2008
Զատկի իմ անսպասելի խրախճանքը
2008թ. Մարտ


Զատկի իմ անսպասելի խրախճանքը

Զատիկը միշտ հատուկ տոն էր, մինչ ես մեծանում էի: Եկեղեցուց հետո ծնողներս ընտանիքին մի դաս էին ուսուցանում Քավության և Հարության մասին, իսկ երեկոյան մենք սքանչելի խնջույք էինք ունենում: Ճաշին հաճախ մեզ էին միանում ընկերներ, որը և՛ զվարճալի էր անցնում և՛ համեղ էր լինում: Այս ավանդությունների պատճառով, Զատիկը դարձավ իմ սիրելի տոնը` սրբազան ընտանեկան ժամանակ` տոնելու Փրկչի Հարությունը:

Մի տարի, երբ սովորում էի Լոնդոնում, Զատիկին ես մենակ մնացի: Իմ ծուխը չէր հանդիպելու մինչև կեսօր, այսպիսով առավոտը երկար էր թվում ինձ համար: Ես մտածում էի ընտանիքիս մասին, ովքեր մղոններ հեռու էին, տոնելով այդ օրն առանց ինձ և սիրտս դատարկ ու տխուր էր:

Սկզբում ես ուզում էի անձնատուր լինել ինքնախղճահարությանը, բայց հետո սկսեցի մտածել, թե ինչ անեմ օրն իմաստալի անցկացնելու համար: Միտքս եկան այն մարդիկ, ում կողքով ամեն օր անցնում էի մետրոյի մարդաշատ անցուղիներում: Ինչպես բազմաթիվ մեծ քաղաքներում, հաճախ մետրոն ապաստան է դառնում անտուն տղամարդկանց և կանանց համար, ովքեր ողորմության կարիք ունեն: Սիրտս հաճախ էր հուզվում նրանց կարիքից, և ես հասկացա, որ ես միակը չէի Լոնդոնում, որ Զատիկը մենակ է անցկացնում: Օտարականներին օգնելը հանկարծ լավ միջոց թվաց իմ երախտագիտությունը ցույց տալու այն սքանչելի Զատիկների համար, որ ես վայելել էի մանկությանս տարիներին:

Ես մի քանի պարկ նախաճաշիկներ պատրաստեցի, որոնք պարունակում էին սենդվիչներ, մրգեր, թխվածքաբլիթներ և ըմպելիքներ: Հետո ճամփա ընկա դեպի մետրո, որոնելով այն մարդկանց, որոնցից երբեմն խուսափում էի: Մեծ մասն իսկապես երախտապարտ էին ուտելիքի համար: Յուրաքանչյուրին ես ասում էի. «Ուրախ Զատիկ»:

Երբ ինձ մոտ մեկ նախաճաշ էր մնացել, ես մոտեցա մի մարդու, որն առանձնապես ճնշված տեսք ուներ: Նրա հագուստները կեղտոտ էին, նրա դեմքը տառապանք էր արտահայտում, իսկ աչքերում կար խորը վիշտ: Երբ նրան առաջարկեցի նախաճաշը, նա ինձ նայեց զարմանքով:

«Ի՞նչ է սա»,- հարցրեց նա:

«Սա նախաճաշ է, պարոն»,- պատասխանեցի ես:

«Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա: Նրա դեմքի արտահայտությունը հանկարծ դարձավ ուրախ և շնորհակալական: Նա վերցրեց պարկը հաճույքով, այնպես բռնելով կարծես թանկարժեք գանձ էր:

«Խնդրեմ,- ասացի ես, հուզվելով նրա դեմքի արտահայտությունից,- Ուրախ Զատիկ, պարոն»:

«Ուրախ Զատիկ»,– պատասխանեց նա:

Երբ տուն էի քայլում, միտքս եկան Թագավոր Բենյամինի խոսքերը. «Քանզի ահա, մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» (Մոսիա 4.19): Ես հասկացա, որ առանց Փրկչի մենք բոլորս դուրս կգցվեինք, ոտնակոխ կարվեինք և մենակ կթողնվեինք: Բայց Փրկիչը հասնում է մեզ և առաջարկում մեզ մի բան, որի կարիքը շատ ունենք. հույս, որ կարող ենք մաքուր լինել, որ կրկին կապրենք, և որ մի օր կվերադառնանք Նրա մոտ:

Դիմակայելով մեղքի ու մահվան, ես նույնպես կանգնած եմ Փրկչի առջև որպես մի մուրացկան: Նա հասնում է ինձ, առաջարկելով ողորմություն: Մի օր, երբ կանգնեմ Նրա առջև, իմ դեմքը կարտահայտի խորը երախտագիտություն, որը որոշ չափով նկատեցի այդ խոնարհ մարդու դեմքին:

Տուն քայլելով՝ ես սկսեցի արտասվել: Իմ մենակությունն անցավ՝ փոխարինվելով ուրախությամբ և Թագավոր Բենյամինի խոսքերի ու Փրկչի ողորմության վերաբերյալ ավելի խորն ըմբռնմամբ: Ես լուռ շնորհակալություն հայտնեցի այդ մարդու անսպասելի պարգևի համար: Ես նրան տվել էի մի հասարակ նախաճաշ, նա ինձ վերադարձրել էր իսկական Զատկի խրախճանք: