2011
Բայց այստեղ Եկեղեցի չկա
Ապրիլ 2011


Բայց այստեղ Եկեղեցի չկա

Ջուլի Իսմայիլ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա

Միջերկրածովյան ճամփորդության ժամանակ հնարավորության դեպքում ես ջանասիրաբար հաճախում էի Եկեղեցու ժողովներին: Իսպանիայի Սևիլիա քաղաքում ես թերթելով հյուրանոցի հեռախոսի տեղեկատու գիրքը և ուսումնասիրելով քաղաքի քարտեզը, փորձեցի գտնել մոտակա Վերջին Օրերի Սրբերի հավաքատունը: Ես արտագրեցի հասցեն և իսպաներենով Եկեղեցու անունը: Շաբաթ երեկոյան ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե որ ժամին էին ժողովները սկսվում, և ուժեղ տպավորություն ունեցա, որ պետք է այնտեղ լինեմ ժամը 10:00-ին մոտ:

Կիրակի առավոտյան նախքան 9:30-ին կճանապարհվեի եկեղեցի, աղոթեցի կրկին, որ կարողանամ գտնել հավաքատունը: Իմ քարտեզին նայելով, ես սկեցի քայլել նեղ փողոցների լաբիրինթոսով: Ուրախ առավոտ էր: Ես անցա սրճարանների և ճռվողյունով լի թռչունների շուկայի կողքով:

Հասնելով իմ նշած հասցեի մոտ ոչինչ չգտա, որը կարող էր ինչ-որ կերպ եկեղեցի հիշեցնել: Ես փողոցով բարձրացա, ապա իջա ապարդյուն փնտրելով: Ես շփոթված էի և անհանգիստ, իսկ ժամը արդեն 10:00-ն էր:

Ի վերջո, ես աղոթեցի իմ Երկնային Հորը. «Դու ինձ պատվիրել ես եկեղեցի գնալ, ահա եկել եմ, սակայն այստեղ եկեղեցի չկա»:

Հենց այդ պահին կոկիկ հագնված կոստյումով մի տղամարդ թեքվեց անկյունից: Նա նման էր Եկեղեցու անդամի, և ես զգացի, որ պետք է մոտենամ նրան: Մի փոքր շփոթված ես ասացի նրան, որ եկեղեցի եմ փնտրում: Նա ինչ-որ բան ասաց, որ ես չհասկացա, և շվարած նայեցի: Նա բացեց իր պայուսակը և ես կաշվե կազմով երկու գիրք տեսա, որոնք նման էին սուրբ գրությունների: Ես նրան տվեցի իմ թղթի կտորը, որի վրա իսպաներենով գրել էի “La Iglesia de Jesucristo” (Հիսուս Քրիստոսի Եկեղեցի): Նա ժպտաց և ցույց տվեց այն ճանապարհը, որտեղից ես եկել էի, և միասին մենք քայլեցինք դեպի եկեղեցի: Շենքը գտնվում էր մեկ այլ հասցեում, մենք պետք է մի քանի րոպե քայլեինք, իսկ տեղանքին անծանոթ մարդը կարող էր այն չնկատել: Եկեղեցին գտնվում էր փողոցից ներս ընկած մի փոքր հրապարակում՝ մեծ դարպասների ետևում:

Հավաքատանը ես շուտով պարզեցի, որ ինձ օգնող տղամարդը ծխի եպիսկոպոսն էր, իսկ ժողովները սկսվում են 10:30, և ես մի փոքր շուտ էի հասել:

Ծխի ծոմի և վկայության ժողովին ես զգացի, որ պետք է բերեմ իմ վկայությունը: Իմ խոսքերը անգլերենից իսպաներեն թարգմանող միսիոների օգնությամբ ես բերեցի իմ վկայությունը և նկարագրեցի, թե ինչպես Տերը օգնեց ինձ գտնել եկեղեցին: Այնուհետև Եպիսկոպոսը բերեց իր վկայությունը, բացատրելով, որ նա ստիպված էր այդ առավոտ մեքենան կայանել հեռու տեղում, և այդ օրը սովորականից ավելի ուշ էր հասնում եկեղեցի: Ինձ տեսնելով նա մտածել էր, որ նման եմ Եկեղեցու անդամի, և կանգ էր առել օգնելու: Այնուհետև նա խոսեց այն անդամների մասին, ովքեր կորած են հոգևոր առումով և ասաց, որ մենք պետք է օգնենք նրանց գտնել Եկեղեցին:

Տարիների ընթացքում Սևիլիայի տեսարժան վայրերի մասին հիշողություններս խունացել են, սակայն եկեղեցին գտնելու իմ հիշողությունը վառ է: Ինձ համար այդ հիշողությունը վկայություն է մեր հանդեպ մեր Երկնային Հոր մեծ սիրո մասին, և որ իմ կյանքում ես տեսնում եմ Նրա ձեռքը, եթե փնտրում եմ այն բոլոր բաները, որ ինձ համար «գործակից են լինում դեպի բարին» (Հռովմայեցիս Ը.28):