2012
Միգուցե մենք պետք է աղոթենք
Ապրիլ 2012


Միգուցե մենք պետք է աղոթենք

Սքոթ Էդգար, Յուտա, ԱՄՆ

1975թ. գարնանը իմ ընտանիքն ու ես ապրում էինք Արևմտյան Գերմանիայի Ռեյնլանդ-Ֆալզի գյուղական սքանչելի ու կանաչ վայրում: Մի անձրևոտ կիրակի եկեղեցուց տուն վերադառնալիս մենք կանգ առանք, տեսնելով անտառի եզրին թաց -ճանապարհի պատճառով շրջված մի մեքենա: Անտառում արդեն մութ էր ծառերի խիտ սաղարթի և մոտալուտ գիշերի պատճառով:

Վթարի ենթարկված մեքենային նայելուց հետո, մենք վերադարձանք մեր մեքենայի մոտ և տեսանք, որ այն խրվել էր ցեխի մեջ: Ես չէի կարողանում հետ քշել, բայց կարող էի առաջ քշել դեպի անտառ: Մենք վերջերս քշել էինք անտառի միջով և տեսել էինք, որ անտառի շատ ճանապարհներ փոխկապակցված էին և ի վերջո մեզ դուրս կբերեին այնտեղից, ուստի ես որոշեցի առաջ շարժվել դեպի մութ անտառ:

Ես շատ արագ հասկացա, որ սխալ որոշում էի կայացրել: Նեղ, խոնավ ճանապարհը ծածկված էր ցեխի խորը շերտերով և շարունակում էր ավելի ու ավելի առաջնորդել դեպի մութ անտառ: Ես փորձում էի պահել արագությունը՝ վախենալով, որ եթե մենք կանգնեինք, մենք կհայտնվեինք անելանելի վիճակում: Ես տեսա մի բարձր տարածք հենց մեզանից վերև, որ բավականաչափ ամուր էր թվում մեքենան պահելու համար: Ես ուզում էի մեքենան դուրս հանել ցեխի միջից, որ ժամանակ ունենայի մտածելու: Մեքենան վեր սլացավ և դուրս եկավ ցեխի միջից:

Ես անջատեցի շարժիչը և դուրս եկա մեքենայից: Մեքենայի ցոլարձակ լամպերն անջատած ես ոչինչ չկարողացա տեսնել: Ես կրկին միացրեցի լամպերը, վերցրեցի մեր լապտերը և մեքենայի շուրջը զննելուց հետո, որոշեցի, որ իմ լավագույն հնարավորությունն էր հետ-հետ քշել դեպի անտառ և արագ սլացքով անցնել մեր անցած ճանապարհով:

Ես, որքան հնարավոր էր, հետ քշելով գնացի դեպի անտառ, շարժիչի արագությունը մի փոքր ավելացրեցի, հետ սլացա դեպի ճանապարհը և խրվեցի խորը ցեխի մեջ: Այժմ մենք իրոք փորձանքի մեջ էինք: Մեքենայից դուրս կատարյալ մթություն և լռություն էր տիրում: Մեքենայի ներսում իմ կինն ու ես նստած էինք երեք սարսափահար երեխաների հետ:

Ես խնդրեցի իմ կնոջը որևէ խորհուրդ տալ ինձ: Մի րոպե անց նա ասաց. «Միգուցե մենք պիտի աղոթենք»: Երեխաները գրեթե անմիջապես հանգստացան: Ես ասացի օգնության խոնարհ, սակայն խիստ փափագող աղոթք: Մինչ ես աղոթում էի, մի միտք ուղղակիորեն ծագեց իմ գլխում. «Հագցրու անիվների շղթաները»:

Կանգնելով 25 սմ ցեխի մեջ իր կիրակնօրյա զգեստով, իմ սիրելի կինը պահել էր լապտերը, մինչ ես մաքրում էի հետևի անիվները իմ մերկ ձեռքերով և հագցնում էի շղթաները: Հավատքով և վստահությամբ մենք կրկին աղոթեցինք և միացրեցինք շարժիչը: Դանդաղորեն մենք քշեցինք ցեխի միջով և վերջապես հետ վերադարձանք հիմնական ճանապարհին:

Ցեխից և մթից ազատված և ուրախ՝ ես գրեթե մոռացա, թե ով էր օգնել մեզ դուրս գալ անտառից: Մեր հինգ տարեկան դուստրը հիշեցրեց ինձ, ասելով. «Հայրիկ, Երկնային Հայրը իրոք պատասխանում է աղոթքներին, այնպես չէ՞»: