2012
Կոչում նորադարձի համար
Ապրիլ 2012


Կոչում նորադարձի համար

Ես նորադարձ էի և չունեի դաշնամուր նվագելու հմտություն: Բայց որքան շնորհակալ եմ ես իմ կյանք փոխող կոչման համար որպես ճյուղի նվագակցող:

Իմ մկրտվելուց կարճ ժամանակ անց 10 տարեկան հասակում Լափենրանտայում՝ Ֆինլանդիա, ես ստացա Եկեղեցու իմ առաջին կոչումը: 1960թ. մեր փոքրիկ ճյուղը անհապաղ կարիք ուներ որևէ մեկի, որ նվագակցեր հաղորդության ժողովին երգվող օրհներգերի ժամանակ: Ինձ խնդրեցին կատարել այդ հանձնարարությունը:

Չնայած մայրս միշտ քաջալերել էր ինձ և եղբորս հետամուտ լինել արվեստին վերաբերող տաղանդներին, ես չգիտեի դաշնամուր նվագել, և մենք դաշնամուր չունեինք: Սակայն ես ուզում էի կատարել իմ ծառայությունը, ուստի մենք ծրագիր կազմեցինք:

Ընտանեկան երեկոյի ժամանակ մենք խոսեցինք այն մասին, թե ինչ նշանակություն ունի այս կոչումը մեր բոլորի համար: Ինչևիցե, քանի որ մայրս ամուրի էր և ուներ երկու պատանի երեխաներ, մենք գիտեինք, որ մեծ դժվարություն կլիներ մեզ համար դաշնամուր գնել և վճարել դասերի համար: Մենք որոշեցինք, որ բոլորս էլ կամենում էինք կատարել անհրաժեշտ զոհաբերությունները:

Առաջին զոհաբերությունը, որ իմ ընտանիքը կատարեց, ֆինանսական էր: Մենք որոշեցինք, որ գարունից մինչև աշուն մենք կարող էինք քշել մեր հեծանիվները ավտոբուսից օգտվելու փոխարեն: Իմ եղբայր Մարթին քաջ էր և հատկապես լավ սկսեց հեծանիվ վարելը նույնիսկ ձյան ու սառույցի ժամանակ: Ես դադարեցի ինձ համար հագուստ գնել և սովորեցի կարել: Մենք նաև սովորեցինք ապրել խնայողաբար: Մենք սկսեցինք այգի մշակել իմ տատիկի ու պապիկի տան մոտակայքում, որը քաղաքից դուրս էր, և ուտելիք պահածոյացրեցինք ձմեռվա համար: Մեր «արձակուրդները» դարձան մեր մայրիկի ուղևորությունները դեպի Շվեյցարիայի տաճար կամ պիկնիկները ու ճամբարները մեր տան մոտակայքում:

Երկրորդ զոհաբերությունը, որ մեր ընտանիքը կատարեց, կապված էր ժամանակի հետ: Մենք բաժանեցինք ամենօրյա գործերը և նոր ժամկետ նշանակեցինք մեր այլ միջոցառումների և տնային աշխատանքների համար, որպեսզի ես բավականաչափ ժամանակ ունենայի դաշնամուր պարապելու համար: Մեր զոհաբերությունների և ջանասեր աշխատանքի պատճառով մայրս հաճախ նշում էր, որ մենք ազատ ժամանակ չունեինք փորձանքի մեջ ընկնելու համար, ինչպես ուրիշները մեր տարիքում: Իրականում իմ կոչումը դարձավ ընտանեկան կոչում՝ իմ դաշնամուր նվագելուց նույնիսկ շատ ժամանակ առաջ:

Ես սկսեցի պարապել տեղական դպրոցի երաժշտության ուսուցչի մոտ: Ես պարապում էի, օգտագործելով թղթե ստեղնաշար և Եկեղեցու դաշնամուրը: Երբ իմ դաշնամուրի ուսուցիչը տեղափոխվեց, մենք գնեցինք նրա դաշնամուրը և ինձ ընդունեցին որպես տարածքում մեծ համբավ ունեցող դաշնամուրի ուսուցչի աշակերտ:

Ես ինքնուրույն սովորեցի հիմները և շատ փորձեր կատարեցի ճյուղի երաժշտական ղեկավարի հետ: Բոլորը ինձ քաջալերում էին, նույնիսկ եթե մի «սխալ» նոտա էի նվագում: Իմ ուսուցիչը սարսափած էր, երբ հետո իմացավ, որ ես նվագում էի մարդկանց առաջ առանց նախապես հիմնավոր սովորելու և մտապահելու հատվածները: Սակայն մեկ ձեռքով նվագելը ավելի լավ էր, քան ընդհանրապես երաժշտություն չունենալը:

Ես հեծանիվով գնում էի դասերի, և երբ եկավ ձմեռը, ես փորձեցի քայլել կամ դահուկավարել, եթե հնրավոր էր լինում: Կիրակի օրերին ես մենակ քայլում էի Եկեղեցի, որպեսզի ես կարողանայի մեկ ժամ շուտ գալ և ժամանակ ունենալ ժողովներից առաջ վարժվելու համար: Ես որոշեցի ավտոբուս նստել միայն այն ժամանակ, երբ ջերմաստիճանը իջնում էր -15ºC-ից ներքև: Անձրևն ու ձյունը իրոք չէին անհանգստացնում ինձ: Ժամանակը արագ անցնում էր, մինչ ես քայլում էի, քանի որ ես ունեի բազմաթիվ գեղեցիկ հիմներ, որոնք ընկերակցում էին ինձ: Մինչ ես քայլում էի, ես պիոներների հետ անցնում էի հարթավայրերով (տես «Եկեք Սրբեր» Հիմներ, էջ 30), քայլում էի Սիոնում բարձր լեռան վրա (տես «Բարձր լեռան վրա», Հիմներ, համար 5), և կանգնում էի պատանիների հետ, ովքեր երբեք չեն վարանի (տես «Հավատքին հավատարիմ», Հիմներ, համար 254): Ես երբեք չէի կարողանա վարանել՝ ունենալով այդ աջակցությունը, չնայած, որ իմ ընտանիքը և ես միակ Վերջին Օրերի Սրբերն էինք արևելյան Ֆինլանդիայի մեր համայնքում, Ռուսաստանի սահմանների ստվերներում:

Տարիների ընթացքում ես սկսեցի ավելի լավ նվագել և կարող էի դարձնել երաժշտությունը ավելին, քան միայն ճիշտ նոտաներ նվագելը: Ես սովորեցի աղոթքով ընտրել երաժշտություն, որպեսզի Հոգին ներկա լիներ ժողովին: Եվ, ամենակարևորը, ավետարանի մասին իմ վկայությունը եկավ երաժշտության միջոցով: Ես կարող էի հեշտությամբ վերհիշել հիմների զգացողությունները, բառերը և ուղերձները, եթե ես երբևէ որևէ հարց ունենայի: Ես գիտեի, որ ավետարանի սկզբունքները և արարողությունները ճշմարիտ էին, սովորած լինելով դրանք տող առ տող, նոտա առ նոտա:

Ես հիշում եմ մի յուրահատուկ դեպք, երբ այդ սկզբունքների հանդեպ իմ հավատարմությունը փորձվեց: Ես 14 տարեկան էի: Ես սիրում էի լողալ և երազում էի լողալ Օլիմպիական խաղերի ժամանակ: Ես չէի մրցում կիրակի օրերին, սակայն, այնուամենայնիվ, ես առաջընթաց ունեի: Ի վերջո, երբ Մեխիկո Սիթիի Օլիմպիական Խաղերը մոտեցան, մարզիչը հրավիրեց ինձ մասնակցել հատուկ պարապմունքների:

Պարապմունքները, ինչևիցե, ամեն կիրակի առավոտյան էին՝ կիրակնօրյա դպրոցի ժամանակ: Ես պատճառաբանում էի, որ կարող էի գնալ պարապմունքի և բաց թողնել կիրակնօրյա դպրոցի դասը, քանի որ կարող էի վերադառնալ Եկեղեցի երեկոյան հաղորդության ժողովի ժամին: Ես ավտոբուսի ճանապարհածախսի համար գումար էի խնայել և ծրագրել ամեն ինչ: Առաջին պարապմունքին նախորդող շաբաթ օրը ես ասացի մայրիկիս իմ ծրագրի մասին:

Ես տեսա նրա աչքերում տխրություն և հիասթափություն, սակայն նրա միակ պատասխանն էր, որ որոշումն իմն էր և որ ինձ սովորեցվել էր, թե որն է ճիշտը: Այդ գիշեր ես չէի կարողանում իմ ուղեղից հանել «Ընտրիր ճիշտը» երգի բառերը (Հիմներ, համար 239): Բառերը հնչում էին իմ գլխում փչացած ձայնապնակի նման:

Կիրակի առավոտյան ես մի ձեռքում բռնել էի լողի պայուսակը և մյուս ձեռքում երաժշտության պայուսակը, հուսալով, որ մայրս կկարծեր, թե ես գնում էի Եկեղեցի: Ես դուրս եկա և գնացի կանգառ: Այնպես պատահեց, որ կանգառը, որտեղից գնում էի լողասրահ, փողոցի իմ կողմում էր, իսկ ժողովատուն տանողը՝ հակառակ կողմում: Մինչ ես սպասում էի, ես սկսեցի զայրանալ: Իմ ականջներում հնչում էր «Արե՞լ եմ որևէ լավ բան» (Հիմներ, համար 223)հիմնի երաժշտությունը, որը նախատեսված էր այդ օրվա կիրակնօրյա դպրոցի համար: Ես գիտեի փորձից, որ դժվար ռիթմով, բարդ բառերով և բարձր նոտաներով այս հիմնը կձախողվեր առանց լավ նվագակցության:

Մինչ ես խորհում էի, երևացին երկու ավտոբուսները: Լողասրահ տանող ավտոբուսը կանգնեց ինձ համար, կանգնեց նաև եկեղեցի տանող ավտոբուսի վարորդը և նայեց ինձ՝ շփոթված, որովհետև նա գիտեր, որ ես միշտ նստում էի իր ավտոբուսը: Մի քանի վայրկյան մեր բոլորի հայացքները սևեռվեցին իրար վրա: Ինչի՞ն էի ես սպասում: Ես ընտրել էի Տիրոջը (տես «Ո՞վ է Տիրոջ կողմում» Հիմներ, համար 260): Ես խոստացել էի գնալ այնտեղ, ուր Նա էր ուզում, որ ես գնայի (տես «Կգնամ ուր ուզես, Տեր» Հիմներ, համար 270): Պատվիրանները պահելու իմ որոշումը կայացվել էր վաղուց (տես «Պահիր պատվիրանները» Հիմներ, համար 303):

Մինչ իմ միտքն ու սիրտը պայքարի մեջ էին, մարմինս գործի անցավ: Ես խելահեղ արագությամբ սլացա դեպի դիմացի փողոցը և ձեռքով արեցի մյուս ավտոբուսի վարորդին: Ես վճարեցի ճանապարհածախսը և անցա Եկեղեցի գնացող ավտոբուսի վերջը, նայելով, ինչպես էին իմ լողալու երազանքները սլանում հակառակ ուղղությամբ:

Բոլորը մտածում էին, որ ես լաց էի լինում այդ օրը, որովհետև զգում էի Հոգին: Բայց իրականում ես լալիս էի, որովհետև իմ մանկության երազանքը հենց նոր խափանվել էր և որովհետև ես ամաչում էի, որ ես նույնիսկ ինձ թույլ էի տվել մտածել կիրակի օրը լողալու մասին: Բայց այդ կիրակի, ինչպես դրան նախորդող և հաջորդող կիրակիներին, ես կատարեցի իմ կոչումը:

Մինչ եկավ ժամանակը, երբ ես պատրաստ էի գնալ քոլեջ, ես սովորեցրել էի մի քանի ճյուղի անդամների ղեկավարել երաժշտությունը և դաշնամուր նվագել: Քոլեջում ես շարունակեցի դաշնամուր նվագել և երգեհոնի դասեր վերցրեցի: Ես կարծում էի, որ Լատինական Ամերիկա գնալու իմ հնարավորությունը ընդմիշտ կորցրել էի, երբ ես հրաժարվեցի լողալու մրցումներից, սակայն Բրիգամ Յանգ Համալսարանում մագիստրոսի կոչում ստանալուց հետո ես միսիա ծառայեցի Կոլումբիայում: Մինչ ես միսիայում էի, ես սովորեցնում էի դաշնամուր նվագել: Ես ուզում էի այս Սրբերին թողնել երաժշտության պարգևը: Կոլումբիայի երեխաներն ու պատանիները ուժեղ արևի տակ անցնում էին մղոններ, որպեսզի հնարավորություն ունենային սովորել դաշնամուր նվագել: Նրանք նույնպես սկսեցին մեկ ձեռքով նվագելուց մինչև որ աստիճանաբար սկսեցին նվագել երկու ձեռքով: Եվ նրանք ավելի շատ բան զոհաբերեցին, քան ես, ջանալով սովորել դաշնամուր նվագել:

Ավելի քան 50 տարի է անցել իմ մկրտությունից: Ես ճամփորդել եմ շատ հեռու Ֆինլանդիայի իմ տնից, բայց անկախ այն բանից, թե որտեղ եմ ես եղել, միշտ պետք է եղել մեկը, որ նվագի հիմները: Երաժշտության համընդհանուր լեզուն կառուցել է հասկացողության և սիրո կամուրջներ բազմաթիվ վայրերում:

Այսօր իմ ձեռքերը դանդաղ են շարժվում և հոդերը բորբոքված են: Շատ ավելի հմուտ երաժիշտներ գրավել են իմ տեղը: Մայրս հաճախ տխրում է, երբ հետ է նայում Եկեղեցում գտնվելու իմ վաղ տարիներին և իմ կատարած զոհաբերություններին, իմ քայլած մղոններին և բաներին, առանց որոնց ես դիմացել եմ: Նա վախենում է, որ ցուրտը նպաստել է իմ հոդերի բորբոքմանը: Այնուամենայնիվ, ես կրում եմ իմ դժվարությունները ուրախությամբ: Ես դուրս եմ թափել իմ ուրախություններն ու տխրությունները երաժշտության մեջ: Ես սովորել եմ ծիծաղել ու լացել իմ մատների միջոցով:

Իմ սիրտը երախտագիտությամբ երգում է, երբ ես մտածում եմ, որ Երկնային Հայրը և Նրա ղեկավարները այնքան մտահոգ են եղել, որ խնդրել են երիտասարդ աղջկան կատարելու այսպիսի դժվար առաջադրանք: Այդ կոչումը օգնեց ինձ ձեռք բերել ավետարանի ամուր հասկացողություն և թույլ տվեց ինձ օգնել ուրիշներին զգալ Հոգին երաժշտության միջոցով: Ես կենդանի ապացույց եմ, որ նորադարձները կոչման կարիք ունեն, նույնիսկ փոքրիկ աղջիկները՝ առանց դաշնամուր նվագելու հմտության: Իմ առաջին կոչման միջոցով ես բացահայտեցի, որ Աստծո հետ անհնարին ոչինչ չկա և որ Նա ծրագիր ու նպատակ ունի Իր երեխաներից յուրաքանչյուրի համար: Եվ երաժշտության միջոցով ես ձեռք բերեցի հաստատուն վկայություն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին:

Նկարազարդումը՝ Մայք Մալմի