2008
Մենք հավատում ենք
2008թ. Մարտ


Մենք հավատում ենք

Ահա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին հաճախ տրվող մի քանի հարցերի համառոտ պատասխաններ:

Ո՞րն է Վերջին Oրերի Սրբերի հավատքը Հիսուս Քրիստոսի մասին: Նա իսկապես հարությո՞ւն է առել մեռելներից: Արդյոք նա կրկին երկիր կգա՞ փառքով: Արդյոք Նրա շնորհն անհրաժե՞շտ է մարդուն փրկվելու համար:

Սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնք մարդիկ հաճախ հարցնում են, երբ առաջին անգամ ծանոթանում են Եկեղեցու կամ նրա անդամների հետ: Հարցերին պատասխանելիս, անդամները պետք է պատրաստ լինեն առաջին հերթին և ամենակարևորը՝ լսել Սուրբ Հոգու առաջնորդությանը: Բայց ներքոհիշյալ համառոտ պատասխանները կարող են նյութ հանդիսանալ խորհելու, երբ փորձենք ձևակերպել պատասխանները:

Դուք հավատո՞ւմ եք պատմական Հիսուս Քրիստոսին, որն ապրեց և ուսուցանեց Սուրբ Երկրում, ինչպես արձանագրված է Աստվածաշնչում:

Այո՛: Մենք հավատում ենք, որ Հիսուսը ծնվեց Մարիամից, քարոզեց Սուրբ Երկրում մոտավորապես երեք տարվա ծառայության ընթացքում, մահացավ խաչի վրա, և հարություն առավ մեռելներից, ճիշտ ինչպես մարգարեները կանխագուշակել էին Նրա գալստից դարեր առաջ (տես, օրինակ` Ծննդոց ԽԹ.10, Սաղմոս Բ.6–7, ԻԲ.16–18, ՃԺԷ.22, Եսայիա Է.14, Միքիա Ե.2): Մենք հավատում ենք, որ նա չարչարվեց և քավություն կատարեց ողջ մարդկության մեղքերի համար` հնարավոր դարձնելով ապաշխարությունն ու ներումը (տես եսայիա ԾԳ. 4–6): Մենք հավատում ենք, որ Նա հաղթեց մահին և որ Նրա զորությամբ յուրաքանչյուր տղամարդ և կին կարող է հարություն առնել ֆիզիկական մարմնով (տես Հռովմայեցիս Զ.5, Ը.11): Մենք հավատում ենք, որ Նրա ավետարանի սկզբունքներին հնազանդության միջոցով Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր, որը գալիս է երկիր, կարող է ձեռք բերել փրկություն և վերադառնալ ապրելու մեր Հոր և Նրա Որդու հետ Իրենց երկնային արքայությունում (տես Ա Պետրոս Գ.18, Հավատո հանգանակ 1.3):

Դուք հավատո՞ւմ եք, որ Տերն իսկապես հարություն է առել մեռելներից:

Այո՛: Ինչպես Նրա Առաքյալներն են վկայել Աստվածաշնչում, հարյուրավոր վկաներ Հիսուս Քրիստոսին տեսան Իր հարություն առած մարմնով (տես Ղուկաս ԻԴ.39, Հովհաննես Ի.20, Ա Կորնթացիս ԺԵ.3–8): Որպես հարություն առած էակ՝ Նա ծառայեց հազարավոր Իր «ուրիշ ոչխարներին» (Հովհաննես Ժ.16) Ամերիկյան աշխարհամասում, ցույց տալով նրանց Իր ձեռքերի և ոտքերի ու կողի վերքերը և շատ օրերի ընթացքում սովորեցնելով նրանց մեջ (տես 3 Նեփի 11–28):

Իր հոր հետ միասին Նա հայտնվեց 1820թ. Ջոզեֆ Սմիթ կրտսերին: Տերը պատվիրեց այս երիտասարդ մարգարեին վերականգնել Իր Եկեղեցին և ավետարանը, որովհետև դրանք փոփոխվել էին` պարունակելով մարդկանց փիլիսոփայություններ հնադարյան Առաքյալների մահից հետո: Ջոզեֆ Սմիթն ու իր ընկերակիցներից մեկը տվեցին այս վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին 1832 թվականին. «Նա ապրում է: Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է» (ՎևՈՒ 76.22–23):

Դուք հավատո՞ւմ եք, որ Նա կրկին փառքով երկիր կգա:

Այո: Ինչպես վկայում են սուրբ գրությունները. «Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Ա.11): «Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, և վերջը պիտի կանգնի հողի վրա» (Հոբ ԺԹ.25): «Նա [կ]գա երկնքի ամպերի մեջ, որ թագավորի երկրի վրա իր ժողովրդին» (ՎևՈՒ 76.63):

Բացի այդ մենք հավատում ենք, որ Նրա Հարության շնորհիվ մենք նույնպես կարող ենք կրկին ստանալ մեր ֆիզիկական մարմինները: «Եվ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն» (Հոբ ԺԹ.26): «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս ԺԵ.22): «Քրիստոսի մահը պիտի արձակի այս ժամանակավոր մահվան կապանքները, այնպես որ բոլորը պիտի բարձրացվեն այս ժամանակավոր մահից: Հոգին ու մարմինը պիտի վերամիավորվեն նորից` իր կատարյալ ձևով» (Ալմա 11.42–43):

Դուք հավատո՞ւմ եք, որ Նրա շնորհն անհրաժեշտ է մեր փրկության համար:

Անկասկած: Առանց Հիսուս Քրիստոսի շնորհի ոչ ոք չի կարող փրկվել կամ ստանալ հավերժական օրհնություններ (տես Հռովմեացիս Գ.23–24): Նրա շնորհի միջոցով բոլորը հարություն կառնեն և բոլորը, ովքեր հավատում են և հետևում Նրան, կարող են ունենալ հավերժական կյանք (տես Հովհաննես Գ.15): Դեռ ավելին Նրա շնորհի միջոցով մեր սուրբ հարաբերությունները մեր կողակիցների և ընտանիքի հետ կարող է շարունակվել հավերժության մեջ (տես Մատթեոս ԺԶ.19, Ա Կորնթացիս ԺԱ.11, ՎևՈՒ 132.19): Այս հավերժական օրհնությունները Նրա պարգևներն են մեզ. չկա ոչինչ, որին մենք ինքներս կարողանանք ինքնուրույն արժանի դառնալ կամ վաստակել:

Սակայն սուրբ գրքերը հստակ են դարձնում, որ մենք ստանում ենք Նրա շնորհի լրիվ օրհնությունները Նրա ուսմունքների հանդեպ մեր հավատքի և հնազանդության միջոցով: Պողոս Առաքյալն է սովորեցրել, որ մենք չենք կարող փրկել ինքներս մեզ, մենք կարիք ունենք Տիրոջ շնորհին. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը. և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է. Ոչ թե գործերից, ոչ մեկը չպարծենա: Վասնզի Նրա ստեղծածն ենք` Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք» (Եփեսացիս Բ.8–10):

Հակոբոսը բացատրում է. «Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա ըստ ինքեան մեռած է… Տեսնո՞ւմ ես, որ [մարդ գործերով է արդարանում և ոչ թե միայն հավատքով]» (Հակոբոս Բ.17, 24): Այդպես Փրկիչը կարողացավ ասել երիտասարդ հարուստ մարդուն, որը հնազանդ էր եղել և փափագում էր հավերժական կյանք, որ դեռ ավելի շատ բան կար անելու (տես Մատթեոս ԺԹ.16–22, Ղուկաս ԺԸ.18–23): Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ Քրիստոսի շնորհքը լիակատար առատությամբ տարածվում է նրանց վրա, ովքեր հավատում են Քրիստոսին և կատարում Նրա սովորեցրած գործերը: «Մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք` այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23, շեշտադրումն ավելացված է):

Չնայած մեր բարի գործերը չեն կարող մեզ սրբել մեղքից, դրանք իսկապես ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի անկեղծությունը և մեր հավատարմությունն այն ուղուն, որով Նա քայլեց:

Դուք հավատո՞ւմ եք, որ Ջոզեֆ Սմիթը ինչ որ չափով նույնքան կարևոր է մարդկանց փրկվելուն օգնելիս, որքան Հիսուս Քրիստոսը:

Ո՛չ: Ջոզեֆ Սմիթը մարգարե էր` կարևոր մարդկության պատմության համար: Այն գործը, որ նա արեց աստվածային առաջնորդության ներքո, երկիր բերեց օրհնություններ և գիտելիք, որոնք տրվել էին Աստծո մարգարեներին և նրանց հետևորդներին Հին և Նոր Կտակարանի ժամանակներում, բայց որոնք կորել էին: Ջոզեֆ Սմիթը այն հնադարյան մարգարեների նման Տեր Հիսուս Քրիստոսի ծառան էր, որը սովորեցրեց, որ փրկությունը և հավերժության բոլոր օրհնությունները կարող են գալ միայն մեր Փրկչի միջոցով: «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՝ որ նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»:1 Մեկ այլ առիթով Մարգարեն ուսուցանել է.«Երբ մտածում ենք մեր մեծ Տիրոջ սրբության և կատարելությունների մասին, որը բացեց մի ուղի, որով կարող ենք գալ դեպի իրեն, այսինքն՝ նրա անձնազոհության մասին, մեր սրտերը հալվում են մեր ներսում նրա բարեհաճության պատճառով»:2

Հղումներ

  1. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 49:

  2. Teachings: Joseph Smith, 54–55: