2008
Գիտեմ ապրում է Փրկիչն իմ
2008թ. Մարտ


Գիտեմ ապրում է Փրկիչն իմ

Լինելով առաջին կուրսեցի Այդահոյի Բրիգամ Յանգի Համալսարանում (այն ժամանակ Ռիքսի Քոլեջ), ես կարոտում էի ընտանիքիս: Բայց մի քանի ամսվա դասերից հետո, ես հարմարվեցի քոլեջի կյանքին և ինձ լավ էի զգում: Երբ հնչեց հեռախոսային զանգը, ես պարապում էի իմ բնակարանում:

«Քրիստի, ես վատ նորություն ունեմ քեզ համար,- ասաց մայրս դողացող ձայնով, Հայրդ հեռացավ կյանքից այս գիշեր սրտի խիստ անբավարարությունից»:

Զգացմունքները հեղեղեցին ինձ, երբ փորձեցի հասկանալ այն, ինչ հենց նոր լսեցի: Ես տեսել էի հայրիկիս ընդամենը մի քանի օր առաջ, բայց գաղափար չունեի, որ դա կլիներ վերջին անգամ: Հայրիկի մահը մեր ողջ ընտանիքի համար մեծ ցնցում էր, այն նաև ցնցում էր իմ ծխի համար: Հայրիկն ընդամնեը 53 տարեկան էր, և նա ծառայում էր որպես մեր տեղական ծխի եպիսկոպոս:

Օրերը, որոնք հաջորդեցին, լցված էին այցելություններով և հեռախոսային զանգերով ընտանիքի, ընկերների, ծխի անդամների և հարևանների կողմից: Մենք զգացինք վիթխարի սիրո դրսևորում նրանց կողմից, ովքեր մեր շրջապատում էին: Հայրիկի թաղմանը ընտանիքի անդամները կիսվեցին իրենց հիշողություններով նրա հետ անցկացրած մեր կյանքի մասին, և մենք վկայեցինք փրկության ծրագրի և հանդերձյալ կյանքի մասին:

Հայրիկը եղել էր հավատարիմ ամուսին, նվիրված Վերջին Օրերի Սուրբ, եռանդուն Սկաուտ և հիանալի հայր: Շատ մարդիկ էին օրհնվել նրա ապրած կյանքի շնորհիվ: Թաղումից հետո իմ ավագ եղբայրը նվիրագործեց գերեզմանը, և որպես ընտանիք՝ մենք կանգնել և հեծկլտում էինք՝ երգելով «Աստծո զավակն եմ», (Հիմներ և մանկական երգեր, էջ 58):

Թաղման հաջորդ օրը ես վերադարձա համալսարան: Այնքան էլ ուրախ չէի վերադարձիս համար, բայց գիտեի, որ պետք է շարունակեի կյանքը և կատարեի իմ պարտականությունները: Որոշ օրեր ավելի հեշտ էին, քան մյուսները: Ես շատ ժամանակ էի անցկացնում հայրիկիս մասին մտածելով, և ապավինում էի փրկության ծրագրի իմ գիտելիքին և առ Հիսուս Քրիստոս իմ հավատքին` օգնելու ինձ դիմակայել իմ դժվարություններին և հարցերին:

Հայրիկիս վախճանվելուց երկու շաբաթ անց ես վերցրեցի իմ օրագիրը և գնացի հանրակացարանի ժողովարան՝ թղթին հանձնելու իմ զգացումներն ու հայրիկի մահվան հետ կապված իրադարձությունները: Երբ գրում էի, Հոգին այնպես ուժեղ զգացի, որ ինձ համակող անհաղթահարելի համոզվածություն ունեցա, որ Երկնային Հայրը սիրում է ինձ, որ Նա ծրագիր ունի առանձնապես ինձ համար, և որ ես երբեք չեմ թողնվի մենակ: Երբ վերջացրի գրելը, զանգեր հնչեցին վերևի մոտակա ուսանողական կենտրոնի խոսնակներից` կատարելով «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, էջ 38): Ես անմիջապես հիշեցի օրհներգի խոսքերը.

Գիտեմ ապրում է Փրկիչն իմ,

Որից ցնծում է իմ հոգին,

Ապրում է նա, որ մեռած էր,

Հոգուս, սրտիս մշտական Տեր… .

Ապրում է, որ վախս ցրի,

Արցունքներս սրբի, մաքրի,

Իմ անհանգիստ սիրտը մեղմի,

Օրհնություններ բյուր բաժանի:

Ես իսկապես գիտեմ, որ Փրկիչս ապրում է, և ես գիտեմ, որ Նա սիրում է ինձ: Քանի որ Նա հարություն առավ մեռելներից, ես գիտեմ, որ հայրս և բոլոր մեր սիրելիները, ովքեր մեզանից առաջ են գնացել, նույնպես նորից կապրեն: Ինչպիսի՜ մխիթարություն է գիտենալ այս ճշմարտությունները: