2008
Հիսուս Քրիստոսի Քավությունը
2008թ. Մարտ


Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նկար
Elder Jeffrey R. Holland

Գեթսեմանի այգում

Լինելով երիտասարդ միսիոներ Երեց Օրսոն Ֆ. Վիթնին (1855–1931) Տասներկու Առաքյալների Քվորումից, այնպիսի մի զորեղ երազ տեսավ, որ այն փոխեց նրա կյանքը ընդմիշտ: Ավելի ուշ նա գրում է.

«Մի գիշեր երազում … ես Գեթսեմանի Այգում էի, ականատես լինելով Փրկչի տանջանքներին: … Ես կանգնած էի ծառի ետևում: … Հիսուսը, Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ իմ աջից մտան փոքր դարպասով: Թողնելով երեք Առաքյալներին այնտեղ, և նրանց ասելով, որ ծնկի գան և աղոթեն, Նա անցավ մյուս կողմ, և այնտեղ ծնկի եկավ աղոթելու: … «Օ՜, իմ Հայր, եթե հնարավոր է, հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի»:

Երբ Նա աղոթում էր, արցունքները հոսում էին Նրա դեմքով, որը ես տեսնում էի: Ես այնքան հուզված էի այդ տեսարանից, որ նույնպես լաց եղա, կարեկցելով Նրա մեծ վշտին: Ողջ սիրտս Նրան էր ուղղված: Ես սիրում էի Նրան իմ ողջ հոգով և ցանկանում էի ամենից շատ լինել Նրա հետ:

Նա վեր կացավ և քայլեց դեպի այնտեղ, որտեղ ծնկի իջած թողել էր Առաքյալներին, գտնելով նրանց քնած: Նա թույլ թափ տվեց նրանց, արթնացրեց և մեղմ նախատելով, առանց բարկության կամ մեղադրանքի որևէ նշույլի, հարցրեց, թե արդյոք չէին կարող մեկ ժամ էլ Իր հետ արթուն մնալ…

Վերադառնալով Իր տեղը Նա աղոթեց նորից և գնաց հետ, կրկին նրանց քնած գտնելով: Կրկին Նա արթնացրեց նրանց, նախատեց, և վերադարձավ ու աղոթեց, ինչպես նախկինում: Սա պատահեց երեք անգամ, մինչև որ ես լիովին ծանոթացա նրա արտաքինին` դեմքին, տեսքին և շարժումներին: Նա ազնվակազմ և արքայական անձ էր… իսկական Աստված, որ Նա կար և կա, թեպետ խոնարհ և համեստ, ինչպես փոքր երեխա:

Հանկարծ հանգամանքները սկսեցին փոխվել … Արդեն ոչ թե Խաչումից առաջ, այլ հետո էր, և Փրկիչը, այդ երեք Առաքյալների հետ, կանգնած էր իմ ձախ կողմում: Նրանք պատրաստվում էին հեռանալ և բարձրանալ երկինք: Ես այլևս չդիմացա: Ես դուրս վազեցի ծառի ետևից, ընկա Նրա ոտքերի առաջ, բռնեցի Նրա ծնկներից և աղաչեցի, որ ինձ տանի Իր հետ:

Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպիսի բարի և մեղմ ձևով Նա ինձ ոտքի հանեց և գրկեց: Դա այնքան կենդանի էր, այնքան իրական, որ ես զգացի Նրա մարմնի ջերմությունը: Նա ասաց. «Ո՛չ, որդի՛ս, սրանք վերջացրել են իրենց աշխատանքը, և կարող են գալ ինձ հետ, բայց դու պետք է մնաս և ավարտես քոնը»: Ես միևնույն է կառչել էի Նրանից: Հայացքս հառելով Նրա դեմքին, քանզի Նա ավելի հասակով էր, քան ես, ես ավելի մեծ խանդավառությամբ խնդրեցի. «Դե, խոստացիր, որ վերջում ես կգամ Քեզ մոտ»: Նա բարի ու մեղմ ժպտաց և ասաց. «Դա լիովին կախված է քեզանից»: Ես արթնացա արտասվելով, և արդեն առավոտ էր»:1

Ինչի՞ համար է Քավությունը:

Այս մեղմ անձնական ծանոթությունը Փրկչի սիրող զոհաբերության հետ համապատասխան ներածություն է Հիսուս Քրիստոսի Քավության կարևորությունը շեշտելու համար: Իսկապես, Աստծո Միածին Որդու Քավությունը մարմնի մեջ այն կենսական հիմքն է, որի վրա հիմնվում է քրիստոնեական ողջ վարդապետությունը և աստվածային սիրո մեծագույն արտահայտումն է, որը երբևէ տրվել է աշխարհին: Դրա կարևորությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում չի կարելի գերագնահատել: Ավետարանի յուրաքանչյուր սկզբունք, պատվիրան և արժեք իր կարևորությունը ստանում է այս հիմնարար իրադարձությունից:2

Քավությունը կանխատեսված էր, սակայն Աստծո Միածին Որդին կամավոր գործեց, որով Նա Իր կյանքը և հոգևոր ապրումները տվեց Ադամի Անկումից հետո որպես փրկագին ողջ մարդկության համար և բոլոր նրանց անձնական մեղքերի համար, ովքեր կապաշխարեն:

Անգլերեն Քավություն բառի բառացի իմաստը մեկ դառնալն է, բոլոր առանձնացած բաները միասին հավաքելը: Հիսուս Քրիստոսի Քավությունը անհրաժեշտ էր, քանի որ տեղի էր ունեցել բաժանող մեղք, կամ Անկում Ադամի կողմից, ինչը երկու տեսակի մահ բերեց աշխարհ, երբ Ադամն ու Եվան ճաշակեցին բարու և չարի գիտության ծառի պտղից:3 Ֆիզիկական մահը բաժանում է հոգին մարմնից, իսկ հոգևոր մահը բաժանում է և հոգին և մարմինը Աստծուց: Անկման արդյունքում բոլորը, որ ծնվել են որպես մահկանացուներ, կապրեն այս երկու տեսակի մահը: Սակայն մենք պետք է հիշենք, որ Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիք, որը կտեսներ ընդդիմություն և աճ, բարոյական ընտրություն, և հարության, փրկության և հավերժական կյանքի ուրախություն:4

Այդ Անկման և դա փոխհատուցելու քավության անհրաժեշտությունը բացատրվել է նախաերկրային Խորհրդի ժամանակ, որը տեղի է ունեցել Երկնքում, և որի ժամանակ մարդկային ընտանիքի հոգիները ներկա են եղել, և որին նախագահել է Հայր Աստվածը: Այդ նախաերկրային նիստի ժամանակ Քրիստոսն առաջարկեց հարգել ողջ մարդկության բարոյական ընտրությունը, քավելով նրանց մեղքերը: Այդ փրկագնող սերն արտահայտելու արդյունքում Նա պետք է վերադառնար Հոր մոտ ողջ փառքով:

Քրիստոսի անսահման Քավությունը հնարավոր էր, քանի որ (1) Նա միակ անմեղ մարդն էր, որ երբևէ ապրել է երկրի վրա և, հետևաբար, ենթակա չէր մեղքի հետևանքով հոգևոր մահվան, (2) Նա Հոր Միածինն էր և, հետևաբար, կրում է աստվածային հատկանիշներ, որոնք Նրան զորություն էին տալիս ֆիզիկական մահը հաղթահարելու համար,6 և (3) Նա ակնհայտորեն միակն էր, որ բավական խոնարհ և պատրաստակամ էր նախաերկրային խորհրդի ժամանակ այդ ծառայությանը նախապես կարգվելու համար: 7

Քրիստոսի Քավության պարգևները

Քավությունից եկող որոշ պարգևներ համընդհանուր, անսահման և անպայմանական բնույթ են կրում: Դրանցից է` Նրա փրկագինը Ադամի առաջին մեղսագործության դիմաց, որը թույլ է տալիս, որ մարդկային ընտանիքի ոչ մի անդամ պատասխանատվություն չկրի այդ մեղքի համար:8 Մեկ այլ համամարդկային պարգև է Հարությունը մահացածներից բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք ապրում են, երբևէ ապրել են և կապրեն երկրի վրա:

Քրիստոսի քավող պարգևի այլ կողմերը պայմանական են: Նրանք կախված են Աստծո պատվիրանները պահելու պարտաճանաչության աստիճանից: Օրինակ, թեև մարդկային ընտանիքի բոլոր անդամներն ազատվում են Ադամի մեղքից առանց իրենց կողմից որևէ ջանք գործադրելու, նրանք չեն ազատվում իրենց սեփական մեղքերից, եթե չեն հավատում Քրիստոսին, ապաշխարում իրենց մեղքերից, մկրտվում Նրա անունով, ստանում Սուրբ Հոգու պարգևը և հաստատումը որպես Քրիստոսի Եկեղեցու անդամ, և առաջ շարժվում հավատքով ու համբերատարությամբ իրենց կյանքի ճանապարհով: Այս անձնական խնդրի մասին Քրիստոսն ասել է.

«Քանզի ահա, ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես»:9

Թեև մարմնի Հարությունն անվճար և համամարդկային պարգև է Քրիստոսից, որպես մահը հաղթահարելու արդյունք, հարություն առած մարմնի էությունը (կամ «փառքի աստիճանը»), ինչպես նաև Հարության ժամանակը, կախված է այս կյանքում մարդու հավատքից: Պողոս Առաքյալը հստակ ասել է, որ, օրինակ, նրանք, ովքեր լիովին նվիրված են Քրիստոսին, առաջինը հարություն կառնեն Հարության ժամանակ:10 Ժամանակակից հայտնությունը պարզաբանում է հարություն առած մարմինների տարբեր հերթականությունը,11 խոստանալով փառքի ամենաբարձր աստիճան միայն նրանց, ովքեր պահում են Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և արարողությունները:12

Իհարկե, Քավության և պայմանական, և ոչ պայմանական օրհնությունները մատչելի են միայն Քրիստոսի շնորհի միջոցով: Ակնհայտ է, որ Քավության ոչ պայմանական օրհնությունները վաստակված չեն, սակայն պայմանականները նույնպես անվճար տրվում են: Ապրելով հավատքով և պահելով Աստծո պատվիրանները կարելի է ստանալ լրացուցիչ արտոնություններ, սակայն դրանք նույնպես անվարձահատույց են տրվում, ոչ թե վաստակվում: Մորմոնի Գիքրը շեշտում է, որ չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով»:13

Այս նույն շնորհով Աստված փրկություն է պարգևում փոքր երեխաներին, մտավոր թերություններ ունեցողներին, նրանց, ովքեր ապրել են առանց լսելու Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և այլն. նրանք բոլորը փրկագնվում են Քրիստոսի Քավության անսահման զորությամբ և կարող են ստանալ ավետարանի լրիվությունը մահից հետո, հոգևոր աշխարհում, որտեղ հոգիները սպասում են Հարությանը:14

Տառապանք և հաղթանակ

Քավության պահանջները բավարարելու ընթացքը սկսելու համար անմեղ Քրիստոսը գնաց Գեթսեմանի Այգի, ինչպես իր երազում էր տեսել Երեց Վիթնին, որպեսզի այնտեղ կրի հոգու տառապանքները, որ միայն Ինքը կարող էր կրել: Նա «սկսեց զարհուրել և տխրել», ասելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին. «Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է»»:15 Ինչո՞ւ: Որովհետև Նա տարավ «բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը` և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին»:16 Նա տարավ «փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգար յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ էր նրա տվայտանքը»:17

Այս տառապանքի արդյունքում Հիսուսը փրկագնեց բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների հոգիները, «որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին` ըստ նրանց թուլությունների»:18 Սա անելով, Քրիստոսը «վայր իջավ բոլոր բաներից ցած»—ներառյալ ամեն տեսակի հիվանդություն, թերություն և խոր հուսահատություն, որ որևէ մահկանացու էակ կրել է, որպեսզի կարողանար «ըմբռնել բոլոր բաները, որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության լույսը»:19

Ծայրահեղ միայնակության և Քավության անտանելի ցավը, սկսված Գեթսեմանում, իր կիզակետին հասավ, երբ հռոմեացի զինվորների և մյուսների ձեռքի տակ աննկարագրելի բռնություններից հետո Քրիստոսը խաչի վրա գամված բացականչեց. «Էլի, էլի, լամա սաբաքթանի», ինչը այսինքն` Իմ Աստված, Իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ»:20 Այդ ցավի խորքից, անգամ բնությունը ցնցվեց: «Եվ բոլոր երկրի վրա խավար եղավ»:21 «Եվ ահա տաճարի վարագույրն երկու ճղվեցավ վերևիցը մինչև ցածը, և երկիրը շարժվեց և քարերը պատառվեցան»22 և շատերը բացականչեցին. «Բնության Աստվածը տառապում է»:23 Վերջապես, անգամ կարծես անտանելին տարվեց, և Հիսուսն ասաց. «Կատարված է»:24 «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում»:25 Մի օր, մի տեղ, ամեն մարդկային լեզու կկանչվի խոստովանության, ինչպես արեց հռոմեացի հարյուրապետը. «Ճշմարիտ որ սա Աստծո Որդի էր»:26

Հասկացող կանանց և տղամարդկանց համար անհավատալի հրաշք է27 այն հանգամանքը, որ մի էակ կարող է կամավոր և գթասիրտ զոհաբերություն կատարելով բավարարել արդարադատության անսահման և հավերժական պահանջները, քավել ողջ մարդկության մեղքերն ու սխալները, և այդպիսով հնարավորություն տալ ողջ մարդկությանն անցնել Նրա մեծահոգի գիրկը: Բայց դա այդպես է:

Ինչպես ասում է Նախագահ Ջոն Թեյլորը (1808–1887). «Մեզ համար անհասկանալի և անբացատրելի ձևով Նա կրեց ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը, ոչ միայն Ադամի, այլև նրա սերունդների, և դա անելով, բացեց երկնքի արքայությունը, ոչ միայն բոլոր հավատացյալների և Աստծո օրենքին հնազանդների համար, այլ ավելի քան մարդկային ընտանիքի կեսի համար, ովքեր մահացել են հասունության տարիքին չհասած, ինչպես նաև նրանց համար, ովքեր մահացել են առանց օրենքի»:28

Ինչպես Երեց Վիթնին է զգացել այդ հրաշալի նվերի և նվիրողի հանդեպ, մենք նույնպես կարող ենք զգալ, կարդալով այս խոսքերը. «Ես այնքան հուզված էի այդ տեսարանից, որ նույնպես լաց եղա, կարեկցելով Նրա մեծ վշտին: Ողջ սիրտս Նրան էր ուղղված: Ես սիրում էի Նրան իմ ողջ հոգով և ցանկանում էի ամենից շատ լինել Նրա հետ»: Մեր համար Քավությունը կատարելով Քրիստոսն ավարտեց Իր մասը` այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար: Մնացածն ամբողջովին կախված է մեզանից:

Հղումներ

  1. “The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 224–25; see also Liahona, Dec. 2003, 16; punctuation, capitalization, and spelling standardized.

  2. Sե’ս Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 49.

  3. Sե’ս Ծննդոց Բ.9; Գ

  4. Sե’ս 2 Նեփի 2.22–27; Մովսես Ե.11

  5. Sե’ս Հայտնություն ԺԳ.8; Մովսես Դ.1–2; Աբրահամ 3.22–27

  6. Sե’ս Հովհաննես Ե.26–29; 2 Նեփի 9.5–12; Ալմա 34.9–14

  7. Sե’ս James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 21–22

  8. Sե’ս Հավատո Հանգանակ 1.2

  9. ՎևՈւ 19.16–17

  10. Ա Թեսաղոնիկեցիս Դ.16

  11. Sե’ս ՎևՈւ 76.50–113; համեմատեք Ա Կորնթացիս ԺԵ.40–42

  12. Sե’ս ՎևՈւ 76.50–70; 88.4, 27–29; 132.21–24

  13. 2 Նեփի 2.8

  14. Sե’ս Ալմա 40.11; ՎևՈւ 138; համեմատեք Ղուկաս ԻԳ.43; Հովհաննես Ե.25

  15. Մարկոս ԺԴ.33–34

  16. 2 Նեփի 9.21

  17. Մոսիա 3.7

  18. Ալմա 7.12

  19. ՎևՈւ 88.6

  20. Մատթեոս ԻԷ.46

  21. Ղուկաս ԻԳ.44–45

  22. Մատթեոս ԻԷ.51

  23. 1 Նեփի 19.12

  24. Հովհաննես ԺԹ.30

  25. Ղուկաս ԻԳ.46

  26. Մատթեոս ԻԷ.54

  27. James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. (1924), 77.

  28. The Mediation and Atonement (1882), 148–49; capitalization standardized.