2008
Մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին
2008թ. Մարտ


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ

Մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
President Gordon B. Hinckley

2000 տարուց մի փոքր ավելի առաջ մարդկության Քավիչը ծնվեց Հուդայի Բեթլեհեմում: Երբ դեռ մանուկ էր, Նրան բերեցին Երուսաղեմի տաճար: Այնտեղ Մարիամն ու Հովսեփը լսեցին Սիմէոնի և Աննայի հրաշալի մարգարեությունները փոքրիկ մանկան մասին, որը կանխորոշված էր դառնալու աշխարհի Փրկիչը:

Իր պատանեկության մեծ մասը Նա անցկացրեց Գալիլեայի Նազարեթում, իսկ երբ 12 տարեկան էր Նրան կրկին բերեցին տաճար: Մարիամն ու Հովսեփը գտան Նրան վարդապետների հետ զրուցելիս. «և նրանք լսում էին նրան և հարցեր էին տալիս նրան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս Բ.46):

Հիսուսը մեծանում էր` դառնալով երիտասարդ տղամարդ և «զարգանում էր իմաստությունով և հասակով և շնորհքով Աստծո և մարդկանց մոտ» (Ղուկաս Բ.52): Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից Հորդանան գետում, «որ ամեն արդարություն կատար[վի]» (Մատթեոս Գ.15): Նա ծոմ պահեց 40 օր ու գիշեր և դիմացավ սատանայի գայթակղություններին, նախքան ժողովրդի մեջ Իր ծառայությունը սկսելը: Այնուհետև Նա շրջում էր ուսուցանելով, բժշկելով և օրհնելով:

Մեծ Եհովան

Հիսուսն իսկապես Հին Կտակարանի մեծ Եհովան էր, որը թողեց Իր Հոր արքայական պալատները վերևում և բարեհաճեց գալ երկիր որպես մանուկ` ծնվելով ամենահամեստ պայմաններում: Նրա ծնունդը կանխագուշակվեց դարեր առաջ Եսայիայի կողմից, որը մարգարեաբար հայտարարեց. «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան» (Եսայիա Թ.6):

Այս Հիսուս Քրիստոսը, որի մասին մենք հանդիսավոր վկայում ենք, ինչպես Հովհաննես Հայտնողը հայտարարեց, «հավատարիմ վկան, որ մեռելներից անդրանիկը` և երկրի թագավորների իշխանն է»: Նա «մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվացավ մեզ իր արյունովն, և մեզ թագավորներ և քահանաներ արավ Աստծո և իր Հոր համար. նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից» (Հայտնություն Ա.5–6):

Աշխարհի Փրկիչը

Նա էր և է Ամենազորի Որդին: Նա միակ կատարյալ մարդն էր, որ քայլեց երկրի վրայով: Նա բժշկեց հիվանդներին և այնպես արեց, որ կաղերը քայլեն, կույրերը` տեսնեն և խուլերը` լսեն: Նա կյանքի կոչեց մեռելներին: Սակայն թույլ տվեց Իր սեփական կյանքը վերցվի` քավության գործի համար, որի մեծությունը մեր հասկացողությունից վեր է:

Ղուկասն արձանագրել է, որ այդ տառապանքն այնքան մեծ էր, որ «նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա» (Ղուկաս ԻԲ.44), մի ֆիզիկական դրսևորում, որը հաստատված է և Մորոմնի Գրքում և Վարդապետություն և Ուխտերում (տես Մոսիա 3.7, ՎևՈՒ 19.18): Տառապանքը Գեթսեմանում և խաչի վրա Գողգոթայում, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Գեթսեմանից, ներառում էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր «փորձություններ, … ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել,- ասաց Բենյամին Թագավորը, -բացի մահից» (Մոսիա 3.7):

Գեթսեմանի տառապանքներից հետո եկավ Նրա ձերբակալությունը, Նրա դատավարությունը, Նրա դատապարտումը, հետո խաչի վրա Նրա մահվան աննկարագրելի ցավը, որին հետևեց Նրա թաղումը Հովսեփի գերեզմանում և Հարությամբ հաղթական դուրս գալը: Նա, Բեթլեհեմի հեզ մանուկը, որը երկու հազար տարի առաջ քայլեց Սուրբ Երկրի փոշոտ ճանապարհներով, դարձավ Ամենազոր Տերը, թագավորների Թագավորը, բոլորին փրկություն Տվողը: Ոչ ոք չի կարող լիովին հասկանալ Նրա կյանքի մեծությունը, Նրա մահվան վեհափառությունը, մարդկությանը տված Նրա պարգևի համապարփակությունը: Մենք հստակորեն, առանց երկմտելու հայտարարում ենք հարյուրապետի հետ, որն ասաց Նրա մահվան ժամանակ. «Ճշմարիտ, այս մարդն Աստծո Որդի էր» (Մարկոս ԺԵ.39):

Մեր կենդանի Տերը

Այսպիսին է Հին Աշխարհի կտակարանի` Սուրբ Աստվածաշնչի վկայությունը: Եվ կա ևս մեկ ձայն` Նոր Աշխարհի կտակարանի` Մորմոնի Գրքի վկայությունը: Նրանում Հայրը ներկայացրեց Իր հարություն առած Որդուն, հայտարարելով. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը» (3 Նեփի 11.7): Աստվածային այսպիսի խոսեքերով բացվում է մեր Փրկչի ծառայության պատմությունը Նրա որոշ «ուրիշ ոչխարների մեջ» (Հովահաննես Ժ.16), Երուսաղեմի Իր Համբարձումից հետո: Մորմոնի Գրքի ուղերձը իր ողջ բովանդակությամբ Հիսուս Քրիստոսի աստվածայնության և այն հավերժական օրհնությունների մասին է, որոնք կարող են գալ Աստծո բոլոր որդիներին և դուստրերին` Նրա փրկագնող սիրո միջոցով: Մորմոնի Գրքի մի մարգարեի խոսքերով.

«Քանզի, մենք աշխատում ենք ջանասիրաբար` գրելու և համոզելու մեր զավակներին, և նաև մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ. քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք` այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել… .

Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.23, 26):

Ի լրումն այս բոլորի կա ժամանակակից մարգարեների հայտարարությունը. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրում է» (ՎևՈՒ 76.22): Վարդապետություններ և Ուխտերում, նա հստակորեն վկայում է Իր իսկ աստվածային դերի մասին. «Ես եմ Ալֆան և Օմեգան` Քրիստոս Տերը. այո, նույնիսկ ես նա եմ` սկիզբը և վերջը` աշխարհի Քավիչը» (ՎևՈՒ 19.1):

Նրա մեջ մենք տեսնում ենք ոչ միայն մեր Տիրոջը և Բարի Հովվին, այլ նաև մեր մեծ Օրինակին, որը մեզ հրավիրում է «Եթե կամենում ես կատարյալ լինել, … եկ հետևիր ինձ» (Մատթեոս ԺԹ.21):

Անկյունաքարը

Նա է հիմնական անկյունաքարը Եկեղեցու, որը կրում է Նրա անունը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Չկա մեկ այլ անուն տրված մարդկանց մեջ, որով մենք կարող ենք փրկվել (տես Գործք Դ.12): Նա է մեր փրկության Հեղինակը, հավերժական կյանք Տվողը (տես Եբրայեցիս Ե.9): Նրան հավասար ոչ ոք չկա: Երբեք չի եղել: Երբեք չի լինի: Շնորհակալություն Աստծուն Իր Սիրելի Որդու պարգևի համար, որը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել և որը գլխավոր, անխախտ անկյունաքարն է մեր հավատքի և Իր Եկեղեցու:

Մեր հավատքի կիզակետը

Մեզ առջևում սպասվող ամեն ինչ չէ, որ մենք գիտենք: Մենք ապրում ենք անկայուն աշխարհում: Որոշ մարդկանց համար կլինեն մեծ նվաճումներ: Մյուսների համար հուսախաբություններ: Ոմանց համար մեծ ցնծություն և ուրախություն, լավ առողջություն և բարվոք կյանք: Մյուսների համար, հավանաբար, հիվանդություն և որոշ չափով վիշտ: Մենք չգիտենք: Բայց մի բան մենք իսկապես գիտենք: Երկնքում Հյուսիսային Աստղի նման, անկախ նրանից, թե ինչ է սպասվում ապագայում, այնտեղ կանգնած է աշխարհի Քավիչը, Աստծո Որդին, հաստատ և անկասկած` որպես մեր անմահ կյանքի խարիսխ: Նա մեր փրկության վեմն է, մեր ուժը, մեր մխիթարությունը, մեր հավատքի կիզակետը:

Լինենք արևաշողում, թե ստվերում, մենք նայում ենք դեպի Նա, և Նա այնտեղ է վստահեցնելու և ժպտալու մեզ:

Նա է մեր երկրպագության կենտրոնական կիզակետը: Նա է կենդանի Աստծո Որդին, Հոր Անդրանիկը, Միածինը մարմնում: Նա «հարություն է առել մեռելներից… ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս ԺԵ.20): Նա է Տերը, որը նորից կգա, «որ թագավորի երկրի վրա իր ժողովրդին» (ՎևՈՒ 76.63, տես նաև Միքիա Դ.7, Հայտնություն ԺԱ.15):

Երկրի վրա երբևէ չի քայլել մեկը` այսքան մեծ: Ուրիշ ոչ ոք չի արել համեմատության արժանի մի զոհաբերություն կամ շնորհել համեմատության արժանի օրհնություն: Նա է Փրկիչն ու Քավիչն աշխարհի: Ես հավատում եմ Նրան: Ես հայտարարում եմ Նրա աստվածայնության մասին առանց երկընտրանքի կամ փոխզիջման: Ես սիրում եմ Նրան: Ես ակնածանքով և հիացմունքով եմ տալիս Հիսուս Քրիստոս անունը: Նա է մեր Թագավորը, մեր Տերը, մեր Տիրակալը, կենդանի Քրիստոսը, որը կանգնած է Իր Հոր աջ կողմում: Նա ապրում է: Նա ապրում է արևափայլ և հիասքանչ` կենդանի Աստծո, կենդանի Որդին: