2011
Վերջապես լսեցի
Ապրիլ 2011


Վերջապես լսեցի

«Նա հին ընկեր է, իսկ սա ժամադրություն չէ»,- ասացի ինքս ինձ: Ուրեմն ինչո՞ւ է Հոգին անընդհատ զգուշացնում ինձ, որ չպետք է գնամ այնտեղ:

Քոլեջում ուսանելու տարիներին ես օրհնվել եմ բարդ պրակտիկա անցնելով տնից հեռու մի քաղաքում: Իմ վաղեմի ընկերը այնտեղ էր ապրում և թեև մենք նույն հավատքը չունեինք, մեր տարբերությունները չխանգարեցին մեզ սովորական ընկերներ լինել:

Երբ առաջին անգամ հանդիպեցի Մադլենին (անունը փոխված է), մենք երկուսս էլ աշխատում էինք մեկ այլ երիտասարդ աղջկա հետ, որը Վերջին Օրերի Սրբի հրաշալի օրինակ էր: Ես հիշում եմ, ինչպես էր Հոգին նշում այն նուրբ տարբերությունները այդ երիտասարդ աղջիկների մեջ, բացատրելով, թե ինչպես կարող են փոքր ընտրություններն ազդել հետագա կյանքի ընթացքի վրա: Տարիների ընթացքում ես միշտ հիշել եմ այդ հոգևոր տպավորությունները:

Այժմ տարիներ անց կրկին հանդիպելով, Մադլենը և ես որոշեցինք ժամանակ անցկացնել միասին: Երբ երեկոն մոտենում էր, ես տարօրինակ կերպով նյարդայնանում էի: Ես նստեցի նրա քաղաք ուղևորվող գնացքը և որքան ավելի էի մոտենում, այնքան իմ ներքին ձայնը իմ մտքում և սրտում ասում էր. «Դու պետք է ժամադրվես միայն բարձր չափանիշներ ունեցող մարդկանց հետ»:

«Սա ժամադրություն չէ,- մտածեցի ես,- ես ուղղակի հանդիպում եմ հին ընկերոջ»: Հոգին կրկնում էր զգուշացումը, դրդելով ինձ, մինչև որ ես հասկացա, որ դա իսկապե ժամադրություն էր, և ես սկսեցի մտածել նրա ներկայիս չափանիշների և ապրելակերպի մասին: «Նա գիտի, որ ես ՎՕՍ եմ,- ընդհանրացրեցի ես,- նա ծանոթ է իմ չափանիշներին, և ոչ մի խնդիր չի լինի»:

Ինչևէ, ես սկսեցի մտածել, որ մի գուցե նախկինում նկատած այդ «նուրբ տարբերությունների» պատճառով էր, որ մեր ճանապարհները իրարից հեռացել էին ավելի, քան ես սպասում էի: Այնպես որ ես հետևեցի Հոգու հուշումներին և զանգահարեցի, որ հրաժարվեի հանդիպումից: Ես վախենում էի, որ չվիրավորեմ նրան: Ինչպե՞ս կարող էի հոգևոր տպավորությունների մասին ասել մի ընկերջ, որը չի գնահատում Սուրբ Հոգու առաքելությունը:

Ես բացատրեցի, որ ես ինձ հանգիստ չեի զգում մեր պլանավորած միջոցառումներից մեկի առումով, և հույս ունեի, որ դա ընդունելի պատճառ կլիներ այդ երեկոյից խույս տալու համար: Նա հուսահատվեց և առաջարկեց փոխել մեր պլանները: Ես հանգստացա և համաձայնեցի այդ փոփոխության հետ մտածելով, որ. «Մի գուցե այդ միջոցառման համար էր Հոգին զգուշացնում ինձ»:

Մենք ուրախ ժամանակ էինք անցկացնում այդ երեկո, սակայն ժամանակ առ ժամանակ Հոգին ասում էր, որ նախկին զգուշացումը կարևոր էր: Նախ կարծես մտահոգվելու կարիք չկար, սակայն որքան գիշերը մոտենում էր, այնքան պարզ էր դառնում, որ թեպետ մենք նույն դաստիարակությունն ու փորձն ունեինք, սակայն լրիվ տարբեր ուղիներով էինք առաջ գնում: Մեր չափանիշները նույնը չէին՝ անգամ մանրուքներ թվացող բաներում: Երբ նա գինի պատվիրեց, ես բացատրեցի, որ հավանաբար չեմ կարող վճարել ոգելից խմիչքի համար: Նա հարգեց իմ ցանկությունը և ինքը վճարեց:

Իմ հոգու անհանգստությունը ահագնանում էր, որքան երեկոն շարունակվում էր: Երբ ընթրիքն ավարտեցինք, ես արդեն աթոռի ծայրին պատրաստ էի գնալու, որովհետև գիտեի, որ վերջին գնացքը շուտով մեկնելու է, իսկ ես շատ հեռու էի ապրում, որպեսզի տաքսի նստեի: Իմանալով իմ անհանգստության պատճառը, ընկերուհիս ասաց, որ կարող եմ իր տանը գիշերել: Այժմ արդեն Հոգին ինձ հանգիստ չէր տա, հաստատելով այն, ինչ արդեն գիտեի. գիշերելը ճիշտ ընտրություն չէ:

Նրան տուն ճանապարհելիս ես փորձում էի հանգիստ երևալ: «Իսկապե՞ս չես ուզում գիշերել»,- հարցրեց նա: Իհարկե, չէի ուզում: Նա չպնդեց և չվիրավորեց, սակայն Հոգին հանդարտ խոսում էր ավելի պարզ, քան ամպրոպի ձայնը: Ես չէի կարող բաց թողնել իմ գնացքը:

Ես սպասեցի մինչև նա ներս մտավ, ապա որքան կարող էի արագ վազեցի, որպեսզի ժամանակին հասնեի երկաթուղային կայարան: Ես մտածում էի Եգիպտոսում Հովսեփի մասին, երբ նա փախչում էր գայթակղությունից (տես Ծննդոց ԼԹ.7–12):

Երբ հիշում եմ այդ երեկոն, ես ունենում եմ և վախի և երախտագիտության զգացում՝ վախ այն բանի համար, ինչ կարող էր պատահել, և երախտագիտություն Սուրբ Հոգու ընկերակցության համար: Հոգին խոսեց, և ես ուրախ եմ, որ թեև ուշացումով, սակայն, ի վերջո, ականջ դրեցի հուշումին:

Ակնհայտ է, որ այդ երեկո իմ տեսադաշտը այնքան պարզ չէր, որքան Տիրոջինը: Ինչպես Եսայիան է գրել.

«Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը.

Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա ԾԵ.8–9):

Կյանքում մեր առաջ ծառացած որոշ ընտրություններ արագ կայացնում ենք և մոռանում: Կան ընտրություններ էլ, որ իրենց մեջ դաս են պարունակում, և ճիշտ որոշում կայացնելու դեպքում երբեք չենք մոռանում: Ես երախտապարտ եմ գիտելիքի համար, որ եթե ուշադրություն ենք դարձնում Սուրբ Հոգու հուշումներին, և դա անում ենք անմիջապես, մենք կարող ենք ավելի հեշտությամբ մնալ Հիսուս Քրիստոսի ուղու վրա, որ նախատեսված է մեզ համար:

Նկարազարդումը՝ Ջեֆ Վուարդի