2011
Նրա տառապանքը թեթևացնում է մեր տառապանքը
Ապրիլ 2011


Նրա տառապանքը թեթևացնում է մեր տառապանքը

Բարբարա Վինթեր, Արիզոնա, ԱՄՆ

Որպես բուժքույր նորածինների վերակենդանացման բաժանմունքում, ես խնամում եմ հիվանդ, երբեմն շատ փոքր մանչուկներին: Մի գիշեր ինձ նշանակեցին մի փոքրիկ տղա, որը ծնվել էր 17 շաբաթ առաջ և կշռում էր կես կիլոգրամ: Նրա ձեռքերը շատ փոքր էին, նրա ոտքերը իմ մատի երկարության էին, իսկ ոտնաթաթերը իմ բութ մատի չափ էին: Նա շնչառական ուղիների հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, և բժիշկները հույս չէին հայտնում, որ նա կապրի մինչև լուսաբաց:

Ամբողջ բաժանմունքում լռություն է տիրում, երբ նորածինը պայքարում է կյանքի համար: Բոլորն ավելի լարված են դառնում, հատկապես այդ մանչուկի բուժքույրը, որն այդ գիշեր ես էի: Նրա ծնողները նրա կողքին էին ամբողջ օրը, և նրանք ուժասպառ էին արդեն: Նրա մայրը գնաց իր սենյակ մի փոքր հանգստանալու:

Երեխայի առանձին սենյակում կար ինկոբատոր, էկրաններ, օդափոխիչ, և IV պոմպեր, որոնք նրան կենդանի էին պահում: Քանի որ նա շատ թույլ էր և մշտական ուշադրության կարիք ուներ, ինձ ուրիշ երեխա չէին նշանակել այդ գիշեր: Ես նրա կողքին պետք է լինեի ամբողջ գիշեր՝ նշանակված բուժումներին հետևելով և ստուգումներ կատարելով:

Երբ գիշերը եկավ, ես փորձեցի պատկերացնել, ինչպես կզգայի ինձ, եթե ես նրա մայրը լինեի: Սրտի կսկիծն անտանելի կլիներ:

Ես զգուշորեն լվացի նրա երեսը, շոշափեցի նրա փոքրիկ ձեռքերն ու ոտքերը, զգուշորեն փոխեցի նրա դիրքը դնելով փափուկ նոր վերմակի վրա: Ես մտածում էի, ուրիշ ինչ կարող եմ անել իմ փոքրիկ հիվանդի համար: Ի՞նչ կաներ նրա մայրը: Ի՞նչ կուզենար Երկնային Հայրը, որ ես անեի:

Այդ թանկ, անմեղ փոքրիկ հոգին շուտով վերադառնալու էր իր Երկնային Հոր մոտ: Ես մտածում էի, արդյոք նա վախենում էր: Ես մտածեցի իմ երեխաների մասին: Երբ նրանք փոքր էին և վախենում էին, ես երգում էի նրանց համար: «Աստծո զավակն եմ» նրանց սիրելի երգն էր: Արցունքները զսպելով ես երգեցի այդ մանչուկի համար:

Ես տեսա խողովակները և արյունը, հաշվեցի նրա կրծքի բարձրացումներն ու իջեցումները, լսեցի նրա սրտի զարկերը, և նայեցի զարկերի թիվը էկրանի վրա: Որպես Վերջին Օրերի Սուրբ ես տեսա սելեստիալ հոգի և հիացա փրկության ծրագրով:

Որքան գիշերը խորանում էր, նրա վիճակն ավելի էր ծանրանում: Որոշ ժամանակ անց, նրա վիճակն այնքան վատթարացավ, որ սկսեց ականջներից արյուն գալ:

Առավոտյան իմ փոքրիկ հիվանդը հանդարտ անցավ վարագույրի այն կողմը: Նա հեռացավ իր մոր գրկից և «տարվեց տուն՝այն Աստծո մոտ, որը [նրան] կյանք էր տվել» (Ալմա 40.11):

Այդ գիշեր ես ավելի մոտեցա Փրկչին և Երկնային Հորը: Ես ավելի մեծ հասկացողություն ձեռք բերեցի ողջ մարդկության և նաև իմ հանդեպ Տիրոջ սիրո մասին: Ինձ հիշեցվեց, անգամ ապշեցի, թե որքան խորն է Նրա հանդեպ իմ սերը: Եվ ես ցանկություն զգացի օր-օրի և ամեն սրտի զարկով լինել ավելի բարի, ավելի հեզ, ավելի ներող, ավելի կարեկցող՝ ավելի Նրա պես: