ասում ինձ համար»: Սիմոն Պետրոսը` գլխավոր Առաքյալը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծոյ որդին» (Մատթեոս ԺԶ.15–16): Պետրոսն ավելի ուշ վկայում է, որ Հիսուսը «առաջուց ճանաչված էր աշխարհքի սկզբիցն առաջ» (Ա Պետրոս Ա.20): Նա «սկզբում Հոր մոտ էր, և Անդրանիկն էր» (ՎևՈւ 93.21):

Երբ Հոր ծրագիրը` փրկության և երջանկության ծրագիրը (տե՛ս Ալմա 34.9), ներկայացվեց, պետք էր մեկը, ով քավություն կկատարեր, որպեսզի փրկագներ և ներում պարգևեր բոլոր նրանց, ովքեր ընդունել էին ծրագիրը (տե’ս Ալմա 34.16; 39.18; 42.15): Հայրը հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ»: Նա, ով պետք է հայտնի դառնար որպես Հիսուս, ազատորեն և պատրաստակամորեն պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3.27): «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2):

Ի նախապատրաստում` ստեղծվեց երկիրը. «Եվ Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է», հայտարարեց Հայրը (Մովսես 1.33; տե’ս նաև Եփեսացիս Գ.9; Հելաման ԺԴ.12; Մովսես 2.1):

Հիսուս Քրիստոսի անվանումները

Հին Կտակարանի մարգարեների կողմից նա հայտնի էր որպես Եհովա (տե’ս Աբրահամ Ա.16; Ելից Զ.3): Մարգարեներին ցույց էր տրվել Նրա գալուստը. «Ահա Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին» (1 Նեփի 11.21; տե’ս նաև Հովհաննես Ա.14): Նրա մորն ասվել էր. «Նրա անունը Հիսուս կդնես … Նա … Բարձրյալի Որդի կկոչվի» (Ղուկաս Ա.31–32):

Շատ կոչումներ և անուններ նկարագրում են Նրա աստվածային առաքելությունը և ծառայությունը: Նա Ինքը սովորեցրել է. «Ես եմ լույսը և կյանքն աշխարհի: Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը» (3 Նեփի 9.18): «Ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (ՎևՈւ 29.5; տե’ս նաև ՎևՈւ110.14): «Ես եմ բարի հովիվը» (Հովհաննես Ժ.11): «Ես Մեսիան եմ` Սիոնի Թագավորը` Երկնքի Վեմը» (Մովսես 7.53): «Ես եմ կյանքի հացը. ինձ մոտ եկողը չի սովիլ, և ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ» (Հովհաննես Զ.35): «Ես եմ ճշմարիտ որթը, և իմ Հայրը մշակն է» (Հովհաննես ԺԵ.1): «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես ԺԱ.25): «Ես եմ … առավոտյան պայծառ աստղը» (Հայտնություն ԻԲ.16), «Հիսուս Քրիստոսը` ձեր Քավիչը, Մեծ Ես եմ-ը» (ՎևՈւ 29.1):

Նա Միջնորդն էր (տե’ս Ա Տիմոթեոս Բ.5), Փրկիչը (տե’ս Ղուկաս Բ.11), Քավիչը (տե’ս ՎևՈւ 18.47), Եկեղեցու Գլուխը (տե’ս Եփեսացիս Ե.23), նրա Հիմնական Անկյունաքարը (տե’ս Եփեսացիս Բ.20): Վերջին օրը «Աստված մարդկանց կդատե ավետարանի համեմատ` Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս Բ.16; տե’ս նաև Մորմոն Գ.20):

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվավ» (Հովհաննես Գ.16), «ուստի փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով. քանզի նա լի է շնորհով և ճշմարտությամբ» (2 Նեփի 2.6):

Մարգարե Ջոզեֆ Սմիթին հաճախ հարցրել են. «Որո՞նք են ձեր կրոնի հիմնական սկզբունքները»:

«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են` Առաքյալների և Մարգարեների վկայությունը, Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որ Նա մահացել է, թաղվել է, և նորից հարություն է առել երրորդ օրը և բարձրացել երկինք, իսկ մյուս բոլոր բաները, որ պատկանում են մեր կրոնին, միայն դրա լրացումներն են»:1

Հիսուս Քրիստոսի խոնարհությունը

Խաչումից առաջ Իր ձերբակալության ժամանակ Տերը եկավ Գեթսեմանից: Մատնության պահին Պետրոսն իր թուրը քաշեց քահանայապետի ծառա Մաղքոսի վրա: Հիսուսն ասաց.

«Սուրդ տեղը դիր …

Կամ կարծում ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնևերկու գունդ հրեշտակներ» (Մատթեոս ԻԶ.52–53):

Դաժանության, բռնության, ծեծի և խաչման վերջնական տանջանքների ժամանակ Տերը լուռ և ենթարկվող մնաց, բացի այն լարված տեսարանից, որը բացահայտեց Քրիստոնեական վարդապետության ողջ էությունը: Այդ պահը դատի ժամանակ տեղի ունեցավ: Պիղատոսը, որը վախեցավ, Հիսուսին ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. մի՞թե չգիտես, որ ես իշխանություն ունիմ քեզ խաչելու, և իշխանություն ունիմ քեզ արձակելու» (Հովհաննես ԺԹ.10):

Կարելի է միայն պատկերացնել այն արքայական հանգստությունը, երբ Տերն ասաց. «Դու ոչինչ իշխանություն չէիր ունենալ ինձ վերայ, եթե վերևիցը տրված չլիներ քեզ» (Հովհաննես ԺԹ.11): Այն, ինչ հետևեց, տեղի ունեցավ ոչ թե, որովհետև Պիղատոսը իշխանություն ուներ դա անելու, այլ որովհետև Տերը ցանկություն ուներ ընդունելու դա:

«Իմ անձը դնում եմ, - ասաց Տերը, - որպեսզի դարձեալ առնեմ նորան:

Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան» (Հովհաննես Ժ.17–18):

Հիսուս Քրիստոսի քավությունը

Խաչումից առաջ և հետո շատ մարդիկ են պատրաստակամորեն տվել իրենց կյանքը որպես անձնազոհ հերոսներ: Սակայն ոչ ոք չի կրել այն, ինչին դիմացավ Քրիստոսը: Նրա վրա էր ողջ մարդկային մեղսագործության բեռը, մարդկային ողջ մեղքը: Իսկ կշեռքի մյուս կողմում Քավությունն էր: Նրա կամավոր արարքի շնորհիվ գթասրտությունն ու արդարադատությունը վերականգնվեց, հավերժական օրենքը հաստատվեց և այնպիսի միջնորդություն ապահովվեց, առանց որի մահկանացու մարդը չէր կարող փրկագնվել:

Իր կամքով նա ընդունեց պատիժը ողջ մարդկության փոխարեն` ողջ ամբարշտության և անարդարության, դաժանության, անբարոյականության, խեղաթյուրման և ապականության, հակվածության, սպանությունների, տանջանքների և ահաբեկչության համար,- այն ամենի, ինչ եղել կամ պետք է կատարվեր երկրի վրա: Դա ընտրելով Նա դիմակայեց չարի ահռելի զորությանը, որը ենթակա չէր ոչ մարմնային, ոչ մահկանացու ցավի: Դա էր Գեթսեմանը:

Ինչպես Քավությունն արվեց` մենք չգիտենք: Ոչ մի մահկանացու չի տեսել, թե ինչպես է չարը շրջվում և ամոթով թաքնվում այդ մաքուր էության Լույսի առաջ: Ողջ ամբարշտությունը չէր կարող հանգցնել այդ Լույսը: Երբ այն, ինչ պետք է արվեր, արվեց, գինը վճարված էր: Մահը և դժոխքն այլևս ուժ չունեին նրանց վրա, ովքեր կապաշխարեին: Մարդիկ վերջապես ազատ էին: Դրանից հետո յուրաքանչյուր հոգի, որն երբևէ ապրել է, կարող էր դառնալ դեպի այդ Լույսը և փրկագնվել:

Այդ անսահման զոհաբերությամբ, «Քրիստոսի Քավության միջոցով ողջ մարդկությունը կարող է փրկվել, հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.3):

«Քավությունը» սուրբ գրություններում

Անգլերեն լեզվում քավություն բառը իրականում երեք բառից է բաղկացած, նշանակելով դառնալ մեկ, մեկ Աստծո հետ` համաձայնվել, հաշտվել, միաձուլվել:

Սակայն գիտե՞ք արդյոք, որ քավություն բառը միայն մեկ անգամ է հանդիպում անգլերենով Նոր Կտակարանում: Միայն մեկ անգամ: Ես մեջբերում եմ հռոմեացիներին ուղղված Պողոսի նամակից.

«Քրիստոսը մեզ համար մեռավ:

… Աստծո հետ հաշտվեցանք նորա Որդու մահովը, որքա՞ն ավելի որ հաշտված ենք, կապրինք նորա կյանքովը:

Եվ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հաշտությունն ընդունեցինք» (Հռովմայեցիս Ե.8,10–11; շեշտադրումն ավելացված է):

Միայն մեկ անգամ է քավություն բառը անգլերենով հանդիպում Նոր Կտակարանում: Քավություն` բոլոր բառերից: Դա անհայտ բառ չէր, քանզի այն շատ անգամ էր օգտագործվել Հին Կտակարանում Մովսեսի օրենքի հետ կապված, սակայն միայն մեկ անգամ Նոր Կտակարանում: Ես դա նշանակալից եմ համարում:

Ես միայն մեկ բացատրություն գիտեմ: Դրա համար մենք դիմում ենք Մորմոնի Գրքին: Նեփին վկայում է, որ Աստվածաշունչը մի ժամանակ «պարունակում էր Տիրոջ ավետարանի լրիվությունը, որի մասին տասներկու առաքյալները վկայում են», և որ «դրանք Գառի տասներկու առաքյալների ձեռքով հրեաներից հեթանոսներին անցնելուց հետո, դու տեսնում ես այն մեծ և պիղծ եկեղեցու ստեղծումը, որն ամենապիղծն է` բոլոր մյուս եկեղեցիներից ավելի. քանզի ահա, նրանք Գառի ավետարանից հանել են շատ մասեր, որոնք պարզ ու ամենաարժեքավորն են. և նրանք հանել են նաև Տիրոջ բազմաթիվ ուխտեր» (1 Նեփի 13.24, 26):

Հակոբն այսպես է նկարագրել մեծ և պիղծ եկեղեցին. «Ուստի նա, ով կռվում է Սիոնի դեմ` թե հրեա, թե հեթանոս, թե ստրուկ, թե ազատ, թե այր, թե կին, կկործանվի. քանզի այդ նրանք են, ովքեր ողջ աշխարհի պոռնիկն են. քանզի նրանք, ովքեր իմ կողմից չեն, դեմ են ինձ, ասում է մեր Աստվածը» (2 Նեփի 10.16):

Նեփին նաև ասում է. «Շատ պարզ ու արժեքավոր բաների պատճառով, որոնք հանվել էին գրքից, … շատ-շատերը սայթաքում են, այո, այնպես որ Սատանան մեծ զորություն ունի նրանց վրա» (1 Նեփի 13.29): Ապա նա մարգարեացել է, որ թանկարժեք բաներ կվերականգնվեն (տե’ս 1 Նեփի 13.34–35):

Եվ դրանք վերականգնվեցին: Մորմոնի Գրքում քավել բառը իր ձևով և ուժով հանդիպում է 39 անգամ: Ես միայն մեկ տող եմ մեջբերում Ալմայից. «Եվ այժմ, ողորմության ծրագիրը չէր կարող իրականացվել, մինչև մի քավություն չարվեր. հետևաբար Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը` իրականացնելով ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» (Ալմա 42.15; շեշտադրումն ավելացված է):

Միայն մեկ անգամ Նոր Կտակարանում, բայց 39 անգամ Մորմոնի Գրքում: Կա՞ արդյոք ավելի լավ ապացույց, որ Մորմոնի Գիրքը իսկապես մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Եվ դա ամենը չէ: Քավել և քավություն բառերը հինգ անգամ հանդիպում են Վարդապետություն և Ուխտերում և երկու անգամ Մեծագին Մարգարիտում: Ոգեշնչող կարևորություն ունեցող քառասունյոթ հղում: Եվ դա ամենը չէ: Հարյուրավոր այլ տողեր օգնում են բացատրել Քավությունը:

Ընտրության ազատություն

Քավության գինը վճարվեց Տիրոջ կողմից առանց պարտադրանքի, քանզի ընտրության ազատությունը ղեկավարող սկզբունք է: Ըստ ծրագրի, ընտրության ազատությունը պետք է հարգվի: Այդպես է եղել ի սկզբանե` դեռ Եդեմից:

«Տերն ասաց Ենովքին. Նայիր քո այս եղբայրներին. նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց գիտելիքը, այն օրը, երբ ես ստեղծեցի նրանց. և Եդեմի պարտեզում ես մարդուն տվեցի իր կամքի ազատությունը» (Մովսես 7.32):

Ինչ էլ որ տեղի չունենար Եդեմում քննության այդ կարևոր պահին, Ադամն ընտրություն կատարեց: Նրանից հետո, երբ Տերը Ադամին ու Եվային պատվիրեց չուտել բարու և չարի գիտության ծառից, Նա ասաց. «Այնուամենայնիվ, դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ, սակայն հիշիր, որ ես արգելում եմ դա, քանզի այն օրը, երբ դու ուտես դրանից, դու անկասկած կմեռնես» (Մովսես 3.17):

Շատ կարևոր էր, որպեսզի մարդ մտներ մահկանացու կյանք առանց պարտադրանքի: Դա կհակասեր ծրագրի հիմնական օրենքին: Ըստ ծրագրի Աստծո յուրաքանչյուր հոգևոր զավակ պետք է ստանար մահկանացու մարմին և փորձվեր: Ադամը հասկացավ, որ դա այդպես պետք է լիներ, և կատարեց իր ընտրությունը: «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25):

Ադամն ու Եվան սկսեցին բազմանալ և լցնել երկիրը, ինչպես իրենց պատվիրվել էր: Նրանց մարմինների ստեղծումը Աստծո պատկերով, որպես առանձին արարում, կենսական էր ծրագրի համար: Նրանց հետագա Անկումը էական էր, եթե պետք է հաստատվեին մահկանացու կյանքի պայմանները և ծրագիրը իրականանար:

Քավության անհրաժեշտությունը

Նեփին նկարագրում է այն, ինչ պետք է պատահեր մեր մարմինների և հոգիների հետ, եթե անսահման քավությունը չկատարվեր: Մեր հոգիները կնմանվեին դևի հոգիներին: (Sե’ս 2 Նեփի 9.7—10:)

Ես հազվադեպ եմ օգտագործում բացարձակ բառը: Այն հազվադեպ է համապատասխանում իրավիճակին: Այժմ ես կօգտագործեմ այն` երկու անգամ:

Անկման հետևանքով Քավությունը բացարձակ կարևոր էր հարության համար երկրային մահը հաղթահարելու համար:

Քավությունը բացարձակ կարևոր էր մարդկանց համար, որպեսզի նրանք մաքրեին իրենց մեղքից և հաղթահարեին երկրորդ մահը, հոգևոր մահը, որը բաժանումն է մեր Երկնային Հորից, քանզի սուրբ գրությունները մեզ ասում են ութ անգամ, որ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո ներկություն (տե’ս 1 Նեփի 10.21; 15.34; Ալմա 7.21; 11.37; 40.26; Հելաման 8:25; 3 Նեփի 27.19; Մովսես 6.57):

Սուրբ գրությունների հետևյալ խոսքերը. «Այնուամենայնիվ, դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ» (Մովսես 3.17), ներկայացնում են Ադամին ու Եվային ու նրանց սերունդներին այն բոլոր վտանգները, որոնք կրում է մահկանացու կյանքը: Մահկանացու կյանքում մարդիկ ազատ են ընտրելու, իսկ յուրաքանչյուր ընտրություն հետևանքի է հանգեցնում: Ադամի ընտրությունը գործի դրեց արդարադատության օրենքը, որն անհնազանդության համար պահանջում է պատիժ` մահ:

Սակայն դատավարության ժամանակ ասված այս խոսքերը. «Դու ոչինչ իշխանություն չէիր ունենալ ինձ վերայ, եթե վերևիցը տրված չլիներ քեզ» (Հովհաննես ԺԹ.11), ապացուցում են, որ գթասրտությունը հավասար ուժն ունի: Քավիչ ուղարկվեց պարտքը վճարելու և մարդկանց ազատելու համար: Սա էր ծրագիրը:

Ալմայի որդի Կորիանթոնն անարդար էր գտնում, որ պատիժ է հետևում մեղքին, որ չկա պատժի անհրաժեշտություն: Խորաթափանց դաս մատուցելով, Ալման իր որդուն և մեզ սովորեցնում է փրկագնման ծրագրի մասին: Ալման, խոսելիս Քավության մասին, ասում է. «Արդ, ապաշխարությունը չէր կարող գալ մարդկանց, եթե չլիներ մի պատիժ» (Ալմա 42.16):

Եթե պատիժը այն գինն է, որը պահանջվում է ապաշխարության համար, ապա այն օգտակար գին է: Անգամ ցավալի հետևանքները պաշտպանում են մեզ: Դա մենք կարող ենք սովորել այնպիսի մի հասարակ բանից, ինչպիսին է ցավից երեխայի լացը, երբ նա մատով դիպչում է կրակին: Եթե չլիներ ցավը, երեխան կարող էր այրվել:

Ապաշխարության օրհնությունները

Ես պատրաստակամորեն խոստովանում եմ, որ առանց ապաշխարության աշխարհում չէի գտնի ոչ խաղաղություն, ոչ երջանկություն, ոչ էլ ապահովություն: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեի, եթե չլիներ ճանապարհ ջնջելու իմ սխալները: Ցավը կլիներ ավելին, քան ես կարող էի տանել: Մի գուցե ձեր դեպքում այլ կերպ լիներ, բայց ոչ ինձ հետ:

Քավությունը կատարվեց: Առաջին անգամ և ընդմիշտ այն ներում է պարգևում հանցանքից և մահից, եթե մենք ապաշխարենք: Ապաշխարությունը միակ ելքի ճանապարհն է այդ ամենից: Ապաշխարությունն այն բանալին է, որով մենք կարող ենք բացել բանտը ներսից: Այդ բանալին մեր ձեռքերում է, և մենք ազատ ենք օգտագործելու այն:

Որքան թանկարժեք է ազատությունը, որքան արժեքավոր է ընտրության ազատությունը:

Լյուցիֆերը խելացի ձևերով շահագործում է մեր ընտրությունները, ստելով մեղքի և հետևանքի մասին: Նա և նրա հրեշտակները գայթակղում են մեզ լինել անարժան, անգամ` ամբարիշտ: Սակայն նա չի կարող, ողջ հավերժության մեջ նա չի կարող, ողջ իր զորությամբ նա չի կարող ամբողջովին կործանել մեզ, առանց մեր համաձայնության: Եթե ընտրության ազատությունը տրվեր մարդուն առանց Քավության, դա կլիներ մահացու սխալ:

Ստեղծված Նրա Պատկերով

Ծննդոցում, Մովսեսում, Աբրահամում, Մորմոնի Գրքում և օժտման ժամանակ մենք սովորում ենք, որ մարդու մահկանացու մարմինը ստեղծվել է Աստծո պատկերով` առանձին արարման ընթացքում: Եթե Արարումն արվեր այլ կերպ, ապա Անկում չէր լինի:

Եթե մարդիկ լինեին պարզապես կենդանիներ, ապա ազատությունը պատասխանատվություն չէր կրի:

Ես լավ գիտեմ, որ կրթված մարդկանց մեջ կան շատերը, որ նայում են կենդանիներին և քարերին և փորձում գտնել մարդու ծագումը: Նրանք չեն նայում իրենց մեջ` գտնելու իրենց հոգին: Նրանք սովորում են չափել ամեն ինչ ժամանակով, հազարներով և միլիոններով, և պնդում են, որ մարդ կոչված այդ կենդանիները պատահական են առաջացել: Եվ նրանք ազատ են դա անելու, քանզի ունեն ազատ ընտրություն:

Սակայն մենք նույնպես ունենք ազատ ընտրություն: Մենք նայում ենք վերև և տիեզերքում տեսում Աստծո ձեռքի աշխատանքները և չափում ամեն ինչ դարաշրջաններով, տնտեսություններով, հավերժություններով: Շատ բաների հավատով չենք մոտենում, եթե չգիտենք դրանց մասին:

Սակայն սա մենք գիտենք: Դա ծրագրվել էր դեռ աշխարհը ստեղծելուց առաջ (տե’ս ՎևՈւ 38.1; տես նաև ՎևՈւ 49.17; 76.13, 39; 93.7; Աբրահամ 3.22–25): Արարումից սկսած մինչև վերջին իրադարձությունները հիմնված են ոչ թե պատահականության վրա, այլ ընտրության վրա: Այդպիսին էր ծրագիրը:

Սա մենք գիտենք: Սա է հասարակ ճշմարտությունը: Եթե չլիներ Արարումը, ոչ էլ Անկումը, ապա չէր լինի կարիք ոչ մի Քավության համար, ոչ էլ Քավիչ էր պետք` մեզ համար միջնորդ հանդիսանալու համար: Այդ ժամանակ պետք չէր լինի Քրիստոսը:

Քավության խորհրդանշանները

Գեթսեմանում և Գողգոթայում թափվեց Փրկչի արյունը: Դարեր առաջ Զատիկը սկսվեց տոնվել որպես գալիք բաների խորհրդանշան: Դա ծես էր, որը պետք է ընդմիշտ պահվեր: (Sե’ս Ելից ԺԲ:)

Երբ մահը սփռվեց Եգիպտոսով մեկ, յուրաքանչյուր իսրաելական ընտանիք պետք է զոհաբերեր մի գառ` առաջնեկ, որձ, անբիծ մի գառ: Զատկի գառը պետք է մորթեին առանց ոսկորները կոտրելու, իսկ արյունով պետք է նշան անեին տան դռան վրա: Տերը խոստացել էր, որ մահվան հրեշտակը կանցներ այդ նշանն ունեցող տների վրայով և չէր սպանի այդ տանը գտնվողներին: Նրանք կփրկվեին գառան արյունով:

Տիրոջ Խաչումից հետո զոհաբերության օրենքն այլևս չէր պահանջում արյուն թափել: Քանզի դա արվեց, ինչպես սովորեցում է Պողոսը Եբրայեցիներին. «մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես» (Եբրայեցիս Ժ.10, 12): Այդ պահից արվող զոհաբերությունը պետք է լիներ կոտրված սիրտն ու փշրված հոգին` ապաշխարությունը:

Եվ Զատիկը պետք է միշտ հիշատակվեր որպես հաղորդություն, որի ժամանակ մենք նորացնում ենք մեր մկրտության ուխտը և մասնակցում` ի հիշատակ Աստծո Գառան մարմնի և արյան, որը թափվել է մեզ համար:

Քիչ նշանակություն չունի այն, որ այս խորհրդանիշը հանդիպում է Իմաստության Խոսքի մեջ: Բացի այն խոստումից, որ այս սերդնի հնազանդվող Սրբերն առողջություն և գիտելիքների մեծ հարստություններ կստանան, ասվում է. «Եվ ես` Տերս, տալիս եմ նրանց խոստում, որ կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց» (ՎևՈւ 89.21):

Ես չեմ կարող առանց հուզվելու ասել ձեզ, թե ինչ եմ զգում Քավության հանդեպ: Այն ինձ խորագույն երախտագիտության և պարտավորվածության զգացում է պարգևում: Իմ հոգին Նրա հետ է, ով կատարել է դա` այդ Քրիստոսի, մեր Փրկչի, որի վկան եմ ես: Ես վկայում եմ Նրա մասին: Նա մեր Տերն է, մեր Քավիչը, մեր Պաշտպանը Հոր առաջ: Նա փրկագնել է մեզ Իր արյունով:

Ես խոնարհաբար ապավինում եմ Քրիստոսի Քավությանը: Ես չեմ ամաչում ծնկի իջնել, երկրպագելով մեր Հորը և Նրա Որդուն: Քանզի ընտրության ազատությունն իմն է, և ես ընտրում եմ դա անելը:

Հղում

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 49.