2008
Քավությունը գործի մեջ
2008թ. Մարտ


Քավությունը գործի մեջ

Ես գիտեի, որ Տերը ծրագիր ուներ իմ որդու համար, սակայն, երբ նա ընտրեց այն ուղին, որը ես հույս էի տածում, որ չէր ընտրի, ես չգիտեի, թե ինչպես նա պետք է հետ գար:

Ես միացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 1992 թվականին Նիդերլանդներում: Սակայն ամուսինս չմիացավ և թույլ չէր տալիս մեր երեխաներին` Ալեքսին և Պետրային մկրտվել (անունները փոխված են): Ինչևէ, մենք երեքս էլ հաճախում էինք եկեղեցի և վարում կանոնավոր ընտանեկան երեկոներ:

Մի քանի տարի ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև Ալեքսը, որը 13 տարեկան էր, հայտարարեց, որ այլևս չի ցանկանում գնալ եկեղեցի և ներկա լինել ընտանեկան երեկոներին: Երբ նա մեծացավ, ամեն ինչ էլ ավելի վատացավ: Ինձ համար դժվար էր Ալեքսին մոտ մնալ, որովհետև նա ոչ միայն սկսեց խմել և ծխել, այլև ստում էր իր վարքի մասին: Դա կոտրում էր սիրտս, և ես շատ արցունք եմ թափել և շատ աղոթքներ ասել, աղերսելով Երկնային Հորը օգնել իմ որդուն:

Ապա մի օր երեկոյան, տաճարում լուռ նստած, ես մի պատկեր տեսա մտքում: Տեսա մի երիտասարդ տղայի, որը հաղորդություն էր բաժանում: Կարծես Տերը ինձ հիշեցնում էր Իր Քավության իրականության և զորության մասին, խրախուսելով ինձ սիրել իմ որդուն և մնալ նրա կողքին:

Ինչևէ, ժամանակի հետ մեկտեղ կյանքն ավելի դաժան դարձավ: Նրանից հետո, երբ Ալեքսի հայրը և ես բաժանվեցինք, Ալեքսը դեպրեսիայի մեջ ընկավ: Ես գիտեի, որ նա օգնության կարիք ուներ, սակայն նա չէր ցանկանում, որ ես օգնեի նրան, և չէր լսում, երբ ես փորձում էի խոսել նրա հետ:

Մի օր երեկոյան մեր ճյուղի նախագահը հարցրեց, թե կարող է արդյոք գալ և խոսել Ալեքսի հետ: Ալեքսը նյարդայնացավ, սակայն համաձայնվեց զրույց ունենալ: Հանդիպումից հետո Ալեքսը բարկացած էր ճյուղի նախագահի վրա, որն իրեն առաջարկել էր ծառայել միսիայում, ասելով. «Եթե ճյուղի նախագահը իսկապես Աստծո մարդն է, նա պետք է ավելի լավ իմանար: Նա կիմանար, որ ես արժանի չեմ գնալու: Ինչո՞ւ զուր անհանգստացնել ինձ»: Այդ գիշեր ես գիտեի, որ Տերը ծրագիր ուներ ինձ համար:

Ծրագիրը սկսեց իրականանալ անսպասելի եղանակով, երբ ինձ զանգահարեցին տեղական ոստիկանության բաժանմունքից: Ալեքսին ձերբակալել էին: Իմ նոր ամուսինն ու ես հագանք մեր վերարկուները և գիշերվա կեսին գնացինք Ալեքսին ոսիկանությունից բերելու: Մենք տեսարան չարեցինք, Ալեքսի խորթ հայրը և ես շատ քիչ բան ասացինք իրականում:

Երբ մենք տուն հասանք, Ալեքսը մեզ պատմեց, թե ինչ էր պատահել, երբ ինքն ու ընկերը սքութեր էին գողացել: Նա շատ էր զղջում իր արածի համար: Ես առաջին անգամ տեսա կոտրված երիտասարդի:

Ձերբակալությունը որոշիչ պահ դարձավ Ալեքսի համար, քանի որ նա սկսեց հասկանալ իր գործողությունների հետևանքները և տեսավ, թե ուր է գնում: Այդ օրվանից սկսած մենք շատ օրհնություններ ունեցանք:

Հաջորդ օրը Ալեքսը մեզ ասաց, որ նա խնդրեց ոստիկանին զանգել մեզ, որովհետև գիտեր, որ մենք սիրում էինք իրեն: Նա նաև հասկանում էր, որ շատ ցավ էր մեզ պատճառել և շնորհակալ էր, որ մենք հանգիստ մեզ պահեցինք:

Ալեքսը մի քանի Եկեղեցու անդամ ընկերներ ուներ, որոնք օգնեցին իրեն: Նրանցից մեկը նրան հրավիրեց Եկեղեցու միջոցառումներին: Մյուսը տվեց Մորմոնի Գիրքը և կոչ արեց կարդալ այն: Եվ չնայած դիսլեքսիայի հետևանքով դժվարություններին, Ալեքսը այժմ կրկին կարդում է այն:

Հաջորդ օրհնությունը, եթե ես իհարկե կարող եմ հաշվել դրանք բոլորը, տեղի ունեցավ, երբ Ալեքսը խնդրեց, որ մենք իր համար կոստյում գնենք, քանի որ նա որոշել էր գնալ եկեղեցի: Ես մտածեցի, որ նա իրականում Սուրբ Ծնունդի համար է խնդրում, սակայն, ի զարմանս ինձ, նա շարունակեց հաճախել տոներից հետո ևս:

Հաջորդ օրհնությունն այնքան մեծ էր, որ ես չէի կարող գիտակցել: Ալեքսը հայտարարեց, որ պատրաստվում է մկրտվել: Նա իմ կողմից ոչ մի օգնության կարիք չուներ և ամեն ինչ ինքն էր կազմակերպել ընկերների և իրեն ուսուցանող միսիոներների օգնությամբ: Ես գրեթե չէի հավատում աչքերիս, երբ եկավ այդ օրը և ես կարողացա տեսնել իմ որդուն ճերմակ հանդերձերով, սուրբ ուխտեր կապելիս:

Ավելի ուշ, երբ նա պատմում էր իր դարձի գալու պատմությունը, ես հասկացա, թե որքան մեծ էր Ալեքսի ցավն ու վիշտը, սակայն դա նաև օգնեց նրան դառնալ այնքան խոնարհ, որպեսզի ծնկի իջներ և օգնություն խնդրեր: Ալեքսը բացատրեց. «Մի գիշեր, երբ իմ բեռը շատ ծանր էր դարձել և այլևս անհնարին էր այն կրել, ես հիշեցի մի լավ ընկերոջ խոսքերը, որը ինձ հիշեցրեց, որ ես միշտ կարող եմ աղոթել օգնության համար: Այդ գիշեր ես որոշեցի փորձել: Ինձ համար այլ բաց դուռ չկար, և քանի որ մայրս ինձ սովորեցրել էր աղոթել, ես ծնկի իջա և փակեցի աչքերս: Երբ ես սկսեցի աղերսել օգնության համար, ամենահիանալի զգացմունքներն ունեցա: Ես երբեք չեմ մոռանա այդ զգացումը: ես զգացի Քրիստոսի մաքուր սերը: Ես զգացի, ինչպես իմ խնդիրները վերցվեցին ինձանից: Իմ հուսահատ զգացումներն այլևս չվերադարձան, և ես օրհնվեցի Հիսուս Քրիստոսի վկայությամբ: Իմ սիրտը փոխվեց, և ես ցանկություն ունեցա հետևել Հիսուս Քրիստոսին»:

Մկրտությունից, հաստատումից և քահանայությանը կարգումից հետո Ալեքսին խնդրեցին բաժանել հաղորդությունը` Փրկչի զոհաբերության սուրբ խորհրդանիշները: Այդ ժամանակ այն, ինչ ես տեսա տաճարում շատ տարիներ առաջ, դարձավ կենդանի իրականություն` ուղիղ իմ առաջ: Ես լուռ շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորն իմ ապրումների համար: Դա ինձ համար սուրբ պահ էր:

Պատմությունը կարող էր այստեղ ավարտվել, սակայն բարեբախտաբար այն չի ավարտվում: Ես շարունակում էի տեսնել, թե ինչպես է Քավությունն անընդմեջ գործում իմ որդու կյանքում: Հիշո՞ւմ եք մեր ոգեշնչված ճյուղի նախագահին: Որդուս վկայությունը շարունակում էր աճել, և մեր ճյուղի նախագահի հրավերը դարձավ իրականություն: Վերջերս Ալեքսը ավարտեց իր լիաժամկետ միսիան: Նա երկու տարի օգնում էր ուրիշներին, ինչպես Տերն օգնեց իրեն:

Ես երախտապարտ եմ, որ Ալեքսի մայրն եմ, սակայն էլ ավելի երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսի Քավության համար, որը գործում է մեր բոլորի կյանքում: