2019
Նայեք առ Հիսուս Քրիստոս
Մայիս 2019


Նայեք առ Հիսուս Քրիստոս

Եթե մենք նայենք առ Հիսուս Քրիստոս, Նա կօգնի մեզ ապրել մեր ուխտերով և մեծարել մեր կոչումը՝ որպես Իսրայելի երեցներ:

Երբ Հիսուսը քայլում էր Կափառնայումի մոտ գտնվող մի փողոցով`1 Իրեն շրջապատած մարդկանց մի մեծ ամբոխով, մի կին, ով լուրջ հիվանդություն ուներ 12 տարի շարունակ, մեկնեց ձեռքը և դիպավ Նրա հանդերձի ծայրին: Նա անմիջապես բժշկվեց:2

Սուրբ գրությունները հաղորդում են, որ Հիսուսը, զգալով «որ [իրանից] [զօրութիւն] դուրս գնաց,3 «դարձավ ամբոխի մեջ»4 և նայում էր … որ տեսնէ այս բանը անողին»:5 «Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չմնաց,6 նա «եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան»:7

Հիսուսն ասաց նրան.«Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ»:8

Հիսուս Քրիստոսը փրկեց կնոջը: Նա բժշկվեց ֆիզիկապես, բայց երբ Հիսուսը շրջվեց տեսնելու նրան, նա հայտարարեց իր հավատքը Նրա հանդեպ, և Նա բժշկեց կնոջ սիրտը:9 Նա խոսեց նրա հետ սիրով, հավաստեց նրան Իր հավանությունը, և օրհնեց նրան Իր խաղաղությամբ:10

Եղբայրնե՛ր, որպես սուրբ քահանյություն կրողներ, մենք ներգրավված ենք փրկության աշխատանքի մեջ։ Վերջին տարվա ընթացքում Տերը Իր աշխատանքի ղեկավարումը ուղղակիորեն դրեց Իսրայելի երեցների ուսերին:11 Մենք մի ոգեշնչող հանձնարարություն ունենք Տիրոջից` աշխատելով մեր քույրերի հետ, մենք պետք է սպասավորենք ավելի սուրբ ձևով, արագացնենք Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմում, հաստատենք մեր տները որպես հավատքի և ավետարանը սովորելու սրբավայրեր, և պատրաստենք աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:12

Ինչպես բոլոր բաներում, Փրկիչը մեզ ցույց է տվել ճանապարհը. մենք պետք է նայենք և ծառայենք Հիսուս Քրիստոսին, ինչպես Նա նայեց և ծառայեց Իր Հորը:13 Փրկիչն այս ձևով ասաց Մարգարե Ջոզեֆին.

«Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը»:14

Նախամահկանացու արքայությունում Հիսուսը խոստացավ Իր Հորը, որ Ինքը կկատարի Հոր կամքը և կլինի մեր Փրկիչն ու Քավիչը: Երբ Նրա Հայրը հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ»:15 Հիսուսը պատասխանեց.

«Ահա ես, ինձ ուղարկիր»։16

«Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»։17

Իր ողջ մահկանացու կյանքի ընթացքում Հիսուսն ապրեց այդ խոստումով: Համեստությամբ, հեզությամբ և սիրով Նա ուսուցանեց Իր Հոր վարդապետությունը և կատարեց Իր Հոր աշխատանքը այն զորությամբ և իշխանությամբ, որ Իր Հայրը տվել էր Իրեն:18

Հիսուսը տվեց Իր սիրտը Իր Հորը: Նա ասել է.

«Ես սիրում եմ Հորը»:19

«Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»:20

«Ես իջայ … որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկող [Հոր]կամքը»:21

Գեթսեմանի այգում` Իր հոգեվարքի մեջ Նա աղոթեց. «Ոչ թե իմ կամքը, բայց Քո կամքը լինի»:22

Երբ Տերը կոչ է անում երեցներին Իսրայելում «իրեն նայել բոլոր մտորումներում» և «տեսնել վերքերը» Իր հարություն առած մարմնում, դա կոչ է՝ հեռու շրջվել մեղքից ու աշխարհից, դառնալ դեպի Նա, սիրել ու հնազանդվել Նրան: Դա կոչ է՝ ուսուցանել Իր վարդապետությունը և կատարել Իր աշխատանքը Իր ձևով: Ուստի դա կոչ է՝ ամբողջովին վստահել Իրեն, հանձնել մեր կամքը և ենթարկել մեր սիրտը Իրեն և Իր փրկագնող զորության միջոցով Իր նման դառնալ:23

Եղբայրնե՛ր, եթե մենք նայենք Հիսուս Քրիստոսին, Նա կօրհնի մեզ լինել Իր երեցները Իսրայելում` խոնարհ, հեզ, հանդուրժող, լցված Նրա սիրով:24 Եվ մենք կբերենք Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու ուրախությունն ու օրհնությունները մեր ընտանիքներին, մեր եղբայրներին ու քույրերին վարագույրի երկու կողմում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կոչ է արել մեզ նայել Հիսուս Քրիստոսին հենց այս ձևով. «Չկա հեշտ կամ ինքնաբերաբար ոչ մի բան` այդպիսի հզոր աշակերտներ դառնալիս: Մեր ուշադրությունը պետք է գամված լինի Փրկիչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավոր առումով հոգնեցուցիչ է՝ ձգտել նայել Նրան բոլոր մտորումներում։ Սակայն, երբ այդպես ենք վարվում, մեր կասկածներն ու վախերը ցրվում են»։25

Գամելը հիանալի բառ է: Դա նշանակում է ամուր բևեռել, գրավել և ամբողջովին պահել:26 Մենք մեր կիզակետը գամում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա` ապրելով մեր ուխտերով:

Երբ մենք ապրում ենք մեր ուխտերով, դրանք ազդում են այն ամենի վրա, ինչ մենք ասում ենք կամ անում: Մենք ապրում ենք ուխտի կյանքով`27 լի ամենօրյա հասարակ հավատքի գործերով, որոնք կենտրոնացնում են մեզ Հիսուս Քրիստոսի վրա, սրտից բխող աղոթքով Նրա անունով, սնուցվելով Նրա խոսքով, դառնալով դեպի Նա` ապաշխարելով մեր մեղքերից, պահելով Նրա պատվիրանները, ճաշակելով հաղորդությունից և սուրբ պահելով Նրա Հանգստության օրը, երկրպագելով Նրա սուրբ տաճարում այնքան հաճախ, որքան կարող ենք, և գործադրելով Նրա սուրբ քահանայությունը` ծառայելու Աստծո զավակներին:

Ուխտին նվիրված լինելու այս գործողությունները բացում են մեր սրտերն ու մտքերը Փրկիչի փրկագնող զորության և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության առջև։ Տող առ տող Փրկիչը փոխում է մեր բուն էությունը, մենք ավելի խորն ենք դարձի գալիս դեպիՆա և մեր ուխտերը կենդանանում են մեր սրտերում:28

Երկնային Հորը տված մեր խոստումները դառնում են ժայռի պես ամուր պարտավորություններ, որոնք մեր խորունկցանկություններն են: Մեզ տված Երկնային Հոր խոստումները լցնում են մեզ երախտագիտությամբ և ուրախությամբ:29 Մեր ուխտերը դադարում են կանոններ լինել, որոնց մենք հետևում ենք, և դառնում են սիրելի սկզբունքներ, որոնք ոգեշնչում և առաջնորդում են մեզ ու գամում մեր կիզակետը Հիսուս Քրիստոսի վրա:30

Նվիրվածության այդ քայլերը մատչելի են բոլորին՝ թե՛ երիտասարդներին, և թե՛ մեծահասակներին։ Դուք, երիտասարդնե՛ր, ովքեր կրում եք սուրբ Ահարոնյան Քահանայություն, այն ամենը, ինչ ասացի այս երեկո, ձեզ է վերաբերում: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար: Դուք սրբազան արարողություններ եք կատարում և ուխտեր կապում, որոնք մատչելի են միլիոնավոր Վերջին Օրերի Սրբերի համար ամեն շաբաթ: Երբ դուք պատրաստում եք, օրհնում կամ բաժանում հաղորդությունը, սպասավորում, մկրտում տաճարում, միջոցառման եք հրավիրում որևէ ընկերոջ, կամ փրկում ձեր քվորումի որևէ անդամի, դուք կատարում եք փրկության աշխատանք: Դուք ևս կարող եք նայել առ Քրիստոս և ապրել ձեր ուխտերով ամեն օր: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անեք այդ, գալիք օրերում դուք Տիրոջ վստահված ծառաներ կլինեք և Իսրայելի հզոր երեցներ:

Ես գիտեմ, որ այս ամենը կարող է տագնապեցնող լինել: Բայց հիշեք, Փրկիչի այս խոսքերը. «Ես մինակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է»:31 Դա այդպես է նաև մեզ համար: Մենք միայնակ չենք: Տեր Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը սիրում են մեզ և նրանք մեզ հետ են:32 Քանի որ Հիսուսը նայեց Իր Հորը և ավարտեց քավիչ մեծ զոհաբերությունը, մենք կարող ենք նայել առ Հիսուս Քրիստոս վստահությամբ, որ Նա կօգնի մեզ:

Մեզանից ոչ ոք կատարյալ չէ: Երբեմն մենք հայտնվում ենք հիմար իրավիճակներում: Մենք ցրված ենք և հուսահատ: Մենք սայթաքում ենք: Բայց եթե նայենք Հիսուս Քրիստոսին ապաշխարող սրտով, Նա մեզ կբարձրացնի, կմաքրի մեզ մեղքից, կների մեզ և կբժշկի մեր սրտերը: Նա համբերատար է և բարի, Նրա փրկագնող սերը երբեք չի վերջանում և հավերժ է :33 Նա կօգնի մեզ ապրել մեր ուխտերով և մեծարել մեր կոչումները՝ որպես Իսրայելի երեցներ:

Եվ Հայրը կօրհնի մեզ բոլոր բաներով, որոնք պահանջվում են Նրա նպատակներն իրականացնելու համար. «բաներ… թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, կյանքը և լույսը, Հոգին և զորությունը, առաջ ուղարկված Հոր կամքով, Հիսուս Քրիստոսի՝ նրա Որդու միջոցով»:34

Երբ աստվածային լույսը և զորությունը հորդում են մեր կյանք, երեք հրաշագործ բաներ են տեղի ունենում:

Նախ, մենք կարող ենք տեսնել: Հայտնության միջոցով մենք սկսում ենք տեսնել, ինչպես Հիսուսը տեսավ կնոջ սիրտը:35 Երբ մենք տեսնում ենք այնպես ինչպես Հիսուսն է տեսնում, Նա օրհնում է մեզ սիրել նրանց, ում մենք ծառայում ենք Նրա սիրով: Նրա օգնությամբ, նրանք ովքեր ծառայում են, կտեսնեն Փրկիչին և կզգան Նրա սերը:36

Երկրորդը, մենք ունենք քահանայության զորությունը: Մենք ունենք իշխանություն և զորություն` գործելու Հիսուս Քրիստոսի անունով, «օրհնելու, առաջնորդելու, պաշտպանելու, զորացնելու և բժշկելու մյուսներին» և բերելու հրաշքներ նրանց, ում մենք սիրում ենք և ապահով պահելու մեր ամուսնություններն ու ընտանիքները:37

Երրորդը, Հիսուս Քրիստոսը գնում է մեզ հետ: Ուր մենք ենք գնում, Նա էլ է գնում: Երբ ուսուցանում ենք, Նա էլ է ուսուցանում: Երբ մխիթարում ենք, Նա էլ է մխիթարում: Երբ օրհնում ենք, Նա էլ է օրհնում:38

Եղբայրնե՛ր, մի՞թե մենք պատճառ չունենք ցնծալու: Այո՛, ունենք: Մենք կրում ենք Աստծո սուրբ քահանայությունը։ Երբ նայում ենք Հիսուս Քրիստոսին, ապրում մեր ուխտերով և գամում մեր կիզակետը Նրա վրա, մենք կմիանանք մեր քույրերին և կսպասավորենք ավելի սուրբ ձևով, կհավաքենք Իսրայելը վարագույրի երկու կողմում, կամրացնենք և կկնքենք մեր ընտանիքները և կնախապատրաստենք աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Դա տեղի կունենա: Ես այդպես եմ վկայում:

Ես ավարտում եմ այս աղոթքով իմ սրտից, որ մենք բոլորս, յուրաքանչյուրս նայենք Հիսուս Քրիստոսին բոլոր մտորումներում: Չկասկածենք: Չվախենանք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջեյմս Ի. Թալմիջը դնում է Հիսուսին «Կափառնայումի շրջակայքում», երբ այդ բժշկությունը տեղի ունեցավ (տես Jesus the Christ [1916], 313):

  2. Տես Ղուկաս 8.43–44, տես նաև Մատթեոս 9.20–21, Մարկոս 5.25–29:

  3. Ղուկաս 8.46

  4. Մարկոս 5.30

  5. Մարկոս 5.32

  6. Ղուկաս 8.47

  7. Մարկոս 5.33

  8. Ղուկաս 8.48

  9. Ջեյմս Ի. Թալմիջը գրել է, որ այդ կնոջ համար ավելի մեծ նշանակություն, քան ֆիզիկական բժշկությունը, ուներ այն համոզվածությունը, որ Փրկիչն իրեն շնորհել էր իր սրտի ցանկությունը, և որ իր հավատքն ընդունվեց Նրա կողմից (տես Jesus the Christ, 318): Հիսուսը բժշկեց նրան ֆիզիկապես և հոգեպես և նրա առջև բացեց ճանապարհ դեպի փրկություն (տես Jesus the Christ, 296):

  10. Ուսանելի է, որ Հայրոսը` ժողովատան մի իշխանավոր, Հիսուսի հետ էր, երբ այդ բժշկությունը տեղի ունեցավ: Հիսուսը Հայրոսի տուն գնալու ճանապարհին էր, որտեղ Նա մեռածներից վերակենդանացնելու էր Հայրոսի դստերը: Կնոջը, ում Հիսուսը բժշկեց, հավանական է դուրս էին նետել ժողովատնից իր հիվանդության պատճառով: Երբ Հիսուսը բժշկեց նրան, Նա նաև պարզ դարձրեց բոլորին, ովքեր այնտեղ էին, ներառյալ Հայրոսին, որ նա սիրված դուստր էր, հավատքով կին, և առողջ էր մարմնով ու ոգով:

  11. Տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն. «Երեցների Քվորումը», (Լիահոնա, մայիս 2018, 55–58) ճշգրտումներ կատարելու համար քննարկում անել ծխում`մեկ Մելքիսեդեկյան Քահանայության քվորում ստեղծելու նպատակով: Այդ փոփոխության նպատակը նկարագրված է այս ձևով «Հաճախակի հղվող հարցեր» բաժնում Սպասավորության կայքէջում. «Ծխում Մելքիսեդեկյան Քահանայության մեկ քվորում ունենալու շնորհիվ քահանայություն կրողները միավորվում են, որպեսզի իրականացնեն փրկության աշխատանքի բոլոր կետերը, այդ թվում՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, որը նախկինում համակարգվում էր քահանայապետների խմբի ղեկավարի կողմից» (“This Is Ministering: Frequently Asked Questions,” question 8, ministering.ChurchofJesusChrist.org):

    Հետագա ճշգրտումները ծխի միսիայի ղեկավարին և տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարին դրել են ծխի երեցների քվորումի նախագահության ղեկավարության ներքո: Ընտանիքներին սպասավորելով արդեն նախագահության ղեկավարության ներքո, այս ճշգրտումները փրկության աշխատանքի ղեկավարումը դնում են երեցների քվորումներում, աջակցվելով Սփոփող Միությունների կողմից: Իհարկե, եպիսկոպոսը ծխում կրում է փրկության աշխատանքի բանալիները, բայց նա լիազորում է այդ աշխատանքի համար պատասխանատվությունը և իշխանությունը երեցների քվորումի նախագահին, որպեսզի եպիսկոպոսը կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել իր սեփական ընտանիքի հետ, զորացնելով երիտասարդներին և ծառայելով որպես դատավոր Իսրայելում:

  12. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք», Լիահոնա, մայիս 2018, 118–19, Ռասսել Մ. Նելաոն, «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 113–14, Քվենթին Լ. Քուք, «Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրն ու Տեր Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 8–12:

  13. Հայրը Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր (տես Հովհաննես 17.18):

  14. Վարդապետություն և Ուխտեր 6.36–37:

  15. Աբրահամ 3.27

  16. Աբրահամ 3.27

  17. Մովսես 4․2

  18. Կան բազմաթիվ հղումներ սուրբ գրություններում, որոնք արձանագրում են դրույթներ, որոնք Հիսուսը հաղորդեց Իր Հոր աշխատանքը կատարելու և Իր Հոր վարդապետությունը ուսուցանելու մասին: Տես, օրինակ, Հովհաննես 5.19 (Հիսուսն անում է այն, ինչ Նա տեսնում է Իր Հորն անելիս), Հովհաննես 5.36 (Հայրը աշխատանք տվեց Իր Որդուն անելու), Հովհաննես 8.26 (Հիսուսն ուսուցանեց, թե ինչ էր ստացել Իր Հորից), Հովհաննես 14․28 (Հիսուսը հայտարարեց. «Իմ Հայրն ավելի մեծ է քան ես»), 3 Նեփի 11.32 (Նրա վարդապետությունը Իր Հոր կողմից տրված վարդապետությունն է):

  19. Հովհաննես 14.31

  20. Հովհաննես 8.29

  21. Հովհաննես 6.38, տես նաև Հովհաննես 5.30:

  22. Ղուկաս 22.42:

  23. Նայել բառը այս հատվածում ունի իմաստներ որոնք համապատասխանում են Տիրոջ կոչին. նայել դեպի (տես Վարդապետություն և Ուխտեր 6.36–37) (կամ շրջվել դեպի), ուշադրությունը ուղղել դեպի, ապավինել, փնտրել, սպասել հավատքով, նկատի ունենալ որպես վերջ, սպասել կամ նախազգալ (տես “Look,”բառը Merriam-Webster.com-ում):

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 121․41-42: Քրիստոսանման հատկանիշները, որոնք նշվում են սուրբ գրություններում, Հոգու պարգևներն են, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի ողորմածության և շնորհի միջոցով: Դրանք այն են, ինչը Իսրայելի երեցներին դարձնում է Իր երեցները:

  25. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41։

  26. Տես merriam-webster.com, “rivet.”

  27. Ուխտի կյանք թեմայով քննարկման համար, տես Դոնալդ Ս. Հոլսթրոմ «Ապրել ուխտի կյանքով», Ensign, June 2013, 46–49: Այս հոդվածը հարմարեցվել է ավելի երկար ելույթից, որը տրվել է Բրիգամ Յանգի Համալասարանում, Այդահո, 2011թվականի մայիսին: Ավելի երկար տարբերակի համար, տես Դոնալդ Լ. Հոլսթրոմ, «Ուխտի կյանք» (Բրիգամ Յանգի Համալսարան–Այդահո հոգևոր երեկո, 10 Մայիս, 2011), byui.edu:

  28. Տես Երեմիա 31.31-33-ը, որտեղ Տերը հայտարարում է, որ Նա նոր ուխտ կկապի Իսրայելի տան հետ, որը գրված կլինի նրանց սրտերում: Մեր սրտերում գրված ուխտերի կամ դրանց՝ մեր սրտերում կենդանանալու այս պատկերը, գտնվում է նաև Պողոսի գրվածքներում (տես Բ Կորնթացիս 3.3, Եբրայեցիս 8.10): Դարձի և սրտի վերաբերյալ քննարկման համար, տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 106–9։

  29. Հացի հաղորդության աղոթքը հրաշալի արտահայտում է Երկնային Հոր հետ մեր ուխտի փոխհարաբերության բնույթը: Երկնային Հոր փրկության ծրագրում մենք ուխտեր ենք կապում մեր Երկնային Հոր հետ, բայց ուխտերի նպատակները իրականանում են և մենք որակավորվում ենք խոստացված օրհնությունների համար Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Նա է Միջնորդը: Հաղորդության արարողության ժամանակ, մենք վկայում ենք Հորը (արդյունքում նորից ուխտ կապելով Նրա հետ), որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, որպեսզի մենք կարողանանք Նրա Հոգին (Սուրբ Հոգին) միշտ մեզ հետ ունենալ։

    Հոր խոստացած պարգևները գալիս են Հիսուս Քրիստոսի փրկագնող և զորացնող ուժի միջոցով: Օրինակ՝ ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, Հիսուս Քրիստոսն է ամեն ուրախության աղբյուրը» (տես «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82): Այսպիսով, մեր կիզակետը Հիսուս Քրիստոսի վրա գամելը ուրախություն է բերում մեր կյանք` անկախ մեր հանգամանքներից:

  30. Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հասկացել էր այս փոփոխության ազդեցությունը վերաբերմունքի և կողմնորոշման վրա, երբ ասել է. «Երբ հնազանդությունը դադարում է լինել գրգռող և դառնում է մեր որոնումը, այդ պահին Աստված օժտում է մեզ զորությամբ» (in Donald L. Staheli, “Obedience—Life’s Great Challenge,” Ensign, May 1998, 82):

  31. Հովհաննես 16.32:

  32. Հոր և Որդու կողմից մեզ համար մտահոգվելու, հետաքրքրվելու, սիրելու և մեր կյանքին մասնակցելու փաստի վերաբերյալ լրացուցիչ քննարկման համար, տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյ. 2003, 70–73, Հենրի Բ. Այրինգ, «Քայլիր ինձ հետ», Լիահոնա, մայիս 2017, 82–85: Տես նաև Մատթեոս 18.20, 28.20, Վարդապետություն և Ուխտեր 6.32, 29.5, 38.7, 61.36, 84.88:

  33. Տես Հռովմեացիս 8.35–39, Ա Կորնթացիս 13.1–8, Մորոնի 7.46–47:

  34. Վարդապետություն և Ուխտեր 50․27 Ուշադրություն դարձրեք, որ Տերը տալիս է յուրաքանչյուրին, ով կարգված է և առաջ ուղարկված, այս խոստումը, որը վերաբերում է այն հատուկ հանձնարարությանը, որը սահմանափակված է և տրված է նրան.

    «Նույնը նշանակված է լինել ամենամեծը, չնայած, նա ամենափոքրն է և բոլորի ծառան:

    Ուստի նա է բոլոր բաների տիրապետողը. քանզի բոլոր բաները ենթակա են նրան՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, կյանքը և լույսը, Հոգին և զորությունը, առաջ ուղարկված Հոր կամքով, Հիսուս Քրիստոսի՝ նրա Որդու միջոցով:

    Բայց ոչ մեկը չի տիրապետի բոլոր բաներին, եթե չմաքրագործվի ու չմաքրվի ամեն մեղքից:

    Եվ եթե դուք մաքրագործված ու մաքրված եք ամեն մեղքից, դուք կխնդրեք, ինչ կամենաք, Հիսուսի անունով, և այն կկատարվի» (Վարդապետություն և Ուխտեր 50.26–29) :

  35. Տես Ա Թագավորաց 16.7, Ա Կորնթացիս 2.14: Այս օրհնության մի օրինակի համար` տեսնել ինչպես Հիսուսն է տեսնում, տես Նախագահ Հենրի Բ.Այրինգի պատմությունը իր փորձառության մասին, ով մի երիտասարդի եպիսկոպոսն էր, ով հանցանք էր գործել: Այդ ժամանակ Եպիսկոպոս Այրինգին Տերն ասաց. «Ես պատրաստվում եմ թույլ տալ քեզ տեսնել նրան, ինչպես որ ես եմ նրան տեսնում» («Քայլիր ինձ հետ», 84):

  36. Սա էր այն խոստումը և հանձնարարությունը, որ Փրկիչը տվեց ժողովրդին Լիառատի տաճարի մոտ: Նա պատվիրեց նրանց այնպես ապրել, որ Իր լույսը և Իր օրինակը լինի նրանցում, որպեսզի նրանք կարողանան վեր պահել Իրեն, որպես լույս աշխարհին իրենց կյանքում, և դեպի Իրեն գալու ուրիշներին ուղղված իրենց հրավերներում: Քանի որ Նրա հետևորդներն այդպես ապրեցին և այդպես հրավիրեցին, ուրիշները զգացին Նրան և տեսան Նրան Տիրոջ ծառաների մեջ: (Տես 3 Նեփի 18.24–25:)

  37. Ռասսել Մ․ Նելսոն, «Քահանայության զորություն ունենալու գինը», Լիահոնա, մայիս 2016, 68։

  38. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․88: