2019
Պատրաստվել Տիրոջ վերադարձին
Մայիս 2019


Պատրաստվել Տիրոջ վերադարձին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար:

Երկու շաբաթից կտոնենք Զատիկը: Հարությունը հաստատում է Հիսուս Քրիստոսի աստվածային և Հայր Աստծո իրական լինելը: Մեր մտքերն ուղղվում են դեպի Փրկիչը, և մենք խորհում ենք «Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին»:1 Հուսով եմ, որ մենք մտածում ենք նաև Նրա մոտալուտ վերադարձի մասին, երբ «Նա կթագավորի և կկառավարի որպես Թագավորների Թագավոր և … Տերերի Տեր»:2

Որոշ ժամանակ առաջ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում ես մասնակցեցի մի համաժողովի, ուր ներկա էին տարբեր կրոնների ղեկավարներ: Մերձավորների հանդեպ նրանց սերը շատ ակնհայտ էր: Նրանք ցանկանում էին թեթևացնել տառապանքը և օգնել մարդկանց ազատվել ճնշումներից ու աղքատությունից: Ես անդրադարձա այս Եկեղեցու մարդասիրական բազմաթիվ նախաձեռնություններին, այդ թվում այն նախագծերին, որոնք պիտի իրականացվեին այս համաժողովին մասնակցող կրոնական խմբերի հետ համագործակցելով: Ես խորը երախտագիտություն զգացի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների առատաձեռնության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում Քրիստոսանման ծառայությունը:

Այդ պահին Սուրբ Հոգին ինձ երկու բան հաստատեց. Առաջինը՝ որ նյութական կարիքների սպասավորման աշխատանքը կարևոր է և պետք է շարունակվի: Երկրորդն անսպասելի էր, սակայն զորեղ ու հստակ: Դա հետևյալն էր՝ անձնուրաց ծառայությունից առավել կարևոր է պատրաստել աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Երբ Նա գա, ճնշումներն ու անարդարությունը ոչ միայն կնվազեն, այլև՝ կդադարեն.

«Գայլը նույնպես կբնակվի գառի հետ, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, և հորթը, կորյունը և պարարտ զվարակը՝ միասին. և մի փոքր երեխա կառաջնորդի նրանց:…

Նրանք չեն վնասի կամ ավերի իմ ողջ սուրբ սարում. քանզի երկիրը Տիրոջ գիտությունով լցված կլինի, ինչպես ջրերն են ծածկում ծովը»:3

Աղքատությունն ու տառապանքը ոչ միայն անկում կապրեն, այլև կանհետանան .

«Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն:

Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»:4

Նույնիսկ մահվան ցավն ու վիշտը չեն լինի.

«Այդ օրը, մանուկը չի մահանա, մինչ չծերանա. և նրա կյանքը կլինի, ինչպես ծառի տարիքը.

Իսկ երբ նա մահանա, նա չի ննջի, այսինքն՝ հողում, այլ կվերափոխվի մի ակնթարթում, և կհափշտակվի, և նրա հանգիստը կլինի փառահեղ»:5

Այսպիսով՝ եկե՛ք այժմ անենք ամեն բան, որ կարողանանք հաղթահարել տառապանքն ու ցավը, և եկե՛ք ավելի ջանադրաբար նվիրվենք նախապատրաստություններին, որոնք անհրաժեշտ են այն օրվա համար, երբ ցավն ու չարիքը իսպառ կվերջանան, երբ «Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը»:6 Դա լինելու է քավության և դատաստանի օր: Դարեմ քաղաքի անգլիկան եկեղեցու նախկին եպիսկոպոս՝ դոկտոր Ն. Թ. Րայթը դիպուկ է նկարագրել Քրիստոսի Քավության, Հարության և դատաստանի կարևորությունը՝ անարդարությունը հաղթահարելու և ամեն ինչ ճիշտ դարձնելու գործում:

Նա ասել է. «Աստված որոշել է այն օրը, երբ աշխարհը դատվելու է արդարությամբ մի մարդու կողմից, ում Նա նշանակել է, և այդ մասին Նա վստահեցրել է բոլորին՝ այս մարդուն մեռելներից բարձրացնելով: Նազարեթցի Հիսուսի մասին փաստերը, հատկապես մեռելներից նրա հարության մասին, հավաստիացման հիմք են, որ աշխարհը պատահական չէ: Դա, ի վերջո, քաոս չէ՝ այն, որ ներկայումս արդարություն ենք գործում, մենք չենք սուլում մթության մեջ, փորձելով ամրացնել շինությունը, որը փլուզվելու է, կամ սարքել մի ավտոմեքենա, որն աղբանոց է նետվելու: Երբ Աստված բարձրացրեց Հիսուսին մահացածներից, դա միկրոկոսմիկական իրադարձություն էր, որում դատելու բացառիկ մակրոկոսմիկական գործառույթն ամբողջությամբ ակնհայտ էր՝ ինչպես հույսի մի բացառիկ սերմ: Աստված ամենահզոր ձևով, որը կարելի է պատկերացնել, հայտարարեց, որ Նազարեթցի Հիսուսը իսկապես Մեսիան է: … Պատմության ամենադաժան հեգնանքով, [Հիսուսն] ինքը մատնվեց դաժան ու անարդարացի դատաստանի, գալով այն վայրը, որը խորհրդանշում էր և ի մի հավաքում պատմության անհամար դաժանություններն ու անարդարությունները, սեփական անձի վրա վերցնելով այդ քաոսը, այդ խավարը, դաժանությունը, անարդարությունը, և սպառելով դրա ուժը »:7

Մինչ գտնվում էի Բուենոս Այրեսում անցկացվող համաժողովում, որի մասին ավելի վաղ նշել էի, Հոգին ինձ հստակեցրեց, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար: Իսկապես՝ այն վերականգնվել է այդ նպատակով: Հնարավո՞ր է արդյոք որևէ տեղ գտնել մարդկանց, ովքեր ընդունում են ներկա ժամանակաշրջանը որպես մարգարեացված «ժամանակների լրության տնտեսություն», որտեղ Աստված նպատակ է դրել, «որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:8 Եթե դուք այստեղ չգտնեք այն համայնքը, որը նվիրված է կատարելու այն, ինչ պետք է կատարվի կենդանիների ու մահացածների համար, պատրաստվելով այդ օրվան, եթե այստեղ չգտնեք այն կազմակերպությունը, որը ցանկանում է տրամադրել շատ ու շատ ժամանակ և միջոցներ, որպեսզի հավաքի և պատրաստի ուխտյալ ժողովրդին, որոնք պատրաստ են ընդունել Տիրոջը, ապա դուք այն ոչ մի տեղ չեք գտնի:

1831 թվականին, Եկեղեցուն դիմելով, Տերն ասել է.

«Աստծո արքայության բանալիները վստահված են մարդուն երկրի վրա, և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը:…

Կանչեք առ Տերը, որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար, որի ժամանակ Մարդու Որդին կիջնի երկնքի մեջ, իր փառքի պայծառությամբ հանդերձավորված՝ դիմավորելու երկրի վրա հաստատված Աստծո արքայությանը»:9

Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի այժմ պատրաստվենք այդ օրվան: Մենք կարող ենք ինքներս մեզ պատրաստել, կարող ենք հավաքել Տիրոջ ուխտյալ ժողովրդին, և կարող ենք օգնել, որ կատարվի փրկության խոստումը, որ տրվել է «հայրերին»՝ մեր նախնիներին:10 Այս ամենը պետք է զգալի չափով տեղի ունենա՝ նախքան Տիրոջ վերադարձը:

Առաջինը, Տիրոջ վերադարձի համար այս երկրի վրա անհրաժեշտ է այն մարդկանց ներկայությունը, ովքեր պատրաստ են ընդունել Նրան Նրա գալուստի օրը: Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր կմնան երկրի վրա այդ օրը, «նույնիսկ ամենափոքրից մինչև ամենամեծը, … կլցվեն Տիրոջ գիտությամբ, և կտեսնեն դեմ հանդիման, և կբարձրացնեն իրենց ձայնը, և միաձայն կերգեն այս նոր երգը՝ ասելով. Սիոնը կրկին բերել է Տերը:… Տերն ի մի է հավաքել բոլոր բաները: Տերը վերևից վար է բերել Սիոնը: Տերը ներքևից վեր է տարել Սիոնը»:11

Հին ժամանակներում Աստված Իր մոտ վերցրեց Սիոն քաղաքը:12 Բայց վերջին օրերում նոր Սիոնը կդիմավորի Տիրոջը՝ Նրա վերադարձի օրը:13 Սիոնը սրտով մաքուրներն են, մեկ սրտի և մեկ մտքի մարդիկ, ովքեր բնակվում են արդարության մեջ, և ոչ մի աղքատ չկա նրանց մեջ:14 Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մեր ամենամեծ նպատակը պետք է լինի Սիոնի կառուցումը»:15 Մեր տներում, ծխերում, ճյուղերում և ցցերում մենք կառուցում ենք Սիոնը միասնությամբ, բարեպաշտությամբ և գթությամբ:16

Մենք պետք է հասկանանք, որ Սիոնի կառուցումը տեղի է ունենում խառնաշփոթ ժամանակ՝ «ցասման օր, այրման օր, ամայացման, լացի, սգո և ողբի օր. և, ինչպես մի պտուտահողմ, այն պիտի անցնի ողջ երկրի երեսով, ասում է Տերը»:17 Այսպիսով, ցցերում հավաքվելը դառնում է «պաշտպանություն և ապաստան փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»:18

Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ հիմա մենք «հավաքվում [ենք]՝ ծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, [մեր] հոգիների բարօրության վերաբերյալ: Եվ … ճաշակե[լու] հացից և [ջրից]՝ ի հիշատակ Տեր Հիսուս Քրիստոսի»:19 Ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը անցած հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ. «Եկեղեցու երկարատև նպատակն է՝ օգնել բոլոր անդամներին մեծացնել իրենց հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, օգնել նրանց Աստծո հետ ուխտեր կապել և պահել դրանք, ինչպես նաև ամրապնդել և կնքել իրենց ընտանիքները»:20 Նմանապես, նա ընդգծել է տաճարային ուխտերի, Հանգստության օրը սուրբ պահելու և տանն ավետարանով ամեն օր սնուցվելու կարևորությունը, որն աջակցվում է եկեղեցու ուսումնական ծրագրով: Մենք ցանկանում ենք իմանալ Տիրոջ մասին, և մենք ցանկանում ենք ճանաչել Տիրոջը:21

Սիոնի կառուցման հիմնական ջանքը Տիրոջ ուխտյալ ժողովրդի հավաքումն է:22 «Մենք բառացիորեն հավատում ենք Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տասը Ցեղերի վերականգնմանը»:23 Բոլորը, ովքեր կապաշխարեն, կհավատան Քրիստոսին և կմկրտվեն, Նրա ուխտյալ ժողովուրդն են:24 Տերն Ինքն է մարգարեացել, որ Իր վերադարձից առաջ ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհին՝25 «վերականգնելու [Իր] ժողովրդին, որոնք Իսրայելի տնից են»,26 «և այն ժամանակ կգա վերջը»:27 Երեմիայի մարգարեությունն իրականանում է.

«Սորա համար ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս չի ասուիլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ Իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը,

Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ հանեց Իսրայէլի որդկանցը հիւսիսի երկրիցը, եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ նորանց աքսորել էր. Եւ ես պիտի ետ դարձնեմ նորանց դէպի իրանց երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին»:28

Նախագահ Նելսոնը բազմիցս ընդգծել է, որ «[Իսրայելի] հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: Եվ եթե ցանկանաք՝ դուք կհանդիսանաք դրա մասը»:29 Վերջին օրերի սրբերը միշտ միսիոներներ են եղել: Վերականգնումից սկսած, հարյուր հազարավոր մարդիկ արձագանքել են միսիայի կանչերին: Ներկայումս ծառայում են տասնյակ հազարավորները: Եվ, ինչպես Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանեց՝ բոլորս կարող ենք մասնակցել պարզ և անմիջական ձևով, սիրով՝ հրավիրելով մարդկանց միանալ մեզ Եկեղեցում, հյուրընկալվել մեր տներում, դառնալ մեր շրջանակի մի օղակը: Մորմոնի Գրքի հրատարակումն ազդանշան էր, որ հավաքումը սկսվել է:30 Մորմոնի Գիրքն ինքնին հավաքման և դարձի գործիք է:

Երկրորդ գալուստի համար էական նախապատրաստական գործիք է նաև մեր նախնիների փրկագնման համար կատարվող մեծ աշխատանքը: Տերը խոստացել էր ուղարկել Եղիա մարգարեին նախքան Երկրորդ գալուստը՝ «Տիրոջ մեծ և ահեղ օրը»,31 որպեսզի հայտնի «Քահանայությունը» և «զավակների սրտերում սերմանի հայրերին տված խոստումները»:32 Եղիան եկել էր՝ համաձայն խոստումի: Ամսաթիվը՝ 1836 թվականի ապրիլի 3, իսկ վայրը՝ Կիրթլենդ Տաճար: Այդտեղ և այդ պահին նա իրոք շնորհեց խոստացված քահանայությունը, մահացածների փրկագնման և բոլոր սերունդների ամուսինների, կանանց ու ընտանիքների միության բանալիները՝ ժամանակի և ողջ հավերժության համար:33 Առանց դրա, արարման նպատակը կխափանվեր և, այդ իմաստով, երկիրը «կանիծվեր» կամ «ամբողջովին կամայանար»:34

Հռոմ Իտալիա Տաճարի նվիրագործմանը նախորդող երիտասարդների հոգևոր ժամի ժամանակ ներկա գտնվող հարյուրավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք Նախագահ Նելսոնին ցույց տվեցին իրենց նախնիների անուններով քարտերը: Նրանք պատրաստ էին տաճարի բացման պահից մտնել այնտեղ և փոխարինող մկրտություններ կատարել այդ նախնիների համար: Դա շատ հաճելի պահ էր, բայց և Սիոնի հիմնադրումն արագացնող ջանքերից միայն մեկը, որ արվում է այն սերունդների համար, որոնք եղել են նախկինում:

Մինչ մենք ձգտում ենք ջանասիրաբար աշխատել Սիոնը կառուցելիս, այդ թվում՝ Տիրոջ ընտրյալների հավաքման և մահացածների փրկագնման աշխատանքի մեր մասը կատարելով, մենք պետք է դադար առնենք և հիշենք, որ դա Տիրոջ գործն է, և Նա է կատարում դա: Նա է այգու Տերը, իսկ մենք Նրա ծառաներն ենք: Նա մեզ խնդրում է աշխատել այգում մեր ողջ զորությամբ, այս «վերջին անգամ», և Ինքն էլ մեզ հետ է աշխատում:35 Ավելի ճիշտ կլինի ասել, որ Նա մեզ թույլ է տալիս աշխատել Իր հետ: Ինչպես Պողոսն է ասել. «Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց»:36 Այդ Նա է, ով արագացնում է Իր աշխատանքը իր ժամանակին:37 Գործարկելով մեր ակնհայտ անկատար ջանքերը, մեր «փոքր միջոցները», Տերն իրագործում է մեծ բաներ:38

Այս մեծ ու վերջին դարաշրջանը հաստատուն կերպով մոտենում է իր գագաթնակետին՝ երկրի վրա կառուցվող Սիոնին, Փրկիչի փառավոր վերադարձի ժամանակ միավորվելով վերևում գտնվող Սիոնի հետ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պատվիրակված է պատրաստել և պատրաստում է աշխարհը այդ օրվան: Եվ այսպես, այս Զատիկին, եկեք սրտանց տոնենք Հիսուս Քրիստոսի Հարությունը և դրա հետ կապված բոլոր բաները. Նրա վերադարձը՝ կառավարելու խաղաղության հազար տարիները, արդար դատաստանը և կատարյալ արդարությունը բոլորի համար, այս երկրի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանց անմահությունը և հավերժական կյանքի խոստումը: Քրիստոսի Հարությունը գերագույն հավաստիացում է, որ բոլոր բաները ճիշտ կդառնան: Եկեք կառուցենք Սիոնը, որպեսզի արագացնենք այդ օրը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: