2012
Հապալասն ու Մորմոնի Գիրքը
Ապրիլ 2012


Հապալասն ու Մորմոնի Գիրքը

Սուելլեն Ս. Վեյլեր, Ջորջիա, ԱՄՆ

Մի քանի տարի առաջ մեր ընտանիքը տեղափոխվեց մարդաշատ ու ծանրաբեռնված մեծ քաղաքից մի հանգիստ, փոքրիկ գյուղից դուրս գտնվող մի փոքրիկ գյուղական կալվածք: Մոտակայքում կար հապալասի լքված մի ֆերմա, և տիրոջ ընկերների միջոցով մենք թույլտվություն ստացանք հավաքել այնքան հապալաս, որքան կցանկանայինք:

Այդ ամառ ամեն շաբաթ մի քանի առավոտ մենք զամբյուղներով ու պայուսակներով լցվում էինք մեքենայի մեջ և անց էինք կացնում սքանչելի և համեղ մի ժամ՝ հավաքելով հապալաս: Մի առավոտ մեր կրտսեր տղան՝ Հայրումը, կարծես ցանկություն չուներ մեզ միանալու: Նա վստահ էր, որ մենք հավաքել էինք ողջ հապալասը և որ կրկին գնալը ժամանակի կորուստ կլիներ: Որքան զարմացած էր նա՝ գտնելով այնքան հապալաս, որքան միշտ: Կային փնջեր այն տեղերում, որտեղ նա նայել էր, և ջրալի հապալասներ կային ճյուղերի վրա, որտեղ նա վստահ էր, որ նայել էր ավելի շուտ:

Այդ նույն ժամանակ ծխի երիտասարդների ղեկավարները կոչ արեցին մեր պատանիներին կարդալ ամբողջ Մորմոնի Գիրքը մինչև այդ օգոստոսին դպրոցների սկսվելը: Մեր երեխաները կոչը բերեցին տուն, և մեր ընտանիքը պարտավորվեց միանալ նրանց իրենց ջանքերում:

Մորմոնի Գիրքը դեռ նոր էինք ավարտել, երբ ստացանք 2005թ. Օգոստոսի մեր Լիահոնան, որում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) կոչ էր անում մինչև տարվա վերջ կարդալ ամբողջ Մորմոնի Գիրքը: Հայրումը և նրա եղբայր Ջոզեֆը ուրախությամբ եզրակացրին, որ մենք արդեն հնազանդվել էինք մարգարեին: Այնուհետև նրանց մեծ եղբայրն ու քույրը՝ Սեթն ու Բեթանին, հիշեցրեցին նրանց, որ Նախագահ Հինքլին խնդրել էր մեզ կարդալ այն նորից, անկախ նրանից, թե քանի անգամ էինք մենք արդեն այն կարդացել:

«Բայց ինչո՞ւ», - հարցրեցին տղաները: «Մենք կարդացել ենք ամեն բառ, և էլ ի՞նչ կա այնտեղ սովորելու բացի նրանից, ինչը մենք արդեն կարդացել ենք»:

Մի քանի րոպե լռությունից հետո ինչ-որ մեկը հիշատակեց հապալասը: «Հիշո՞ւմ եք, երբ մենք մտածում էինք, որ մենք հավաքել էինք ողջ հապալասը: Սակայն երբ մենք վերադառնում էինք, այնտեղ միշտ հապալաս էինք գտնում: Անկախ նրանից, թե քանի անգամ մենք գնացինք, անկախ նրանից, թե որքան հաճախակի գնացինք, այնտեղ միշտ հապալաս կար»:

Մենք արագ հասկացանք կապը: Ինչպես մեր մոտակայքի ֆերման և դրա համեղ հապալասի առատ բերքը, Մորմոնի Գիրքը հոգևոր սննդի մշտական աղբյուր է նոր ճշմարտություններով, որոնք պետք է բացահայտել: Ուստի, մենք սկսեցինք ևս մեկ անգամ կարդալ Մորմոնի Գիրքը:

Երբ ես ընդունեցի մարգարեի կոչը, ես կարդացի բաներ Մորմոնի Գրքում, որոնք շատ անգամներ կարդացել էի նախկինում, բայց ես տեսա դրանք այլ կերպ կամ հասկացա դրանք, կարծես, դրանք վերաբերվում էին նոր պայմաններին կամ խնդիրներին: Ես գիտեմ, որ ամեն անգամ, երբ մենք անկեղծորեն կարդում ենք Մորմոնի Գիրքը, մենք կարող ենք ստանալ նոր խորաթափանցություն և ավելի մոտենալ Փրկչին: