2011
Ապաշխարիր, դարձիր դեպի Տերը և բժշկվիր
Ապրիլ 2011


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Ապաշխարիր, դարձիր դեպի Տերը և բժշկվիր

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):

Վերջերս իմ ծանոթ մի լավ և հավատքով կին ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել: Կոտրվել էին նրա կողերը և ողը: Նրա վերականգնումը պահանջում էր, որ նա հագներ ձգող գոտի մեջքին և վզին, որպեսզի դրանք անշարժ վիճակում լինեին: Գոտին շատ անհարմար էր երևու, սակայն անհրաժեշտ էր հագնել այն: Դա ապահովելու էր մեջքը և վիզը ապաքինվելու համար անհրաժեշտ պայմաններ:

Ապաշխարությունը գոտու նման է: Երբ մեղանչում ենք, մենք վնասում ենք մեր հոգին, և աստվածային բժշկում է անհրաժեշտ կրկին առողջանալու համար: Ապաշխարությունն ապահովում է պայման, որը թույլ է տալիս, որ Փրկիչը Քավության զորության շնորհիվ բժշկի մեզ (տես 3 Նեփի 9.13): Եթե ապաշխարության ինչ-որ մաս անհարմար է, կոտրված մեջքին հագցված գոտու նման, ամեն դեպքում մենք պետք է ապաշխարենք:

Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Անկեղծ ապաշխարությունը մեզ վերադարձնում է անելու այն, ինչ ճիշտ է: Որպեսզի անկեղծորեն ապաշխարենք, մենք պետք է ընդունենք մեր մեղքերը և զղջանք, կամ զգանք աստվածային տրտմություն, և խոստովանենք այդ մեղքերն Աստծուն: Եթե մեր մեղքերը լուրջ են, մենք պետք է նաև խոստովանենք դրանք մեր լիազորված քահանայության ղեկավարին: Մենք պետք է խնդրենք Աստծուն, որ ների մեզ և անենք այն ամենը, ինչ կարող ենք, որ ուղղենք մեր գործողությունների արդյունքում պատճառված վնասը: Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն՝ մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչ ճիշտ է: Դա նորոգում է Աստծո, մեր և ընդհանրապես կյանքի հանդեպ մեր մոտեցումը»:1

Երբ մենք հաջողությամբ ավարտում ենք ապաշխարության ընթացքը, արդյունքը բժշկումն է, սփոփանքը և երջանկությունը: Դորոթի Ջ. Ռ. Վայթը գրել է.

Արցունքները, որ հոսում են արտաքուստ,

Մաքուր լվանում են ներքուստ:2

Տերը աղերսում է համառելով, սիրով և համոզումով, որ մենք ապաշխարենք, որովհետև Նա ցանկանում է բժշկել մեզ: Նա Իր մարմնով և հոգով տառապել է վճարելով մեր մեղքերի համար պատիժը, եթե մենք ապաշխարենք: Նա բացատրում է.

«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-

Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար:

Ուստի, ես կրկին պատվիրում եմ քեզ ապաշխարել» (ՎևՈւ 19.16–20):

Թող որ մենք ապաշխարենք այժմ, դառնանք դեպի Տերը և բժշկվենք:

Հղումներ

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Լիահոնա, մայիս 2007, 100:

  2. Dorothy J. R. White, “Repentance,” Ensign, July 1996, 27.

Անառակ որդին խոնարհաբար վերադարձավ իր հոր մոտ և ասաց. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջին, և այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու» (Ղուկաս ԺԵ.21): Հայրը նրան տուն ընդունեց: Նմանապես մեր Երկնային Հայրն է ընդունում մեզ, երբ մենք ապաշխարում ենք:

Անառակ որդու վերադարձը, Ջեյմս Թիսոտ