2019
Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան
Մայիս 2019


Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան

Օրհնությունները կգան, երբ ձգտենք կատարել մեր անհատական պատասխանատվությունը՝ սովորել և սիրել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծրագրերն ու միջոցառումները դառնում են ավելի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող, ինչի մասին վկայում են վերջին գերագույն համաժողովներում հայտարարված մի շարք փոփոխությունները: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ ասել է. «Սպասվում են ավելի շատ փոփոխություններ:… Ընդունեք ձեր վիտամինները: Լավ հանգստացեք: Հետաքրքիր է լինելու»:1

Ես աղոթում եմ և հրավիրում Սուրբ Հոգու օգնությունը, երբ մենք միասին դիտարկում ենք Տիրոջ վերականգնված Եկեղեցու այս շարունակական ճշգրտումների հիմնական գործոնները:

Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրություն

Վերջերս տեղի ունեցած քահանայության ղեկավարների համաժողովում ես և Երեց Քրեյգ Ք. Քրիսթենսենը զուգընկերներ էինք, և նա երկու պարզ հարցերի օգնությամբ շեշտեց տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող սկզբունքին անցնելու կարևորությունը: Նա առաջարկեց, որ փոխանակ Եկեղեցու կիրակնօրյա ժողովներից տուն վերադառնալիս հարցնենք. «Այսօր Եկեղեցում ի՞նչ եք սովորել Փրկիչի և Նրա ավետարանի մասին», ճիշտ կլինի, որ Եկեղեցու ժողովների ժամանակ հարցնենք. «Այս շաբաթ ի՞նչ եք սովորել Փրկիչի և Նրա ավետարանի մասին ձեր տանը»: Հանգստության օրվա պատշաճ երկրպագությունը, նոր ուսումնական ծրագիրը և ժողովների ճշգրտված ժամանակացույցը մեզ կօգնեն սովորել ավետարանն ինչպես մեր տներում, այնպես էլ՝ Եկեղեցում:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամը կրում է անձնական պատասխանատվություն՝ սովորել Տիրոջ ուսմունքները, ապրել ըստ դրանց և պատշաճ իշխանությամբ ստանալ փրկության ու վեհացման արարողությունները: Մենք չպետք է ակնկալենք, որ Եկեղեցին որպես կազմակերպություն ուսուցանի կամ պատմի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք և անենք, որպեսզի նվիրյալ աշակերտ դառնանք և քաջաբար համբերենք մինչև վերջ:2 Այլ դա մեր անձնական պատասխանատվությունն է՝ սովորել այն, ինչ պետք է սովորենք, ապրել այնպես, ինչպես գիտենք, որ պետք է ապրենք, և դառնալ այնպիսին, ինչպիսին Վարդապետն է ցանկանում, որ դառնանք: Սովորելու, ապրելու և այդպիսին դառնալու լավագույն միջավայրը մեր տներն են:

Մանուկ հասակում Ջոզեֆ Սմիթն Աստծո մասին լսեց իր ընտանիքից: Աստծո կամքն իմանալու ցանկությունը ստիպեց Ջոզեֆին որոնել ճշմարտությունը քրիստոնեական տարբեր դավանանքներում, ջանասիրաբար խորհել սուրբ գրությունների շուրջ և անկեղծորեն աղոթել Աստծուն: Այն բանից հետո, երբ Սրբազան Պուրակում պատանի Ջոզեֆ Սմիթին հայտնվեցին Հայրն ու Որդին, նա տուն վերադարձավ և առաջինը խոսեց մոր հետ: Երբ նա «հակվել [էր] բուխարուն, մայր[ը] հարցրեց, թե ինչ է պատահել: [Ջոզեֆը պատասխանեց]. «Ոչինչ, ամեն ինչ լավ է, ես լավ եմ»: Այնուհետև, [նա] ասաց մոր[ը]. «Ինձ հայտնի է դարձել»:3 Ջոզեֆի փորձառությունը մի հզոր օրինակ է, որին մեզանից յուրաքանչյուրը պետք է հետևի: Մենք նույնպես պետք է անձամբ իմանանք:

Երկնային Հոր համապարփակ ծրագրի նպատակն այն է, որ Իր զավակներն ավելի նմանվեն Իրեն: Հետևաբար, Նա մեզ հնարավորություն է տալիս զարգանալու և առաջադիմելու: Ճշմարտությունը սովորելու և ըստ դրա ապրելու պարտավորվածությունը գնալով ավելի կարևոր է դառնում աշխարհում, որը «խառնաշփոթի» մեջ է4 և առավել, քան երբևէ մոլորված ու չարացած է: Մենք չենք կարող ակնկալել, որ պարզապես այցելելով Եկեղեցու ժողովներին և մասնակցելով ծրագրերին, կստանանք ողջ հոգևոր կրթությունն ու պաշտպանությունը, որոնք մեզ հնարավորություն կտան «հակառակ կենալ չարութեան օրումը»:5

«Ծնողները սրբազան պարտականություն ունեն դաստիարակել իրենց երեխաներին սիրո և արդարակեցության մեջ»:6 Եկեղեցու ոգեշնչված ղեկավարները, ուսուցիչներն ու միջոցառումները սատարում են հոգևորապես աճելու անհատների և ընտանիքների ջանքերին: Եվ չնայած մենք բոլորս օգնության կարիք ունենք ուխտի ճանապարհով առաջ գնալիս, հոգևոր ուժի և տոկունության զարգացման հիմնական պատասխանատվությունը յուրաքանչյուրիս վրա է:

Հիշենք, թե ինչպես Նեփին՝ մարգարե Լեքիի որդին, ցանկացավ Սուրբ Հոգու զորությամբ անձամբ տեսնել, լսել և իմանալ այն բաները, որոնք նրա հայրն էր իմացել կյանքի ծառի տեսիլքը տեսնելով: Նեփին կարիք ուներ և օրհնված էր երիտասարդ հասակում իր «լավ ծնողների» օրինակով և ուսմունքներով:7 Այնուամենայնիվ, Ջոզեֆ Սմիթի նման նա ձգտում էր անձամբ սովորել և գիտելիք ունենալ:

Եթե Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին իմ և ձեր գիտելիքը սահմանափակվում է նրանով, ինչ ուրիշներն են ուսուցանում կամ ասում մեզ, ապա Նրա և վերջին օրերի Նրա փառահեղ գործի մասին մեր վկայության հիմքը կառուցված է ավազի վրա:8 Մենք չենք կարող բացառապես հենվել այլ մարդկանց ունեցած լույսի և գիտելիքի վրա կամ վարձակալել դա նրանցից, նույնիսկ այն մարդկանց, ում մենք սիրում և վստահում ենք:

Նշանակալից է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ յուրաքանչյուր վերջին օրերի սուրբ պետք է անձամբ հասկանա «աշխարհ գալու Աստծո ծրագրերն ու նպատակները մեր համար»:9

«Կարո՞ղ ենք կարդալ և հասկանալ այն ամենն, ինչ Ադամի օրերից գրվել է Աստծո հետ մարդու և հրեշտակների հարաբերության ապագա վիճակի մասին: Մենք շատ քիչ բան պետք է իմանանք այդ մասին: Ուրիշների փորձառությունների մասին կարդալը կամ նրանց տրված հայտնությունը երբեք չի կարող տալ մեզ բազմակողմանի հեռանկար մեր վիճակի և Աստծո հետ մեր իսկական հարաբերության մասին: Այս բաների մասին գիտելիքը կարող է ձեռք բերվել միայն փորձառությամբ, Աստծո արարողությունների միջոցով, որոնք սահմանված են այդ նպատակի համար»:10

Անհատների և ընտանիքների համար այս հոգևոր մեծ նպատակի իրականացումը հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծրագրերն ու միջոցառումները դառնում ավելի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ժամանակների լրության այս հատուկ տնտեսությունում:

Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրության կիրառում

Թույլ տվեք ամփոփել ավետարանի ուսումնասիրման մի քանի հիմնական կիրառումներ, որոնք դառնում են ավելի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող:

Միսիոներական ուսուցման գլխավոր կենտրոնը մեր տներում է, իսկ միսիոներական ուսուցման երկրորդական կենտրոնները գտնվում են Պրովոյում, Մանիլայում, Մեխիկոյում և այլ վայրերում: Կիրակնօրյա դպրոցի ամենաարդյունավետ դասարանը պետք է լինի անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը մեր բնակավայրերում, իսկ Կիրակնօրյա դպրոցի օգտակար, բայց երկրորդական դասերն անցկացվում են մեր հավաքատներում:

Ընտանեկան պատմության կենտրոններն այժմ մեր տներում են: Ընտանեկան պատմությանը վերաբերող աշխատանքների համար լրացուցիչ աջակցություն կա նաև մեր հավաքատներում:

Տաճարի նախապատրաստման հիմնական դասերը առաջին հերթին տեղի են ունենում մեր տներում, իսկ երկրորդ հերթին՝ այդ կարևոր դասերը կարող են ժամանակ առ ժամանակ անցկացվել նաև մեր հավաքատներում:

Մեր տները սրբավայր դարձնելը, որտեղ մենք կարող ենք «կանգնել սուրբ տեղերում»,11 էական է այս վերջին օրերում: Եվ որքան այսօր է կարևոր տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսումը մեր հոգևոր ուժի և պաշտպանության համար, այն նույնիսկ ավելի կարևոր է լինելու ապագայում:

Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսում և տաճարի նախապատրաստում

Դիտարկեք, թե որքանով է «տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող» ծրագիրը վերաբերում մեր անհատական պատրաստվածությանն ու արժանավորությանը Տիրոջ տանը սուրբ արարողություններն ու ուխտերը ստանալու համար:

Իրոք, տաճարի նախապատրաստությունն ամենաարդյունավետն է մեր տներում: Բայց Եկեղեցու անդամներից շատերը տարակուսում են, թե տաճարից դուրս տաճարային փորձառության մասին ինչը կարելի է ասել, իսկ ինչը՝ ոչ:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը մեկնաբանել է, թե որտեղից այս տարակուսանքը.

«Տաճարը սրբազան վայր է, և տաճարային արարողությունները սրբազան բնույթ ունեն: Դրանց սրբազանության պատճառով մենք երբեմն դժկամությամբ ենք ասում որևէ բան մեր երեխաներին և թոռներին:

Դրա հետևանքով, շատերի մոտ տաճար գնալու իրական ցանկություն չի առաջանում, կամ երբ գնում են այնտեղ, նրանք դա անում են առանց պատկերացում ունենալու, ինչը կպատրաստեր նրանց պարտականությունների և ուխտերի համար, որոնք պիտի կապեն:

Ես հավատում եմ, որ պատշաճ ըմբռնումը կամ պատկերացումը անչափ կօգնի պատրաստվել մեր երիտասարդներին տաճարի փորձառությանը … [և] նրանց մեջ կառաջացնի ցանկություն՝ ձգտել իրենց քահանայության օրհնություններին, ճիշտ ինչպես Աբրահամն էր ձգտում իրենին»:12

Երկու հիմնական ուղեցույցները կօգնեն մեզ պատշաճ հասկացողություն ձեռք բերել այն մասին, ինչն ընդգծել է Նախագահ Բենսոնը:

Ուղեցույց #1 Քանի որ մենք սիրում ենք Տիրոջը, Նրա սուրբ տան մասին մենք միշտ պետք է ակնածանքով խոսենք: Մենք չպետք է բացահայտենք կամ նկարագրենք տաճարային սուրբ արարողությունների ժամանակ ստացած ուխտերին վերաբերող հատուկ խորհրդանիշները: Ոչ էլ պիտի քննարկենք այն սուրբ տեղեկությունները, որոնք տաճարում խոստանում ենք չբացահայտել:

Ուղեցույց #2 Տաճարը Տիրոջ տունն է: Տաճարում ամեն ինչ մատնանշում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մենք կարող ենք քննարկել տաճարի արարողություններին և ուխտերին վերաբերող հիմնական նպատակները, սկզբունքներն ու վարդապետությունը:

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերն ասել է. «Եկեք մեր երեխաների հետ կիսվենք տաճարում ունեցած մեր հոգևոր զգացողություններով: Եվ եկեք ավելի լուրջ ու հանգիստ սովորեցնենք նրանց այն բաները, որոնք պատշաճ է ասել Տիրոջ տան նպատակների մասին»:13

Սերնդե-սերունդ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթից մինչև Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, տաճարային արարողությունների և ուխտերի վարդապետական նպատակները լայնորեն լուսաբանվել են Եկեղեցու ղեկավարների կողմից:14 Գոյություն ունի նյութերի հարուստ աղբյուր՝ տպագիր, աուդիո, վիդեո և այլ ձևաչափերով, որոնք օգնում են մեզ սովորել նախապատրաստական արարողությունների, օժտումների, ամուսնությունների և կնքման այլ արարողությունների մասին:15 Նույնպես մատչելի է տեղեկատվությունը, թե ինչպես հետևել Փրկիչին, ստանալով և պահելով ուխտերը՝ կապված հնազանդության օրենքի, զոհաբերության օրենքի, ավետարանի օրենքի, մաքրաբարոյության օրենքի և նվիրաբերման օրենքի հետ:16 Եկեղեցու բոլոր անդամները պետք է ծանոթանան հրաշալի նյութերի հետ, որոնք առկա են temples.ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
temples.churchofjesuschrist.org

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կարևորել է հավասարակշռությունը, որը կա տաճարային արարողությունների սրբազան բնույթի և տաճարների մասին Եկեղեցու հրատարակած արժեքավոր տեղեկատվության միջև, որը ճշգրիտ է, պատշաճ և հանրամատչելի: Նա բացատրել է . «Ես խորհուրդ եմ տալիս … անդամներին կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցի այն մասերը, որոնք կապված են տաճարի հետ, օրինակ` «Օծում», «Ուխտ», «Զոհաբերություն», և «Տաճար»: Կարող եք կարդալ նաև Ելից 26–29 գլուխները և Ղևտացոց, գլուխ 8-ը: Հին Կտակարանը, ինչպես նաև Թանկագին Մարգարիտում Մովսեսի և Աբրահամի գրքերը ընդգծում են տաճարային աշխատանքի հնությունը և տաճարային ծեսերի հարատև բնույթը»:17

Նկար
Տեսանյութ տաճարային սուրբ հագուստների վերաբերյալ

Այսպիսով, պատկերացրեք, որ ձեր որդին կամ դուստրը հարցնում է. «Դպրոցում մեկն ինձ ասաց, որ տաճարում տարօրինակ հագուստ են կրում: Դա ճի՞շտ է»: Temples.ChurchofJesusChrist.org կայքէջում կա մի կարճ տեսանյութ, վերնագրված` «Տաճարային սուրբ հագուստ»: Այդ հոյակապ նյութը բացատրում է, թե ինչպես են հին ժամանակներում տղամարդիկ և կանայք կիրառել սրբազան երաժշտություն, աղոթքի տարբեր ձևեր, խորհրդանշական կրոնական հագուստ, շարժումներ և ծեսեր՝ Աստծո հանդեպ իրենց սրտաբուխ զգացմունքներն արտահայտելու համար: Այսպիսով, պարզ հրահանգավորման և հրաշալի նյութերի միջոցով, որոնցից է այս տեսանյութը, Եկեղեցին աջակցում է տաճարի փառահեղ օրհնությունների համար տարվող տնակենտրոն նախապատրաստությանը: Ձեզ համար առկա է օգտակար բազմաթիվ տեղեկատվություն:18

Ձգտելով քայլել Տիրոջ Հոգու հեզությամբ,19 մենք կօրհնվենք, որպեսզի հասնենք մեր տներում անհրաժեշտ հավասարակշռությանը՝ հասկանալով, թե ինչն է պատշաճ, իսկ ինչը պատշաճ չէ քննարկել տաճարային սուրբ արարողությունների ու ուխտերի մասին:

Խոստում և վկայություն

Ենթադրում եմ, որ ձեզանից շատերն են մտածում, թե ավետարանի ձեր ուսումնասիրությունն արդյո՞ք կդառնա տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող: Գուցե դուք Եկեղեցու միակ անդամն եք ձեր տանը կամ ունեք այնպիսի ամուսին կամ կին, ով ձեզ չի աջակցում այս հարցում, կամ միայնակ ծնող եք, գուցե մենակ եք ապրում կամ ամուսնալուծված վերջին օրերի սուրբ եք և կունենաք հարցեր, թե այս սկզբունքներն ինչպես են գործելու ձեր դեպքում: Դուք կարող եք ամուսիններ լինել, ովքեր միմյանց նայելով ասում են. «Արդյոք կարո՞ղ ենք դա անել»:

Այո՜, դուք կարող եք դա անել: Ես խոստանում եմ, որ քաջալերող օրհնությունները կհոսեն ձեր կյանք և ակնհայտ կլինեն ձեր կյանքում: Դռները կբացվեն: Լույսը կծագի: Ձեր կարողությունները կավելանան, որ առաջ շարժվեք ջանասիրությամբ և համբերատարությամբ:

Ես ուրախությամբ վկայում եմ, որ փոխհատուցող օրհնությունները կգան, երբ ձգտենք կատարել մեր անհատական պատասխանատվությունը՝ սովորել և սիրել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Մենք իսկապես կարող ենք «պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան»:20 Ես սա խոստանում և վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: