2011
Վերակառուցման պարգևները
Ապրիլ 2011


Վերակառուցման պարգևները

Տխրեցի, երբ տեսա երկրաշարժից առաջացած ավերակները: Սակայն այդ ժամանակ հասկացա, որ Աստված սիրում է և մահացածներին, և փրկվածներին:

Քանի որ ես ապրում եմ Շանհայում, Չինաստան, ես հնարավորություն ունեցա դպրոցական խմբի հետ գնալ Չինաստանի հարավում գտնվող Սիչուան նահանգ, և օգնել տներ կառուցել երկրաշարժից տուժածների համար, քանի որ մի քանի տարի առաջ երկրաշարժի հետևանքով այդ ողջ տարածքը ամայացել էր: Մենք տքնաջան աշխատում էինք շարելով աղյուսները, սվաղելով կրաշաղախը, հրելով աղյուսներով լիքը ձեռնասայլակները և աղյուսները փոխանցելով շարքով կանգնած մարդկանց: Արդեն երկրորդ օրը մեջքս ցավում էր, և ձեռնոցներիս վրա անցքեր էին առաջացել: Ինչևէ, այդ ճամփորդությունը անմոռանալի փորձառություն էր ինձ համար և ամրապնդեց իմ վկայությունը իմ և յուրաքանչյուր անձի անհատական արժեքի մասին, որը Երիտասարդ Կանանց արժեքներից մեկն է:

Ամեն օր տքնաջան աշխատելով ես նկատեցի, որ իմ անձնական արժեքի մասին իմ համոզվածությունը աճում է: Ես ինձ լավ էի զգում, քանի որ իմ աշխատանքի շնորհիվ բարելավվելու էր կյանքի պայմանները այն մարդկանց, ովքեր ինձանից վատ վիճակում էին գտնվում:

Մենք նաև հնարավորություն ունեցանք այցելելու այդ տարածքի դպրոց: Երբ մենք ժամանեցինք, փոքր երեխաների խումբը վազեց դեպի մեզ: Տեսնելով այդ հրաշալի փոքրիկներին, ես գիտակցեցի նրանց անհատական արժեքը ևս: Նրանք բոլորը Աստծո գեղեցիկ զավակներն են, և ես խորը զգացում ունեցա, որ Նա սիրում և ճանաչում է նրանցից յուրաքանչյուրին:

Իմ ճամփորդության ավարտին մոտ մենք հնարավորություն ունեցանք գնալու առողջավայր, որտեղ պետք է ճաշեինք: Ինչևէ հասնելով այնտեղ, տեսանք, որ այն ավերվել էր երկրաշարժից: Դա իմ տեսած ամենամեծ ավերածությունն էր: Ես սկսեցի արտասվել: Շենքերի առաստաղներն ու պատերը փլվել էին, մոտակա ծառերը տապալվել էին, և ամենուր քարեր էին թափված: Մի հսկայական քար սարից ներքև գլորվելով հարվածել էր մի շենքի՝ խոռոչներ առաջացնելով առաստաղի և պատերի վրա: Մի հատ կոշիկ էր ընկած դռներից մեկի շեմի մոտ:

Երբ մտածեցի այդ մասին և այն փաստի մասին, որ մարդիկ են զոհվել այս աղետի ժամանակ, ես ջանում էի հասկանալ, թե ինչու է Երկնային Հայրը թույլ տվել դա տեղի ունենա: Արդյո՞ք Նա չէր սիրում նրանց: Այնուհետև ես հիշեցի, թե ինչ էինք մենք քննարկում Երիտասարդ Կանանց դասարանում և հասկացա, որ Նա իրոք սիրել է նրանց: Նա ճանաչում էր և սիրում էր նրանց անհատապես: Այդ օրը բոլոր զոհվածները Աստծո զավակներն էին: Սկզբում այդ միտքը նույնիսկ ինձ ավելի տխրեցրեց: Սակայն ես հասկացա, որ այդ մարդիկ հոգևոր աշխարհում էին և կարող էին կրկին վերադառնալ Երկնային Հոր մոտ: Այդ միտքը ինձ սփոփեց և խաղաղության զգացում պարգևեց:

Ես գիտեմ, որ Աստծո զավակն եմ՝ անհատական մեծ արժեքով: Մենք բոլորս մեր Երկնային Հոր զավակներն ենք, որը մեզ գիտի անհատապես: Նա սիրում է մեզ այնպիսի խորը և ուժգին սիրով, որը երբեք չենք կարող պատկերացնել: Այս հասկացողությունը իմ սրտում խորը արմատներ գցեց, երբ ես աշխատում և ծառայում էի մարդկանց մեջ, ովքեր մեծապես տուժել էին Սիչուանի երկրաշարժից:

Էշլի Դայերը (աջից) օգնել է վերակառուցել տեղի բնակիչների տները 2008թ. Սիչուանում, Չինաստան, տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Լուսանկարը տրամադրել է Էշլի Դայերը