2008
Հավատ առ Հիսուս Քրիստոս
2008թ. Մարտ


Հավատ առ Հիսուս Քրիստոս

Նկար
Elder Russell M. Nelson

Բժիշկ դառնալու իմ ճանապարհը միայն սկիզբն էր: Դրան հաջորդեցին հիվանդանոցում աշխատելու, հետազոտության, մասնագիտական վերապատրաստման և դիպլոմային քննությունների տարիները: Դրան հաջորդեցին դասավանդման, ծառայության և բաց սրտի վիրահատության նոր ի հայտ եկող բնագավառի դժվարությունների տարիները, որոնք իմ մեջ խոր պատկառանք առաջացրեցին մարդու օրգանիզմի կառուցվածքի և գործունեության հանդեպ: Ես համոզվեցի, որ դա աստվածային ստեղծագործություն է:

Մարդու զարմանալի մարմինը

Մտածեք մարդու մարմնի վերարտադրման մասին: Այն սկիզբ է առնում երկու վերարտադրվող բջիջների միությունից, որոնցից մեկը մոր բջիջն է, մյուսը` հոր: Միասին, բջիջները պարունակում են նոր անձնավորության ողջ ժառանգական տեղեկությունը, որը պահեստավորվում է այնքան փոքր տարածքում, որ անտեսանելի է անզեն աչքով: Քսաներեք քրոմոսոմ յուրաքանչյուր ծնողից միավորվում են մեկ նոր բջիջում: Այդ քրոմոսոմները պարունակում են հազարավոր գեներ, որոնք որոշում են չծնված անձի ֆիզիկական հատկանիշները: Այդ բջիջների միավորումից 22 օր անց փոքրիկ սիրտը սկսում է բաբախել: 26-րդ օրը արյունը սկսում է արյան շրջանառությունը: Բջիջները բազմապատկվում և բաժանվում են: Դրանցից մի քանիսը դառնում են աչքեր, որոնք տեսնում են, մյուսները` ականջներ կամ մատներ, որոնք զգում են մեզ շրջապատող հրաշալի բաները:

Ամեն օրգան զարմանալի ստեղծագործություն է: Աչքը ունի ինքնաֆոկուսավորվող խոշորացույցներ: Նյարդերն ու մկանները թույլ են տալիս, որ երկու աչքերը ստանան եռաչափ պատկեր: Ականջը ձայնային ալիքները փոխակերպում է ձայնային երանգների, որոնք ընկալվում են ուղեղի կողմից:

Սիրտն ունի չորս նուրբ փական, որոնք ղեկավարում են արյան հոսքի ուղղությունը: Դրանք բացվում և փակվում են օրեկան ավելի քան 100 000 անգամ, տարեկան 36 միլիոն անգամ: Եթե հիվանդությունը չի վնասում նրանց, ապա նրանք կարող են դիմանալ այդ ճնշմանը գրեթե անսահման ժամանակ: Մարդու ձեռքով պատրաստված ոչ մի նյութ չի կարող այդքան հաճախ կրճատվել և այնքան երկար աշխատել առաց խափանման: Ամեն օր մեծահասակ մարդու սիրտը մղում է այնքան հեղուկ, որքան բավական է 7570 լիտրանոց կաթսա լցնելու համար: Սրտի ծայրին գտնվում է էլեկտրականության աղբյուր, որն ուղարկում է էներգիան հատուկ թելերով, որոնք ստիպում են միլիոնավոր մկանների թելիկների համահունչ աշխատել:

Մտածեք մարմնի փոխարինման համակարգերի մասին: Ամեն զույգ օրգան ունի իրեն անմիջապես փոխարինող օրգանը: Մեկական օրգանները, օրինակ` ուղեղը, սիրտը և լյարդը սնվում են արյան մատակարարման երկու ուղիներից: Սա պաշտպանում է օրգանն այն դեպքում, երբ արյան հոսքը դադարում է ուղիներից մեկով:

Մտածեք իրեն պաշտպանելու մարմնի ունակության մասին: Վնասվածքից իրեն պաշտպանելու համար մարմինը ցավ է զգում: Վարակմանը նա արձագանքում է հակամարմիններով: Դրանք ոչ միայն օգնում են դիմադրել անմիջական խնդրին, այլ դիմադրողականություն են ձևավորում հետագա վարակումների դեմ:

Մտածեք, թե ինչպես է մարմինը վերականգնում իրեն: Կոտրված ոսկորները միանում են և կրկին դառնում ամուր: Մաշկի վնասվածքները վերականգնվում են: Արյունահոսության ժամանակ վերքն ինքն իրեն փակվում է: Մարմինը նորացնում է իր հնացած բջիջները:

Մարմինը կարգավորում է իր սեփական կենսական բաղադրիչները: Հիմնական էլեմենտների և բաղադրիչների մակարդակն անընդհատ կարգավորվում է: Եվ անկախ միջավայրի ջերմաստիճանի մեծ տատանումների, մարմնի ջերմաստիճանը պահպանվում է խիստ նեղ սահմաններում:

Տարիների փորձն ինձ սովորեցրել է, որ բուժումը տեղի է ունենում միայն, երբ այդ օրհնությանը վերաբերող բոլոր օրենքները պահվում են:1 Մարմնի կառուցվածքը և գործունեությունը կառավարվում են օրենքով: Սուրբ գրությունն այսպես է ասում. «Ամեն մի թագավորության տրված է օրենք. և ամեն մի օրենքում կան նաև որոշակի սահմաններ և պայմաններ»:2

Տարբեր բնագավառների գիտնականներ օրենքի և կարգուկանոնի նմանատիպ դրսևորումներ են նկատում, լինի դա ծովի մակարդակի բարձրացման, լուսնի փուլերի փոփոխման, թե երկնքում աստղերի դիրքերի օրինաչափությունների մեջ: Նման օրենքն ու կարգուկանոնը վերաբերում են ողջ արարմանը: Այդ օրենքները կարելի է բացահայտել և սահմանել: Դրանց հետևանքները կարելի է չափել: Այդ կարգը վկայում է Բարձրագույն Արարչի մասին:3

Մյուս կողմից, հավատի էությունը չի կարող չափվել: Սակայն Աստծո հանդեպ հավատի համակարգումը տիեզերքի օրենքի ու կարգի հետ բացահայտվում է սուրբ գրություններում.

«[Աստված] բոլոր բաներին տվել է օրենք, որով նրանք շարժվում են` իրենց ժամանակի ու իրենց ժամանակաշրջանի մեջ.

Եվ նրանց ընթացքը սահմանված է, նույնիսկ երկինքների ու երկրի ընթացքը, որոնք ընդգրկում են երկիրն ու բոլոր մոլորակները …

Ահա, այդ բոլորը թագավորություններ են, և որևէ մեկը, ով տեսել է դրանցից անգամ ամենափոքրը, տեսել է Աստծուն իր վեհափառությամբ ու զորությամբ շարժվելիս»:4

Արարման աստվածային էությունը

Սուրբ գրությունները հռչակում են, որ երկինքը, երկիրը և երկրի վրա բոլոր բաները ստեղծվել են Աստծո կողմից:5 Սուրբ գրությունները նաև օգնում են մեզ ավելին իմանալ Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի համագործակցության մասին` Արարման գործում: Աստվածաշնչի առաջին բառերն են. «Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»,6 և «Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը… արու և էգ ստեղծեց նորանց»:7 Աբրահամի գիրքը սովորեցնում է, որ «Աստվածներն իջան ներքև, որ կազմավորեն մարդուն իրենց իսկ պատկերով, որ Աստվածների պատկերով ձևավորեն նրան, արու և էգ ձևավորեն նրանց»:8

Սուրբ գրությունները գրի են առել Երկնային Հոր զգացումները Իր Սիրեցյալ Որդու և յուրաքանչյուր մարդու հանդեպ. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենայ»:9

Հովհաննեսի գիրքը սկսվում է այս հայտարարությամբ.

«Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր:

Նա սկզբում Աստծո մոտ էր:

Ամեն ինչ նորանով եղավ, և առանց նորան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ»:10

Այս սուրբ գրությունը նշում է, որ Աստծո Խոսքը11 Հիսուս Քրիստոսն է` Աստծո անձնական ծառայողը տիեզերքի կառավարման գործում և կյանքի Արարիչը:

Այս փաստը Մովսեսին հաստատել է մեր Երկնային Հայրը, որն ասել է.

«Եվ իմ զորության խոսքով եմ ես ստեղծել դրանք, որն է իմ Միածին Որդին, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ:

Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել. և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է»:12

Շատ այլ սուրբ գրություններ հաստատում են, որ Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը եղել է Արարիչ:13 Առավել համոզիչ է Իր անձնական վկայությունը. «Ահա ես եմ Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե»:14

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի դինամիկան

Այդ գաղափարն ընդունելու համար դինամիկ հավատ է պահանջվում: Հավատը անձնական վկայության հիմքն է: Ավետարանի առաջին սկզբունքն է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը:15 Պողոսն ասել է, որ «հավատքը հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է»:16 Նա աղերսում էր, «որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը. և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինիք: Որ ճանաչեք Քրիստոսի սերը»:17 Պողոսը մեզ կոչ է անում, «որ հասնենք հավատքի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը»:18

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ «մենք դարձվել ենք կենդանի` Քրիստոսով, մեր հավատքի շնորհիվ: … Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:19

Նրա հանդեպ հավատից բխող օրհնությունները բացահայտվում են նաև Մորմոնի Գրքում: Այնտեղ մենք կարդում ենք. «Ուստի դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր` Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:20 Դա «Աստծո պարգևներից մեծագույնն է»:21

Տիրոջ հանդեպ դինամիկ հավատը տանում է դեպի ամբողջական դարձի և առաջացնում է լիովին նվիրում Նրա սուրբ գործին: Մենք դառնում ենք ուխտի զավակներ, մենք դառնում ենք Նրա զավակները: Սուրբ գրությունները հաստատում են սա. «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ` նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար դուք ծնվել եք նրանից և դարձել նրա որդիներն ու դուստրերը»:22

Տիրոջ հանդեպ դինամիկ հավատն առաջ է բերում դարձ` սրտի հզոր փոփոխություն,23 մտածողության փոփոխություն, աշխարհի ուղիներից դեպի Աստծո ուղիները: Դա ստիպում է մարդուն ապաշխարել «սրտի ողջ նվիրվածությամբ»:24 Ալման ավելացնում է. «Քարոզիր նրանց ապաշխարություն և հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. սովորեցրու նրանց խոնարհեցնել իրենց և լինել հեզ ու խոնարհ սրտով. սովորեցրու նրանց դիմակայել դևի ամեն գայթակղության` իրենց հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը»:25

Մորմոնի Գրքի գոյության պատճառներից մեկը համոզելն է հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է, հավերժական Աստվածը:26 Նրանք, ովքեր կարդում են Մորմոնի Գիրքը և հավատով հարցնում դրա ճշմարտացիության մասին, վկայություն են ստանում դրա մասին: Նրանք նաև կիմանան, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, և որ Ջոզեֆ Սմիթը այս վերջին օրերին նրա հայտնողն ու մարգարեն է:27

Հավատ առ Հիսուս Քրիստոս. կարևոր է փրկության և վեհացման համար

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը ոչ միայն օրհնություններ է բերում այս կյանքում, բայց կարևոր է մեր հավերժական փրկության և վեհացման համար: Սուրբ գրությունները հայտարարում են. «Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսի անվանը, և երկրպագեն Հորը` նրա անունով, և հավատքով առ նրա անունը համբերեն մինչև վերջ, այլապես նրանք չեն կարող փրկվել Աստծո արքայությունում»:28 Տերը նաև ծնողներին պատասխանատու է համարում իրենց զավակներին կենդանի Աստծո Որդու` Քրիստոսի հանդեպ հավատք սովորեցնելու համար:29

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին: Նա մեր Արարիչն է, Փրկիչը և Քավիչը,30 Պաշտպանը Հոր առաջ,31 Ազատողը,32 և Հին Կտակարանի Եհովան:33 Նա խոստացված Էմաննուելն է,34 օծյալ Մեսիան,35 և մեր մեծ Օրինակը:36 Մի օր Նա կվերադառնա կառավարելու և տիրելու որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր:37 Ի վերջո, մենք բոլորս կանգնելու ենք Նրա առաջ դատաստանի օրը:38 Ես աղոթում եմ մեր բոլորի համար, որպեսզի Նրա հանդեպ մեր անհատական հավատն ընդունված լինի:

Հղումներ

  1. Այդ նույն գաղափարը հաստատվեց Տիրոջ կողմից, երբ Նա ասաց. «Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈւ 130.21):

  2. ՎևՈւ 88.38

  3. Sե’ս Ալմա 30.44

  4. ՎևՈւ 88.42–43, 47

  5. Sե’ս Կողոսացիս Ա.16; Մոսիա Դ.2, 9; Ե.15; Ալմա 18.28; 22.10; Մովսես 3.5

  6. Ծննդոց Ա.1

  7. Ծննդոց Ա.27

  8. Աբրահամ Դ.27

  9. Հովհաննես Գ.16

  10. Հովհաննես Ա.1–3

  11. Հուներեն Logos (նշանակում է «խոսք») Քրիստոսի անուններից է:

  12. Մովսես 1.32–33; շեշտադրումն ավելացված է:

  13. Sե’ս Եփեսացիս Գ.9; Մոսիա 3.8–11; Հելաման 14.12; Մորմոն 9.8–14

  14. 3 Նեփի 9.15: Տերն այնուհետև հայտարարել է. «Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ` կենդանի Աստծո Որդին, որը ստեղծել է երկինքներն ու երկիրը, լույս, որը հնարավոր չէ թաքցնել խավարում» (ՎևՈւ 14.9):

  15. Sե’ս Հավատո Հանգանակ 1.4

  16. Եբրայեցիս ԺԱ.1

  17. Եփեսացիս Գ.17–19

  18. Եփեսացիս Դ.11–13; տե’ս նաև Գաղատացիս Գ.26–29

  19. 2 Նեփի 25.25–26

  20. 2 Նեփի 31.20; տե’ս նաև Ենովս 1.8; Մոսիա 3.12

  21. ՎևՈւ 14.7

  22. Մոսիա 5.7

  23. Sե’ս Ալմա 5.12–14

  24. 2 Նեփի 31.13; տե’ս նաև Հակոբ 6.5; Մոսիա 7.33; 3 Նեփի 10.6; 12.24; 18.32

  25. Ալմա 37.33; տե’ս նաև Մորմոն 9.37; Մորոնի 7.25–26, 33–34, 38–39

  26. Sե’ս Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը

  27. Sե’ս Մորմոնի Գրքի նախաբանը

  28. ՎևՈւ 20.29

  29. ՎևՈւ 68.25; տե’ս նաև Մովսես 6.57–62

  30. Sե’ս Եսայիա 49.26; 60.16; 1 Նեփի 21.26; 2 Նեփի 6.18

  31. Sե’ս ՎևՈւ 29.5; 110.4

  32. Sե’ս Բ Փագավորաց ԻԲ.2; ՎևՈւ 138.23

  33. Sե’ս ՎևՈւ 110.3

  34. Sե’ս Եսայիա Է.14

  35. Sե’ս 2 Նեփի 25.14–19

  36. Sե’ս Հովհաննես 13.15; 3 Նեփի 27.21

  37. Sե’ս Հայտնություն 17.14; 19.16

  38. Sե’ս Հայտնություն 20.12; 1 Նեփի 15.33; 2 Նեփի 9.22, 44; 28.23; Ալմա 5.15; 3 Նեփի 27.14; Մորմոն 3.20; 9.8–14