2019
Աղոթքների պատասխանը
Մայիս 2019


Աղոթքների պատասխանը

Հայրը տեղյակ է մեր մասին, գիտի մեր կարիքները և կատարելապես կօգնի մեզ։

Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևորագույն և մխիթարող վարդապետությունն այն է, որ Երկնային Հայրը կատարյալ սեր ունի Իր զավակների հանդեպ։ Այդ կատարյալ սիրո շնորհիվ Նա օրհնում է մեզ ոչ միայն համաձայն մեր ցանկությունների և կարիքների, այլ նաև համաձայն Իր անսահման իմաստության։ Ինչպես պարզորոշ նշել է Նեփի մարգարեն․ «Ես գիտեմ, որ [Աստված] սիրում է իր զավակներին»։1

Այդ կատարյալ սիրո հատկանիշներից մեկը մեր Երկնային Հոր ներգրավվածությունն է մեր կյանքի մանրամասներում, նույնիսկ երբ մենք գուցե տեղյակ չենք այդ մասին կամ չենք հասկանում դա։ Մենք փնտրում ենք Հոր աստվածային առաջնորդությունն ու օգնությունը սրտաբուխ աղոթքի միջոցով։ Երբ մենք պատվում ենք մեր ուխտերը և ձգտում ավելի նմանվել Փրկիչին, արժանանում ենք աստվածային առաջնորդության մշտական2 աղբյուրի՝ Սուրբ Հոգու ազդեցության և ոգեշնչման միջոցով։

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ․ «Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ»,3 և Նա «գիտի բոլոր բաները, քանզի [Նրա] աչքի առաջ բոլոր բաները ներկա են»։4

Մորմոն մարգարեն ասվածի մի օրինակ է հանդիսանում։ Նա չապրեց այնքան, որ տեսներ իր գործերի արդյունքը։ Սակայն նա հասկանում էր, որ Տերը միշտ զգոնությամբ առաջնորդում էր իրեն։ Երբ նա ոգեշնչում զգաց ներառելու Նեփիի փոքր թիթեղներն իր արձանագրության մեջ, Մորմոնը գրեց․ «Եվ ես անում եմ սա իմաստուն նպատակի համար. քանզի ըստ Տիրոջ Հոգու ներգործումների, որն իմ մեջ է, այսպես է այն շշնջում ինձ։ Եվ այժմ ես չգիտեմ բոլոր բաները. բայց Տերը գիտի բոլոր բաները, որոնք պետք է գան. ուստի, նա ներգործում է իմ մեջ՝ անել ըստ իր կամքի»։5 Չնայած Մորմոնը չգիտեր հետագայում ձեռագիր 116 էջերի կորստի մասին, Տերը գիտեր և ուղի պատրաստեց այդ խոչընդոտը հաղթահարելու համար այդ իրադարձությունից շատ տարիներ առաջ։

Հայրը տեղյակ է մեր մասին, գիտի մեր կարիքները և կատարելապես կօգնի մեզ։ Երբեմն այդ օգնությունը տրվում է հենց այն պահին, երբ մենք խնդրում ենք աստվածային օգնություն, կամ կարճ ժամանակ անց։ Երբեմն մեր ամենանվիրական և արժանի ցանկությունները չեն գտնում այն պատասխանը, որը հուսացել էինք, սակայն մենք համոզվում ենք, որ Աստված ավելի մեծ օրհնություններ ուներ մեզ համար։ Եվ երբեմն էլ մեր արդար ցանկությունները չեն շնորհվում մեզ այս կյանքում։ Երեք տարբեր պատմությունների միջոցով ես կներկայացնեմ ուղիները, որոնցով մեր Երկնային Հայրը կարող է պատասխանել Իրեն ուղղված մեր ջերմեռանդ աղոթքներին։

Մեր կրտսեր որդին որպես միսիոներ կանչվեց ծառայելու Ֆրանսիա Փարիզ միսիայում։ Ծառայելու նախապատրաստությունների ժամանակ մենք գնացինք նրա հետ սովորական վերնաշապիկներ, կոստյումներ, փողկապներ, գուլպաներ և բաճկոն գնելու։ Ցավոք, նրա ուզած բաճկոնը չէր համապատասխանում նրա չափերին։ Ինչևէ, խանութի գործավարը նշեց, որ համապատասխան բաճկոնը մի քանի շաբաթից կառաքվեր Պրովոյի միսիոներների ուսուցման կենտրոն՝ նախքան մեր որդու Ֆրանսիա մեկնելը։ Մենք վճարեցինք բաճկոնի համար և հանգիստ վերադարձանք տուն։

Մեր որդին միսիոներների ուսուցման կենտրոն գնաց հունիսին, իսկ բաճկոնն առաքվեց օգոստոսին նախատեսված նրա մեկնումից մի քանի օր առաջ։ Նա չփորձեց բաճկոնը, այլ անմիջապես տեղավորեց այն ճամպրուկում՝ իր հագուստների և այլ պարագաների հետ։

Երբ Փարիզում եկավ ձմեռը, որտեղ ծառայում էր մեր որդին, նա գրեց մեզ, որ հանել է բաճկոնը և փորձել, սակայն պարզվել է, որ այն չափազանց փոքր էր։ Ուստի, մենք լրացուցիչ գումար ուղարկեցինք նրա բանկային հաշվին, որպեսզի նա կարողանար մեկ այլ բաճկոն գնել Փարիզում․ նա այդպես էլ արեց։ Մի փոքր բարկացած ես գրեցի նրան, որ առաջին բաճկոնը տար մեկ ուրիշին, քանի որ նա չէր կարող օգտագործել այն։

Ավելի ուշ մենք նրանից հետևյալ էլ-նամակը ստացանք․ «Այստեղ շատ ցուրտ է։ … Քամին կարծես անցնում է մեր միջով, չնայած իմ նոր բաճկոնը շատ լավն է ու բավականին ծանր։ … Ես իմ մյուս բաճկոնը տվեցի [մեր հետ ապրող մեկ ուրիշ միսիոների,] ով ասաց, որ աղոթում էր ավելի լավ բաճկոն ձեռք բերելու համար։ Նա մի քանի տարվա նորադարձ է և միայն մայրը … ու նրան մկրտած միսիոներն են աջակցում իրեն իր միսիայում, ուստի, այդ բաճկոնը նրա աղոթքի պատասխանն էր, և ես շատ ուրախ եմ դրա համար»։6

Երկնային Հայրը գիտեր, որ այդ միսիոները, որ ծառայում էր Ֆրանսիայում, տանից 10000 կմ հեռավորության վրա, շուտափույթ նոր բաճկոնի կարիք էր ունենալու ցուրտ Փարիզում, սակայն այդ միսիոները միջոցներ չէր ունենալու այն գնելու համար։ Երկնային Հայրը նաև գիտեր, որ մեր որդին Պրովոյի (Յուտա) հագուստի խանութից ստանալու էր բաճկոն, որը շատ փոքր էր լինելու։ Նա գիտեր, որ այդ երկու միսիոներները միասին ծառայելու էին Փարիզում, և որ բաճկոնը լինելու էր անհապաղ դրա կարիքն ունեցող միսիոների խոնարհ և ջերմեռանդ աղոթքի պատասխանը։

Փրկիչն ուսուցանել է․

«Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։

Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։

Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»։7

Այլ իրավիճակներում, երբ մեր արժանի ցանկությունները չեն գտնում այն պատասխանը, որը հուսացել էինք, իրականում դա կարող է լինել մեր օգտի համար։ Օրինակ, Հակոբի որդի Հովսեփին եղբայրներն այնքան նախանձեցին և ատեցին, որ պատրաստ էին դավադրաբար սպանել նրան։ Սակայն նրանք որպես ստրուկ վաճառեցին նրան Եգիպտոս ուղարկվելու համար։8 Եթե երբևէ եղել է մարդ, ով զգացել է, որ իր աղոթքների պատասխանները չեն արդարացնում իր հույսերը, դա կարող էր լինել Հովսեփը։ Իրականում թվացյալ դժբախտությունների արդյունքում մեծ օրհնություններ էին տրվում նրան, որի արդյունքում նրա ընտանիքը փրկվեց սովից։ Ավելի ուշ, երբ Եգիպտոսում նա դարձել էր վստահելի առաջնորդ, մեծ հավատքով և իմաստությամբ նա ասաց իր եղբայրներին․

«Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. Որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։

Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։

Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։

Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած»։9

Քոլեջում ուսանելու տարիներին մեր ավագ որդին ընդունվել էր շատ ցանկալի, կես դրույքով ուսանողական աշխատանքի, որը հրաշալի, մշտական աշխատանքի հնարավորություն էր ուսումն ավարտելուց հետո։ Նա ջանասիրաբար աշխատեց այդտեղ չորս տարի, ձեռք բերեց բարձր որակավորում և շատ հարգված էր իր գործընկերների և ղեկավարների կողմից։ Նրա ավարտական տարվա վերջում, կարծես թե երկնքի հովանավորությամբ (մեր որդին թերևս այդպես էր կարծում), հաստատվեց այդ աշխատատեղը, և նա լավագույն թեկնածուն էր համարվում բոլոր առումներով, ուստի, նա վստահ էր, որ կստանար այդ աշխատանքը։

Սակայն, նա չընդունվեց աշխատանքի։ Մեզանից ոչ ոք չէր հասկանում, թե ինչու։ Նա լավ պատրաստված էր, հարցազրույցը լավ էր անցել, ամենաորակավորված թեկնածուն էր և աղոթել էր մեծ հավատքով ու ակնկալիքով։ Նա ընկճված և հիասթափված էր, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես օգնել նրան։ Ինչո՞ւ Աստված մերժեց նրա արդար ցանկությունը։

Անցան տարիներ, մինչև մեզ պարզ դարձավ այդ պատասխանի պատճառը։ Եթե նա ավարտելուց հետո ընդունվեր իր երազած աշխատանքին, նա բաց կթողներ իր կյանքը փոխող կարևորագույն հնարավորությունը, որն այժմ ապահովում է նրա հավերժական երջանկությունն ու օրհնությունները։ Աստված ի սկզբանե գիտեր ամեն բան (ինչպես Նա միշտ իմանում է), և այս դեպքում, բազում արդար աղոթքների պատասխանն էր ոչ՝ հօգուտ ավելի լավ արդյունքի։

Եվ երբեմն, աղոթքի պատասխանը, որը մենք փնտրում ենք արդարությամբ և մեծ ջանասիրությամբ, չի տրվում այս կյանքում։

Քույր Պատրիցիա Պարկինսոնը ծնվել էր նորմալ տեսողությամբ, սակայն յոթ տարեկանում նա սկսեց կուրանալ։ Ինը տարեկանում նա սկսեց հաճախել խուլերի և կույրերի համար նախատեսված Յուտայի դպրոցը, որը գտնվում էր Օգդենում (Յուտա), իր տնից 90 մղոն (145կմ) հեռավորության վրա, անհրաժեշտություն առաջացնելով, որ նա մնար գիշերօթիկ դպրոցում, որի պատճառով իննամյա աղջնակը մեծ կարոտ էր զգում։

11 տարեկանում նա ամբողջությամբ զրկվեց տեսողությունից։ Պատրիցիան գիշերօթիկ դպրոցն ավարտեց 15 տարեկանում և տուն վերադառնալով սկսեց հաճախել տեղի ավագ դպրոցը։ Ապա նա քոլեջ ընդունվեց և բակալավրի աստիճան ստացավ շփման խանգարումների և հոգեբանության ոլորտում, որից հետո հերոսական պայքար մղելով համալսարանի քննություններն ընդունող հանձնաժողովի կասկածամիտ անդամների դեմ, նա ընդունվեց ասպիրանտուրա և մագիստրոսի աստիճան ստացավ բանավոր խոսքի պաթոլոգիայի ոլորտում։ Պատրիցիան այժմ աշխատում է տարրական դպրոցի 53 աշակերտների հետ և իր դպրոցի շրջանում ղեկավարում բանավոր խոսքի չորս մասնագետների։ Նա ունի իր սեփական տունը և մեքենան, որն ընկերները կամ ընտանիքի անդամներն են վարում անհրաժեշտության դեպքում։

Նկար
Քույր Պատրիցիա Պարկինսոնը

10 տարեկանում Պատրիցիան պետք է անցներ ևս մեկ բուժզննում՝ կապված նրա վատթարացող տեսողության հետ։ Նրա ծնողները միշտ ճշգրիտ ասում էին նրան իր առողջության հետ կապված խնդիրների մասին, սակայն ինչ-որ պատճառով այս անգամ նրանք ոչինչ չասացին նրան։ Երբ ծնողներն ասացին նրան այդ զննման մասին, Պատրիցիան, նրա ծնողների խոսքերով, շփոթության մեջ էր։ Նա վազեց կողքի սենյակը, բայց ավելի ուշ հետ եկավ և մի փոքր վրդովված ասաց իր ծնողներին․ «Թույլ տվեք ձեզ մի բան ասել։ Ես գիտեմ դա, Աստված գիտի դա, և գուցե դուք ևս գիտեք դա։ Իմ կյանքի մնացած բոլոր օրերում ես կույր եմ լինելու»։

Մի քանի տարի առաջ Պատրիցիան մեկնեց Կալիֆորնիա, այցելելու ընտանիքի անդամներին, ովքեր այնտեղ էին ապրում։ Բակում էր նրա երեքամյա զարմիկը հարցրեց․ «Հորաքույր, ինչո՞ւ պարզապես չես խնդրում Երկնային Հորը քեզ նոր աչքեր տալ։ Որովհետև, եթե դու խնդրես Երկնային Հորից, Նա կտա քեզ ինչ-որ կուզես։ Դու պարզապես պետք է խնդրես Նրան»։

Պատրիցիան ասում է, որ այդ հարցը հիշողություններ արթնացրեց նրա մեջ, սակայն նա պատասխանեց․ «Երբեմն Երկնային Հայրն այլ կերպ է արձագանքում։ Երբեմն Նա ուզում է, որ դու որոշ բաներ սովորես, ուստի, Նա չի տալիս ամեն բան, որ ուզում ես։ Երբեմն դու պետք է սպասես։ Երկնային Հայրը և Փրկիչը լավ գիտեն, թե որն է բարին մեզ համար, և ինչի կարիք մենք ունենք։ Ուստի, Նրանք չեն պատրաստվում նույն պահին շնորհել քեզ ամեն բան, ինչ ուզում ես»։

Պատրիցիային ես ճանաչում եմ երկար տարիներ և վերջերս ասացի նրան, որ ինձ հիացնում է այն փաստը, որ նա միշտ դրական վերաբերմունք ունի և երջանիկ է։ Նա պատասխանեց․ «Դու ինձ հետ մեր տանը չես եղել, այդպես չէ՞։ Ես ունենում եմ իմ դժվար պահերը։ Ես ունեցել եմ բավականին ծանր դեպրեսիա և շատ եմ լացել»։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է․ «Այն ժամանակվանից, երբ ես սկսեցի կորցնել տեսողությունս, տարօրինակ էր, բայց ես գիտեի, որ Երկնային Հայրը և Փրկիչը իմ և իմ ընտանիքի հետ էին։ Մենք լավագույնս կարողացանք հաղթահարել այդ ամենը, և իմ կարծիքով, մենք ճիշտ ձևով հաղթահարեցինք ամեն բան։ Ի վերջո, ես դարձա բավականին հաջողակ անձնավորություն, և ընդհանուր առմամբ ես երջանիկ մարդ եմ։ Ես հիշում եմ Նրա ձեռքը ամեն բանի մեջ։ Նրանց, ովքեր հարցնում են ինձ, թե արդյո՞ք ես բարկացած եմ իմ կուրության պատճառով, ես պատասխանում եմ․ «Ո՞ւմ վրա ես պետք է բարկանամ։ Երկնային Հայրն այս ամբողջ ընթացքում ինձ հետ է եղել․ ես մենակ չեմ։ Նա ինձ հետ է ամեն վայրկյան»։

Ինչ վերաբերում է այս պատմությանը, իր տեսողությունը վերագտնելու Պատրիցիայի ցանկությունը չի շնորհվի նրան այս կյանքում։ Սակայն, նրա նշանաբանը, որը ստացել է հորից, հետևյալն է․ «Սա նույնպես կանցնի»։10

Նախագահ Հենրի Բ․ Այրինգը հայտարարել է․ «Հայրն այս պահին տեղյակ է ձեր մասին, ձեր զգացմունքների և ձեր շուրջ գտնվող ամենքի հոգևոր ու աշխարհիկ կարիքների մասին»։11 Այս հրաշալի և մխիթարող ճշմարտությունը կարելի է գտնել իմ պատմած երեք փորձառություններում։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբեմն մեր աղոթքները արագ արձագանք են ստանում մեր ակնկալած ձևով։ Երբեմն էլ, մեր աղոթքները չեն ստանում մեր ակնկալած պատասխանը, սակայն ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ Աստված ավելի մեծ օրհնություններ ուներ մեզ համար պատրաստած, քան մենք էինք ի սկզբանե ակնկալում։ Եվ երբեմն էլ մեր արդար ցանկությունները չեն շնորհվում մեզ այս կյանքում։12 Ինչպես ասել է Երեց Նիլ Ա․ Մաքսվելը․ «Հավատը նաև ներառում է վստահություն առ Աստծո ժամանակացույցը»։13

Մենք համոզված ենք, որ Իր իսկ ձևով և Իր իսկ ժամանակին Երկնային Հայրը կօրհնի մեզ և լուծում կտա մեր բոլոր մտահոգություններին, անարդարություններին և հիասթափություններին։

Ահա Բենիամին թագավորի խոսքերը․ «Եվ բացի դրանից, ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում։ Օ՜ հիշե՛ք, հիշեք, որ այս բաները ճշմարիտ են. քանզի Տեր Աստված է ասել դրանք»։14

Ես գիտեմ, որ Աստված լսում է մեր աղոթքները։15 Ես գիտեմ, որ որպես ամենագետ, սիրող Հայր, Նա կատարելապես պատասխանում է մեր աղոթքներին, համաձայն Իր անսահման իմաստության և այնպես, որ դրանք ի վերջո երջանկություն և օրհնություն են բերում մեզ։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։