2011
Միջնորդ Հիսուս Քրիստոսը
Ապրիլ 2011


Միջնորդ Հիսուս Քրիստոսը

Հատված «Միջնորդը» հոդվածից, Ensign, May 1977, 54–56:

Հիսուս Քրիստոսը՝ մեր Միջնորդը, վճարում է այն գինը, որը մենք ի վիճակի չենք վճարելու, որպեսզի կարողանանք վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ:

Նկար
President Boyd K. Packer

Թույլ տվեք ձեզ պատմել մի առակ:

Մի մարդ կար, որն ինչ-որ մեծ փափագ ուներ: Թվում էր դա իր կյանքում ամենակարևոր բանն էր: Իր ցանկությունն իրականացնելու համար, նա մեծ պարտք վերցրեց:

Նրան զգուշացրեցին այդքան մեծ պարտքի և, հատկապես, իր պարտատիրոջ մասին: Բայց նրա համար չափազանց կարևոր էր թվում այդ պահին իր փափագած իրն ունենալը: Նա վստահ էր, որ հետագայում կկարողանա վճարել դրա համար:

Նա համաձայնագիր ստորագրեց: Նա պետք է որոշ ժամանակի ընթացքում վճարեր իր պարտքը: Նա շատ չէր անհանգստանում դրա համար, քանի որ ժամկետը շատ հեռու էր թվում: Նա այժմ ուներ իր համար բաղձալի բանը, և դա էր ամենակարևորը:

Պարտատերը միշտ նրա մտքի մի հեռավոր անկյունում էր, և նա երբեմն վճարումներ էր կատարում, չգիտես ինչու մտածելով, որ գումարը վերադարձնելու օրը [ամբողջ գումարը վճարելու օրը] իրականում երբեք չի գալու:

Արդարությո՞ւն, թե՞ ողորմածություն

Սակայն, ինչպես միշտ այդ օրը եկավ և համաձայնագրի ժամկետը լրացավ: Պարտքը լիովին չէր վճարվել: Պարտատերը հայտնվեց և պահանջեց ամբողջ գումարը:

Միայն այդ ժամանակ նա հասկացավ, որ իր պարտատերը իշխանություն ունի ոչ միայն իր ողջ ունեցվածքը վերցնելու, այլև իրեն բանտ նետելու:

«Ես չեմ կարող վճարել քեզ, քանի որ կարողությունս չի ներում»,- խոստովանեց նա:

«Ուրեմն,- ասաց պարտատերը,- կվերցնեմ քո ունեցվածքը և դու կգնաս բանտ: Դու տվել ես քո համաձայնությունը: Դա քո ընտրությունն էր: Դու ստորագրել ես համաձայնագիրը, և այժմ այն պետք է ուժի մեջ մտնի»:

«Կարո՞ղ եք երկարացնել ժամկետը կամ ներել պարտքը,- խնդրեց պարտապանը,- Եկեք ինչ-որ կերպ պայմանավորվենք, որպեսզի կարողանամ ունեցվածքս պահել և բանտ չգնալ: Անշուշտ, դուք հավատում եք ողորմածությանը: Ողորմած չե՞ք լինի»:

Պարտատերը պատասխանեց. «Ողորմածությունը միշտ միակողմանի է աշխատում: Դա կարող է ծառայել միայն քեզ: Եթե ես ողորմածություն ցուցաբերեմ, ես չեմ ստանա իմ հասանելիք գումարը: Ես արդարություն եմ պահանջում: Դու հավատո՞ւմ ես արդարությանը»:

«Ես հավատում էի արդարությանը, երբ համաձայնագիրը ստորագրեցի,- պարտապանն ասաց,- Այն իմ կողմում էր այն ժամանակ, քանի որ մտածում էի, որ այն կպաշտպանի ինձ: Այն ժամանակ ես ողորմածության կարիք չունեի, ոչ էլ կարծում էի, թե երբևէ դրա կարիքը կունենամ:

«Արդարությունը պահանջում է, որ դու վճարես ըստ համաձայնագրի կամ պատիժ կրես,- ասաց պարտատերը,- Դա է օրենքը: Դու համաձայնվել ես և այդպես պետք է լինի: Ողորմածությունը չի կարող կողոպտել արդարությանը»:

Այսպիսին էր իրավիճակը՝ մեկը պահանջում էր արդարություն, իսկ մյուսը աղերսում էր ողորմածություն: Չէր կարող դրանցից մեկը մյուսի հաշվին գերիշխել:

«Եթե դու չներես պարտքը, ողորմածություն չի լինի»,- աղերսում էր պարտապանը:

«Եթե ես անեմ դա, արդարություն չի լինի»,- լինում էր պատասխանը:

Կարծես երկու օրենքներն էլ չէին աշխատում: Դրանք երկու հավերժական իդեալներ են, որոնք ասես հակասում են միմյանց: Արդյոք հնարավոր չէ՞, որ և արդարությունը լիովին գործի և՝ ողորմածությունը:

Հնարավոր է: Արդարության օրենքը կարող է լիովին բավարարվել և ողորմածությունը կարող է լիովին տարածվել, բայց դա ընդգրկում է մեկ ուրիշին ևս:

Նրա Միջնորդը

Պարտապանը ընկեր ուներ: Նա օգնության եկավ: Նա պարտապանին լավ էր ճանաչում: Նրա կարծիքով, անմտություն էր սեփական անձը նման անախորժ վիճակում դնելը: Սակայն, նա ցանկանում էր օգնել, որովհետև սիրում էր նրան: Նա կանգնեց նրանց միջև, պարտատիրոջ դիմաց և այսպիսի առաջարկ արեց. «Ես կվճարեմ պարտքը, եթե դու ազատես պարտապանին իր համաձայնագրից, որպեսզի նա կարողանա պահել իր ունեցվածքը և չընկնի բանտ»:

Երբ պարտատերը մտածում էր այդ առաջարկի մասին, միջնորդն ավելացրեց. «Դու արդարություն ես պահանջում: Քանի որ նա չի կարող վճարել քեզ, ես կվճարեմ: Դու արդար վերաբերմունքի կարժանանաս, և քեզ այլևս ոչինչ պետք չի լինի: Դա արդար չի լինի»:

Պարտատերը համաձայնվեց:

Ապա միջնորդը շրջվեց դեպի պարտապանը: «Եթե ես վճարեմ քո պարտքը, կընդունե՞ս ինձ որպես քո պարտատեր:

«Օ՜, այո,- բացականչեց պարտապանը,- Դու ինձ ազատում ես բանտից՝ ողորմածություն ցուցաբերելով իմ հանդեպ»:

«Ուրեմն, դու պարքդ կվճարես ինձ, և ես կդնեմ ժամկետը,- ասաց բարերարը,- Հեշտ չի լինի, սակայն հնարավոր կլինի: Ես միջոցը կգտնեմ: Դու բանտ չես գնա»:

Այսպիսով, պարտատիրոջը վճարվեց ամբողջ գումարը: Նա արդար վերաբերմունքի արժանացավ: Ոչ մի համաձայնագիր չխախտվեց: Իր հերթին, պարտապանի հանդեպ ողորմածություն ցուցաբերվեց: Երկու օրենքներն էլ կատարվեցին: Միջնորդի շնորհիվ արդարությունը հայցեց իր ողջ բաժինը, և ողորմածությունը լիովին բավարարվեց:

Մեր Միջնորդը

Մեզանից յուրաքանչյուրը ապրում է հոգևոր վարկով՝ պարտքով: Մի օր հաշիվը կփակվի, գումարը կպահանջվի: Որքան էլ դա սովորական համարենք այսօր, երբ օրը գա և մոտենա սեփականության իրավունքից զրկվելու սպառնալիքը, մենք վշտացած կփնտրենք ինչ-որ մեկի, որը կկարողանա մեզ օգնել:

Եվ հավերժական օրենքով, ողորմածությունը չի կարող հասանելի լինել, եթե չլինի մեկը, ով կամենում է և կարող է վերցնել մեր պարտքը և վճարել գինը և սահմանել մեր փրկագնման համար պայմանները:

Եթե չլինի միջնորդ, եթե չունենանք ընկեր, արդարադատությունը իր ողջ ծանրությամբ կընկնի մեզ վրա: Յուրաքանչյուր զանցանքի համար լրիվ վճարումը, լինի չնչին թե մեծ, լիովին կվերցվի:

Սակայն իմացեք՝ ճշմարտությունը, փառավոր ճշմարտությունը հայտարարում է, որ կա նման Միջնորդ: «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմոթեոս Բ.5): Նրա շնորհիվ ողորմածությունը կարող էր լիովին տարածվել մեզանից յուրաքանչյուրի վրա՝ առանց վնասելու արդարադատության հավերժական օրենքը:

Ողորմածությունը ավոտմատ ձևով հասանելի չէ: Դա հնարավոր է Նրա հետ ուխտի միջոցով: Դա կլինի նրա պայմաններով, Նրա առտաձեռն պայմաններով, որը որպես բացարձակ անհրաժեշտություն ներառում է ընկղմամբ մկրտությունը մեղքերի թողության համար:

Ողջ մարդկությունը կարող է պաշտպանված լինել արդարադատության օրենքով, և միևնույն ժամանակ մեզանից յուրաքանչյուրին անհատապես կարող է հասանելի լինել ողորմածության քավող և բժկող օրհնությունը:

Նկարազարդումը Դան Բարի