2019թ․
Երեց Ջեմս Ռ․ Ռասբենդ

Երեց Ջեմս Ռ․ Ռասբենդ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

James R. Rasband

Երբ Երեց Ջեմս Ռ․ Ռասբենդը տարիներ առաջ կանչվեց ցցի նախագահություն, նա անպատրաստ էր զգում: «Սա պետք է որ սխալմունք լինի»,- մտածում էր նա։

Նման անհամապատասխանություն էր զգացել 19 տարեկանում Պրովոյի միսիոներական ուսումնական կենտրոն մուտք գործելիս՝ Սեուլում (Հարավային Կորեա) լիաժամկետ միսիա ծառայությանպատրաստվելու համար: «Ես ինչպե՞ս պետք է անեմ սա»,- մտածում էր նա։

Երկու դեպքում էլ պատասխանը նույնն էր․ «Մնա այդտեղ։ Ուրախությունը մոտենում է»։ Կամ ինչպես իր մայրն էր ասում․ «Տերը չունի կատարյալ մարդկանց պաշար։ Պարզապես գնա աշխատելու»։

Երեց Ռասբենդը մի քիչ տատանվում է այժմ, երբ մոտենում է Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական իր կոչմանը, բայց նա գիտի պատասխանը. «Մեր Երկնային Հայրը պարզապես ցանկանում է, որ մենք գնանք աշխատելու և կիսվելու Նրա Որդու քավիչ զոհաբերության բժշկող և ուրախալի ուղերձով»:

Ջեյմս Ռիչարդս Ռասբենդը ծնվել է 1963 թվականի մարտի 20-ին, Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն), Ջեյմս Ի. և Եսթեր Ռասբենդների ընտանիքում։ Նա մեծացել է Փեբլ Բիչում (Կալիֆորնիա, ԱՄՆ), մի տանը, որն օվկիանոսի ափից ընդամենը 180 մետր էր հեռու գտնվում։

Երեց Ռասբենդը ծանոթացավ Մերի Դիան Վիլյամսի հետ Բրիգամ Յանգ Համալսարանի առաջին կուրսում։ Նրանք գրում էին իրար, երբ նա հինգ ամսով գնացել էր սովորելու Իսրայելում, իսկ դրանից հետո՝ Կորեայի Սեուլ միսիայի ողջ ընթացքում։ Նրանք ամուսնացել են Լոս Անջելես Կալիֆորնիա տաճարում՝ 1984 թվականի օգոստոսի 11-ին: Նրանք ունեն չորս զավակ։

Իր միսիայից վերադառնալուց հետո 1986 թվականին նա ստացել է անգլերենի և Մերձավոր արևելագիտության բակալավրի աստիճան ԲՅՀ-ում, որից հետո 1989 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան՝ Հարվարդի իրավաբանական ֆակուլտետից։ Սիեթլ քաղաքում հինգ տարի օրենքի ոլորտում աշխատելուց հետո 1995 թվականին վերադարձել է ԲՅՀ՝ Ջ․ Ռուբեն Քլարկի անվան իրավաբանական ֆակուլտետի աշխատակազմին միանալու համար։ 2009-2016 թվականներին աշխատել է իրավաբանական ֆակուլտետի դեկան, որտեղ դարձել է ԲՅՀ-ի ուսումնական գծով փոխնախագահ:

Երեց Ռասբենդը ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս և ծխի Երիտասարդ տղաների նախագահ։