2019
Հիսուս Քրիստոսի Քավությունը
Մայիս 2019


Հիսուս Քրիստոսի Քավությունը

Փրկիչի քավությունը ոչ միայն անսահման է իր ծավալով, այլ նաև անհատական է իր հասանելիությամբ:

Տարվա այս ժամանակահատվածում մենք առանձնապես ուրախանում ենք և խորհրդածում Փրկիչի Քավության շուրջ: Սա իսկապես այս աշխարհի կամ տիեզերքի երբևէ հայտնի դարձած ամենագերբնական, միտքն ընդարձակող, սիրավառ վարդապետությունն է: Այն իմաստ, նպատակ և հույս է հաղորդում մեր կյանքին:

Ապա ուրեմն ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչ որ առումով դա աստվածային իրադարձությունների մի շարք է, որը սկիզբ առավ Գեթսեմանիում, շարունակվեց խաչի վրա և գագաթնակետին հասավ գերեզմանից Փրկիչի հարությամբ: Այն թելադրվեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ աներևակայելի սիրուց: Այն պահանջեց մի էակ, ով անմեղ էր, անհուն զորություն ուներ տարրերի վրա, նույնիսկ մահվան վրա, ով անսահման կարողություն ուներ տանելու բոլոր մեր մեղքերի և տկարությունների հետևանքները և ով, փաստորեն, իջավ այդ բոլորից ներքև:1 Այս էր Հիսուս Քրիստոսի առաքելությունը` սա էր Նրա Քավությունը:

Ապա ո՞րն էր դրա նպատակը։ Այն մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Աստծո ներկայություն, ավելի նմանվել Նրան և ունենալ լիարժեք ուրախություն: Սա արվեց՝ հաղթահարելով չորս խոչընդոտ.

  1. Ֆիզիկական մահը

  2. Ադամի կողմից և մեր մեղքերից առաջացած հոգևոր մահը

  3. Մեր չարչարանքներն ու տկարությունները

  4. Մեր թուլություններն ու թերությունները

Բայց ինչպե՞ս Փրկիչը կարողացավ իրականացնել այդ` առանց խախտելու արդարության օրենքները:

Նկար
Ազատ անկում ինքնաթիռից

Պատկերացրեք մի պահ` մտածելով զվարճալի ազատ անկման մասին, մարդն անխոհեմ որոշում է ընդունում և ինքնակամ ցատկում է փոքրիկ ինքնաթիռից: Այդ անելուց հետո նա արագ հասկանում է իր գործողությունների անմտությունը: Նա կամենում է ապահով վայրէջք կատարել, բայց մի խոչընդոտ կա` ձգողականության օրենքը: Նա շարժում է իր թևերը շշմեցուցիչ արագությամբ, բայց ոչ մի օգուտ: Նա փոխում է իր մարմնի դիրքը լողալու կամ սահելու համար, որպեսզի դանդաղեցնի վայրէջքը, բայց ձգողականության օրենքն անգութ է և անողորմ: Նա փորձում է տրամախոսել բնության այդ հիմնական օրենքի հետ. «Դա սխալ էր: Ես այլևս երբեք չեմ անի այդ»: Բայց նրա աղերսանքները չեն հասնում խուլ ականջներին: Ձգողականության օրենքը չի ճանաչում որևէ կարեկցանք, այն բացառություններ չի անում: Բայց, բարեբախտաբար մարդը հանկարծ իր մեջքին մի բան է զգում: Նրա ընկերը, ինքնաթիռում զգալով անմտության պահը, օդապարիկ էր դրել այնտեղ` հենց ցատկելուց առաջ: Նա գտնում է ձգափոկը և քաշում այն: Հանդարտված, նա ապահով լողում է դեպի գետինը: Մենք գուցե հարցնենք. «Միթե՞ ձգողականության օրենքն էր խախտվել, թե այդ օդապարիկը գործեց այդ օրենքի համաձայն` ապահովելով ապահով վայրէջք»:

Նկար
Ապահով վայրէջք անկարգելով

Երբ մենք մեղք ենք գործում, նմանվում ենք այդ հիմար մարդուն, ով ցատկեց ինքնաթիռից։ Ինչ էլ որ անենք ինքնուրույն, մեզ միայն վթարային վայրեջք է սպասվում: Մենք ենթակա ենք արդարադատության օրենքին, որը ձգողականության օրենքի նման խստապահանջ է և չներող: Մենք կարող ենք փրկվել միայն Փրկիչի շնորհիվ, Նրա Քավության միջոցով, ով ողորմածաբար ապահովում է մեզ այսպես ասած հոգևոր օդապարիկ կամ անկարգել: Եթե մենք հավատք ունենք առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում ենք (նկատի ունեմ անում ենք մեր մասը և քաշում ենք ձգափոկը), ապա Փրկիչի պաշտպանական ուժերը միջամտում են ի օգուտ մեզ, և մենք կարող ենք հոգևորապես անվնաս վայրէջք կատարել:

Սակայն դա հնարավոր է միայն այն պատճառով, որ Փրկիչը հաղթահարել է չորս խոչընդոտները, որոնք կարող են խանգարել մեր հոգևոր առաջընթացին:

1.Մահը Հիսուս Քրիստոսը հաղթահարեց մահը Իր փառահեղ Հարության միջոցով: Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:2

2. Մեղքը Տերը հաղթահարեց մեղքը և հանցանքը բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարում են: Նրա մաքրագործող զորությունն այնքան խորն ու լայնածավալ է, որ Եսայիան խոստացել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:3

Երբեմն ես հանդիպել եմ լավ Սրբերի, ովքեր դժվարություն ունեն իրենց ներելիս, ովքեր անմեղորեն, բայց սխալմամբ սահմաններ են դրել Փրկիչի փրկագնող զորությունների վրա: Նրանք ակամայից անսահման Քավությունը դարձրել են սահմանափակ, որը ինչ-որ ձևով չի գործում իրենց որոշակի մեղքի կամ թուլության պատճառով: Բայց սա անսահման Քավություն է, որովհետև այն ներառում է և սահմանագծում է ամեն մեղք և թուլություն, ինչպես նաև ուրիշների կողմից ձեզ պատճառված ամեն վիրավորանք կամ ցավ:

Տրուման Գ. Մադսենը կատարել է այս սփոփիչ դիտարկումը.

«Եթե կան ոմանք, ովքեր մոլորվել են այն համոզմունքով, որ դուք շատ հեռու եք գնացել, … որ դուք մեղքի թույնն եք ընդունել, որն անհնար է դարձնում երբևէ կրկին լինել ձեզ այն, ինչ կարող էիք լինել, ապա լսեք ինձ:

Ես վկայություն եմ բերում, որ դուք չեք կարող ավելի խորը սուզվել, քան Հիսուս Քրիստոսի լույսը և մաքրագործող զորությունը կարող է հասնել: Ես վկայություն եմ բերում, որ քանի դեռ կա ապաշխարելու և ձգտելու կամքի մեկ իսկ կայծ, Նա այնտեղ է: Նա, ուղղակի չիջավ մինչև ձեր վիճակը, Նա իջավ դրանից ներքև, «որպեսզի կարողանար լինել ամենի մեջ և բոլոր բաների միջոցով` ճշմարտության լույսը»:[Վարդապետույուն և Ուխտեր 88.6:]»4

Փրկիչի Քավության և դրա անսահման հետևանքները հասկանալու այդքան կարևոր լինելու պատճառներից մեկն այն է, որ մեծացող ըմբռնման հետ գալիս է ուժգնացող ցանկություն` ներել ինքներս մեզ և ուրիշներին:

Չնայած մենք, գուցե, հավատում ենք Քրիստոսի մաքրագործող զորություններին, սակայն հաճախ հարց է առաջանում. «Ինչպե՞ս եմ իմանում, որ իմ մեղքերը ներվել են»: Եթե մենք զգում ենք Հոգին, ապա դա մեր վկայությունն է, որ մենք ներվել ենք, կամ որ մաքրագործող գործընթաց է տեղի ունենում: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը, … կարող եք ընդունել դա որպես ապացույց, որ Քավությունը գործում է ձեր կյանքում»:5

Նկար
Փակուղի

Ոմանք գուցե հարցնեն. «Բայց, եթե ես ներվել եմ, ինչո՞ւ եմ դեռևս զգում մեղքը»: Հավանաբար Աստծո ողորմածությամբ այդ մեղքի հիշողությունը նախազգուշացում է, այսպես ասած հոգևոր «կանգառի նշան», առնվազն որոշ ժամանակով, որն աղաղակում է մեզ, երբ լրացուցիչ գայթակղություններ են հանդիպում մեզ. «Մի գնա ներքև այդ ճանապարհով: Դու գիտես ցավը, որ այն կարող է բերել»: Այդ առումով, այն ծառայում է որպես պաշտպանություն, ոչ թե պատիժ:

Ուրեմն, հնարավո՞ր է արդյոք հիշել մեր մեղքերը և, այնուամենայնիվ, զերծ լինել մեղքից:

Ալման հիշում էր իր մեղքերը նույնիսկ իր ապաշխարելուց հետո տարիներ շարունակ: Բայց, երբ նա աղաղակեց առ Հիսուսը ողորմածության համար, նա ասաց. «Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից»:6

Ինչպե՞ս կարող էր նա հիշել իր մեղքերը, բայց չզգալ ցավ կամ մեղք: Որովհետև, երբ ապաշխարում ենք, «մենք ծնվում ենք Աստծուց»:7 Մենք դառնում ենք, ինչպես սուրբ գրություններն են ասում «նոր արարածներ»8 Քրիստոսում: Կատարյալ ազնվությամբ մենք այժմ կարող ենք ասել. «Ես այն տղամարդը կամ կինը չեմ, ով անցյալում գործել է այդ մեղքերը: Ես նոր և փոխակերպված էակ եմ»:

3. Չարչարանքներ և թուլություններ Ալման մարգարեացավ, որ Քրիստոսը «պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ Ինչո՞ւ: Որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»:9

Ինչպե՞ս է Նա իրականացնում այդ։ Երբեմն Նա վերացնում է չարչարանքը, երբեմն Նա ուժեղացնում է մեզ` դիմանալու համար, իսկ երբեմն Նա տալիս է մեզ հավերժական հեռանկար` ավելի լավ հասկանալու դրանց ժամանակավոր բնույթը: Լիբերթիի բանտում, գտնվելով խորը տառապանքների մեջ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն աղաղակեց. «Ով Աստված, որտե՞ղ ես դու»:10 Վայրկենական սփոփանք տալու փոխարեն, Աստված պատասխանեց. «Որդիս, խաղաղություն քո հոգուն, քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ, և հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»:11

Ջոզեֆն այդ ժամանակ հասկացավ, որ այդ դառը փորձառությունը ընդամենը մի կետ էր հավերժության լուսապատկերում: Այս ընդլայնված տեսլականով, նա գրեց Սրբերին այդ նույն բանտախցից. «Շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է, և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելով Աստծո փրկությունը»։12 Փրկիչի Քավության շնորհիվ, մենք կարող ենք ունենալ հավերժական հեռանկար, որն իմաստ է տալիս մեր փորձություններին և հույս` մեր մխիթարության համար:

4. Թուլություններ և թերություններ Իր Քավության շնորհիվ Փրկիչն ունի իրավազորող ուժեր, որոնք երբեմն կոչվում են շնորհ,13 որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր թուլությունները և անկատարությունները, և այդպիսով օգնել մեզ Նրա նման դառնալու մեր ձգտումներում:

Մորոնին այսպես է ուսուցանել. «Այո, եկեք Քրիստոսի մոտ, և կատարելագործվեք նրանում, … որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»:14 Թվում է, առնվազն կան երկու ուղիներ կամ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ օգտվել այդ իրավազորող ուժերից, որոնք կարող են զտել, նույնիսկ, կատարյալ դարձնել մեզ:

Առաջինը փրկարար արարողություններն են: Սուրբ գրություններն ասում են մեզ. «Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:15 Երբեմն, մենք գուցե մտածենք արարողությունների մասին, որպես մի ստուգացուցակի, որն անհրաժեշտ է վեհացման համար, բայց իրականում յուրաքանչյուրը բացահայտում է աստվածային մի ուժ, որն օգնում է մեզ ավելի նման դառնալ Քրիստոսին: Օրինակ.

  • Երբ մկրտվում ենք, և ստանում Սուրբ Հոգու պարգևը, մենք մաքուր ենք դառնում, այդպիսով դառնալով Աստծո նման ավելի սուրբ:

  • Բացի այդ, Սուրբ Հոգու միջոցով, մեր մտքերը կարող են լուսավորվել և մեր սրտերը փափկել, որպեսզի կարողանանք Նրա նման մտածել և զգալ:

  • Եվ երբ մենք կնքվում ենք որպես կողակիցներ, մենք իրավունք ենք ունենում ժառանգել «գահեր, իշխանություններ և զորություններ»՝16 որպես պարգևներ Աստծուց:

Երկրորդ ուղին այդ իրավազորող ուժերի համար Հոգու պարգևներն են: Քրիստոսի Քավության շնորհիվ մենք իրավունք ունենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը և նրան ուղեկցող հոգևոր պարգևներ: Այդ պարգևները բարեպաշտության հատկանիշներ են, ուստի ամեն անգամ, երբ մենք ձեռք ենք բերում Հոգու պարգև, մենք ավելի ենք նմանվում Աստծուն: Անկասկած, ահա թե ինչու են սուրբ գրությունները պատվիրում մեզ բազմաթիվ առիթներով ձգտել այդ պարգևներին։17

Նախագահ Ջորջ Ք. Քենոնն ուսուցանել է. «Ոչ մի մարդ չպիտի ասի․ «Օհ, ես չեմ կարող վերահսկել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում այն պատճառով որ Աստված խոստացել է … տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն [մեր թուլությունները]։ … Եթե մենք թերանում ենք ինչ-որ բանում, ապա մենք պարտավոր ենք աղոթել պարգևի համար, որը մեզ կատարյալ կդարձնի։18

Այսպիսով, Փրկիչի Քավությունը մեզ կյանք է տալիս` մահվան փոխարեն, «գեղեցկություն` մոխրի փոխարեն»19 բժշկություն`ցավի փոխարեն և կատարելություն` թուլության փոխարեն: Սա երկնքի հակաթույնն է այս աշխարհի խոչընդոտների և մաքառումների դեմ:

Փրկիչի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ընթացքում, Նա ասաց. «Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:20 Քանի որ Փրկիչն իրականացրեց Իր Քավությունը, չկա ոչ մի արտաքին ուժ, իրադարձություն կամ անձնավորություն, որը կարողանա խանգարել մեզ հասնել վեհացման, եթե միայն պահենք Աստծո պատվիրանները: Այդ գիտելիքով մենք կարող ենք առաջ մղվել արիացած և բացարձակ վստահությամբ, որ Աստված մեզ հետ է այս երկնային որոնումներում:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Փրկիչի Քավությունը ոչ միայն անսահման է ծավալով, այլ հասանելի է նաև անհատապես, որ այն կարող է ոչ միայն մեզ վերադարձնել Աստծո ներկայություն, այլ նաև հնարավորություն ընձեռել մեզ դառնալ Նրա նման, որը Քրիստոսի Քավության բարձրագույն նպատակն է: Սրա վերաբերյալ ես բերում եմ իմ երախտապարտ և վստահ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: