2011
Ռեբեկա Սվեյն Վիլիամս. «Հաստատակամ և անսասան»
Ապրիլ 2011


Ռեբեկա Սվեյն Վիլիամս. Հաստատակամ և անսասան

Չնայած Եկեղեցու հանդեպ իր ընտանիքի թշնամանքին, վաղ օրերի այս նորադարձը հավատարիմ և նվիրված մնաց աշխատանքին:

1834թ. հունիսին երիտասարդ մայրը, որին հայրը զրկեց ժառանգությունից, համարձակ և սրտաշարժ նամակ գրեց Վերականգնման մասին իր համոզվածության վերաբերյալ: Թեպետ նա գիտեր, որ հոր միտքը փոխելու հեռանկարը աղոտ է, Ռեբեկա Սվեյն Վիլիամսը ամուր կանգնեց չնայած անխուսափելի հետևանքներին: Նա իր հորը՝Իսահակին, հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը և Եկեղեցին ճշմարիտ էին: Ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր նկարագրել, և լսել էր Երեք Վկաներից, որոնք «հայտարարել էին հասարակական հավաքում, որ նրանք տեսել էին մի Սուրբ Հրեշտակ իջավ երկնքից և [բերեց] թիթեղները, դնելով նրանց աչքերի առջև»:1

Ռեբեկայի վկայությունը հուզիչ է ոչ միայն իր զորությամբ, այլև իր անսասան վկայությամբ և անսանձ կամքով: Չնայած իր հայրը մնաց անդրդվելի և իր ամուսինը Ֆրեդերիկ Գ. Վիլիամսը որոշ ժամանակ դժգոհում էր Եկեղեցուց, Ռեբեկայի հավատքը երբեք չսասանվեց: Անխոնջ և անսասան Ռեբեկան կանգնած է որպես օրինակ մեզ համար այսօր, ցույց տալով, թե ինչպես կարող ենք ամուր և անսասան մնալ կյանքի ամենամեծ դժվարությունների դիմաց, անգամ երբ մեր հարազատ մարդիկ, հնարավոր է, չընդունեն մեր հավատքը և արհամարհեն մեզ:

Դարձ դեպի Եկեղեցի

Ծնված լինելով Պենսիլվանիայում, ԱՄՆ, 1798թ., Ռեբեկա Սվեյնը 10 երեխաներից ամենափոքրն էր:2 Երբ նա մոտ ինը տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Նիագարա, ԱՄՆ-ի և Կանադայի սահմանի մոտ: Նրանք այնքան մոտ էին Նիագարայի ամրոցին, որ լսում էին հրանոթների ձայնը, երբ ամրոցը հարձակման էր ենթարվում 1812թ. պատերազմի ժամանակ: Լինելով փոքր աղջիկ Ռեբեկան դրսևորեց իր արիությունը: Մի անգամ անտառի միջով անցնելիս արահետի վրա նա դիմաց արջ հայտնվեց: Ձեռքում ունենալով հովանոց, նա մի քանի անգամ այն բացեց ու փակեց արջի երեսի մոտ, և արջը փախչեց:3

Երբ Ռեբեկան 17 տարեկան էր, նա անցավ Օնտարիո լիճը՝ այցելելու իր քրոջը Դեթրոյտում: Նավով ուղևորության ժամանակ նա հանդիպեց նավի ղեկակալ՝ բարձրահասակ, սևաչյա Ֆրեդերիկ Գրանգեր Վիլիամսին: Նրանց հաճախակի այցերը հրապուրանքը արագ վերածեցին սիրո, և նրանք ամուսնացան 1815թ. վերջին: Վիլիամսները տեղափոխվեցին մեծ Օհայոյի Արևմտյան Բնակավայրի մոտ, որից հետո 1828 թվին վերջնականապես բնակություն հաստատեցին Կիրթլենդում: Նրա ամուսինը բժիշկ էր աշխատում և հայտնի դարձավ իր ունակությունների շնորհիվ, իսկ Ռեբեկան դարձավ նրա օգնականը: Միասին նրանք ունեցան չորս զավակ:

1830թ. աշնանը առաջին Մորմոն միսիոներները ժամանեցին Կիրթլենդ: Ռեբեկան հետաքրքությամբ լսեց նրանց և մասնակցեց միսիոներների հետ բոլոր հանդիպումներին, նա նույնիսկ բերում էր իր երեխաներին: Ֆրեդերիկը հաճախում էր, որքանով իր բժշկական գործն էր թույլ տալիս: Նրանք երկուսն էլ ուսումնասիրում, քննարկում և սովորում էին միասին, սակայն Ֆրեդերիկը այդքան էլ հաստատ չէր իր նվիրվածության մեջ: Միևնույն ժամանակ Ռեկեբկան համոզվեց ավետարանի ճշմարտացիության մեջ:

Ավելի ուշ ընտանիքի կենսագիրը նկարագրեց Ռեբեկային՝ նրան նմանեցնելով Եդեմի Պարտեզի Եվային. նա «առաջինն էր, որ տեսավ» լիովին ավետարանի ուխտի մեջ մտնելու «անհրաժեշտությունը»:4 Նա մկրտվեց 1830թ. հոկտեմբերին:

Ֆրեդերիկը դեռևս տատանվում էր: Երբեմն նա ցանկանում էր թողնել Եկեղեցին, սակայն ի վերջո չէր կարողանում, որովհետև նրան ձգում էր այդ նոր սուրբ գիրքը՝ Մորմոնի Գիրքը: Հոգին ներգործեց նրա վրա, նա ընդունեց ավետարանի ճշմարտացիությունը և, հետևելով Ռեբեկայի օրինակին, մկրտվեց:

Նվիրված ծառայություն

Եկեղեցին արագ կենտրոնական տեղ զբաղեցրեց Ռեբեկայի և Ֆրեդերիկի կյանքում, ինչն անմիջապես ազդեցություն գործեց նրանց ընտանիքի վրա: Իր մկրտությունից և հաստատումից հետո Ֆրեդերիկը կարգվեց որպես երեց: Հաջորդ օրը նա խանդավառությամբ ընդունեց Օլիվեր Քաուդերիի հետ մի քանի շաբաթով միսիա ծառայելու հանձնարարությունը: Նրանք ակնկալում էին, որ միսիան կտևի երեք շաբաթ, սակայն իրականում այն դարձավ 10-ամսվա ճամփորդություն Միսսուրի: Ռեբեկայի համար դա տնից ամուսնու առաջին երկար բացակայությունն էր նմանատիպ բազմաթիվ բացակայությունների թվում: Ֆրեդերիկը ներգրավված լինելով միսիոներական աշխատանքում և Առաջին Նախագահություն կանչվելով հաճախ էր տնից բացակայում: Ռեբեկան Մորմոն մյուս կանանց պես երկար ամիսներ էր անցկացնում առանց ամուսնու օգնության, պահելով տունը և մեծացնելով իրենց երեխաներին:

Չնայած աշխատանքին, Ռեբեկան հավատարմորեն շարունակում էր և պատրաստակամորեն ծառայում էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը որոշ ժամանակ ապրեցին Վիլիամսների տանը, երբ տեղափոխվեցին Կիրթլենդ: Ռեբեկան հավատարիմ մնաց Մարգարեին և իր ընտանիքին, երբ նա հոգ էր տանում նրանց համար փորձության օրերին: Մի անգամ ամբոխը եկավ և շրջապատեց տունը, փնտրելով Ջոզեֆին: Ռեբեկան քողարկեց Ջոզեֆին, հագցնելով նրան իր գլխարկն ու վերարկուն: Ջոզեֆը դուրս եկավ տնից և անցնելով ամբոխի միջով ապահով հեռացավ:

1832թ. մարտին Ռեբեկան կրկին անգնահատելի օգնություն ցուցաբերեց Մարգարեին, երբ ամբոխը ներխուժեց Ջոն Ջոնսոնի ագարակ Հայրամում, Օհայո, և դաժանաբար հարձակվեց Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի վրա: Սիդնիին անզգամորեն ծեծելուց հետո և փորձելով թույն լցնել Ջոզեֆի բերանը, ամբոխը ձյութով և փետուրներով պատեց Մարգարեին: Երբ Էմմա Սմիթը տեսավ իր ամուսնուն, նրան թվաց, թե ձյութը արյուն է և ուշաթափվեց:5 Ռեբեկան և Ֆրեդերիկը այդ գիշերն անցկացրեցին ձյութը պոկելով Ջոզեֆի արյունահոսող և մաշկված մարմնից և խնամելով Սմիթների երեխաներին: Նրանց օգնության շնորհիվ Ջոզեֆը ուժ գտավ քարոզելու հաջորդ առավոտյան:

Համոզմունքով կիսվել ավետարանով

Ռեբեկայի ամենահաստատուն հույսերից մեկն այն էր, որ իր ընտանիքը, հատկապես իր հայրը, կընդուներ վերականգնված ավետարանը և կստանար հավատքի բերկրալի օրհնությունները: Նա Լեքիի պես, ճաշակեց Աստծո սիրուց և ցանկանում էր կիսվել դրանով իր հարազատների հետ (տես 1 Նեփին 8.12): Այդ նպատակով Ռեբեկան մեծ փափագով գրում էր իր ընտանիքին իր դարձի, վկայության և այն մեծ ուրախության մասին, որ նա զգում էր որպես Եկեղեցու անդամ:

Ինչևէ, Ռեբեկայի դարձի գալը կատաղեցնում էր իր հորը: Իր հակիրճ պատասխանով նա պահանջում էր, որ Ռեբեկան թողնի Եկեղեցին: Սակայն Ռեբեկան անհողդողդ էր: Նա պատասխանում էր, ինչպես ընտանիքի պատմաբանն է նկարագրում, որ «ինքն առավել քան երբևէ ամուր է Մորմոնական վարդապետությունների ճշմարտացիության հանդեպ իր համոզվածության մեջ» և նաև ավելացնում էր իր զորավոր վկայությունը:6 Նա ցավում էր, որ իր այդ նամակը ոչ մի արդյունքի չհանգեցրեց: Նրա հայրը վախեցնում էր, որ չի ճանաչի իրեն, և երդվում էր, որ այլևս չի հաղորդակցվի նրա հետ, եթե նա չհեռանա Եկեղեցուց:

Սակայն, Ռեբեկան տեղի չէր տալիս և շարունակում էր ավետարանով կիսվելու իր ջանքերը: 1834թ. նա իր հորը գրեց ևս մեկ նամակ, միակը, որ պահպանվել է, հայտնելով իր հավատքի խորության և այն ցավի մասին, որ հայրը չի ցանկանում ընդունել Մորմոններին:

Նրա հայրը կարդացել էր թերթերում Եկեղեցու վրա հարձակումների մասին, հատկապես Մորմոնի Գրքի և Երեք Վկաների վկայության հետ կապված, և փորձում էր այդ հոդվածների վրա հիմնվելով տարհամոզել Ռեբեկային:

«Ինձ ցավ է պատճառում, որ դու այդքան շատ վրդովվում ես Մորմոնի Գրքի համար»,- գրել է նա: Մեջբերելով Մորմոնի Գրքից և Ջոզեֆ Սմիթի նոր հայտնություններից, Ռեբեկան կիսվում էր Մորմոնի Գրքի մասին իր վկայությամբ: Նա նաև բացատրում էր, որ այդ գիրքը մարգարեացել է իր երեք վկաների ընտրության մասին: Որպես ապացույց նա մեջբերում էր հին մարգարե Եթերին, որն ասել է, որ «երեք վկաների բերանով կհաստատվի» այս գրքի մասին ճշմարտությունը (Եթեր 5.4):7

Այնուհետև Ռեբեկան նկարագրել է, թե ինչպես էր անձնապես տեսել Երեք Վկաներին՝ Դեյվիդ Վիթմերին, Մարտին Հարիսին և Օլիվեր Քաուդերիին, և լսել նրանց վկայությունը հրեշտակի և ոսկե թիթեղները տեսնելու մասին: Նրանց վկայությունները պաշտպանելով և բնութագրելով նրանց նա հորդորում էր իր հորը ավելի մանրամասն ուսումնասիրել այդ աշխատությունը: Եվ նա գրել էր իր հորը, որպեսզի «դու և մայրիկը իմանաք հանգամանքները, ինչպես մենք գիտենք կապված այս աշխատանքի հետ, ես համոզված եմ, որ դու կհավատաս դրան»:8

Արձագանքելով Մորմոնի Գրքի վերջում Մորոնիի խոստումը, Ռեբեկան աղերսում է, որ իր ընտանիքը խնդրի Աստծուն, որ «նա լուսավորի [իրենց] միտքը ի ճշմարտություն»: Եվ ապա նա պլանավորել էր հետագայում նրանց օգնելու համար միսիոներ ուղարկել, «ունակ ուսուցանելու Ավետարանը, ինչպես որ այն կա Հիսուսում»:9 Ի վերջո, հայրը չցանկացավ որևէ կապ ունենալ դրա հետ:

Նույնիսկ նրա նամակները ուղարկված եղբորը՝ Ջոնին, որի հետ Ռեբեկան հատկապես մոտ էր, վերադառնում էին չբացված: Նրան վերադարձված նամակներից մեկի վրա Ջոնը գրել էր. «Հայրիկը արգելում է ինձ կարդալ քո նամակները կամ գրել քեզ: Ցտեսություն և թող միշտ Աստված օրհնի քեզ: Քո եղբայր՝ Ջոն»:10

Ինչևէ, Ռեբեկայի միսիոներական ջանքերը հաջողությամբ պսակվեցին իր ավագ քրոջ Սառա Սվեյն Քլարկի հետ: Սառան միացավ Եկեղեցուն Միչիգանում 1832թ.: Սառայի դուստրերը նույնպես միացան Եկեղեցուն և հավատարիմ մնացին իրենց կյանքի ընթացքում:

Հավատարիմ մինչև վերջ

Չնայած հոր ընտրությունների պատճառով Ռեբեկայի սրտի կսկիծին և ցավին, նա դեռևս սիրում էր նրան: Նա գրել է. «Իմ սիրտը ցավում է իմ ազգականների համար՝ մարմնի համաձայն … Ես աղոթում եմ Տիրոջը, որպեսզի սփոփի քեզ քո վերջին օրը Իր Սուրբ Հոգով և թող որ դրանք լինեն քո լավագույն օրերը … Հուսով եմ, քո միտքը կխաղաղվի այս աշխատանքի հետ կապված: Վստահ եղիր, որ մենք ամուր ենք մեզ զգում այս գործում, իմանալով, որ Տերն է այն ղեկավարում»:11

Ռեբեկան ստիպված էր պայքարել ոչ միայն իր հոր անհավատության, այլև իր ամուսնու հավատքից խոտորումների համար: 1837-1838թթ. նրա ամուսինը՝ Ֆրեդերիկը, այն ժամանակ լինելով Առաջին Նախագահության անդամ, մշտապես տարաձայնությունների մեջ էր Եկեղեցու այլ ղեկավարների հետ: Նա անգամ մի որոշ ժամանակով հեռացավ Եկեղեցուց և նրան անդամությունից զրկեցին: Ինչևէ, մի կարճ ժամանակ անց նա խոնարհեցրեց իրեն, կրկին միացավ Եկեղեցուն և մահացավ լինելով անդամ: Մենք ոչ մի տեղեկություն չունենք այդ ժամանակ Ռեբեկայի ապրումների մասին, սակայն նա չի զղջացել Սրբերի հետ իր հավատարմության համար և մնացել է նվիրված:

Երբ Ֆրեդերիկի հեռանալու մասին լուրը հասավ Ռեբեկայի հորը Նյու Յորքում, Իսահակը հույս էր տածում, որ Ռեբեկան ևս կմերժի հավատը: Սակայն Ռեբեկան նամակ ուղարկեց նրան, դրսևորելով իր մշտական հավատարմությունը: Նրա պատասխանը կարդալով, Իսահակը դանդաղ տարուբերեց գլուխը և ասաց. «Չկա ապաշխարության և ոչ մի խոսք»:12

Ռեբեկան մինչև վերջ անվեհեր պաշտպանեց Ջոզեֆ Սմիթին և վերականգնված Եկեղեցին: Չնայած հորից առավել Եկեղեցին ընտրելու համար իր կատարած զոհաբերություններին, Ռեբեկան շարունակում էր պատվել նրան: Նա բարձր էր գնահատում այն, ինչ իր հայրը սովորեցրել էր իրեն, և իր սերն ու երախտագիտությունն էր հայտնում նրան: Նա եզրափակել է իր 1834թ. նամակը նշելով. «Ես միշտ կհիշեմ ուսուցումը … որ ստացել եմ իմ սիրելի Հորից»:13

1839թ. Ռեբեկայի հայրը մահացավ: Երեք տարի անց նա կորցրեց իր ամուսնուն: Այդ ցավալի դեպքերից հետո Ռեբեկան հավատքով ու քաջությամբ տոկաց: Երբ Սրբերը գաղթեցին դեպի արևմուտք Յուտա, նա ճամփորդեց իր որդի Էզրայի ընտանիքի հետ և վարեց իր սեփական լծվածքը: Նա ավելի ուշ ագարակ վերցրեց Միլ Քրիքում: Երբ Սոլթ Լեյքի Թաբերնաքլը ավարտվել էր և Սրբերին խնդրվեց նվիրաբերել ինչ կարող էին, նա տվեց արծաթե գդալների հավաքածուն, որպեսզի օգտագործվեր հաղորդության սեղանի համար մատուցարաններ պատրաստելու համար: Եվ վերջապես 1960թ. թեպետ նա շատ թույլ էր, երբ Նախագահ Բրիգամ Յանգը նրա ընտանիքին կոչ արեց բնակություն հաստատել հեռավոր Քեշ Վելիում, Յուտա, նա պատրաստակամորեն մեկ անգամ ևս տեղափոխվեց, կրկին վարելով իր լծվածքը:

Ռեբեկան մահացավ Սմիթֆիլդում, Յուտա, սեպտեմբերի 25, 1861թ.: Նա հավատարիմ մնաց իր համոզմունքներին, ճշմարտության մասին իր գիտելիքին և իր փորձություններին: Նա մինչև վերջ «հաստատակամ և անսասան» մնաց (Մոսիա 5.15):

Հղումներ

  1. Ռեբեկա Սվեյն Վիլիամսը Իսահակ Ֆիշեր Սվեյնին, հունիսի 4, 1834, Եկեղեցու Պատմության Գրադարան, Սոլթ Լեյք Սիթի:

  2. Կենսագրական տեղեկությունը տրամադրել է Նենսի Կլիմենտ Վիլիամսը, Meet Dr. Frederick Granger Williams … and His Wife Rebecca Swain Williams: Read Their True Story in the First Introduction—after 100 Years (1951); and Frederick G. Williams, “Frederick Granger Williams of the First Presidency of the Church,” BYU Studies, vol. 12, no. 3 (1972): 243–61.

  3. Williams, Meet Dr. Frederick Granger Williams, 5.

  4. Williams, Meet Dr. Frederick Granger Williams, 55.

  5. History of the Church, 4:605.

  6. Williams, Meet Dr. Frederick Granger Williams, 63.

  7. Տես նաև Ռեբեկա Վիլիամսի նամակը, հունիսի 4, 1834:

  8. Ռեբեկա Վիլիամսի նամակը, հունիսի 4, 1834:

  9. Ռեբեկա Վիլիամսի նամակը, հունիսի 4, 1834:

  10. In Williams, Meet Dr. Frederick Granger Williams, 63.

  11. Ռեբեկա Վիլիամսի նամակը, հունիսի 4, 1834:

  12. Ջորջ Սվեյնի նամակը, մարտ 17, 1839, տպագրված, Եկեղեցու Պատմության Գրադարան, Սոլթ Լեյք Սիթի:

  13. Ռեբեկա Վիլիամսի նամակը, հունիսի 4, 1834:

Նկարազարդումները՝ Ռիչարդ Հուլի