2008
«Ես եմ ճանապարհը»
2008թ. Մարտ


«Ես եմ ճանապարհը»

Փրկիչը կարևոր դասեր է սովորեցրել, երբ ասում էր. «Ես եմ… »:

Երբեմն սուրբ գրությունների հետ կապված ամենահիշարժան պահերն այն օրինաչափություններն են, որոնք հանկարծակի աչքի են ընկնում, երբ ընթերցում ես: Օրինակ, արդյո՞ք ձեզ չի զարմացրել այն, թե քանի անգամ են Հովհաննեսի Ավետարանում նշվում Հիսուսի խոսքերը. «Ես եմ»: Երբ Հիսուսը սա ասում էր, Նա սովորաբար համեմատություն էր կատարում, որպեսզի մարդկանց սովորեցներ, թե ով է Ինքը և ինչ է անում իրենց համար: Ուշադիր ուսումնասիրեք այդ համեմատությունները և դուք շատ բան կսովորեք Փրկչի մասին:

Կյանքի հացը

«Ես եմ կյանքի հացը. ինձ մոտ եկողը չի սովիլ, և ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ … Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել: Եթե մեկն այս հացիցն ուտէ, հավիտյան կապրի» (Հովհաննես Զ.35, 51):

Զատիկը հիշատակում է իսրայելացիների ազատումը Եգիպտոսից: Երբ մոտեցավ այդ տոնակատարության ժամանակը Հիսուսը հրաշք կատարեց` կերակրելով 5000 մարդ: Այս հրաշքի ականատեսներից շատերը հետևեցին Նրան, որովհետև Նա կերակուր էր տալիս նրանց, և Նա սովորեցրեց նրանց փնտրել կերակուր, որը «մնացող է հավիտենական կյանքի մեջ» (Հովհաննես Զ.27): Ապա Նա սովորեցրեց նրանց մանանայի մասին, որն երկնքից թափվեց անապատում գտնվող իսրայելացիներին կերակրելու համար: Նա հայտարարեց. «Ես եմ կյանքի հացը», խոսելով այն հոգևոր սննդի մասին, որն Երկնային Հայրը ուղարկել է Իր միջոցով, ինչպես նաև հավերժական կյանքի խոստման մասին, որը Նա բերել էր:

Ավելի ուշ Զատկի տոնակատարության ժամանակ Հիսուսը որպես հաղորդության մի մաս օգտագործում է հացը, խորհրդանշելով Իր մարմինը: Երբ ամեն շաբաթ հաղորդության ժամանակ մենք ընդունում ենք հացը, այն մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մասին` Նրա զոհաբերության, Նրա Հարության և Իր Հոգու ընկերակցության միջոցով անընդհատ հոգևոր սնուցման մասին:

Աշխարհի Լույսը

«Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես Ը.12):

Տաղավարահարաց տոնի ժամանակ Հիսուսն Իրեն կոչեց Աշխարհի Լույսը: Այդ տոնակատարության ժամանակ ամեն գիշեր տաճարի լույսերը վառվում էին, խորհրդանշելով Աստծո Լույսը, որն ուղարկվել էր աշխարհ: Հովհաննեսը հայտարարել էր, որ Հիսուսը «ճշմարիտ լույսն էր, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը» (Հովհաննես Ա.9): Իսկ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնեց, որ Քրիստոսի Լույսը «նրա միջոցով է, որ լուսավորում է ձեր աչքերը, որը նույն այն լույսն է, որը կենդանացնում է ձեր հասկացողությունը», և «որը կյանք է տալիս բոլոր բաներին, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները» (ՎևՈւ 88.11, 13):

Մեր մտքերն ու հոգիները լուսավորվում են Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա լույսն առաջնորդում է մեզ, օգնելով տարբերել բարին չարից և ցույց տալով դեպի հավերժական կյանք տանող ճանապարհը:

Խաղողի որթը

«Ես որթն եմ, դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, և ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել» (Հովհաննես ԺԵ.5):

Հիսուսն Իրեն համեմատում է խաղողի հիմնական որթի հետ: Որթը ոչ միայն ողջ բույսը ամրացած պահում է հողին, այլև սնուցում է բոլոր փոքր ճյուղերը, որ սկիզբ են առնում իրենից և պտուղ տալիս: Հիսուս Քրիստոսը մեզ համար հույսի խարիսխ է և հոգևոր սնուցման ու աճի աղբյուր: Նրա միջոցով մենք ուժ ենք ստանում, որը պահանջվում է արդարակյաց ապրելու և բարի գործեր կատարելու համար: Նա նաև Եկեղեցու հիմքն է և իշխանության աղբյուրը, որով քարոզվում է ավետարանը և տարածվում ողջ աշխարհով:

Բարի Հովիվը

«Ես եմ բարի Հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ» (Հովհաննես Ժ.14):

Բարի հովվի հիմնական պարտականություններն են` տանել ոչխարներին սնվելու և ջուր խմելու, և ապահով ետ բերի հոտ: Հովիվը նաև պաշտպանում է ոչխարներին վտանգից, օրինակ` վայրի գազաններից և գողերից: Քանի որ նա ճանաչում է իր հոտը, նա կարող է նկատել, երբ ոչխարները կորում են, և ապա գնում և գտնում է նրանց: Նրա ոչխարներն ամբողջովին ենթարկվում և վստահում են իրեն:

Հիսուսը` Բարի Հովիվը, կանչում է մեզ, երբ մենք շեղվում ենք, և եթե մենք սովորում ենք լսել Նրա ձայնը, Նա առաջնորդում է մեզ, տանելով փրկության և հավերժական կյանքի ապահով արոտավայրերը, պաշտպանելով մեզ մահվան և մեղքի վտանգից:

«Ես եմ»

«Հիսուսը նրանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (Հովհաննես Ը.58):

Ասելով պարզապես «Ես եմ», Հիսուսն ամեն ինչ ասում է: Դրանով Նա հայտարարում է, որ Ինքն աշխարհի Արարիչն է և Եհովան, Հին Կտակարանի Աստվածը, ում անունը բառացիորեն նշանակում է «Ես եմ» (տե’ս Ելից Գ.14):

Հիսուսն Աստծո Որդին է, Մեսիան և Փրկիչը, որը փրկում է մեզ մեղքից և մահից: Նրա շնորհիվ, թե ով է Նա և ինչ է արել մեզ համար, մենք կարող ենք հավերժական կյանք ունենալ և դառնալ այն, ինչի համար եկել ենք: