2011
Գեթսեմանի մաքրագործող զորությունը
Ապրիլ 2011


Ավետարանի դասականներ

Գեթսեմանի մաքրագործող զորությունը

Բրուս Ռ. Մակքոնկին ծնվել է 1915թ. հուլիսի 29-ին, Միչիգանում, ԱՄՆ: Նա հաստատվել է Յոթանասունի Առաջին Խորհրդում 1946թ. հոկտեմբերի 6-ին, կարգվել է Առաքյալ 1972թ. հոկտեմբերի 12-ին: Նա մահացել է 1985թ. ապրիլի 19-ին, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա: Այս ելույթը նա հղել է 1985թ. ապրիլի 6-ին:

Նկար
Elder Bruce R. McConkie

Ես զգում եմ, և Հոգին կարծես հաստատում է, որ ամենակարևոր վարդապետությունը, որ կարող եմ հայտարարել և ամենազորավոր վկայությունը, որ կարող եմ բերել, Տեր Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության մասին է:

Նրա Քավությունը այն անգերազանցելի իրադարձությունն է, որ երբևէ եղել է կամ կարող է լինել Արարումից ի վեր անվերջ հավերժության բոլոր դարերի ընթացքում:

Դա մեծահոգության և շնորհի գերագույն արարք էր, որ միայն աստված կարող էր կատարել: Դրա շնորհիվ ուժի մեջ մտան Հոր փրկության հավերժական ծրագրի բոլոր ժամկետներն ու պայմանները:

Դրա շնորհիվ իրականացավ մարդու անմահությունը և հավերժական կյանքը: Դրա շնորհիվ բոլոր մարդիկ փրկվեցին մահից, դժոխքից, դևից և անվերջ տանջանքից:

Եվ դրա շնորհիվ, ովքեր հավատում և հնազանդվում են Աստծո փառահեղ ավետարանին, ովքեր ճշմարիտ ու հավատարիմ են և հաղթում են աշխարհին, ովքեր տառապում են Քրիստոսի և Նրա խոսքի համար, ովքեր պատժվում և խարազանվում են Նրա գործում, որին մենք նվիրված ենք, նրանք բոլորը կդառնան ինչպես իրենց Արարիչը և կնստեն Նրա հետ Նրա գահին և Նրա հետ հավետ կթագավորեն հավիտենական փառքի մեջ:

Այդ զարմանահրաշ բաների մասին խոսելով ես կօգտագործեմ իմ բառերը, թեպետ գուցե մտածեք, թե դրանք աստվածաշնչի խոսքերն են, խոսքեր, որ խոսվել են առաքյալների և մարգարեների կողմից:

Ճիշտ է, դրանք սկզբում հնչել են նրանց կողմից, սակայն դրանք այժմ իմն են, քանզի Աստծո Սուրբ Հոգին ինձ վկայել է, որ դրանք ճշմարիտ են, և այժմ կարծես Տերը առաջինն է հայտնել դրանք ինձ: Դրա շնորհիվ ես լսել եմ Նրա ձայնը և գիտեմ Նրա խոսքը:

Գեթսեմանի այգում

Երկու հազար տարի առաջ, Երոսաղեմից դուրս Գեթսեման անունը կրող մի գեղեցիկ պարտեզ կա, որտեղ Հիսուսը և Նրա մտերիմ ընկերները սովորություն ունեին հանգստանալու՝ խորհելով և աղոթելով:

Այնտեղ Հիսուսն ուսուցանում էր Իր աշակերտներին արքայության վարդապետությունները, և նրանք բոլորը հաղորդակցվում էին Նրա հետ, ով մեր բոլորի Հայրն է, որի ծառայության մեջ նրանք ընդգրկվել էին և որի գործում նրանք ծառայում էին:

Սա սուրբ տարածք է, ինչպես Եդեմը, որտեղ Ադամն էր ապրում, ինչպես Սինայը, որտեղ Եհովան տվեց Իր օրենքները, ինչպես Գագաթը, որտեղ Աստծո Որդին տվեց Իր կյանքը որպես փրկագին շատերի համար, այս սուրբ վայրում Հավիտենական Հոր անմեղ Որդին Իր վրա վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը՝ ապաշխարության պայմանով:

Մենք չգիտենք, մենք չենք կարող ասել, ոչ մի մահկանացու միտք չի կարող լիովին ընկալել այն, ինչ Քրիստոսն արեց Գեթսեմանում:

Մենք գիտենք, որ Նրա յուրաքանչյուր ծակոտիից արյուն էր հոսում, երբ Նա խմում էր այդ դառը բաժակից, որը Նրան տվել էր Իր Հայրը:

Մենք գիտենք, որ Նա տառապեց թե մարմնով և թե հոգով, ավելի քան հնարավոր էր մարդու համար կենդանի վիճակում:

Մենք գիտենք, որ ինչ-որ կերպ մեզ համար անըմբռնելի ձևով Նրա տառապանքը բավարարեց արդարադատության պահանջները, ազատեց մեղավոր հոգիներին ցավից ու մեղքի պատժից, և ողորմածությունը ուժի մեջ մտավ նրանց համար, ովքեր հավատում են Նրա սուրբ անվանը:

Մենք գիտենք, որ Նա ուժասպառ ընկած էր գետնին, երբ ցավի և տանջանքների անսահման ծանրության տակ Նա դողում էր և ցանկանում, որ չխմեր այդ դառը բաժակը:

Մենք գիտենք, որ փառքի արքունիքից հրեշտակը եկավ զորացնելու Նրան Իր չարչարանքներում, և մենք կարծում ենք, որ դա հզոր Միքայելն էր, որը առաջինն ընկավ, որ մարդը լիներ:

Որքանով որ մենք կարող ենք դատել, այդ անսահման տառապանքները, այդ անհամեմատելի տանջանքները շարունակվեցին երեք թե չորս ժամ:

Նրա ձերբակալումը, դատը և խարազանումը

Դրանից հետո Նրա մարմինը պրկվեց և ուժասպառ եղավ, Նա դիմակայեց Հուդաներին և այլ մարմնավորված դևերին, մի քանիսին հենց Սանեդրինից, և պարանը գցած վիզը Նրան քարշ տվեցին ինչպես մի սովորական հանցագործ, որպեսզի դատվի գեր-հանցագործների կողմից, ովքեր որպես Հրեաներ նստած էին Ահարոնի աթոռին և որպես հռոմեացիներ գործածում էին Կեսարի իշխանությունը:

Նրանք Նրան տարան Աննայի, Կայափայի, Պիղատոսի, Հերովդեսի և կրկին Պիղատոսի մոտ: Նրան մեղադրեցին, անիծեցին և չարչարեցին: Նրանց կեղտոտ թուքը հոսում էր Նրա դեմքի վրայով, երբ դաժան հարվածները էլ ավելի էին թուլացնում Նրա ցավից կեղեքված մարմինը:

Եղեգի մտրակներով նրանք հարվածում էին Նրա մեջքին: Արյունը հոսում էր Նրա դեմքի վրայով, երբ փշեպսակը խրվեց Նրա դողացող ճակատի մեջ:

Սակայն այդ ամենից բացի Նրան «40-ից մեկը պակաս» մտրակի հարված հասցրեցին, մտրակելով բազմափոկ մտրակով, որի կաշվի վրա սուր ոսկորներ և կտրող մետաղներ էին հյուսված:

Շատերը մահանում էին միայն մտրակելուց, սակայն Նա բարձրացավ մտրակի տառապանքներից, որպեսզի անարգ մահ կրի Գագաթի սոսկալի խաչի վրա:

Ապա Նա կրեց Իր խաչը, մինչև որ ընկավ այդ ամենի ծանրությունից, ցավից և ահագնացող հոգևարքից:

Խաչի վրա

Վերջապես Գողգոթայի սարի վրա, որը Երուսաղեմից դուրս էր գտնվում, մինչ անօգնական աշակերտները նայում էին և զգում հոգևվարքի տառապանքները իրենց իսկ մարմիններում, հռոմեացի զինվորները Նրան դրեցին խաչի վրա:

Մեծ թակերով նրանք երկաթե մեխերը խփեցին Նրա ոտքերի, ձեռքերի և դաստակների մեջ: Իսկապես Նա վիրավորվեց մեր զանցանքների համար և ծեծվեց մեր անօրինությունների համար:

Այնուհետև խաչը բարձրացվեց, որպեսզի բոլորը տեսնեն, նայեն, անիծեն ու ծաղրեն: Դա նրանք արեցին չար մաղձով երեք ժամ շարունակ՝ 9:00-ից մինչև կեսօր:

Ապա երկինքը մթնեց: Երեք ժամ խավարը պատեց ողջ երկիրը, դա եղավ նաև Նեփիացիների մոտ: Մեծ փոթորիկ բարձրացավ, քանի որ ինքը՝ բնության Աստվածը հոգևարքի մեջ էր:

Նա իսկապես հոգևարք էր ապրում, և քանի դեռ Նա կախված էր խաչի վրա ևս երեք ժամ՝ կեսօրից մինչև ժամը 15-ը, Գեթսեմանի բոլոր անսահման տառապանքները և անողորմ ցավերը վերադարձան:

Եվ վերջապես, երբ քավող հոգևարքը ավարտին էր մոտեցել, երբ հաղթանակը ձեռք էր բերվել, երբ Աստծո Որդին կատարել էր Իր Հոր կամքը ամեն ինչում, այդ ժամանակ Նա ասաց. «Կատարուած է» (Հովհաննես ԺԹ.30), և ինքնակամ ավանդեց Իր հոգին:

Հոգևոր աշխարհում

Երբ ողորմած մահվան խաղաղությունը և մխիթարությունը ազատեց Նրան մահկանացու ցավից ու տառապանքներից, Նա մտավ Աստծո դրախտ:

Երբ Նա Իր հոգին մատուցեց մեղքի դիմաց, Նա պատրաստ էր տեսնելու Իր սերունդը՝ ըստ մեսիայական խոսքի:

Նրանք բոլոր սուրբ մարգարեներն ու հավատարիմ Սրբերն էին անցած դարերից ի վեր, նրանց թվին են պատկանում նրանք, ովքեր իրենց վրա են վերցրել Նրա անունը, և ովքեր հոգով ծնված լինելով Նրա կողմից, դարձել էին Նրա որդիներն ու դուստրերը, ինչպես մենք, նրանք բոլորը հավաքվել էին հոգևոր աշխարհում, այնտեղ՝ տեսնելու Նրա դեմքը և լսելու Նրա ձայնը:

Մոտ 38-40 ժամ անց, երեք օր հետո, ինչպես Հրեաներն էին չափում ժամանակը, մեր օրհնյալ Տերը եկավ Արիմաթիացու գերեզմանի մոտ, որտեղ Իր մասամբ օծված մարմինը դրվել էր Նիկոդեմոսի և Արիմաթիացի Հովսեփի կողմից:

Նրա Քավությունը

Այնուհետև, մեզ համար անըմբռնելի ձևով Նա վերցրեց այդ մարմինը, որը դեռևս չէր ապականվել և բարձրացավ այդ փառահեղ անմահություն, որը Նրան դարձրեց Իր հարություն առած Հոր պես:

Ապա Նա ստացավ երկնքի և երկրի ողջ զորությունը, ձեռք բերեց հավերժական վեհացում, հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն և շատ շատերին, և համբարձվեց երկինք, որպեսզի նստի Ամենազոր Հայր Աստծո աջ կողմում և հավետ թագավորի հավերժական փառքի մեջ:

Երրորդ օրը Նրա մահից բարձրանալը պսակեց Քավությունը: Կրկին, մեզ համար անըմբռնելի կերպով Նրա Հարության պտուղները կհասնեն բոլոր մարդկանց, որպեսզի բոլորը բարձրանան գերեզմաններից:

Ինչպես Ադամը մահ բերեց, այնպես էլ Քրիստոսը կյանք բերեց, ինչպես Ադամը մահկանացու կյանքի հայրն է, այնպես էլ Քրիստոսը անմահության հայրն է:

Եվ առանց այդ երկուսի՝ մահկանացու կյանքի և անմահության, մարդը չի կարող գործել իր փրկությունը և համբարձվել բարձունքներ՝ երկնքից այն կողմ, որտեղ աստվածները և հրեշտակները հավետ ապրում են հավերժական փառքի մեջ:

Քավության գիտելիքը

Արդ, Քրիստոսի Քավությունը ավետարանի ամենակարևոր և հիմնական վարդապետությունն է, և դա մեր բոլոր հայտնված ճշմարտություններից ամենաքիչ ըմբռնելին է:

Մեզանից շատերը մակերեսային գիտելիքներ ունեն և ապավինում են Տիրոջը և Նրա մեծահոգությանը, որպեսզի մեզ դուրս բերի փորձություններից և կյանքի վտանգներից:

Սակայն եթե մենք ցանկանում ենք Ենովքի և Եղիայի պես հավատք ունենալ, մենք պետք է հավատանք այն ամենին, ինչին նրանք հավատացին, իմանանք այն, ինչ նրանք իմացան, և ապրենք այնպես, ինչպես նրանք ապրեցին:

Ես ձեզ հրավիրում եմ միանալ ինձ և ձեռք բերել Քավության հիմնավոր և վստահելի գիտելիքը:

Մենք պետք է մի կողմ դնենք մարդկանց փիլիսոփայությունները և իմաստունների իմաստությունը, և ականջ դնենք Հոգուն, որը տրվել է մեզ որպես ուղեցույց դեպի ամեն ճշմարտություն:

Մենք պետք է քննենք սուրբ գրքերը, ընդունենք դրանք որպես Տիրոջ միտք, կամք, ձայն և Աստծո զորություն՝ ի փրկություն:

Կարդալով, խորհելով և աղոթելով մեր միտք կգան Աստծո երեք պարտեզները՝ Եդեմի Պարտեզը, Գեթսեմանի Պարտեզը և Դատարկ գերեզմանի պարտեզը, որտեղ Հիսուսը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն:

Արարում, Անկում և Քավություն

Եդեմում մենք կտեսնենք այն ամենը, ինչ ստեղծվեց իր դրախտային վիճակում՝ առանց մահ, առանց ծնունդ, առանց փորձող փորձառություններ:

Մենք կիմանանք, որ նման արարումը, այժմ մարդու համար անհայտ, Անկում ապահովելու միակ ուղին էր:

Այնուհետև մենք կտեսնենք Ադամին և Եվային, առաջին տղամարդուն և առաջին կնոջը, որոնք իջան իրենց անմահ վիճակից և դրախտային փառքից՝ դառնալով առաջին մահկանացու մարմինը երկրի վրա:

Մահկանացու կյանքը, ներառյալ ծնունդ տալը և մահը, եկան աշխարհ: Եվ մեղքի պատճառով, սկսվեց փորձության և փորձվելու վիճակը:

Այնուհետև Գեթսեմանում մենք կտեսնենք, ինչպես է Աստծո Որդին փրկագնում մարդուն աշխարհիկ և հոգևոր մահից, որոնք մեզ մոտ էին եկել Անկման պատճառով:

Եվ վերջապես, դատարկ գերեզմանի առաջ կանգնած մենք կիմանանք, որ մեր Տեր Քրիստոսը կոտրեց մահվան կապանքները և հավետ հաղթանակ տարավ գերեզմանի հանդեպ:

Ուստի, Արարումը Անկման հայրն է. Անկումով եկավ մահկանացու կյանքն ու մահը, իսկ Քրիստոսով եկավ անմահությունը և հավերժական կյանքը:

Եթե չլիներ Ադամի Անկումը, որով մահը եկավ, չէր կարող լինել Քրիստոսի Քավությունը, որով կյանքը եկավ:

Նրա Քավող արյունը

Եվ այժմ, այս կատարյալ Քավության վերաբերյալ, որը գործվեց Աստծո արյունը հեղվելով, ես վկայում եմ, որ դա տեղի ունեցավ Գեթսեմանում և Գողգոթայում, իսկ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, ես վկայում եմ, որ Նա կենդանի Աստծո Որդին է և խաչվեց աշխարհի մեղքերի համար: Նա մեր Տերն է, մեր Աստվածը և մեր Թագավորը: Սա ես ինքս գիտեմ՝ անկախ որևէ մեկից:

Ես Նրա վկաներից մեկն եմ, և մի գալիք օր ես կշոշափեմ Նրա ձեռքերի ու ոտքերի վրայի մեխերի տեղերը, և իմ արցունքներով կթրջեմ Նրա ոտքերը:

Սակայն այդ օրը, ոչ առավել քան այսօր, ես կիմանամ, որ Նա Աստծո Ամենազոր Որդին է, որ Նա է մեր Փրկիչն ու Քավիչը, և որ այդ փրկությունը գալիս է ոչ այլ կերպ, քան Նրա քավող արյունով:

Աստված շնորհում է, որ մենք բոլորս քայլենք լույսի միջով, ինչպես մեր Հայր Աստվածն է լույսի մեջ, որպեսզի համաձայն խոստումների՝ Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մաքրագործի մեզ բոլոր մեղքերից:

ՀԱՏՎԱԾ ՀԱՏՎԱԾ ՈՉ ԹԵ ԻՄ, ԱՅԼ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ, ՀԱՐԻ ԱՆԴԵՐՍՈՆ ՀԱՐԻ ԱՆԴԵՐՍՈՆ

Հատված Կասկածող Թովմասը նկարից, Կառլ Հենրիխ Բլոխ, օգտագործված է Դանիայի Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ