2019
Գիտելիք փնտրել Հոգով
Մայիս 2019


Գիտելիք փնտրել Հոգով

Մենք պետք է սովորենք բացահայտել ճշմարտությունը ոչ միայն մեր բանականության միջոցով, այլ նաև Հոգու մեղմ ձայնի։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, Տերը շարունակ ասել է մեզ․ «Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»։1 Մենք կարող ենք լույս և հասկացողություն ստանալ ոչ միայն մեր մտքում տրամաբանական դատողություններ կատարելով, այլ նաև Սուրբ Հոգու առաջնորդության և ոգեշնչման միջոցով։

Գիտելիքի այս լրացուցիչ աղբյուրը միշտ չէ, որ եղել է իմ կյանքի մի մասը։

Իմ թանկագին կինը՝ Իռենը, և ես միացել ենք Եկեղեցուն 31 տարի առաջ, երբ նոր էինք ամուսնացել։ Երկուսս էլ մեծացել ենք Կոլումբիայում, սակայն մեր ամուսնությունից մի քանի ամիս անց իմ գործի բերումով մենք տեղափոխվեցինք Գերմանիա։ Մենք շատ երիտասարդ էինք և մեծ հույսեր ու սպասելիքներ ունեինք․ մեզ համար առանձնակի ոգևորիչ և երջանիկ ժամանակներ էին։

Նկար
Քույր և Եղբայր Հելդ

Մինչ ես կենտրոնացած էի իմ կարիերայի վրա, Իռենը զգում էր, որ մենք ստանալու էինք որոշակի երկնային ուղերձ, առանց իմանալու, թե ինչպես կամ երբ։ Ուստի, նա սկսեց բացել մեր տան դռներն ամեն տեսակի վաճառականների առաջ, ովքեր որևէ առաջարկ ունեին՝ հանրագիտարաններ, փոշեկուլներ, խոհարարական գրքեր, խոհանոցային պարագաներ և այլն, միշտ սպասելով այդ յուրահատուկ ուղերձին։

Մի երեկո նա ասաց ինձ, որ մուգ կոստյումներով երկու երիտասարդ տղա թակել էին մեր դուռը, և նա շատ պարզ և առանձնակի հուշում էր ունեցել նրանց ներս հրավիրելու։ Նրանք ասել էին, որ ցանկանում են խոսել նրա հետ Աստծո մասին, սակայն կրկին կվերադառնան, երբ ես ևս տանը կլինեմ։ Կարո՞ղ էր սա լինել սպասված ուղերձը։

Նրանք սկսեցին այցելել մեզ, և նրանց առաջնորդությամբ մենք կարդացինք սուրբ գրությունները և սկսեցինք հասկանալ Հիսուս Քրիստոսի հույժ կարևորությունը՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ։ Շուտով մենք ափսոսացինք, որ մկրտվել էինք մանուկ հասակում, և գիտակցաբար չէինք կապել ուխտը։ Ինչևէ, կրկին մկրտվելը նաև նշանակելու էր դառնալ այս նոր Եկեղեցու անդամները, ուստի, մենք նախ պետք է ամեն բան հասկանայինք կապված դրա հետ։

Սակայն ինչպե՞ս մենք կարող էինք իմանալ, թե արդյոք Մորմոնի Գրքի, Ջոզեֆ Սմիթի և փրկության ծրագրի վերաբերյալ միսիոներների պատմածն իսկապես ամբողջությամբ ճիշտ էր։ Տիրոջ խոսքերից մենք հասկացանք, որ մենք կարող էինք «ճանաչել նրանց իրենց պտուղներից»։2 Ուստի, շատ համակարգված կերպով մենք սկսեցինք քննել Եկեղեցին, փնտրելով այդ պտուղները և գործի դնելով մեր ողջ բանականությունը։ Ի՞նչ տեսանք մենք։ Ահա, թե ինչ տեսանք մենք․

  • Ընկերասեր և ուրախ մարդիկ, հրաշալի ընտանիքներ, ովքեր հասկանում են, որ մենք այս կյանքում պետք է երջանկություն գտնենք, այլ ոչ թե լոկ տառապանք ու թշվառություն։

  • Եկեղեցի, որը չունի վճարվող աշխատողներ, այլ որտեղ յուրաքանչյուր անդամ ստանձնում է հանձնարարություներ և պարտականություններ։

  • Եկեղեցի, որտեղ Հիսուս Քրիստոսը և ընտանիքները ամեն բանի կենտրոնում են, որտեղ մարդիկ ամիսը մեկ անգամ ծոմ են պահում և նվիրատվություններ կատարում աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար, որտեղ քաջալերվում են առողջ սովորությունները՝ սովորեցնելով մեզ խուսափել վնասակար նյութերից։

Բացի դրանից․

  • Մեզ դուր եկան շեշտադրումները կապված անձնական զարգացման, կրթության, ջանասեր աշխատանքի և ինքնապահովման հետ։

  • Մենք իմացանք մարդասիրական ուշագրավ ծրագրի մասին։

  • Եվ մենք տպավորված էինք գերագույն համաժողովներով, որտեղ հնչում էր հրաշալի երաժշտություն և կիսվում էին հոգևոր խորիմաստ սկզբունքներով։

Այս ամենը տեսնելով, մենք չէինք կարող որևէ սխալ գտնել Եկեղեցում։ Հակառակը, մեզ շատ դուր եկավ ամեն բան, որ տեսանք։ Այնուամենայնիվ, մենք դեռևս չէինք կարողանում մկրտվելու որոշում կայացնել, քանի որ ուզում էինք ամեն բան կանխավ իմանալ։

Սակայն, նույնիսկ մեր անորոշության մեջ, Տերը համբերությամբ նախապատրաստում էր մեզ, Նա հղկում էր մեզ և օգնում բացահայտել, որ մենք պետք է սովորենք բացահայտել ճշմարտությունը ոչ միայն մեր բանականության միջոցով, այլ նաև Հոգու մեղմ ձայնի, որը խոսում է հատկապես մեր սրտի հետ։

Այդ ձայնը և դրանից բխող զգացումն այցելեց մեզ մի երեկո ավետարանն ուսումնասիրելուց 10 ամիս անց, երբ Մոսիա 18 գլխում կարդացինք․ «Քանի որ դուք փափագում եք … կրելու մեկդ մյուսի բեռը, …և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, … եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն»։3

Մորմոնի Գրքի այդ հատվածը թափանցեց մեր սիրտն ու հոգին, և մենք անմիջապես զգացինք և հասկացանք, որ իսկապես պատճառ չկար չմկրտվելու։ Մենք գիտակցում էինք, որ այդ հատվածում նշված ցանկությունները նաև մեր սրտի ցանկություններն էին, և որ այդ բաներն էին իրականում կարևոր։ Դրանք ավելի կարևոր էին, քան ամեն բան հասկանալը, քանի որ մենք արդեն իսկ բավականին գիտելիք ունեինք։ Մենք արդեն իսկ ապավինել էինք սիրող Երկնային Հոր առաջնորդող ձեռքին և վստահ էինք, որ Նա կշարունակեր առաջնորդել մեզ։

Ուստի, այդ նույն օրը մենք օր ընտրեցինք մեր մկրտվելու համար և, ի վերջո, շուտով մկրտվեցինք։

Նկար
Երեց և Քույր Հելդի մկրտությունը

Մենք ի՞նչ սովորեցինք այդ փորձառությունից։

Առաջինը, մենք սովորեցինք, որ կարող ենք լիովին վստահել սիրառատ Երկնային Հորը, ով շարունակ փորձում է օգնել մեզ դառնալ այն անձնավորությունը, որն, ըստ Նրա,կարող ենք դառնալ։ Մենք հաստատեցինք Նրա հետևյալ խոսքերի մեծագույն ճշմարտությունը, երբ Նա ասել է․ «Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին … , քանզի նրանք իմաստություն կսովորեն. քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին»։4

Եվ երկրորդը, մենք սովորեցինք, որ ի լրացում մեր բանականությանը, գիտելիք ձեռք բերելու մեկ այլ զորություն կա, որ կարող է մեզ առաջնորդություն և հասկացողություն տալ։ Դա Նրա Սուրբ Հոգու մեղմ հանդարտ ձայնն է, որը խոսում է մեր սրտի և նաև մեր մտքի հետ։

Ես կցանկանայի համեմատել այս սկզբունքը մեր տեսնելու ունակության հետ։ Մեր Երկնային Հայրը մեզ տվել է ոչ թե մեկ, այլ երկու ֆիզիկական աչք։ Մենք կարող ենք պատշաճ կերպով տեսնել միայն մեկ աչքով, սակայն երկրորդ աչքը մեզ տալիս է մեկ այլ պատկեր։ Երբ այդ երկու պատկերները մեր ուղեղում միանում են իրար, դրանք արտացոլում են մեր շրջապատի եռաչափ պատկերը։

Նմանապես, մեզ տրվել են տեղեկությունների երկու աղբյուրներ մեր ֆիզիկական և հոգևոր ունակությունների միջոցով։ Մեր միտքը ընկալում է մեր դատողության և մեր ֆիզիկական զգայարանների միջոցով։ Սակայն Սուրբ Հոգու պարգևի միջոցով Հայրը տալիս է մեզ նաև երկրորդ պատկերը, որն իրականում ամենակարևորը և ճշմարիտն է, քանի որ այն տրվում է անմիջապես Նրա կողմից։ Սակայն, քանի որ Հոգու շշունջները հաճախ շատ աննկատ են լինում, շատերը չեն գիտակցում այդ լրացուցիչ աղբյուրի գոյությունը։

Երբ այդ երկու պատկերներն այնուհետև միավորվում են մեր հոգում, մեկ ամբողջական պատկերը ցույց է տալիս բաների իրականությունն այնպես, ինչպես իրականում կան։ Բացի այդ, Սուրբ Հոգու կողմից տրված լրացուցիչ հեռանկարի շնորհիվ որոշակի «իրողություններ», որոնց պատկերը մենք ստացել ենք բացառապես մեր մտավոր հասկացողության միջոցով, կարող են բացահայտվել որպես խաբեություն կամ պարզապես սխալ։ Հիշեք Մորոնիի խոսքերը․ «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։5

31 տարի լինելով Եկեղեցու անդամ,ես բազմիցս համոզվել եմ, որ երբ մենք ապավինում ենք լոկ մեր բանականությանը և ժխտում կամ անտեսում հոգևոր հասկացողությունը, որը կարող ենք ստանալ Սուրբ Հոգու շշունջների և տպավորությունների շնորհիվ, նման է այս կյանքը մեկ աչքով ապրելուն։ Սակայն, պատկերավոր ասած, մեզ իրականում տրվել է երկու աչք։ Երկու պատկերները միասին միայն կարող են տալ մեզ ճշմարիտ և ամբողջական պատկերը բոլոր ճշմարտությունների և ամեն փորձառությունների, որ ունենում ենք այս կյանքում, ինչպես նաև ամբողջական և խորը հասկացողություն մեր ինքնության և նպատակի վերաբերյալ՝ որպես կենդանի Երկնային Հոր զավակներ։

Ես հիշում եմ, թե ինչ ուսուցանեց Նախագահ Նելսոնը մի տարի առաջ, երբ ասաց, որ «գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»։6

Ես միանշանակ համոզված եմ, որ․

  • Մենք ունենք սիրող Երկնային Հայր, և բոլորս համաձայնվել ենք գալ այս երկիր որպես աստվածային ծրագրի մի մաս։

  • Հիսուսը Քրիստոսն է․ Նա ապրում է և իմ Փրկիչն ու Քավիչն է։

  • Ջոզեֆը՝ գյուղացի այդ խոնարհ տղան, կանչվեց և հզոր մարգարե դարձավ, ով առաջ բերեց ժամանակների լրության տնտեսությունը՝ բոլոր բանալիներով, Աստծո սուրբ քահանայության զորությամբ և իշխանությամբ։

  • Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին երկրորդ վկայությունն է, և ընտանիքները նախատեսված են հավերժ միասին լինելու։

  • Մեր Տեր Հիսուս Քրիստոսն այսօր առաջնորդում է Իր վերականգնված Եկեղեցին մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի միջոցով։

Այս և ուրիշ շատ թանկագին ճշմարտություններ ինձ համար դարձել են հոգևոր հիմք, որ ես դառնամ այն, ինչ Աստված օգնում է ինձ դառնալ։ Եվ ես ակնկալում եմ բազում նոր ուսմունքներ, որոնք Նա դեռևս ցանկանում է, որ ես և դուք ստանանք, մինչ ապրում ենք այս հրաշալի կյանքը և «ուսում փնտրենք … ուսումնասիրելով և նաև հավատքով»։

Ես գիտեմ, որ այս ամենը ճշմարիտ է և վկայում եմ դրանց վերաբերյալ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։