2019թ․
Ինչի՞ կհանգեցնեն մեր ընտրությունները
նախորդ հաջորդ

Ինչի՞ կհանգեցնեն մեր ընտրությունները

Մենք ավելի լավ ընտրություններ կկատարենք և ավելի լավ որոշումներ կընդունենք, եթե նայենք այլընտրանքներին և խորհենք, թե ինչի կհանգեցնեն դրանք:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը քաջալերում է մեզ մտածել ապագայի մասին: Այն բացատրում է մահկանացու կյանքի նպատակը և գալիք կյանքի իրականությունը: Ավետարանը հրաշալի գաղափարներ է ուսուցանում ապագայի մասին, որպեսզի առաջնորդի մեր գործողություններն այսօր:

Փոխարենը, մենք ճանաչում ենք մարդկանց, ովքեր մտահոգված են միայն ներկայով. ծախսելով այսօր, վայելելով այսօր և չմտածելով ապագայի մասին:

Մեր ներկան և մեր ապագան ավելի երջանիկ կլինեն, եթե մենք միշտ մտածենք ապագայի մասին: Երբ մենք կայացնում ենք ներկայիս որոշումները, միշտ պետք է հարցնենք. «Ինչի՞ կհանգեցնեն մեր ընտրությունները»:

I.

Որոշ որոշումներ ընտրություններ են որևէ բան անելու և ոչինչ չանելու միջև: Շատ տարիներ առաջ Միացյալ Նահանգներում մի ցցի համաժողովի ժամանակ ես այսպիսի ընտրության մի օրինակ լսեցի:

Դեպքը տեղի էր ունենում համալսարանական մի գեղեցիկ քաղաքում։ Երիտասարդ ուսանողների բազմությունը նստած էր խոտի վրա: Ելույթ ունեցողը, ով նկարագրում էր այս իրավիճակը, ասաց, որ ուսանողները հետևում էին, թե ինչպես էր մեծ ու թավ պոչով մի սիրունիկ սկյուռիկ խաղում մի գեղեցիկ հաստաբուն ծառի բնի մոտ: Երբեմն սկյուռիկը գետնին էր, երբեմն էլ բարձրանում էր ու իջնում՝ պտտվելով ծառի բնի շուրջ: Բայց այդ ծանոթ տեսարանն ինչո՞ւ էր գրավում ուսանողների բազմությանը:

Մոտակայքում խոտի վրա պառկած էր իռլանդական սետտեր տեսակի մի շուն: Ուսանողները հետաքրքրված էին շնով, իսկ շան հետաքրքրության առարկան սկյուռիկն էր: Ամեն անգամ, երբ ծառի շուրջը պտտվելիս սկյուռը մի պահ անհետանում էր տեսադաշտից, սետտերը հանգիստ մի փոքր առաջ էր ձգվում, իսկ հետո նորից վերադառնում էր իր անտարբեր դիրքին: Սա գրավում էր ուսանողների ուշադրությունը: Լուռ ու անշարժ, նրանց աչքերը կենտրոնացած էին տեղի ունեցողի վրա, որի արդյունքն աստիճանաբար ակնհայտ էր դառնում:

Ի վերջո, սետտերը բավականաչափ մոտեցավ սկյուռիկին, ցատկեց և բերանով բռնեց նրան: Սարսափից ցնցված, ուսանողների բազմությունը արագ առաջ շարժվեց և փոքրիկ կենդանուն խլեց շնից, բայց չափազանց ուշ էր: Սկյուռիկը սատկել էր։

Այդ բազմությունից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր նախազգուշացնել սկյուռիկին՝ թափահարելով ձեռքերը կամ բացականչելով, բայց ոչ ոք չարեց: Նրանք պարզապես հետևում էին, մինչ անխուսափելի ելքը ավելի էր մոտենում: Ոչ ոք չհարցրեց. «Ինչի՞ կհասցնի սա»: Երբ կանխատեսելին տեղի ունեցավ, բոլորը շտապեցին կանխել արդյունքը, բայց շատ ուշ էր: Արցունքախառը զղջումը միակ բանն էր, որ նրանք կարող էին առաջարկել:

Այս իրական պատմությունը առակի մի տեսակ է: Այն վերաբերում է այնպիսի բաների, որոնք մենք տեսնում ենք մեր սեփական կյանքում և մեզ շրջապատողների կյանքում ու հանգամանքներում: Երբ մենք տեսնում ենք, որ սպառնալիքը մոտենում է մեր սիրելի մարդկանց կամ իրերին, ունենում ենք ընտրություն՝ խոսել և գործել, կամ լուռ մնալ: Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ինչի՞ կհանգեցնի սա»: Երբ հետևանքներն անմիջական են ու լուրջ, մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք պետք է պատշաճ արձագանքենք կամ ձեռնարկենք կանխարգելիչ միջոցառումներ, քանի դեռ ժամանակ կա:

Որոշումները, որոնք ես հենց նոր նկարագրեցի, ներառում են ընտրություններ ինչ-որ բան անելու կամ ոչինչ չանելու միջև: Ավելի շատ տարածված են ընտրությունները այս կամ այն գործողությունը կատարելու միջև: Սրանք ներառում են ընտրություններ բարու և չարի միջև, բայց ավելի հաճախ դրանք ընտրություններ են երկու լավ գործողությունների միջև: Նույնիսկ այսպիսի իրավիճակում ցանկալի է կրկին ուղղել հարցը. «Ինչի՞ կհանգեցնի սա»: Հաճախ մենք ընտրություն ենք կատարում երկու լավ բաների միջև, երբ խոսքը վերաբերում է այն հարցին, թե ինչի վրա ծախսենք մեր ժամանակը: Ոչ մի վատ բան չկա տեսախաղեր խաղալու, նամակագրվելու, հեռուստացույց դիտելու կամ հեռախոսով խոսելու մեջ: Բայց սրանցից յուրաքանչյուրը ներառում է «հնարավորության գին» կոչվածը, որը նշանակում է, որ, եթե մենք ժամանակ ծախսենք մի բանը անելու վրա, կկորցնենք մյուսը անելու հնարավորությունը: Ես համոզված եմ, որ հասկանում եք, որ մենք պետք է խելամտորեն հաշվարկենք, թե ինչ ենք կորցնում այն ժամանակով, որը ծախսում ենք որևէ գործողության վրա, նույնիսկ, եթե այդ գործողությունը կատարելապես լավն է:

Որոշ ժամանակ առաջ ես մի ելույթ տվեցի «Լավ, ավելի լավ, ամենալավ» վերնագրով: Այդ ելույթում ես ասացի, որ «եթե ինչ-որ բան լավն է, բավարար պատճառ չէ, որ անենք այն: Լավ բաների թիվը, որոնք մենք կարող ենք անել, գերազանցում է այն հասանելի ժամանակը, որն անհրաժեշտ է դրանք իրականացնելու համար: Որոշ բաներ ավելի լավն են ուղղակի լավը լինելուց, և դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք մեր կյանքում։ … Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք ավելի լավը կամ լավագույնը»։1

Մտածեք ձեր ընտրությունների երկարատև հետևանքների մասին: Մեր ներկայիս ընտրություններն ի՞նչ ազդեցություն ունեն մեր ապագայի վրա: Հիշեք կրթություն ստանալու, ավետարանի ուսումնասիրության, հաղորդության միջոցով մեր ուխտերի նորոգման և տաճար հաճախելու մասին:

II.

«Ինչի՞ կհանգեցնի սա» հարցը կարևոր է նաև հասկանալու համար, թե մեր ընտրությամբ ինչ ենք մտածում մեր մասին: Ամենակարևորն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն Աստծո զավակն է՝ հավերժական կյանքի հնարավոր հեռանկարով։ Ցանկացած այլ ոլորտ, նույնիսկ մասնագիտությունը, ռասան, արտաքին հատկանիշները կամ տիտղոսները, ժամանակավոր և անկարևոր են հավերժության տեսանկյունից: Ձեր ընտրությամբ մի մտածեք ձեր մասին այնպիսի եզրույթներով, որոնք սահմանափակում են նպատակը, որին դուք կարող եք ձգտել:

Իմ եղբայրներ և քույրեր, դուք կարող եք կարդալ կամ դիտել իմ ելույթը և հուսով եմ, որ կիմանաք, թե ձեր ղեկավարներն ինչու են ձեզ տալիս այդ ուսմունքներն ու խորհուրդները: Մենք սիրում ենք ձեզ և Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը նույնպես սիրում են ձեզ: Նրանց ծրագիրը մեզ համար «երջանկության մեծ ծրագիրն է» (Ալմա 42.8): Այդ ծրագիրը և Նրանց պատվիրաններն ու արարողությունները տանում են դեպի մեծ երջանկություն և ուրախություն այս և գալիք կյանքում: Որպես Հոր և Որդու ծառաներ, մենք ուսուցանում և խորհուրդ ենք տալիս այնպես, ինչպես Նրանք են ուղղորդել մեզ Սուրբ Հոգով: Մենք ցանկանում ենք ուսուցանել ձեզ այն, ինչը ճշմարիտ է, և խրախուսել ձեզ անել այն, ինչ Նրանք են ուրվագծել՝ որպես դեպի հավերժական կյանքը տանող ուղի, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):

III.

Ահա ներկայումս կայացրած որոշման մեկ այլ օրինակի ազդեցություն ապագայի վրա: Այս օրինակը վերաբերում է ներկայումս զոհաբերություն կատարելու ընտրությանը, որով պիտի հասնենք ապագա կարևոր նպատակի:

Կոլումբիայի Կալի քաղաքում ցցի համաժողովի ժամանակ մի քույր պատմեց, թե ինչպես էին ինքը և իր փեսացուն ցանկանում ամուսնանալ տաճարում, սակայն այդ ժամանակ ամենամոտ տաճարը գտնվում էր հեռավոր Պերու երկրում: Երկար ժամանակ նրանք գումար էին խնայում ավտոբուսի ուղեվարձի համար: Ի վերջո, նրանք նստեցին Բոգոտա տանող ավտոբուսը, բայց երբ հասան այնտեղ, իմացան, որ Պերուի Լիմա քաղաքը մեկնող ավտոբուսում բոլոր տեղերը զբաղված էին: Նրանք կարող էին տուն վերադառնալ առանց ամուսնանալու կամ կարող էին ամուսնանալ տաճարից դուրս: Բարեբախտաբար այլընտրանք կար: Նրանք կարող էին ավտոբուսով գնալ Լիմա, եթե կամենային նստել ավտոբուսի հատակին հինգ օր ու գիշեր տևողությամբ ուղևորության ընթացքում: Նրանք ընտրեցին անել այդ: Քույրն ասաց, որ դժվար էր, չնայած որոշ ուղևորներ երբեմն նրանց թույլ էին տալիս նստել իրենց տեղերում, որպեսզի իրենք կարողանային մեկնվել հատակին:

Նրա ելույթում ինձ շատ տպավորեց այն հայտարարությունը, որ նա երախտապարտ էր ամուսնու հետ այդ եղանակով տաճար գնալու համար, քանի որ դա փոխեց նրանց վերաբերմունքը դեպի ավետարանը և տաճարային ամուսնությունը: Տերը վարձատրել էր նրանց այնպիսի աճով, որը գալիս է զոհաբերությունից: Նա նաև նկատեց, որ իրենց հնգօրյա ուղևորությունը դեպի տաճար ավելի մեծ գործ էր կատարել նրանց հոգևոր վիճակի կառուցման գործում, քան շատ այլ տաճարային ուղևորություններ, երբ զոհաբերություն չէր պահանջվել:

Այս վկայությունը լսելուց հետո երկար տարիներ ես մտածել եմ, թե որքան տարբեր կլիներ այդ երիտասարդ զույգի կյանքը, եթե նրանք ուրիշ ընտրություն կատարեին՝ հրաժարվելով զոհաբերությունից, որն անհրաժեշտ էր տաճարում ամուսնանալու համար:

Եղբայրնե՛ր, կյանքում մենք անհամար ընտրություններ ենք կատարում, մի քանիսը շատ կարևոր, մյուսները՝ առերևույթ աննշան: Հետ նայելով, մենք տեսնում ենք, թե որոշ ընտրություններ ինչ մեծ փոփոխություն են առաջացրել մեր կյանքում: Մենք ավելի լավ ընտրություններ կկատարենք և ավելի լավ որոշումներ կընդունենք, եթե նայենք այլընտրանքներին և խորհենք, թե ինչի կհանգեցնեն դրանք: Երբ անենք դա, մենք կհետևենք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խորհրդին՝ սկսել, մտքում ունենալով ավարտը:2 Մեզ համար վերջը միշտ ուխտի ճանապարհի վրա է՝ տաճարի միջոցով դեպի հավերժական կյանք, իսկ դա մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից:

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության ազդեցության և Նրա հավերժական ավետարանի այլ ճշմարությունների մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Liahona, Nov. 2007, 104, 107.

  2. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7