2011
Ճիշտ նավարկելով Մարշալյան կղզիներում
Ապրիլ 2011


Ճիշտ նավարկելով Մարշալյան կղզիներում

Երբ մենք նավարկում ենք կյանքի քարքարոտ ծանծաղուտներում, մեզանից յուրաքանչյուրը օգտվում է հավատարիմ անդամների առաջնորդությունից, որն օգնում է մեր ճանապարհը հարթել դեպի մեր երկնային տուն:

Հին ծովագնացները ծովերով նավարկում էին առաջնորդվելով արևի, լուսնի և աստղերի դիրքով: Գիշերը նրանք իրենց աչքը պահում էին Բևեռային Աստղի վրա, որի անխախտ դիրքը երկնային խարիսխ է նավաստիների համար՝ օգնելով նրանց մնալ իրենց նպատակակետ տանող ճիշտ ուղու վրա:

Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիներում նավաստիները հայտնագործել են մեկ այլ տեխնիկա: Այնտեղ ալիքների ձևը, բարձրությունը կամ օվկիանոսի ալեկոծությունները կորալյան կղզիների մեջ հաստատուն ձևով է փոխվում: Լավ վարժված ծովագնացը կարող է հարյուրավոր մղոններ նավարկել հետևելով ալեկոծությունների բարդ հոսանքներին՝ որոնցից յուրաքանչյուրը նման է մեկ ուղղությամբ փողոցի՝ մի կղզուց մյուսը: Ովքեր գիտեն, թե որտեղ են ալեկոծությունները և որ կողմ է հոսանքը գնում, կարող են մյուս ճանապարհորդներին ապահով ուղեկցել դեպի իրենց նպատակակետ:

Եկեղեցու անդամների համար Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է, որի ճշմարիտ լույսը ուղեկցում է մեզ: Նրա օրենքներն ու արարողությունները, օվկիանոսի հոսանքների նման կարող են մեզ ապահով առաջնորդել դեպի մեր երկնային տուն: Սակայն մեզանից շատերի համար կան մարդիկ, ում ծառայությունն ու աջակցությունը նման է Մեծ Ծովագնացի դերին: Հետևյալ պատմություններում մարշալացի երեք անդամներ կիսվում են, թե ինչպես են մյուսներն օգնել իրենց նավարկել կյանքի քարքարոտ ծանծաղուտներով և փոթորիկների միջով՝ առաջնորդելով իրենց դեպի Քրիստոսը:

Արդարակյաց կնոջ ազդեցությունը

Հիրոբո Օբեկետանգը նստած իր բազմոցին ժպտում է: Նա և իր կինը, Լինդան, նոր են ավարտել ընտանեկան երեկոն իրենց չորս զավակների և քույր միսիոներների հետ: Նրանք նաև միսիոներներին հյուրասիրել են ձկան ապուր, որտեղ ձուկը եփվում է ամբողջովին աչքերով և պոչով, դա ավանդույթ է Մաջուրոյում՝ Մարշալյան կղզիների մայրաքաղաքում: Երբ Հիրոբոն նկարագրում է իր կյանքը, նա իր երախտագիտությունն է հայտնում Եկեղեցու, ավետարանի և իր ընտանիքի, հատկապես իր կնոջ համար:

2009թ. հունիսին էր: Մեկ օր առաջ էր ստեղծվել Մարշալյան կղզիների Մաջուրո ցիցը, և Հիրոբոն կանչվեց ծառայելու որպես առաջին ցցի գործադիր քարտուղար: Հիրոբոն, ինչպես նոր ցցի նախագահ Արլինգտոն Տիբոնն է նկարագրում նրան, «շատ, շատ ուժեղ է», և կղզիների հավատարիմ ղեկավարներից մեկն է:

Սակայն Հիրոբոն առաջինն է նշում, որ այդպես չէր մինչև վերջերս: Իրականում, նա ասում է, որ իր կինն է շատ ուժեղ, նա փոխեց իր կյանքը: Նա բացատրում է. «Ես մկրտվեցի, երբ ութ տարեկան էի, սակայն արդեն 16 տարեկանում ակտիվ չէի»:

Մի քանի տարի անց նա և Լինդան սկսեցին միասին ապրել, թեև ամուսնացած չէին: Լինդան Եկեղեցու անդամ չէր: 2000թ. երբ Լինդան պարզեց, որ Հիրոբոն մկրտվել է դեռ մանուկ հասակում, նա հետաքրքրվեց Եկեղեցով և սկսեց հանդիպել քույր միսիոներներին:

«Նա երկու տարի ուսումնասիրեց և որոշեց, որ ցանկանում է մկրտվել,- հիշում է Հիրոբոն,- մենք նախ պետք է ամուսնանայինք, սակայն ես հետաքրքրված չէի ամուսնությամբ: Ես շփոթված էի, ես իսկապես ընկել էի աշխարհի գայթակղությունների գիրկը: Ես չէի հասկանում ընտանիքի կարևորությունը, և իրականում հոգ չէի տանում կամ լսում ինչ-որ որևէ մեկին»:

Լինդան, թեև մկրտված չէր, սակայն իրենց երեխաներին մեծացրեց Եկեղեցում: Ամեն տարի նա խնդրում էր Հիրոբոյին ամուսնանալ իր հետ, որպեսզի ինքն էլ մկրտվեր, և ամեն անգամ նա մերժում էր: Տարիների ընթացքում նրանց երկու դուստրերը մկրտվեցին, սակայն Հիրոբոն չմասնակցեց նրանց մկրտություններին:

Ապա, 2006թ. նրանց իննամյա որդին, Տակաոն, մահացավ ջերմից և տենդից: Մաջուրոյի շրջանից մոտ 300 անդամներ էին եկել թաղմանը՝ աջակցելու ընտանիքին:

«Նրանց աջակցությունը իսկապես մեծ բան էր ինձ համար,- ասում է Հիրոբոն,- ես սկսեցի մտածել, որ Աստված միգուցե ինչ-որ բան է ասում ինձ»:

Նա սկսեց մտածել, որ թեպետ ինքը Եկեղեցու անդամ էր, սակայն իր պատճառով կինը չէր կարողանում մկրտվել: «Կինս դառնում էր ավելի ու ավելի ուժեղ: Նա իսկապես ոգեշնչում էր ինձ»,- պատմում է նա:

«Այսպիսով ես նստեցի և մտածեցի, որ արդեն իմ կյանքի կեսճանապարհին եմ: Ես ինքս ինձ հարցրեցի՝ արդյո՞ք ցանկանում եմ այսպես շարունակել: Արդյոք հնարավորություն ունե՞մ իմ կյանքի երկրորդ կեսը Աստծո համար աշխատել: Ես սկսեցի աղոթել և մտածել եկեղեցի վերադառնալու և Աստծո համար աշխատելու մասին»:

Հիրոբոն սկսեց դասեր անցնել միսիոներների հետ և կրկին սովորել վարդապետությունը: Մարշալյան կղզիների Մաջուրո Միսիայի Նախագահ Նելսոն Բլիքը ընկերացավ նրան, նրա հետ ընկերացան նաև մյուս անդամները, շրջանի նախագահ Արլինգտոն Տիբոնը: Վերջապես, Հիրոբոն որոշեց վերադառնալ, և նա գիտեր, որ պետք է ոչ միայն հաճախեր հաղորդության ժողովին, այլև Կիրկնօրյա Դպրոցին և քահանայության ժողովին: Ի վերջո, Հիրոբոն ինքն իր մեջ վճռեց:

«Երբ վերադարձա, ես ասացի՝ «Սա է, որ կա, որոշված է, թե ինչ եմ ես անելու: Եվ դա փոխեց իմ կյանքը»:

Հիրոբոն և Լինդան ամուսնացան 2008թ. օգոստոսի 30-ին: Շուտով նա ստացավ Ահարոնյան Քահանայություն և մկրտեց իր կնոջը: Երկու ամիս անց Հիրոբոն ստացավ Մելքիսեդեկյան Քահանայություն և կանչվեց որպես շրջանի գործադիր քարտուղար:

Հիրոբոն նայում է կնոջը և ժպտում: «Նա չէր հավատում, որ ես կմկրտեի իրեն,- ասում է նա,-պատկերացրեք, նրա համար ութ տարի պահանջվեց՝ 2000-2008 թիվը: Նա հրաշալի կին է»:

Արդարակյաց հոր օրինակը

Երբեմն մեր ուղեկցողը, օրինակ, ծովագնացը, մեզ հետ սերտորեն աշխատում է սովորեցնելով, թե ինչ պետք է իմանանք կյանքում հաջող ճամփորդելու համար: Շատ դեպքերում ծովագնացը դա կատարում է մեզ համար օրինակ ծառայելով: Այսպես եղավ Պատրսիա Հորիուչիի հոր՝ Ֆրենկի դեպքում:

Միսիոներներին հանդիպելուց հետո Ֆրենկը սկսեց հաճախակի նրանց ճաշի հրավիրել: Շուտով նա սկսեց դասերն անցնել: Սակայն նրա ընտանիքից ոչ ոք չէր ցանկանում Եկեղեցու հետ որևէ առնչություն ունենալ: «Երբ մենք տեսնում էինք միսիոներները գալիս են,- ասում է Պատրիսիան,- ես և փոքր եղբայրներս ու քույրերս վազելով հեռանում էինք»:

2007թ. հուլիսին Ֆրենկը մկրտվեց, նրան մկրտեց միսիայի նախագահը՝ Նելսոն Բլիքը: Դա որոշիչ պահ էր Պատրիսիայի և ընտանիքի երեխաների համար:

«Ես տեսա ինչպես է հայրս փոխվում,- ասում է նա,- ես հասկացա, որ եթե ավետարանը դիպչել է հորս սրտին, ուրեմն այն կդիպչի իմ սրտին և կփոխի իմ կյանքը: Եվ ես որոշեցի քույր միսիոներների հետ դասեր անցնել և նրանք ինձ հանձնարարեցին ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը: Դրանից առաջ, ես և եղբայրս վիճել էինք, և ես չէի ներում նրան: Այդ ժամանակ սուրբ գրություններում ես կարդացի, որ եթե ներես մյուսներին, Աստված էլ քեզ կների»: (Տես 3 Նեփի 13.14–15:)

Պատրիսիան հասկացավ, որ պետք է ների իր եղբորը, որպեսզի իր կյանքը փոխվի, լինի մաքուր և խաղաղություն ունենա: Եվ նա ներեց:

«Երբ իմ միջից հանեցի վատ վերաբերմունքը և դարձա նոր անձնավորություն պահելով պատվիրանները, ես անչափ ոգևորված էի: Ես գիտեի, որ պետք է մկրտվեմ, որպեսզի կարողանամ լինել ճշմարիտ Եկեղեցում,- ասում է նա,- Եկեղեցին ինձ ճիշտ ուղու վրա դրեց: Ինձ հեռացրեց վատ ազդեցություններից, սովորեցրեց ինձ հարգել իմ ծնողներին, շարունակել կրթությունը և մնալ ճիշտ ուղու վրա»:

Արդարակյաց տղամարդու ազդեցությունը

Լիդիա Կամինագան, Հիրոբո Օբեկետանգի պես, ծնվել էր Եկեղեցում, սակայն դեռահաս տարիքում դարձել էր պասիվ: Սակայն նրա ետդարձի ճանապարհը որքան նշանակալի, այնքան էլ յուրահատուկ է:

Լիդիան և նրա ամուսինը՝ Կամինագա Կամինագան, մեծացել են Եկեղեցում: «Ես երբեք Եկեղեցու ուսմունքների վերաբերյալ կասկածներ չեմ ունեցել,- ասում է Կամինագան,- ես միշտ հավատացել եմ դրանց»:

Սակայն կյանքը այլ կերպ դասավորվեց Լիդիայի համար: Նա ասում է. «Յոթերորդ դասարանում սովորելիս, ես միակ Մորմոնն էի իմ դպրոցում, և ես արհամարված էի զգում: Ես սկսեցի անել ինչ իմ ընկերներն էին անում: Ես առաջնահերթություններ փոխվեցին»:

Լիդիայի ծնողները նրան ուղարկեցին Պրովո, Յուտա, ապրելու ընտանիքում, հուսալով, որ նրանց ազդեցությունը կոգեշնչի Լիդիային ապրել ավետարանով: Նա սովորեց բաներ, որ իրեն օգնեցին հետագա կյանքում, սակայն այդ ժամանակ նա ամենևին հետաքրքրված չէր Եկեղեցով:

Լիդիան վերադարձավ Մարշալյան կղզիներ 2002թ. հունվարին, իսկ այդ ժամանակ Կամինագան արդեն մեկ ամիս էր ինչ վերադարձել էր Ճապոնիայում ծառայած միսիայից: Դրանից հետո նրանք հանդիպեցին մի որոշ ժամանակ: Թեպետ Լիդիան չէր ապրում Եկեղեցու չափանիշներով, Կամինագան շարունակում էր գալ իրենց տուն, ձևացնելով թե այցելում է նրա քեռու որդուն՝ Գարի Զակիուսին:

Ի վերջո, Կամինագան վճռեց հարցնել նրա ծնողների թույլտվությունը Լիդիայի հետ ժամադրվելու համար, որոնք պետք է լինեին մաքուր ու պարկեշտ հանդիպումներ: Թեպետ սկզբում նրան փորձեցին տարհամոզել, Կամինագան ասում է. «Վերջապես ասացի նրանց, որ նա դեռևս հնարավորություն ունի փոխվելու»: Երբ ես ասացի դա, ողջ սենյակում զգացողությունը փոխվեց: Նրա հայրը արտասվեց և ասաց. «Ես միշտ ցանկացել եմ, որ նա վերադառնա Եկեղեցի: Դու կարող ես փորձել»:

Սկզբում Լիդիան լուրջ չէր ընդունում Կամինագային: Ի վերջո, նա նոր վերադարձած միսիոներ էր, իսկ ինքը ակտիվ չէր եղել:

«Բայց նա տեսնում էր մի բան, որ ես չէի տեսնում»,- բացատրում է Լիդիան: Քանի որ նա ոչ մեկի հետ չէր ժամադրվում, համաձայնեց հանդիպել նրա հետ: «Նա ինձ ետ բերեց: Նրա ընկերուհին լինելով ես պետք է իմ չափանիշները շտկեի: Նա ինձ հիշեցնում էր մկրտության ժամանակ կապած իմ ուխտերը, այն ամենը, ինչ ես իրոք շատ կարոտում էի, օրինակ սուրբ գրություններն ընթերցելը և ընտանեկան երեկոները: Կամինագայի հետ մենք միասին ծառայության ծրագրեր էինք իրականացնում: Ես կարդացի Մորմոնի Գիրքը: Մենք գնում էինք հավաքների: Նա ինձ ցույց տվեց, ինչպես կարելի է այլ կերպ ապրել: Եկեղեցի գնալը ոչ թե միայն հաղորդության ժողովն էր, այլև Կիրակնօրյա Դպրոցը և Սփոփող Միությունը»:

Միասին ժամանակ անցկացնելով ժամադրություններին, որոնք պարկեշտ և ոգեշնչող էին, Լիդիայի կյանքը փոխվեց և նրա վկայությունը աճեց: Ինչևէ, նա դեռևս պետք է որոշ բաներ շտկեր:

«Դժվար էր վերադառնալը,- ընդունում է նա,- ապաշխարությունը հեշտ չէ, սակայն ապաշխարության մասին ես իսկապես ամուր վկայություն ունեմ: Հիմնականում մեր ժամադրությունը օգնեց ավելի լավ ճանաչել միմյանց, ինձ օգնեց վերադառնալ եկեղեցի և ամեն ինչին այլ կերպ նայել»:

«Կարևորը՝ հարաբերություններն են»,- ավելացնում է Կամինագան:

Լիդիան և Կամինագան ամուսնացան 2002թ. նոյեմբերի 28-ին: Մեկ տարի անց նրանք կնքվեցին Լեի Հավայի Տաճարում և հաճախեցին Բրիգամ Յանգ Համալսարանի Հավայի ճյուղ: Այժմ նրանք ապրում են Մարշալյան կղզիներում իրենց երեք երեխաներով: Լիդիան ծառայում է որպես իրենց ծխի Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ երիտասարդների համար, իսկ Կամինագան ծառայում է որպես Երիտասարդ Տղամարդկանց նախագահ:

Ինչպես Հիրոբոն, Պատրիսիան և Լիդիան են վկայում, երբ մենք համբերություն և հաստատակամություն ենք դրսևորում և փնտրում ենք Տիրոջ օրհնությունները, շատ բաներ են հնարավոր: Ովքեր հետևում են Փրկչին և լսում են Սուրբ Հոգու հուշումները, կարող են հնում ծովայինների պես առաջնորդել ճամփորդողներին դեպի տուն, մյուս անձնավորության կյանք փոփոխություն բերելով:

Վերևի ձախում՝ Հիրոբո Օբեկետանգ (նաև նրա նկարները իր ընտանիքի հետ նախորդ էջերում) աշխատում է որպես հյուրանոցի տնօրեն: Ներքևում՝ Պատրիսիա Հորիուչին 2009թ. հունիսին Մարշալյան Կղզիներում երիտասարդ ամուրիների համաժողովի ղեկավարն էր:

«Ես ապաշխարության մասին ամուր վկայություն ունեմ»,- ասում է Լիդիա Կամինագան, որը այստեղ նկարում իր ամուսնու Կամինագայի և իրենց դստեր՝ Վելիսայի հետ է:

Լուսանկարները՝ Ջոշուա Ջ. Փերքիի, բացի նշվածից, լաստանավի լուսանկարը © Getty Images